ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԵԼԻՑԸ ՓՐԿՎԱԾ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ
Ընդդիմության հետպատերազմյան բողոքի ցույցերը հզորացրել են վրացական նախագահին:
Անցյալ տարվա օգոստոսյան պատերազմում Վրաստանի կրած պարտությունը մեծ վնաս հասցրեց նախագահ Սահակաշվիլու հեղինակությանը. չնայած նա բազմիցս խոստացել էր վերադարձնել անջատված տարածքները`ի վերջո Թբիլիսին կորցրեց դրանց նկատմամբ ունեցած չնչին իշխանությունը:
Սրան ի պատասխան` ընդդիմությունը զարկ տվեց մասսայական բողոքի ակցիաներին, սակայն տարօրինակ է, բայց փաստ. ամիսներ տեւած անհնազանդության դրսեւորումները եւ բողոքի ցույցերը կարծես ավելի են ուժեղացրել վրացական նախագահին: Նա կարողացավ դիմանալ ընդդիմության ամենասոսկալի հարվածներին, եւ ներկայում նրա հակառակորդների շարքերում բարոյալքվածություն եւ անմիաբանություն է տիրում:
Ապրիլի 9-ին ընդդիմության ակտիվիստները փակել էին Թբիլիսիի ամենաերթեւեկելի փողոցը`Ռուսթավելի պողոտան. նրանք խոստացել էին բանտախուց խորհրդանշող վրանները պահել այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ չհասնեին Սահակաշվիլու հրաժարականին: Հուլիսի 23-ին, սակայն, ընդդիմադիրները թույլ տվեցին վրանները տեղաշարժել, եւ երթեւեկությունը վերականգնվեց:
«Չեմ հասկանում` ինչ նպատակով են մեզ հավաքել այստեղ ու այսքան երկար ժամանակով պահել այս «բանտախցերում»: Եթե ընդդիմությունը պատրաստ էր այդպիսի հեշտությամբ դադարեցնել բողոքի ցույցերը, ապա ինչի՞ համար էին դրանք ընդհանրապես սկսում», - զարմանում է 51-ամյա Զուրաբը, ով ցույցերին մասնակցելու նպատակով եկել-հասել էր Վրաստանի արեւմուտքից, իսկ այժմ բարկացած ու հիասթափված հետ էր վերադառնում:
Բողոքի ցույցերի ծաղկման ժամանակ մոտ 70 հազար մարդ էր հավաքվում փողոցում: Այնուամենայնիվ, օգոստոսյան պատերազմի տարելիցի նախօրեին խորհրդարանի շենքի մոտ ընդամենը մի քանի տասնյակ բողոքի ցուցանակներ էին երեւում:
Ընդդիմադիրներին այս ընթացքում միացան այնպիսի ճանաչված քաղաքական գործիչներ, ինչպիսիք էին խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան եւ նախկին վարչապետ Զուրաբ Նոգաիդելին: Սահակաշվիլու հրաժարականի վերաբերյալ նրանց պահանջը, սակայն, այդպես էլ անկատար մնաց, իսկ ավելի փոքր զիջումների հետ նրանք կարծես, չկարողացան հաշտվել:
Բողոքի ցույցերի առաջնորդը` Լեւան Գաչեչիլաձեն, ով Սահակաշվիլու հակառակորդն էր անցյալ նախագահական ընտրությունների ժամանակ, վերջիվերջո ընդունեց, որ ընդդիմությունը պետք է նոր «միասնական ծրագիր մշակի պայքարը շարունակելու համար»: Այսպիսով պարզ դարձավ, որ նա ընդունում է այն փաստը, որ բողոքի ցույցերի նախաձեռնողների ռազմավարությունը անհաջողություն կրեց:
«Սա ոչ թե ընդդիմության, այլ նրա օգտագործած մեթոդների եւ ծրագրերի պարտությունն է: Ոչ մի տրամաբանական կապ չեմ տեսնում փողոցներում խռնված մարդկային բազմության եւ կառավարության հրաժարականի միջեւ: Բողոքի ակցիաների ավարտն ապացուցեց հարցը բարձրացնելու նման մեթոդի թերությունները», - նշում է ցույցերի ընթացքին հետեւող «Վրաստանը ՆԱՏՕ-ում» կազմակերպության ղեկավար Շալվա Փիչխաձեն:
«Ընդդիմությունը պետք է պատրաստվի հաջորդ ընտրություններին եւ ոչ թե ապարդյուն ջանքեր գործադրի` վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու համար», - նշում է մասնագետը:
Սահակաշվիլու նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի միայն 2013-ին, եւ բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով` հնարավոր է, որ նա կմնա իր աթոռին մինչեւ այդ ժամկետի սպառվելը:
«Օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանի ներսում եւ դրա սահմաններից դուրս ակնկալվում էր, որ բողոքի ցույցերը կարող են հանգեցնել իշխանափոխության: Սակայն նման բան այդպես էլ տեղի չունեցավ: Իրականում Սահակաշվիլու դեմ Վրաստանում կար ընդդիմություն, սակայն այն բավականաչափ հզոր չէր: Ըստ էության, պետք է նշել, որ մեկ տարվա ընթացքում Սահակաշվիլու իշխանությունը հզորացել է», - ասում է քաղաքագետ Գիա Նոդիան:
Սահակաշվիլին, հավանաբար իրեն ավելի վստահ զգալով, անցյալ ամիս մի շարք բարեփոխումներ առաջարկեց` փորձելով այդպիսով վերջ դնել երկրում տիրող անելանելի վիճակին: Վրաստանի նախագահը, ով նույնպես ժամանակին իշխանության գլուխ էր եկել հեղափոխության գնով, հայտարարեց, որ չի վախենում բողոքի ակցիաներից ու լոզունգներից եւ չի պատրաստվում տեղի տալ փողոցային ցույցերի շնորհիվ գործադրվող ճնշմանը:
«Մեր դռները միշտ էլ բաց են ընդդիմության առաջնորդների առջեւ», - եզրափակել էր նախագահը:
Դմիտրի Ավալիանի, Թբիլիսի (Կովկասյան Լրատու # 505, 7-ը օգոստոսի, 2009թ.)
Դմիտրի Ավալիանին «24 ժամ» թերթի թղթակիցն է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
դեպի ետ