
ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը Արմինֆո լրատվական գործակալությանը
- Պրն Հարությունյան, Իսրայելի և Թուրքիայի դիմակայությունն աստիճանաբար նոր թափ է հավաքում: Որքանո՞վ է դա շահավետ Հայաստանի համար` հաշվի առնելով արդեն նկատվող շարժընթացները Իսրայելի կողմից Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
- Երկարաժամկետ հեռանկարում այդ ճանաչումը միանգամայն հնարավոր է: Առճակատումն իրապես գոյություն ունի դեռ 2002 թվականից, երբ Իսրայելի և Թուրքիայի միջև սկանդալ բռնկվեց` կապված Իսրայելի կողմից Թուրքիային մատակարարվող ուղղաթիռների ավիոնիկայի հետ: Այժմ նրանց հարաբերություններն էլ ավելի են սրվել, և դրա համար իրական տնտեսական և աշխարհաքաղաքական պատճառներ կան: Դրանցից առաջնայինը Իրաքյան Քրդստանի հարցն է, որտեղ մեծ է Իսրայելի ազդեցությունը: Այս բոլոր տարրերը` գումարած Թուրքիայի նոր առաքելությունն աշխարհում, հակասության մեջ են մտնում Իսրայելի և ԱՄՆ շահերի հետ: Սակայն չմոռանանք, որ արդի աշխարհում երկու պետությունների փոխհարաբերությունները, ըստ էության, միշտ պլյուսների և մինուսների համախումբ են ներկայացնում: Իսրայելի և Թուրքիայի պարագայում հարաբերությունների վատթարացման մասին են վկայում մի շարք այլ հայտանիշներ: Այդ թվում և հրեական լոբբիի վարքագիծն ամերիկյան կոնգրեսում, որն այս անգամ կարծես դեմ չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվի Հայոց ցեղասպանության հարցը: Իսրայելում նույնպես Ցեղասպանության ճանաչման միտումներն ակնհայտ են: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ռազմավարության մեջ համարվում է, թե սպառնալիքը հաճախ ավելի ուժեղ է գործում, քան դրա կատարումը: Ուստի, թե որքանով այդ սպառնալիքի իրականացումը հնարավոր կդառնա թե´ ամերիկյան և թե´ իսրայելյան կողմից, ինձ համար առայժմ այնքան էլ հասկանալի չէ: Չեմ կարծում, թե այս իրավիճակում Հայաստանը կկարողանա էապես ազդել այս գործընթացների ընթացքի վրա, բայց սցենարը, որի համաձայն այդ դիմակայությունը հօգուտ մեզ կգործի, միանգամայն հավանական է:
- Ո՞րն է Թուրքիայի` Ձեր նշած նոր առաքելությունը, և որքանո՞վ է իսրայելա-թուրքական դիմակայությունը «տեղավորվում» դրա տրամաբանության մեջ:
- Գյուլի և Էրդողանի, այսպես կոչված, Նոր Թուրքիան նախապատմություն ունի, որն սկսվում է 1996թ. արմատական-իսլամիստական «Բարօրություն» կուսակցության առաջնորդ Էրբաքանի իշխանության գալով. ի դեպ, ներկա վարչապետ Էրդողանը եղել է նրա զինակիցը: Էրբաքանը, մասնավորապես, կոչ էր անում դուրս գալ ՆԱՏՕ-ից և «հեռավորություն պահել» Ամերիկայից, ինչի համար նրան, բնականաբար` այլ պատրվակով, բարեհաջող կերպով տնային կալանքի վերցրին, իսկ կուսակցությունն արգելեցին: Սա ազդակ հանդիսացավ ԱՄՆ-ի համար, հատկապես սեպտեմբերի 11-ից հետո, որպեսզի իր քաղաքական ավանդույթների ոգով փորձի իսլամիստական շարժումը Թուրքիայում ինչ-որ կերպ ուղղորդել ավելի չափավոր հուն: Այս գործում առանձնապես ջանացին Բուշի վարչակազմում ուժեղ դիրքեր ունեցող «նեոկոնները», իսկ տեսական հիմքն ստեղծեց REND «ուղեղային կենտրոնը»` հրապարակելով մասնավորապես, «Չափավոր իսլամիստների ցանցի ձևավորումը» հայեցակարգային աշխատանքը: Նշենք նաև, որ 2002թ. ընտրություններից հետո իշխանության եկած չափավոր իսլամիստները` հանձինս Էրդողանի և Արդարություն և զարգացում կուսակցության, միանգամայն ադեկվատ են այն միտումներին, որոնք այսօր բնորոշ են թուրքական հասարակությանը: Օրինակ, 2007թ. Թուրքիայում հարցախույզ անցկացվեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և ԱԶԿ-ի օգտին քվեարկածների շրջանում, որի արդյունքում պարզվեց, որ ԱԶԿ կողմնակիցների ավելի քան 80%-ն իրեն միաժամանակ մահմեդական և թուրք է զգում, այն դեպքում, երբ ԺՀԿ-ի օգտին քվեարկածների միայն 60%-ն էր իրեն թուրք, իսկ մոտ 40%-ը` մահմեդական համարում: Այսօր, բազմաբևեռության պայմաններում, Թուրքիան աշխարհում իր տեղը գտնելու որոնումների մեջ է, ընդ որում` թուրքերը փոքր-ինչ տարվել են այդ գործընթացով և փորձում են առաջատար դիրքեր զբաղեցնել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում` մրցակցության մեջ մտնելով Իրանի հետ: Մի փոքր շեղվելով նշեմ, որ տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան թերարժեքության բարդույթ ունի Իրանի հանդեպ, որը միջուկային տերություն է, և այս համատեքստում հատկանշական է, որ և´ Թուրքիան, և´ Իրանը գիտական հրապարակումների թվի աճի տեմպերով այսօր աշխարհում առաջավոր տեղեր են գրավում: Ուստի, միանգամայն հնարավոր է, որ Էրդողանի և Գյուլի գլխավորած չափավոր իսլամիստները միջուկային երկիր դառնալու ծրագիր ունեն, և այդ մասին են վկայում ԱԷԿ կառուցման նախագծերը Թուրքիայում: Բացի այդ, Թուրքիայում այսօր հետաքրքիր զարգացումներ են նկատվում գաղափարախոսական ճակատում. դա և´ նեոօսմանիզմի ձևավորումն է, և´ եվրասիականության հայեցակարգը թուրքականացնելու փորձերը, պանթյուրքիզմի վերակենդանացումը և այլն: Բայց այս քաոսում մի ինչ-որ համակարգ կա. այս բոլոր հոսանքները կրում են վառ արտահայտված էքսպանսիոնիստական բնույթ: Հայտնի է նաև այսպես կոչված Կովկասյան պլատֆորմը, որի ստեղծման գաղափարը հնչեց 08.08.08թ. հնգօրյա պատերազմից հետո: Այսօր ամերիկյան ազդեցությունը մեր տարածաշրջանում փոքր-ինչ թուլացել է, և դրա համար էլ անգամ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս որոշ չափով ինքնավար պահել իրեն: Եվ այս միջանկյալ վակուումը, որը կարծես ձևավորվել է Հարավային Կովկասում ամերիկացիների մասնակի հեռացմամբ և կարծես թե ռուսների գալով, այսօր իրենց ներկայությամբ փորձում են լրացնել թուրքերը: Սա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, որոնք ուղեկցվում են դիվանագիտական քաշքշուկներով, այլև Վրաստանի հետ հարաբերություններում, որտեղ Թուրքիան աստիճանաբար ավելացնում է ազդեցությունը և փորձում զբաղեցնել անհրաժեշտ դիրքեր: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա թուրքերը կարծում են, թե այն փախչելու տեղ չունի, ինչն, ըստ էության, համապատասխանում է իրականությանը, որքան էլ որ Բաքուն Անկարայից պահանջի «վերադարձնել» Ղարաբաղը: Կարծում եմ` Անկարայի այսօրինակ հարձակողական, ագրեսիվ քաղաքականությունը լի է անկանխատեսելի հետևանքներով, և սա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային:
- Որքանո՞վ է Թուրքիայի հետ սահմանը բացելու Հայաստանի ձգտումը ձեռնտու մեր շահերին` հաշվի առնելով նեոօսմանիզմի թուրքական քաղաքականությունը, որի մասին Դուք խոսեցիք:
- Բավական բարդ հարց է, հատկապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի և որոշ չափով ԵՄ-ի միջև լիցքաթափման քաղաքականության ֆոնին: Նրանք բոլորն էլ հասկանում են, որ արդի աշխարհում բավականաչափ ռիսկեր և մարտահրավերներ են կուտակվել, և ջանում են փոքր-ինչ լիցքաթափել իրադրությունը, բնականաբար` յուրաքանչյուրն իր պատկերացումների համաձայն: Հետևաբար, նրանց միջև որոշակի կոնսենսուս գոյություն ունի հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման անհրաժեշտության, ինչպես նաև ԼՂՀ-ի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում: Թերևս, հիմնական շահը Հայաստանի համար կլինի նույնիսկ ոչ թե սահմանների բացումը տնտեսության համատեքստում, և ոչ էլ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վատթարացումը, այլ հենց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման փաստը: Ես կարծում եմ, որ Թուրքիան դե ֆակտո ղարաբաղյան պատերազմի մասնակից է հանդիսանում, ուստի դա նախադեպ կլինի այն տեսակետից, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցը առանց նախապայմանների բանակցությունների սեղանին է նստում Հայաստանի հետ: Ընդ որում` կարևոր է այն, որ այս հարցում նախաձեռնությունն այսօր Հայաստանի ձեռքին է. շատ կարևոր են մեր ՍԴ հայտնի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի այցը Իրան, ինչը թույլ տվեց մեզ ունենալ Թեհրանի աջակցությունը ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԼՂՀ-ի հետ կապված գործընթացներում: Բացի այդ, մեր կողմից հետաքրքիր ելույթներ հնչեցին այս երկու հարցի վերաբերյալ: Դա Թուրքիայում և ԱՄՆ-ում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի խոսքն էր և, որ ամենագլխավորն է, Լոնդոնում նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը, որը շատ ուժեղ տպավորություն գործեց ոչ միայն Արևմուտքի քաղաքական գործիչների ու վերլուծաբանների, այլ նաև մեր հասարակության վրա:
- Այսինքն` կարելի է ենթադրել, որ գերտերությունները հայ-թուրքական հարաբերություններում բռնել են Հայաստանի՞ կողմը:
- Կարծում եմ` տվյալ փուլում այո: Այդ է վկայում այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ և հստակ առանձնացրեց ԼՂՀ հարցը հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններից, իսկ ԱՄՆ-ը նախաձեռնեց Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Կոնգրեսում` դրանով իսկ, ասես անուղղակիորեն, բայց բավական թափանցիկ արտահայտելով իր վերաբերմունքը հայ-թուրքական գործընթացի հանդեպ: Այս համատեքստում ես, իհարկե, վստահ չեմ, որ արձանագրությունները մոտ ժամանակներս կվավերացվեն, սակայն դրա համար մեծ շանսեր կան:
- Ո՞րն էր նախագահ Սարգսյանի Լոնդոն այցի նպատակը, ինչպես նաև` ինչո՞ւ հանկարծ հաճախակի դարձավ անգլոսաքսերի ուշադրությունը Հայաստանի հանդեպ:
- Բրիտանացիները Հայաստանով և ընդհանրապես տարածաշրջանով հետաքրքրված եղել են միշտ: Չար լեզուներն, ի դեպ, ասում են, թե Հայաստանում «գունավոր» հեղափոխության փորձի «թիկունքում» հենց անգլիացի «ընկերներն» են կանգնած եղել: Ավելին, շատերը կարծում են, որ տարածշրջանում ամերիկյան քաղաքականության ուղղորդողն (մոդերատոր) ու ուղեղային կենտրոնը հենց բրիտանացիներն են: Ես կարծում եմ, որ նախագահի Լոնդոն այցի հիմնական նպատակը դարձավ հնարավորությունը` արտահայտելու Հայաստանի դիրքորոշումները ԼՂՀ-ի և Թուրքիայի վերաբերյալ Չաթեմ Հաուսի հեղինակավոր հարթակում, որտեղ անցյալ տարի, ի դեպ, այլոց թվում, հանդես է եկել նաև Ալիևը: Բրիտանական վերլուծաբանական հանրությունը Սարգսյանի լոնդոնյան ելույթը բավական ադեկվատ է ընկալել։ Ես այդ ուղևորությունը միանգամայն հաջողված եմ համարում:
- Վերջերս Հայաստանում Իրանի դեսպանը նշեց, որ իր երկիրը գործնականում վաղուց ճանաչել է ԼՂՀ-ն, քանի որ նրա հետ ընդհանուր սահման ունեցող երկիր է: Օրերս ԻԻՀ ԱԳ նախարար Մոթաքին Բաքվում հայտարարեց, թե իր երկիրը ճանաչում է ԱՀ տարածքային ամբողջականությունը: Այս երկու հայտարարություններից ո՞րն է արտահայտում Թեհրանի իրական դիրքորոշումը:
- Կարծում եմ` երկու դիրքորոշումներն էլ միանգամայն համատեղելի են: Ճշմարտությունն այն է, որ Թեհրանն իսկապես շահագրգռված է Բաքվի հետ հարաբերությունների հաստատմամբ, նրանք արդեն չեղյալ են հայտարարել վիզային ռեժիմը և այլն, բայց միևնույն ժամանակ համոզված են, որ ստատուս-քվոն ԼՂՀ-ի առնչությամբ փոխել չի կարելի:
- Ակտիվորեն հեռարձակում են իրենց հեռուստաալիքներն Ադրբեջանում...
- Դա ցույց է տալիս, որ Իրանն աստիճանաբար Ադրբեջան է թափանցում:
- Այս տրամաբանության մեջ ի՞նչ դեր է կատարում Իրան ամերիկյան ներխուժման սպառնալիքը:
- Ամերիկյան ռազմական դոկտրինը ենթադրում է, որ ԱՄՆ-ը կարող է արդյունավետորեն մարտնչել ոչ ավելի, քան երկու ճակատով, դրա համար էլ իրենք` ամերիկացիները, երբեք գործողություն չեն սկսի Իրանի դեմ, հատկապես հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որն ստեղծվել է Իրաքում և Աֆղանստանում: Ամերիկացիների համար պատերազմի միակ հնարավոր սցենարը Իրանին կետային հարվածներ հասցնելն է: Միևնույն ժամանակ, դա շատ համարձակ սցենար է: Ինչպես Իրանը, այնպես էլ Իսրայելը, ըստ էության, թեոկրատ պետություններ են: Նման երկրների քաղաքական վերնախավերի համար սկզբունքները երբեմն ավելի մեծ դեր են խաղում, քան պրագմատիկ նկատառումները, ինչն էլ մեծ երկյուղներ է առաջացնում: Վստահ եմ, որ Թեհրանը նույնպես միջուկային զենք ունի, ինչի մասին արդեն խոսում են իրենք՝ ամերիկացիները և ինչի մասին դեռ 7 տարի առաջ խոսում էր ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Բալուևսկին: Այսինքն` Իսրայելին Իրանի պատասխան հարվածի փորձը շատ հավանական է, ինչը տարածաշրջանի, այդ թվում և Հայաստանի համար աղետալի կլինի:
դեպի ետ