• am
  • ru
  • en
Версия для печати
18.09.2009

ՈՎ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԱՉՔԸ ԿԹԱՐԹԻ … ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ

   

Ասեկոսեների տարափով և տեղեկատվության հոսքով լեցուն ամիսներից հետո Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի միջնորդությամբ օգոստոսի 31-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ` հանրությանը ներկայացնելով երկու արձանագրություններ, որոնց նպատակը իրենց երկրների խնդրահարույց հարաբերությունների կարգավորումն է:

Ապրիլի 22-ին հրապարակված նախորդ հայտարարության մեջ հայ և թուրք պաշտոնյաները նշել էին, որ համաձայնվել են մի "ուղեցույցի" (բառացի` "ճանապարհային քարտեզի") շուրջ, որը "ողջամիտ ժամանակացույցով" պետք է առաջնորդեր իրենց դեպի հարաբերությունների կարգավորում: Երկու կողմերը նշել էին նաև, որ սկզբունքային համաձայնության են եկել նախաստորագրելով երկու արձանագրությունները, որոնք սակայն, մինչ օգոստոսի 31-ը չհրապարակվեցին: Ուշացման պատճառն Ադրբեջանի կողմից իրականացված ճնշումների հետևանքով ուղեցույցից Թուրքիայի հրաժարումն էր: Նախագահ Ալիևը պնդում էր, որ Թուրքիան փակ պահի Հայաստանի հետ իր սահմանը` մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Հետագա ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների մեջ որևէ առաջխաղացման բացակայությունը առիթ էր տալիս ենթադրություններ անելու, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին կհամաձայնվի այցելել Թուրքիա` ներկա գտնվելու երկու երկրների ֆուտբոլային խաղին: Հայաստանի Նախագահը փորձեց ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վեջինս հարգի ուղեցույցի շուրջ ձեռք բերված համաձայնության իր բաժինը, հայտարարելով, որ կայցելի Թուրքիա, միայն եթե սահմանը բաց լինի, կամ լինի բացման նախաշեմին:

Ամերիկյան կառավարությունը նույնպես ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա. որպեսզի վերջինս ընդառաջ գնա Հայաստանի հետ վերոհիշյալ համաձայնությանը: Օրեր առաջ, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսային խոսակցություն էր ունեցել ինչպես նախագահ Սարգսյանի, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլու հետ` նպատակ ունենալով օգնել հաղթահարելու առկա մի քանի խոչընդոտները: Քանի որ Ապրիլի 24-ի իր ուղերձում "Հայկական ցեղասպանություն" արտահայտության չգործածմամբ նախագահ Օբաման դրժեց նախընտրական իր խոստումը` Հայաստանի և Թուրքիայի միջև "զգայուն" բանակցությունները չականահարելու պատճառաբանությամբ, Միացյալ Նահանգները փորձեց առաջխաղացում ապահովել երկու երկրների հարաբերություններում` նպատակ ունենալով վերականգնել ԱՄՆ Նախագահի հեղինակությունը:

Արդյունքում, օգոստոսի 31-ին Հայաստանն ու Թուրքիան առաջին անգամ քննարկեցին երկու արձանագրությունները և հայտարարեցին, որ համաձայն են սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` "Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու" և "Հարաբերություները զարգացնելու" արձանագրությունների շուրջ: Այս խորհրդակցությունները պետք է ավարտվեն 6 շաբաթվա ընթացքում, որից հետո երկու պետությունները պետք է ստորագրեն և իրենց համապատասխան խորհրդարանների վավերացմանը ներկայացնեն վերոհիշյալ արձանագրությունները:

Առաջին արձանագրությունը երկու կողմերին պարտավորեցնում է բացել իրենց միջև սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Այս արձանագրությունը Հայասատանից ու Թուրքիայից պահանջում է ճանաչել երկու երկրների միջև գոյություն ունեցող ներկայիս սահմանները` միջազգային իրավունքի համաձայնագրերի համապատասխան: Սա կարևոր պահանջ է Թուրքիայի համար` Թուրքիայի Հանրապետության մաս կազմող հայկական պատմական հողերի պահանջին վերջ դնելու առումով: Մյուս կողմից, մեծ թվով հայեր մերժում են այս դրույթը, քանի որ նրանք ցանկություն ունեն օրակարգում պահել զավթված հողերի, ներառյալ` Արարատ լեռան հարցը, ապագայում Թուրքիային պահանջ ներկայացնելու համար:

Երկրորդ արձանագրությունն իր մեջ ներառում է զույգ փաստաթղթերի մեջ առկա ամենախնդրահարույց տարրերը: Այն նշում է, որ Հայաստանն ու Թուրիան համաձայնվում են "իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար:" Առաջին հերթին, պետք է ստեղծվի "միջկառավարական երկկողմ հանձնաժողով", որը բաղկացած կլինի մի շարք ենթահանձնաժողովներից, որոնցից մեկը պետք է զբաղվի "պատմական" հարցերով: Երկրորդ արձանագրությանը կցված "ժամանակացույցը" հավելյալ կարգով հստակեցնում է թե "հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների" մասնակցությունը "պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի" խորհրդակցություններում:

Նախատեսվում է, որ այս երկու արձանագրությունները լուրջ խնդիրներ կբարձրացնեն և քաղաքական մեծ տագնապի առիթ կտան Ադրբեջանում, Թուրքիայում ու Հայաստանում:

Նախագահ Ալիևը, հավանաբար, ևս մեկ անգամ կզայրանա Թուրքիայի վրա, ինչպես արեց ապրիլի 22-ին` առաջին ուղեցույցի հրապարակման ժամանակ: Ադրբեջանի արժեքավոր էներգետիկ ռեսուրսները և Թուրքիայի տարածքով դրանց փոխադրումը հաշվի առնելով, Անկարայի ղեկավարներին ձեռնտու չի անտեսել Ալիևի ջղագրգիռ "նոպաները":

Թուրքիայում ևս կարող են առաջ գալ անհանգստություններ: Քաղաքական ընդդիմությունն, ինչպես նաև "խորունկ պետության" մասնիկները կարող են կազմակերպել զանգվածային ցույցեր` նախագահ Գյուլին և վարչապետ էրդողանին մեղադրելով հայրենասիրության պակասի, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունները "եղբայր" Ադրբեջանից ավելի բարձր դասելու մեջ: Այս տիպի մեղադրանքները կարող են բավարար չափով կրճատել խորհրդարանի իշխող մեծամասնության քվեները` արձանագրությունների վավերացումը մերժելու համար:

Վավերացումը երաշխավորված չէ նաև Հայաստանում: Ավելի քան մեկ տարի է, ինչ մեծ թվով հայեր թե Հայաստանում և թե սփյուռքում բողոքում են նման համաձայնության գնալու կառավարության անխոհեմության դեմ: Նրանք դեմ են պատմական հարցերը քննարկող ենթահանձնաժողովի ստղծմանը, որն իր բնույթով կարող է կասկածի տակ դնել հայկական ցեղասպանության իրողությունը: Ավելին, բազմաթիվ հայեր չեն ընդունում Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանը, որպեսզի ապագայում չխափանեն հայկական հողային պահանջնրը: Այս փստաթղթում առկա դրույթները կարող են առաջացնել մեծածավալ բողոքի ցույցեր թե Հայաստանի ներսում և թե Հայաստանից դուրս, ինչպես նաև պատճառ հանդիսանալ քաղաքական լուրջ դժգոհոթյան` վտանգելով Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը:

Նկատի ունենալով այն ճնշումը, որ գործադրում են Ռուսաստանը, Միացյալ նահանգներն ու Եվրոպան Հայաստանի կառավարության վրա, Երևանի համար հեշտ չի լինի հետ կանգնել վերոհիշյալ համաձայնությունից: Այնուհանդերձ, ամեն բան դեռ կորած չէ: Մեծ հավանականություն կա, որ այս հարցի շուրջ Ադրբեջան-Թուրքիա սուր հակամարտության արդյուքում, զուգորդված Գյուլ-Էրդողան վարչակարգի դեմ ներքին ընդդիմությամբ, թուրքական կառավարությունը անաղմուկ իր խորհրդարանական մեծամասնությանը կստիպի չվավերացնել այս արձանագրությունները:

Թուրքիայի վրա ճնշումը պահելու և ստիպելու համար, որ առաջինն ինքը աչքը թարթի, Հայաստանը ներկայումս չպետք է Արցախի շուրջ որևէ համաձայնություն ստորագրի Ադրբեջանի հետ: Կարելի է նաև, որ այս արձանագրություններին դեմ ամբողջ աշխարհի հայերի բողոքը կհամոզի հայկական կառավարությանը որպեսզի չշարունակի այդ համաձայնության գործընթացը և կոչ անի խոհրդարանի մեծամասնությանը դրան դեմ քվեարկելու:

Դժբախտաբար, բանկցությունների հենց սկիզբից, հոդվածիս հեղինակի և այլոց շարունակական զգուշացումները` ուղղված Հայաստանի իշխանություններին, արհամարհվեցին: Այն ժամանակ շատ ավելի հեշտ կլիներ քաղաքական ճշգրտումներ և համապատասխան շտկումներ կատարելը: Հիմա, եթե Հայաստանն առաջինը հրաժարվի այս համաձայնությունից` իր վրա կուղղի հզոր երկրների զայրույթը: Այդուհանդերձ, այս ճակատագրական խաչմերուկում Հայաստանի կառավարության գլխավոր մտահոգությունը պետք է լինի երկրի ազգային շահերի պաշտպանությունը, օտար ուժերից դիվիդենտներ շահելու փոխարեն:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
"Քալիֆորնիա Քուրիեր"-ի խմբագիր


դեպի ետ