• am
  • ru
  • en
Версия для печати
18.09.2009

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

   

Վրացական կողմի նոր գծած սահմանը հայ գյուղացիներին զրկել է իրենց հողերից:

Հնարավոր է ոչ հայ գյուղացիները ստիպված լինեն մորթել իրենց անասուններին`նրանց կերակրելու հնարավորություն չունենալու պատճառով: Այս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ վրաց սահմանապահների միակողմանի որոշման արդյունքում հայ գյուղացիների ավանդական արոտավայրերը հայտնվեցին Վրաստանի տարածքում:

Վրաստանի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել ստեղծված իրավիճակը, սակայն որոշ հայ քաղաքական գործիչներ համոզված են, որ իրենց վրաց գործընկերների կողմից օգոստոսի 25-ին կատարած քայլն անարդար եւ անօրինական էր:

«Ես չկարողացա խոտ քաղել: 11 հատ կով ունեմ, ինչո՞վ պետք է կերակրեմ նրանց այս ձմեռ», - դժգոհում է Նվարդ Շահբեկյանը` երկու հարեւան երկրների սահմանագծին գտնվող Բավրա գյուղի բնակչուհին::

Ունեցած անասունը կերակրելու համար` Նվարդ Շահբեկյանի հաշվարկներով 20 տոննա խոտ է պետք գնել` մեկ տոննայի դիմաց 80 դոլար վճարելով:

«Ի՞նչ կարող եմ անել: Ես այդքան փող չունեմ: Անգամ եթե ինձ վրա կրակեն, միեւնույն է` պիտի խոտս քաղեմ», - ասում է նա:

Գյուղացիների խոսքերով` վրաց սահմանապաներն անսպասելիորեն հսկիչ անցագրային կետեր են տեղադրել գյուղի եւ իրենց դաշտերի միջեւ եւ սպառնում են սահմանը հատելու դեպքում տուգանել նրանց 2000 լարիով (1200 դոլար):

Վրացական կողմը հրաժարվում է բացատրություններ տալ:

Շահբեկյանի եւ նրա հարեւանների խնդիրեները երկու երկրների սահմանների սահմանգծման հետ կապված անորոշ վիճակի արդյունքն են:

Հայ-վրացական միացյալ հանձնաժողովը տարիներ շարունակ զբաղվում է սահմանազատման գործընթացով, սակայն Բավրայի օրինակը ապացուցում է, որ խնդիրները դեռեւս մնում են անլուծելի, քանի որ սահմանի 30 տոկոսի վերաբերյալ դեռ պետք է համաձայնության գալ:

Փորձագետները գտնում են, որ երկու կողմերն էլ մեղավոր են, քանի որ փորձում են միակողմանիորեն սահմանը գծել` միայն սեփական շահերից ելնելով:

«Վրացական իշխանությունների համաձայն`եղել են դեպքեր, երբ հայկական կողմը ինքն է միակողմանիորեն տեղաշարժել սահմանը, այնուամենայնիվ, մինչեւ սահմանազատումը չավարտվի, եւ կառավարությունների միջեւ հանձնաժողովները գլխավորող արտգործնախարարների մակարդակով համաձայնություն չկնքվի, տարածքի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվի», - համոզված է Կովկասյան Ինստիտուտի վերլուծաբան Սերգեյ Մինասյանը:

Հայկական կողմը պնդում է, որ սահմանը գծվել է երկու հետխորհրդային հանրապետությունների միջեւ 1921 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա, եւ դրա մեջ կատարված ուղղումները համաձայնեցվել են հաջորդ երկու տասնամյակների ընթացքում:

«Այս ուղղումների համաձայն` դեռեւս խորհրդային ժամանակներից մասնավորապես Բավրայի հողերը մշակվում են գյուղի բնակիչների կողմից: Բացի այդ` նրանց մոտ են գտնվում այս հողերի սեփականաշնորհման վկայականները», - նշում է Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության անդամ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Այնուամենայնիվ, վրաց քաղաքական գործիչները տարածքային պահանջ են ներկայացնում` վկայակոչելով 1947 թվականի քարտեզը, համաձայն որի` հողն իրենց էր հատկացվել:

«Այժմ վրաց սահմանապահները հայ գյուղացիների գործողությունները համարում են սահմանի խախտում` որպես հիմք ընդունելով 1947 թվականի քարտեզը` ըստ որի տարածքը, ենթադրաբար, Վրաստանի մասն է կազմում, բայց դա կասկածի տեղիք է տալիս, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվար տարիներին սահմանների դեմարկացիան անհավանական էր», - համոզված է Թորոսյանը:

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել էր, որ սահմանագծումը շարունակվում էր, եւ այս հարցն անգամ կար օրակարգում, երբ Վրաստանի արտգործնախարարը սեպտեմբերի 5-ին այցելեց Երեւան: Վրաստանի պաշտոնյաները, սակայն, համառորեն լռում էին, եւ թե՛ արտգործնախարարությունը, թե՛ վրաց սահմանապահները հրաժարվեցին մեկնաբանություններ անել Բավրայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Երկու երիտաստարդ պետությունների միջեւ, որտեղ ենթակառուցվածքների ձեւավորումը դեռեւս ընթացքի մեջ է, իսկ սահմանների դեմարկացիան ավարտին հասցված չէ, նմանօրինակ միջադեպեր կարող են պատահել, սակայն իրավիճակը վերահսկվում է եւ կկարգավորվի», - նշում է վրացական խորհրդարանի անդամ եւ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին:

«Ինչպես Ադրբեջանի դեպքում, սահմանագծումը դեռեւս ավարտված չէ, սակայն որոշ անպատասխանատու կայքեր բորբոքում են իրավիճակը…Վստահ եմ, որ շուտով ամեն ինչ կհստակեցվի դիվանագիտական մակարդակով: Այս ամենը հնարավոր կլինի կարգավորել բարի կամքի դրսեւորման շնորհիվ»:

Հայաստանը ծանրակշիռ պատճառ ունի ստեղծված իրավիճակի շուրջ աղմուկ չբարձրացնելու համար, քանի որ երկրից արտահանվող ապրանքների 70 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով, որն էլ հանդիսանում է նրա միակ ելքը դեպի արտաքին աշխարհ, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները դեռեւս փակ են:

Այնուամենայնիվ, լարվածություն է զգացվում հարեւան երկրների հարաբերություններում. այսպես, հունիսի 19-ին Թորոսյանին առանց բացատրության արգելեցին հատել Վրաստանի սահմանը: Պատգամավորի կարծիքով`սա կապված է Սամցխե-Ջավախեթիի հայկական բնակչության խնդիրները իր կողմից բարձրացնելու հետ: Ջավախքի հայության իրավունքները Հայաստանում քաղաքական քննարկումների առարկա են դարձել:

Այս խնդրին անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին կայացած դիվանագետների ամենամյա հավաքի ժամանակ` հայտարարելով, որ Հայաստանը պետք է լուրջ ջանքեր գործադրի վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար:

«Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային», - նշել է նախագահը:

Մինչ քաղաքական գործիչները քննարկումներ են իրականացնում, Բավրայի գյուղացիները, ինչպես օրինակ` Վալերիկ Մարգարյանը, մտահոգվում են ձմեռն առանց անասունների անցկացնելու հեռանկարով:

«Չորս կով ու երեք հատ ոչխար ունեմ, եւ եթե չկարողանամ անասուններիս այս ձմեռ կերակրելու համար խոտ հավաքել, ստիպված կլինեմ մորթել նրանց, բայց հետո ինչո՞վ ենք ապրելու», - դժգոհում է Մարգարյանը:

Նաիրա Մելքումյան, Երանուհի Սողոյան եւ Նանա Մամագուլիշվիլի, Բավրա (Կովկասյան լրատու # 510, 11-ը սեպտեմբերի, 2009թ.)

Նաիրա Մելքումյանը եւ Երանուհի Սողոյանը ազատ լրագրողներ են համապատասխանաբար Երեւանում եւ Գյումրիում:
Նանա Մամագուլիշվիլին Թբիլիսիի «Ֆորտունա» ռադիոկայանի լրատվական ծրագրի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի ´Կովկասյան լրատու´ պարբերականից:

 


դեպի ետ