ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
Դուրնա Սաֆարլի, Բաքու
(Կովկասյան լրատու # 533, 26-ը փետրվարի, 2010թ.)
Կառավարությանը մեղադրում են բարձրագույն կրթության համակարգի բարելավման վերաբերյալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին ոչ համապատասխան գործելու մեջ:
Ադրբեջանը մեկն է այն 46 երկներից, որոնք ստորագրել են Բոլոնիայի դեկլարացիան, որը պարտավորեցնում է եվրոպական երկներին ժամանակակից եւ բաց դարձնել իրենց համալսարանական համակարգերը: Ակնկալվում էր, որ Բաքուն կհամապատասխանեցնի իր համակարգը եվրոպական չափորոշիչներին մինչեւ այս տարի, սակայն ուսանողների խոսքերով`այս նպատակին հասնելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել:
«Բոլոնիայի համակարգի պայմաններն ընդհանրապես անկատար են մնացել: Բոլոր ուսանողների իրավունքները ոտնահարվում են», - ասում է Բաքվի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Մամմադ Ագաեւը:
Բոլոնիայի գործընթացը նպատակադրված է համապատասխանեցնել Եվրոպայի կրթական համակարգը անգլոսաքսոնյան`բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճանների մոդելներին`մեծացնելով Եվրոպայի ինտեգրումը երկրների կրթական համակարգերն ավելի հավասարազոր դարձնելու շնորհիվ:
Կրթության ոլորտի փորձագետ Էթիբար Ալիեւը նշում է, որ Ադրբեջանը մայրցամաքի լավագույն համալսարանները միավորող եվրոպական կրթական տարածության մեջ չի մտնում`չնայած երկրի կառավարության նկրտումներին: Նրա խոսքերով`Ադրբեջանը նույնիսկ հեռու է Բոլոնիայի գործընթացին համապատասխան`չափանիշների բարելավման, կրթության կատարելագործման եւ ուսանողների փոխանակումների քաջալերման վերաբերյալ իր ունեցած պարտավորություններն իրականացնելուց:
«Արդեն 2010 թվականն է, իսկ Բոլոնիայի դեկլարացիայի նպատակադրումներն այդպես էլ չեն իրականացվել Ադրբեջանում: Մեր երկրի միանալը գործընթացին ընդամենը ձեւական բնույթ էր կրում, ինչպես մյուս բոլոր`իբրեւ թե իրականացված եվրոպական արժեքները», - նշում է Ալիեւը:
«Ըստ Բոլոնիայի դեկլարացիայի`առաջնությունը տրվում է ուսանողներին. նրանք ազատ են իրենց առարկաների, դասախոսների ընտրության մեջ, եւ այս հարցում նրանց օգնում են նշանակված դասուսույցները: Սակայն, չնայած այն փաստին, որ մեր երկիրը ստորագրել է այս դեկլարացիան, այս բոլոր ազատությունները տարածված չեն ադրբեջանցի ուսանողների շրջանում:
Նախարարությունը պետք է թույլ տա, որպեսզի ուսանողները տեղաշարժվեն: Բոլոնիայի գործընթացի պայմանների համաձայն`մեր ուսանողները, Եվրոպայի բոլոր այլ ուսանողների պես, իրավունք ունեն մի քանի կիսամյակ այլ երկների համալսարաններում սովորել, իսկ հետո վերադառնալ»:
Ադրբեջանի կրթության նախարարության բարձրագույն կրթության հարցերով գլխավոր խորհրդական Նաթիք Իբրահիմովն ասում է, որ սա ավելի շատ ժամանակ է պահանջում, եւ որ ուսանողները պետք է գնահատեն երկրի կողմից իրականացվելիք փոփոխությունների չափը: Նա նաեւ հերքում է այն ենթադրությունները, որ գործընթացը չի իրականացվում:
«2005 թվականից սկսած, նախարարությունն աստիճանաբար ներմուծել է եվրոպական արժեքները Ադրբեջանի կրթական համակարգ: Բայց չպետք է մոռանալ, որ այս համակարգը մեզ համար նոր է, եւ սկզբում կարող են թերություններ լինել: Սակայն ամեն տարի մենք փորձում ենք կատարելագործել մեր համակարգը», - հավատացնում է նա:
Սակայն միայն Ագաեւի նման ուսանողները չեն, որ պետք է զգան կրթական բարեփոխումների ազդեցությունը, որոնց միջով նրանք, ենթադրաբար, անցնում են: Ագաեւի դասախոսը`լրագրության ֆակուլտետի դասախոս Ակիֆ Ռուսթամովը, խոստովանում է, որ համարյա ոչինչ չգիտի Բոլոնիայի գործընթացի մասին:
«Կարծում եմ`դասախոսների մեծ մասը, ինձ նման, այնքան էլ լավ տեղեկացված չէ այս կրթական փոփոխությունների մասին: Հավանաբար, միայն դեկանը եւ նրա տեղակալներն են, որ որոշ բաներից տեղյակ են: Լավ կլիներ, եթե Բոլոնիայի գործընթացի բոլոր կանոններն ու պայմանները տպագրվեին դասախոսների եւ ուսանողների համար, որպեսզի մենք կարողանայինք ծանոթանալ դրանց», - նշում է դասախոսը:
Սա չի նշանակում, որ ադրբեջանցի ուսանողները չեն գնում եվրոպական համալսարաններ: Նիջաթ Քարաեւը, օրինակ, սովորել է Հոլանդիայում`Ուտրեխտի համալսարանում: Սակայն նա խիստ զարմացավ, երբ իմացավ, որ սա, ենթադրաբար, մտնում էր նույն կրթական տարածության մեջ, ինչպես Ադրբեջանը:
«Ես երկու տարի սովորել եմ Ադրբեջանում`օտար լեզուների ֆակուլտետում, որը կապված էր Բոլոնիայի գործընթացի հետ: Մենք համաձայնեցինք, որ ինքներս էինք ընտրելու մեր դասընթացները եւ դասախոսներին, սակայն, իհարկե, ոչ ոք ընտրության հնարավորություն չուներ, քանի որ ամեն ինչ դեկանն էր որոշում: Իսկ Նիդեռլանդներում ուսանողների եւ դասախոսների միջեւ լրիվ այլ հարաբերություններ են: Այնտեղ մենք դասուսույց ունենք, ինչի մասին ես երբեք չեմ լսել Ադրբեջանում», - ասում է նա:
«Ասում են, որ Ադրբեջանում իրականում դեկանն է ուսանողների դասուսույցը: Ինչպե՞ս կարող է մեկ մարդը 500 ուսանողի դասուսույցը լինել: Այստեղ մեկ դասուսույցն ընդամենը 20 կամ 30 ուսանող ունի»:
Իբրահիմովին զարմացնում է հնչած քննադատությունը. ըստ նրա`ֆակուլտետների դեկաններն ավելի քան կարող են անձնական ուշադրություն դարձնել ցանկացած թվով ուսանողների:
«Իսկ որտե՞ղ է գրված, որ ֆակուլտետի դեկանը չի կարող դասուսույց լինել: Դեկանները շատ լավ են կատարում դասուսույցի դերը: Եւ ես համաձայն չեմ այն բանի հետ, թե ուսանողներն ազատ չեն իրենց դասընթացների եւ դասախոսների ընտրության հարցում: Պարզապես դեկանն օգնում է նրանց իրենց ընտրության մեջ. այս հարցում է նա ուսանողների դասուսույցը», - համոզված է կրթության նախարարության խորհրդականը:
Քարաեւի խոսքերով`Ադրբեջանի կրթական համակարգի որակն այնքան է զիջում եվրոպականին, որ այն չի կարող համարվել նույն կրթական տարածության մասը:
«Ուսանողները, ովքեր գնում են Եվրոպա սովորելու, առաջին կիսամյակների ընթացքում 3-4 քննություն են հանձնում: Նույնիսկ լավագույն ադրբեջանցի ուսանողների գիտելիքները շատ ավելի ցածր են այնտեղի մակարդակից, եւ նրանք ստիպված են պայքարել այդ համակարգին հարմարվելու համար», - նշում է նա:
Ըստ նրա`պարադոքսը կայանում է նրանում, որ հաշվի առնելով արտասահմանում կրթության որակը, Հոլանդիայում անցկացրած կիսամյակները, հավանաբար, չեն հաշվվում ադրբեջանական դիպլոմի մեջ:
«Պարզ չէ`կարող է արդյոք ադրբեջանցի ուսանողը վերադառնալ Բաքու եւ շարունակել ուսումը: Որքան գիտեմ, կպահանջվի, որպեսզի նա կրկին վերադառնա եւ անցնի բաց թողնված կիսամյակների ուսուցումը, իսկ սա նշանակում է, որ ուսանողները հետ կընկնեն», - նշում է Քարաեւը:
Կրթության նախարարության բարձրագույն կրթության հարցերով գլխավոր խորհրդական Նաթիք Իբրահիմովն ընդունում է, որ խնդիրներ են եղել ուսանողների`այլ երկներ տեղափոխվելու հարցում, սակայն նա միեւնույն ժամանակ նշում է, որ դրանք լուծում կստանան:
«Նախքան 2005 թվականը ադրբեջանցի ուսանողների համար եվրոպական երկներում կրթություն ստանալն այնքան հեշտ չէր, ինչպես հիմա: Սակայն երբ մենք շարժվեցինք Բոլոնիայի գործընթացի ուղղությամբ, սա դադարեց այլեւս խնդիր լինելուց: Սակայն ընդամենը 5 տարի է, ինչ մենք այդ համակարգում ենք, եւ բնական է, որ մեր կրթական համակարգը դեռեւս տարբերվում է եվրոպականից: Հետեւաբար, մեր ուսանողները, ովքեր մի քանի կիսամյակ արտասահմանում են սովորում, այժմ չեն կարող վերադառնալ եւ շարունակել իրենց կրթությունն այստեղ», - ասում է նա:
«Սակայն սա ժամանակավոր բնույթ է կրում: Երբ մեր համակարգը հավասարվի եվրոպականին, այս խնդիրը կլուծվի»:
Կրթության ոլորտի փորձագետ Ալիեւը, սակայն, նշում է, որ թերություններն արտահայտված են ոչ միայն կրթության եւ ադմինիստրացիայի որակի մեջ, այլեւ զուտ ֆինանսական հարցերում: Նրա խոսքերով`դասախոսները եւս բավականաչափ գումար չեն ստանում: Դասախոս Ռուսթամովը կիսում է այս կարծիքը:
«Տարեկան կտրվածքով իմ աշխատանքը կազմում է մոտ 500 ժամ: Այն ներառում է դասախոսությունները, սեմինարները, քննությունները, առաջին կուրսերի ղեկավարումը, իմ սեփական աշխատանքը: Այս ամենի համար ես ամսական 470 մանաթ եմ ստանում (մոտ 590 դոլար): Այս աշխատավարձը ստանալու համար պետք է 20 տարվա փորձ ունենալ եւ գիտությունների թեկնածու լինել», - ասում է նա:
Իբրահիմովի խոսքերով`կառավարությունը խոսք չէր տվել բարձրացնել դասախոսների աշխատավարձերը Բոլոնիայի գործընթացի ներքո:
«Բոլոնիայի դեկլարացիայում դասախոսների աշխատավարձերի մասին ոչինչ չկա», - նշում է նա:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության
լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից:
www.iwpr.net
դեպի ետ