
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ. ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՈՍԵԼ
4 հատոր աշխատություն, 200 ռազմական հաղթանակի նկարագրություն եւ հստակ նպատակ` այդ աշխատության միջոցով նպաստել տեղեկատվական անվտանգությանը: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը եւ ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանի գլխավորած հեղինակային խումբը նախաձեռնել եւ արդեն հրատարակել են «Մեր հաղթանակները» աշխատության 2 հատորը: Մինչեւ հաջորդ տարվա սկիզբը կտպարգրվեն նաեւ մյուս երկու հատորները, այսպիսով` ավարտելով մինչեւ 21-րդ դարը հայ ժողովրդի 200 հաղթանակների ամբողջական նկարագրությունը:
«Յուրաքանչյուր հասարակություն տեղեկատվական պատերազմի ակտիվ մասնակից է, եւ այս պատերազմում հաջողության հասնում է այն կողմը, որը չի տառապում բարդույթներով, հստակ գնահատական ունի սեփական հաղթանակների ու պարտությունների նկատմամբ: Մեր հասարակությունը թերարժեքության բարդույթ ունի, մենք համոզված ենք, որ մեզ շարունակ կոտորել են: Հայությունը շատ հաղթանակներ է ունեցել, որոնք պետք է ներկայացնել` այսպիսով նպաստելով նաեւ հասարակության հոգեբանական անվտանգության կազմավորմանը», «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Հաղթական ելք ունեցող պատերազմներն ու արշավանքները գրքում նկարագրված են գիտականորեն, համակցված անհրաժեշտ քարտեզներով եւ պատկերներով: Ճակատամարտներն ու արշավանքները ներկայացվել են պատմական համատեքստում:
«Կան հաղթանակի ընկալման տարբեր ձեւեր: Մենք փորձել ենք դեպքերը գնահատել միմիայն ռազմական հաջողության տեսանկյունից: Պատմական անցքերը մենք գնահատել ենք ներկայիս դիտակետով», ասաց ռազմարվեստի պատմաբան Սուրեն Մարտիկյանը:
Գրքի հեղինակներն ուսումնասիրել են հայոց պատմության ողջ ընթացքը: Պատմական այն դրվագներում, որոնց մասին պատմական փաստերը բավարար չեն եղել ողջ պատկերը գիտականորեն ներկայացնելու համար, հեղինակները հիմք են ընդունել ժողովրդի մեջ պահպանված ավանդական տեսանկյունը:
Գագիկ Հարությունյանը նկատում է, որ ճակատամարտերի եւ պատերազմների արդյունքի լավագույն գնահատականը ժողովրդի արժեւորումն է: Եթե Վարդանանց պատերազմը կարելի է պարտություն համարել զուտ ռազմական տեսանկյունից, ապա արդյունքն իրապես հաղթական էր: Դեռ ավելին, ժողովուրդը սրբացրեց զինվորականությանը:
Առաջին հատորը ներկայացնում է մինչեւ 3-րդ դարն ունեցած հաղթանակները, երկրորդը` 4-10-րդ դարերի պատմական անցքերը: Երրորդ եւ չորրորդ հատորները կներկայացնեն 10-17-րդ եւ 17-21-րդ դարերի հաղթանակները:
«Մեր հաղթանակները» գիրքը տպագրվել է 1000 օրինակով: Առաջին հատորը բաժանվել է հանրապետության մարզերում, Արցախում եւ Ջավախքում: Թեպետ տպաքանակը բավարար չէ դպրոցներին բաժանելու համար, սակայն Գագիկ Հարությունյանը նշում է, որ կրթության եւ գիտության նախարարությունը ցանկություն է հայտնել ձեռք բերելու 100 օրինակ:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
դեպի ետ