ԱԴՐԲԵՋԱՆ–ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Արտաշես Տեր-ՀարությունյանՎերջին իրադարձությունները հաստատում են, որ Ադրբեջանի ու Թուրքմենստանի հարաբերություններում ավելի օրինաչափ են հակասությունները, քան համագործակցությունը:
Ս.թ. հուլիսի 25-ին ելույթ ունենալով կառավարության անդամների առջեւ` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարեց, թե պաշտոնական Աշխաբադը մտադիր է դիմել Միջազգային արբիտրաժային դատարան` վիճարկելու Կասպիցում գտնվող «Սերդար», «Օմար» եւ «Օսման» նավթա-գազահանքերի պատկանելության հարցը, որոնք Բաքուն համարում է իրենը1: Այդ նպատակով Բերդիմուհամեդովը հանձնարարեց կառավարությանը` վարձել միջազգային իրավունքին քաջատեղյակ իրավաբաններ:
Մոտ մեկ ամիս անց` օգոստոսի 31-ին, երկրի Անվտանգության պետական խորհրդի նիստի ժամանակ Բերդիմուհամեդովը հայտարարեց, թե մինչեւ 2015թ. Կասպիցում Թուրքմենստանը կհիմնի ռազմածովային բազա, որը պետք է զբաղվի թուրքմենական ջրային տարածքների պաշտպանությամբ: Այդ նպատակով երկրի սահմանապահ ծառայությունը ձեռնամուխ է լինելու արագընթաց մոտորանավակների գնմանը, բացի այդ, ձեռք են բերվելու ժամանակակից հրթիռակիր երկու նավեր: Ինչն է ուշագրավ` Ադրբեջանի հետ ունեցած ծովային հակասությունների ողջ ընթացքում Աշխաբադը երբեք նման որոշում չէր կայացրել:
Իհարկե, այսօր հիմնազուրկ է խոսել թուրքմենա-ադրբեջանական հակամարտության մասին, բայց փաստն այն է, որ`
- Աշխաբադն ու Բաքուն հակասություններ ունեն երկուսի համար էլ էական հանդիսացող նավթագազային ոլորտում,
- չեն կարողանում լուծել այդ հակասությունները անկախությունից ի վեր (շուտով` մոտ 20 տարի),
- եւ ամենակարեւորը` կողմերը գնալով կոշտացնում են իրենց բանակցային մոտեցումները:
Չնայած արդեն սեպտեմբերի 3-ին Ալիեւ-կրտսերի ու Բերդիմուհամեդովի միջեւ կայացած հեռախոսային խոսակցության ընթացքում վերջինս հրավիրեց իր ադրբեջանցի գործընկերոջը Աշխաբադ` քննարկելու առկա խնդիրները, սակայն առնվազն կասկած է առաջացնում այն, որ երկու երկրները, որոնք անցած տարիների ընթացքում չեն կարողացել լուծել խնդիրը, կկարողանան արագորեն հաղթահարել խոչընդոտները: Թերեւս, պետք է կարծել, որ Բաքուն ու Աշխաբադն իրենց պորտֆելներում չունեն երկուստեք ընդունելի առաջարկություններ:
Տեղեկանք
Հանքավայրերի շուրջ երկու երկրների հակասությունները հրապարակ իջան 1997թ.: 1996թ. Սափարմուրադ Նիյազովի Բաքու կատարած այցից հետո, 1997թ. փետրվարին պաշտոնական Աշխաբադը հայտարարեց, որ ,Ազերիե ու ,Չիրաղե հանքավայրերը պատկանում են իրեն: Նույն թվականի մայիսին Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ նոտայով դատապարտեց այդ հայտարարությունը:
Կարճ ժամանակ անց` 1997թ. հուլիսի 4-ին Մոսկվայում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ռուսական ЛУКойл եւ Роснефть ընկերությունների հետ կնքեց «Քյափազ» հանքավայրի շահագործման վերաբերյալ պայմանագիր, ըստ որի` ЛУКойл-ին էր անցնելու շահույթի 30%-ը, Роснефть-ին` 20%-ը, իսկ մնացած 50%-ը` ադրբեջանցիներին: Աշխաբադը բողոքեց, եւ Մոսկվայի ճնշման հետեւանքով Роснефть-ը հրաժարվեց պայմանագրից, իսկ ЛУКойл-ը մինչ օրս էլ չի ընդունում եռակողմ պայմանագրի լուծարումը2:
2002թ. ապրիլին Աշխաբադում կայացած մերձկասպյան հինգ պետությունների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ Թուրքմենստանի նախագահ Նիյազովը հայտարարեց, թե հնարավոր է, որ Ադրբեջանի հետ վիճելի համարվող հանքավայրերի շրջանում ծավալվեն ռազմական գործողություններ: Ինչից հետո, ԽՍՀՄ փլուզումից ի վեր առաջին անգամ` 2002թ. օգոստոսին, Ռուսաստանը Կասպիցում անցկացրեց ռազմածովային լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց մասնակցելու հրավեր ստացան Ղազախստանն ու Ադրբեջանը:
Այդ իրադարձություններից հետո հանքավայրերի հարցը կրկին սրվեց 2005թ., երբ թուրքմենական կողմը փորձեց «Քյափազի» շահագործման վերաբերյալ պայմանավորվել կանադական Buried Hill Energy ընկերության հետ: Չնայած այդ տարվա հունվարին ու նոյեմբերին թուրքմենական իշխանությունների հետ ընկերությունը երկու անգամ պայմանավորվեց հանքավայրում աշխատանքների մեկնարկի մասին, բայց Բաքվի հակազդեցության հետեւանքով գործը տեղից չշարժվեց:
Հայտնի է, որ 1997թ. մայիսին Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (OEC) գագաթաժողովի շրջանակներում Հեյդար Ալիեւի ու Սափարմուրադ Նիյազովի հանդիպման ժամանակ վերջինս Ադրբեջանի նախագահին է ներկայացրել դեռեւս ԽՍՀՄ օրոք հրատարակված հատուկ քարտեզներ, որոնց համաձայն` «Քյափազ» ու «Ազերի» հանքավայրերը գտնվում են Կասպիցի թուրքմենական հատվածում: Բացի այդ, ըստ խորհրդային գծապատկերների, «Չիրաղ» հանքավայրը ադրբեջանական ափից գտնվում է 148կմ հեռավորության վրա, իսկ թուրքմենականից` 132կմ, «Ազերի» հանքավայրը ադրբեջանական ափից գտնվում է 160կմ հեռավորության վրա, իսկ թուրքմենականից` 118կմ, «Քյափազ» հանքավայրը ադրբեջանական ափից գտնվում է 184կմ հեռավորության վրա, իսկ թուրքմենականից` 104կմ: Մինչդեռ, Ռուսաստան–Ղազախստան, Ռուսաստան–Ադրբեջան եւ Ղազախստան–Ադրբեջան պայմանավորվածությունների համաձայն, յուրաքանչյուր զույգի միջեւ ծովային սահման որոշվեց երկու պետությունների ափերից հավասար հեռավորության վրա գտնվող գիծը: Այդ պարագայում «Քյափազ», «Ազերի» հանքավայրերն ամբողջությամբ, իսկ «Չիրաղ» հանքավայրը մասնակի պետք է անցնեն Թուրքմենստանին: Ավելորդ չէ նշել, որ այսօր ադրբեջանական նավթի ավելի քան 3/4-րդը արդյունահանվում է «Ազերի»–«Չիրաղ»–«Գյունեշլի» հանքավայրերից;
Իրավիճակային դիտարկում
Թե ինչու Աշխաբադում որոշեցին հրապարակային ճնշման անցնել Բաքվի ուղղությամբ, միանշանակ դժվար է ասել: Միգուցե, Թուրքմենստանում համարում են, որ հուլիսի 13-ին Անկարայում «Nabucco»-ի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո, հանքավայրերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ինչպես արեւմտյան երկրների (ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա), այնպես էլ Ադրբեջանի կողմից ավելի ընկալելի կդառնա, քանի որ «Nabucco»-ի իրականություն դառնալուց հետո Թուրքմենստանի արժեքը միայն աճելու է, ընդ որում` Հարավային Կովկաս–Կասպից– Կենտրոնական Ասիա գծում գործող բոլոր ուժի կենտրոնների համար: Ամեն դեպքում, Աշխաբադի այս նախաձեռնությունը նոր` ավելի բարձր կարգավիճակ կտա նրան ընթացող խաղում:
Մյուս կողմից, ռուսական աղբյուրների համաձայն, Թուրքմենստանի նման քայլը պետք է պայմանավորել Ռուսաստանի նպատակով` խոչընդոտել «Nabucco»-ի գործարկումը: Ինչը հատկապես արդիական դարձավ, երբ օգոստոսի 6-ին Անկարայում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջ հետ պայմանավորվեց դեպի Եվրոպա ուղղված «Южный поток»-ի կառուցան վերաբերյալ:
Միաժամանակ, ցանկացած լուրջ փոփոխություն Կասպիցի էներգետիկ փոխդասավորվածությունում կունենա աշխարհաքաղաքական հետեւանքներ, որոնք ի վիճակի են ազդելու հարավկովկասյան, իրանական, կենտրոնաասիական եւ անգամ` հյուսիսկովկասյան ուղղություններով: Մի կողմից` այն իրողությունն է, որ Ադրբեջանից ու Թուրքմենստանից բացի կասպյան մյուս երեք երկրները տարբեր պատճառներով ուղղակի շահագրգռված են, որ թուրքմենա-ադրբեջանական խնդիրները մնան ուժի մեջ, ուստի դժվար թե չմիջամտեն նոր զարգացումների դեպքում: Մյուս կողմից` Աշխաբադի կամ Բաքվի ձեռնարկած ցանկացած քայլ, որն ի վիճակի է փոխել կասպյան փոխդասավորվածությունը, չի կարող չենթադրել տարածաշրջանում ներկա ուժի կենտրոնների ներգրավվածություն: Ուստի, ընդամենը ժամանակ է հարկավոր` վերջնականապես հասկանալու, թե ով է կանգնած Բերդիմուհամեդովի հայտարարությունների հետեւում:
Եվ վերջում, թուրքմենա-ադրբեջանական հակասությունները դեռ չեն հասել այն աստիճանի, որ նշանակություն ձեռք բերեն Արցախի շուրջ ընթացող զարգացումներում: Բայց դա չի նշանակում, թե պետք է ընդհանրապես անտեսել գոնե նախնական պայմանավորվածությունների այն օբյեկտիվ հնարավորությունը, որը կարող է ձեւավորվել Երեւանի ու Աշխաբադի համար հայ-ադրբեջանական հակամարտության եւ թուրքմենա-ադրբեջանական հակասությունների արդյունքում: Անշուշտ, ներկայում այն չի կարող էական դեր ունենալ, բայց հետագայում, եթե զարգացումները շարունակվեն առկա տրամաբանությամբ, այդ հնարավորությունը կարող է դառնալ Բաքվի նկատմամբ առնվազն տեղեկատվական ճնշման լծակ: Իսկ որ զարգացումները կընթանան հենց առկա տրամաբանությամբ, առայժմ ավելի հավանական է, քան հակառակը:
1Ադրբեջանական կողմը այդ հանքավայրերը անվանում է, համապատասխանաբար, «Քյափազ», «Ազերի» եւ «Չիրաղ», ինչն ավելի շատ է տարածված միջազգային լրատվական դաշտում:
2Ուշագրավ է, որ դեռ 1995թ. ЛУКойл-ը Թուրքմենստանի Նավթի ու գազի նախարարության հետ կնքել էր «Քյափազի» շահագործման մասին պայմանագիր, ինչը նշանակում է, որ այն ժամանակ ընկերությունն ընդունում էր, որ հանքավայրը պատկանում է Աշխաբադին:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱ. ՎԵՐԻՆՏԵԳՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՈՒՄ[19.11.2012]
- ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ[14.09.2012]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ[14.06.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[02.04.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ[23.02.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ[06.02.2012]
- ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՃՈՒՄ Է[01.12.2011]
- ԱՄՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ[10.11.2011]
- ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ[29.09.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ[21.07.2011]
- ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[20.06.2011]