• am
  • ru
  • en
Версия для печати
09.11.2009

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

   

Արթուր Աթանեսյան

Arthur_Atanesyan (original)Ադրբեջանում հակահայկական տեղեկատվական գործողություններ իրականացնում են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազմակերպությունները, որոնց մի մասն օգտվում է պետության հովանավորությունից: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը, լինելով ոչ պետական կազմակերպություն, ձևավորման օրից կառավարվում է անմիջականորեն Ալիևների ընտանիքի կողմից։ Հիմնադրամի նախագահն է ակտիվ քաղաքական գործիչ Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Իլհամ Ալիևի կինը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում հիմնադրամի ներկայացուցչությունը գլխավորում է նրանց դուստր Լեյլա Ալիևան:

Հիմնադրամը, սերտորեն համագործակցելով պետական և այլ կառույցների հետ (նախագահի աշխատակազմ, Ազգային անվտանգության նախարարություն, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններ), սպասարկում է Ադրբեջանի քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջին հերթին` հակահայկական քարոզչությունը ԼՂՀ հակամարտության համատեքստում: Հիմնադրամը ֆինանսավորում է բազմալեզու գրականության` գրքերի, ամսագրերի ու բրոշյուրների հրատարակում, տարբեր երկրներում դրանց տարածումը, Ադրբեջանում և արտերկրում միջոցառումների անցկացումը, ֆոտոցուցահանդեսների կազմակերպումը, վավերագրական ֆիլմերի նկարահանումն ու ցուցադրումը, երիտասարդական քարոզարշավների համակարգումը, ինչպես նաև ինտերնետային էջերի գործարկումը։

Ալիևի հիմնադրամը ստեղծվել է 2004թ. մայիսի 10-ին Բաքվում, կազմված է հետևյալ բաժիններից, որոնք իրենց հերթին ունեն ենթաբաժիններ.

Հումանիտար ծրագրերի բաժին.

  • Մշակույթ և զբոսաշրջություն
  • Սոցիալական քաղաքականություն
  • Կրթություն, երիտասարդության և սպորտի հարցեր:

Միջազգային հարաբերությունների բաժին.

  • Հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ
  • Հարաբերություններ ԱՊՀ պետությունների հետ
  • Հարաբերություններ արտասահմանյան պետությունների հետ:

Հասարակական հարաբերությունների բաժին.

  • Հարաբերություններ իրավական և ֆիզիկական անձանց հետ
  • Հարաբերություններ զանգվածային լրատվամիջոցների հետ:

Գործառնական բաժին.

  • Գլխավոր բաժանմունք
  • Վերլուծական-տեղեկատվական բաժանմունք
  • Քարոզչության և հետազոտության բաժանմունք
  • Անվտանգության բաժանմունք
  • Մարդկային ռեսուրսների բաժանմունք
  • Տնտեսական բաժանմունք
  • Արձանագրային բաժանմունք։

Ինչպես տեսնում ենք, հիմնադրամը ներկայացվում է որպես հիմնականում գիտամշակութային գործունեությամբ զբաղվող կազմակերպություն, որի նպատակներից են, օրինակ` մուղամների ադրբեջանական ծագման վերաբերյալ գովազդը, մշակութային, երիտասարդական և մարզական ծրագրերի իրականացումն ու ֆինանսավորումը:

Մինչդեռ Ալիևի հիմնադրամի գործունեությունում գերակայողը հակահայկական քարոզչությունն է տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այդ քարոզչությունը համապարփակ է, այն գործում է գրեթե բոլոր հնարավոր ուղղություններով` ընդգրկելով քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, հոգևոր, կրթական, տեղեկատվական ոլորտները։ Հիմնադրամն Ադրբեջանում և արտասահմանում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթացին ձգտում է հաղորդել հակահայկական բնույթ: Կառույցն իրականացնում է Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության տեսանկյունից կարևորագույն գործառույթ. այն կենտրոնացված սկզբունքով ուղղորդում, վերահսկում, ֆինանսավորում և գաղափարախոսական աջակցություն է ցուցաբերում երկրում և նրա սահմաններից դուրս գտնվող կազմակերպություններին ու անհատներին, որոնք իրականացնում են հակահայկական քարոզչություն։

Հիմնադրամի գործունեության կիզակետերից են ԼՂՀ հակամարտության ենթատեքստում Հայաստանի և հայերի ներկայացումն իբրև «ագրեսիվ, բռնի, նվաճողական քաղաքականություն իրականացնողներ», իբրև «Խոջալուի ցեղասպանությունն» իրականացրածներ», «ահաբեկիչներ» և այլն: Կառույցի ջանքերը հատկապես ուղղված են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» առասպելի գովազդմանը, այդ մասին տեղեկատվության հորինմանն ու տարածմանը լայն լսարանի շրջանում` օգտագործելով բոլոր հնարավոր զանգվածային տեղեկատվական ալիքներն ու միջանձնային շփումները: Հիմնադրամն այդ ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ է կատարում, որոնցից նշենք հետևյալները.

  1. «Խոջալուի ցեղասպանության տարելիցը» պաշտոնապես նշվում է մոտ 50 երկրում գտնվող ադրբեջանական դեսպանատներում և հյուպատոսություններում:
  2. Կազմակերպվում են «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներ տարբեր պետությունների մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում, օրինակ՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում, Լոնդոնում, Դուբայում, Կիևում, Մոսկվայում, Վարշավայում, Ստրասբուրգում, Փարիզում, Անկարայում, Ստամբուլում, Թբիլիսիում և Բուխարեստում:
  3. Ստեղծվել է «Խոջալուի ցեղասպանությունը» ֆիլմը, կառույցի կողմից կազմակերպվել է «Խոջալուն երեխաների աչքերով» ցուցահանդեսը, որի համար նկարները պատրաստել են ադրբեջանցի դպրոցականները` ազդված լինելով ադրբեջանական դպրոցական դասագրքերում իրենց ակտիվորեն մատուցվող և պարտադրվող պետական հայատյաց քարոզչությունից:
  4. Հիմնադրամի կողմից ֆինանսավորվում է բազմաթիվ քարոզչական գրքերի հրատարակումը, այդ թվում` «Պատերազմն ընդդեմ Ադրբեջանի. կիզակետում է մշակութային ժառանգությունը» գիրքը` հրատարակված անգլերեն լեզվով և միտված օտարերկրյա լսարանին: Նման գրքերում Ադրբեջանը ներկայանում է որպես «հին ժողովուրդ` համաշխարհային կարևորություն ունեցող մշակութային ժառանգությամբ», որի դեմ Հայաստանը «պատերազմ է իրականացնում»:
  5. Կառույցի կողմից հարյուր հազարավոր տպաքանակով հրատարակվում և լայնորեն տարածվում են հակահայկական ուղղվածության բուկլետներ: Դրանց հիմնական թեմաներն են` «Ղարաբաղի պատմությունը», «Խոջալուի ցեղասպանությունը», «Ղարաբաղյան հակամարտության պատճառները», «Հայկական ագրեսիայի հետևանքները», «Հայկական ահաբեկչական խմբերի գործունեությունն ընդդեմ Ադրբեջանի» և այլն: Դրանցում ԼՂՀ-ի հետ առնչվող բոլոր կարևոր հիմնախնդիրները ներկայացվում են հօգուտ Ադրբեջանի և ի վնաս ՀՀ-ի ու ԼՂՀ-ի, ինչը տեղեկատվական առումով շատ արդյունավետ է և հակազդման բացակայության պայմաններում կարող է մեծ վնաս պատճառել հայկական կողմի միջազգային կերպարին: Նման հրատարակումները միտված են միջազգային լայն լսարանին. դրանք հրատարակվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և հունգարերեն լեզուներով և տարածվել տարբեր պետություններում: Ադրբեջանցիներից շատերն այս թերթիկներն իրենց հետ տանում են միջազգային գիտաժողովների և այլ միջոցառումների ու տարածում օտարերկրյա մասնակիցների շրջանում:

Ինչպես տեսնում ենք, Հեյդար Ալիևի հիմնադրամը ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ տեղեկատվական պատերազմում ուրույն և բավական պատկառելի տեղ է զբաղեցնում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր