• am
  • ru
  • en
Версия для печати
10.02.2010

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ

   

Արտյոմ Տեր-Հարությունյան

Մարդկության ողջ պատմության ընթացքում անվտանգությունը միշտ հանդիսացել է անձնական և հասարակական կենսագործունեության հիմնական պայման: Այն ապահովվել է առաջին հերթին սոցիալ-մշակութային մեխանիզմներով (նյութական և հոգևոր), որոնք ուղղված էին վտանգների և սպառնալիքների կանխարգելմանը, սպառնալիքներ, որ ի հայտ էին գալիս ինչպես հասարակության ներսում, այնպես էլ դրսից (ներքին և արտաքին): Եվ իսկապես, մարդու անվտանգության ապահովման անհրաժեշտությունն այն հիմնական պատճառներից է, որը ստիպել է մարդկանց համախմբվել այս կամ այն կազմակերպված խմբերում, համակեցություններում և պետություններում: Այստեղից էլ անվտանգության ապահովման անհրաժեշտությունն առաջացել է գիտակից (բանական) մարդու հետ և հետագայում հանդես եկել որպես գլխավոր նպատակային ուղղություն` յուրաքանչյուր պետության, ժողովրդի, հասարակության զարգացման քաղաքականության մեջ, ինչը գտել է իր արտացոլումը անվտանգության բազմաթիվ համակարգերում տարբեր պատմական ժամանակաշրջաններում:

Ընդհանուր առմամբ, հնագույն քաղաքակրթություններում պետությունն ապահովում էր արտաքին անվտանգությունը դրսի ոտնձգություններից, թշնամիներից և իրականացնում ներքին անվտանգության խիստ վերահսկողություն, ինչը հիմնականում ապահովվում էր համայնքի (տաբուներ), կրոնի (քրմեր, մոգեր) և ավանդույթների օգնությամբ:

Անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին մտահոգված էին նաև մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհը բնակեցնող բազմաթիվ ցեղերը և ցեղային միությունները: Ցեղերի միջև հաճախակի են եղել միմյանց դեմ կողոպտչական արշավանքները և զինված ընդհարումները: Դրա ակնառու վկայություններն են Հայկական լեռնաշխարհի տարածքում մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին և, հատկապես, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսերին զինագործության աննախադեպ ծավալումն ու կատարելագործումը, բրոնզե զենքերի ու զրահների բազմազանությունը, ինչպես նաև գյուղական համայնքների բնակավայրերի մերձակայությամբ առաջին պաշտպանական խոշոր կառույցների` կիկլոպյան ամրոցների համընդհանուր տարածումը: Արտաքին վտանգի ժամանակ այդ ամրոցներում պատսպարվել են շրջակա գյուղերի բնակիչները` իրենց շարժական գույքով և անասուններով:

Կիկլոպյան ամրոցները վկայում են միջցեղային ընդհարումների հաճախակի և սովորական լինելու մասին: Այդ կառույցները կենսական անհրաժեշտություն են դառնում մանավանդ այն ժամանակ, երբ արոտավայրերին, անասուններին և այլ գույքին տիրելու համար մղվող միջտոհմային ու ցեղային կռիվները, ընդհարումներն ավելի սովորական ու հաճախակի են դառնում: Կիկլոպյան կառույցները ոչ միայն պաշտպանական կառուցվածքների տարածված ու գլխավոր ձևերից էին, այլև բնակության համախմբման հիմնական հավաքատեղին:

Փոխադարձ հարձակումների և դիմագրավումների պայմաններում ձևավորվում են ընդհանուր շահեր ունեցող ցեղային միություններ: Ռազմական փոխօգնության, համատեղ պաշտպանվելու կամ հարձակումներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ` ցեղերն աստիճանաբար համախմբվել են առավել խոշոր էթնիկական հանրություններում: Միության մեջ մտած ցեղային կազմավորումները` իրենց ավանդական անվանումներով և ինքնավար ռազմական առաջնորդներով, շարունակել են գոյատևել, բայց արդեն որպես ավելի խոշոր ընդհանրության միավորներ:

Ընդհանուր առմամբ անվտանգության ժամանակագրությունը ներառում է վեց հիմնական փուլ (տարբեր ժամանակային տևողությամբ).

1) Նախնադարյան ժամանակաշրջան (35-8 հազար տարի)

2) Հին Արևելյան քաղաքակրթությունների ժամանակաշրջան (5-րդ հազ. մ.թ.ա. մինչև մ.թ.ա. 1-ին հազարամյակ)

3) Անտիկ ժամանակաշրջան (մ.թ.ա. 1-ին հազ. մինչև մ.թ. V դար)

4) Միջնադարյան ժամանակաշրջան (մ.թ. V դար – մ.թ. XV – XVII դդ.)

5) Նոր ժամանակաշրջան (մ.թ. XVII - XX դդ.)

6) Արդի շրջան:

Վերը նշված զարգացման փուլերից յուրաքանչյուրն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր մարդկային համակեցությունների ինչպես անվտանգ, այնպես էլ ոչ անվտանգ (վտանգավոր) պատմական զարգացումներով, մարդկանց տարբեր ունակությունների և որակների ձևավորման հետ (սոցիալական, հոգեբանական, մշակութային, ինտելեկտուալ, տեխնիկական և այլն):

XV((-XV((( դդ. եվրոպական երկրներում հաստատվում է տեսակետ (Վեստֆալյան աշխարհակարգի ձևավորումը 1648թ.), որ պետությունն իր գլխավոր նպատակն է համարում ընդհանուր բարօրության և անվտանգության ապահովումը: Այդ պատճառով «անվտանգություն» տերմինն այդ ժամանակ ստանում է նոր բացատրություն՝ իրական վտանգի (ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական) բացակայության արդյունքում առաջացող դրություն, հանգստության իրավիճակ, ինչպես նաև նյութական, տնտեսական, քաղաքական պայմաններ, տվյալ իրադրությունը ստեղծելուն նպաստող համապատասխան մարմիններ և կազմակերպություններ:

Քաղաքական բառապաշարում առաջին անգամ ազգային անվտանգություն հասկացությունը կիրառվել է 1904թ. ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի ուղերձում ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ նա ապագա Պանամայի ջրանցքի շրջանում միացման գոտու ռազմական ակցիան հիմնավորում էր ազգային անվտանգության շահերով՝ ազգային շահերով: Հետագա տարիներին այս հիմնախնդիրն առանցքային դարձավ ամերիկյան քաղաքագետների հետազոտություններում: Ազգային անվտանգություն հասկացության աղբյուրը ամերիկյան հեղինակները տեսնում են ազգային շահերի տեսության մեջ:

Մինչև 2-րդ աշխարհամարտն ավելի շատ խոսվում էր «պաշտպանության» և «պաշտպանունակության» մասին: Սակայն արդեն 1947թ. ԱՄՆ-ում ընդունվեց օրենք «Ազգային անվտանգության մասին» և ձևավորվեց նախագահին առընթեր համապատասխան խորհուրդ:

Այսօր կասկած չի հարուցում աշխարհի շատ երկրների ժամանակակից հասարակության և պետության բառապաշարում և կյանքում բավական հաստատուն կերպով մտած «ազգային անվտանգություն» հասկացությունը:

Օգտագործելով անվտանգության հայեցակարգի ժամանակակից գաղափարա-կատեգորիական ապարատը՝ ՀՀ օրենսդրությունում սահմանվել է ազգային անվտանգության հետևյալ սահմանումը.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից: (Տես՝ ՀՀ օրենքը «Ազգային անվտանգության մարմինների մասին», Հոդ.1, 28.12.01թ.)։

ԱԱ-ն ներառում է անվտանգության դրսևորման և ապահովման հետևյալ ոլորտները.

- ռազմական,
- քաղաքական,
- տնտեսական,
- սոցիալական,
- տեղեկատվական,
- մշակութային,
- հոգևոր,
- պետական,
- հասարակական,
- տարածաշրջանային,
- աշխարհաքաղաքական,
- էներգետիկ,
- ատոմային,
- ռադիացիոն,
- բնապահպանական,
- գյուղատնտեսական,
- պաշարային,
- գիտատեխնիկական,
- ինովացիոն,
- նոոսֆերայի,
- տեխնիկական,
- արդյունաբերական,
- պարենային,
- կենսաբանական և այլն:

Ժամանակակից մասնագիտական գրականությունում գոյություն ունեն անվտանգության արդեն իսկ 70-ից ավելի ուղղություններ:

Պատմականորեն անվտանգության առաջին համակարգերը հիմնված էին աշխարհի որոշակի աշխարհաքաղաքական բաժանման վրա, դոմինանտ պետական սուբյեկտների միջև այս կամ այն համաձայնությունների արդյունքում: Դրանք ուղղված էին ինչպես ներքին անվտանգության ապահովմանը (տարածքային ամբողջականությունը, կայունությունը, իշխանությունը), այնպես էլ արտաքին (տնտեսական և քաղաքական ազդեցություն, առևտրային շահեր): Այսպիսի աշխարհակարգի անվտանգության ինստիտուցիոնալացումը ենթադրում էր երեք հիմնական պետություն-սուբյեկտների առկայություն` դոմինանտ, սուբդոմինանտ և ոչ դոմինանտ:

Դոմինանտ երկրները գերազանցում են մյուսներին իրենց ռազմական զարգացածության (ներուժի) մակարդակով (նյութատեխնիկական, կազմակերպչական և այլն), բայց ոչ միշտ մշակութային: Եվ, որպես կանոն, իրական և պոտենցիալ վտանգ են ներկայացնում ուրիշ (այլ) երկրների համար:

Սուբդոմինանտ երկրներն առաջիններին զիջում են իրենց նյութատեխնիկական զարգացածության մակարդակով, բայց հանդես են գալիս որպես վերջինների պոտենցիալ զինակիցներ կամ հակառակորդներ: Որոշակի պայմանների առկայության դեպքում այս երկրները կարող են անցնել դոմինանտների կամ ոչ դոմինանտների շարքերը:

Ոչ դոմինանտ երկրները զարգացածության ցածր մակարդակի երկրներ են, որոնք հանդիսանում են արտաքին ազդեցության օբյեկտներ և ուժերի քաղաքական դասավորվածության վրա չունեն ինքնուրույն ազդեցություն:

Անվտանգության ապահովման հարցը, ամենաընդհանուր առումով, պատմականորեն փոփոխվող խնդիր է յուրաքանչյուր հասարակության ինքնագոյատևման ու զարգացման տեսանկյունից: Յուրաքանչյուր դարաշրջան մշակել է իր որոշակի մոտեցումները, ռազմավարությունը և մարտավարությունը այս կամ այն համակարգի ստեղծման համար, որոնք, ըստ ռացիոնալ աշխարհընկալման (հիմքում` օգուտ-վնաս երկճյուղավորումն է), պետք է ապահովեին մարդկության խաղաղ գոյատևումը: Սակայն պատմությունը ցույց է տալիս հակառակ միտում` բազամաթիվ կյանքեր խլող անընդհատ առաջացող պատերազմներ, կոնֆլիկտներ, ահաբեկչություն և այլն: Համաձայն որոշ հաշվարկների` մարդկության պատմության ընթացքում վերջին 5550 տարիներին տեղի է ունեցել 14,5 հազար պատերազմ, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 3 մլրդ մարդ:

Հասարակության կայուն զարգացման և անվտանգության խնդիրը միշտ հուզել է մարդկությանը և նրա զարգացմանը համընթաց դարձել առավել սուր ամբողջ քաղաքակրթության համար` պահանջելով ավելի մեծ ուշադրություն անձի, հասարակության և պետության հանդեպ:

Գլոբալացման արդի պայմաններում մարդկության առջև կանգնած են համընդհանուր խնդիրներ` լինեն համաշխարհային հանրության երկրների և բնության միջև հարաբերությունները, թե բնական պաշարների ապահովման ու կյանքի անվտանգության հարցերի լուծումը: Արդի ժամանակաշրջանը վկայում է բոլոր երկրների ու տարածաշրջանների փոխկապակցվածության մեծացման և ավելի ընդլայնված միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին, սակայն ոչ ազգային արժեքների և շահերի անհրաժեշտ ապահովվածության մակարդակի հաշվին:


դեպի ետ