ՀԱՅ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները եւ սկիզբ առած գործընթացը պատճառ են դարձել բուռն քննարկումների, տեսակետների բախման: Արձանագրությունները ոչ միանշանակ են ընդունվել երկու երկրների քաղաքական, հասարակական, գիտավերլուծական շրջանակների կողմից եւ առաջ բերել տարատեսակ մեկնաբանություններ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում ընթացող քննարկումների առանցքն են կազմում արձանագրությունների որոշակի կետեր, որոնց հետ կապված` հասարակությունների տարբեր հատվածներ լուրջ մտահոգություններ ունեն: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ արձանագրությունների որոշակի դրույթներ հնարավոր է մեկնաբանել երկակի, ուստի` մասնագիտական հանրության խնդիրն է հստակ առանձնացնել շահարկումները, ամբոխահաճո ձեւակերպումները` իրականությունից:
Այս իմաստով, անդրադառնալով արձանագրություններում առկա որոշ կետերի, առանձնացնենք նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի եւ մասնավորապես պատմական հարթության խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողովի հարցը:
Նախ հիշենք, որ ստորագրված արձանագրություններով նախատեսվում է ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը բաղկացած կլինի յոթ ենթահանձնաժողովներից` քաղաքական, ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ եւ ենթակառուցվածքների, իրավական, գիտության եւ կրթության, առեւտրի, զբոսաշրջության եւ տնտեսական համագործակցության, բնապահպանական, պատմական հարթության հարցերով զբաղվող: Ահա հենց այս վերջին ենթահանձնաժողովի ստեղծումը շատերին թույլ է տալիս այն կապել Հայոց ցեղասպանության հարցի հետ:
Մեզ համար հստակ է, որ Ցեղասպանության եղելության փաստը երբեք քննարկման առարկա չի կարող լինել: Այս մասին բազմիցս հայտարարել են հայաստանյան իշխանությունները. մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ի իր ուղերձում հստակ առանձնացրեց չորս կետ, որոնք առավել մտահոգում էին մեր հասարակությանը, եւ հատուկ շեշտեց. «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ»:
Իսկ Թուրքիայում իշխանությունը փորձում է այս ենթահանձնաժողովը ներկայացնել որպես մի օղակ, որն, իբրեւ թե, քննելու է Հայոց ցեղասպանության եղելության փաստը: Սակայն հարկ է նկատել, որ նման ենթահանձնաժողովի ստեղծման հանգամանքը լուրջ քննադատության է ենթարկվում նաեւ Թուրքիայում. խնդիրն այն է, որ Թուրքիայում պետական մակարդակով տասնամյակներով քարոզվել է, որ Հայոց ցեղասպանությունը սուտ է, նման բան չկա, այս ուղղությամբ գրվել են բազմաթիվ «գիտական գրքեր», ստեղծվել են Ցեղասպանությունը ժխտող կառույցներ եւ այլն: Եվ հիմնվելով այս ամենի վրա` թուրքական ընդդիմությունը հարց է բարձրացնում, թե ինչ են քննելու թուրքերն այդ ենթահանձնաժողովի շրջանակներում, մի՞թե այն ցեղասպանությունը, որը տեղի չի ունեցել: Եվ այդ պարագայում ի՞նչ պատասխան են տալու այն բազմամիլիոն հասարակությանը, որին տասնամյակներով քարոզել են հակառակը:
Ինչպես ցույց են տալիս մեր անձնական շփումները թուրքական քաղաքական, քաղաքագիտական, հասարակական տարբեր շրջանակների հետ` Թուրքիան, ի վերջո, իրատեսորեն մոտենալով հարցին` հասկացել է, որ հայկական կողմի համար Ցեղասպանությունը կասկածի ենթարկելու ցանկացած քայլ անընդունելի է, եւ այս պարագայում թուրքական կողմը կարող է արծարծել հարցը միայն ամբոխահաճո հռետորաբանության շրջանակներում:
Կարեւոր է նաեւ միջկառավարական հանձնաժողովի եւ նրա օրակարգի ձեւավորման հարցը, որը դեռեւս կանոնակարգված չէ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունում նշված է, որ «Միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց, կստեղծվի աշխատանքային խումբ` երկու արտգործնախարարների ղեկավարությամբ։ Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձեւերը կհաստատվեն նախարարական մակարդակով»։ Այսինքն` մշակվելիք աշխատաձեւերի հրապարակումից հետո նոր միայն պարզ կդառնա, թե ինչպես կարող են ձեւավորվել ենթահանձնաժողովների օրակարգերը, ինչ թեմաներ` ինչպիսի ձեւակերպումներով կարող են դառնալ քննարկման առարկա: Ուստի սխալ է հայտարարել, որ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովը քննարկելու է Ցեղասպանության հարցը, ինչպես պնդում են թուրքերը, քանի որ ստեղծվելու է մանեւրելու լայն դաշտ, ու հայկական կողմը պետք է ձգտի այդ ամենը տանել իրեն ձեռնտու ուղղությամբ:
Արձանագրության մեջ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի վերաբերյալ ձեւակերպումը բավական լայն է ու թույլ է տալիս կատարել տարբեր մեկնաբանություններ. «Իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»: Մեր կարծիքով` երկու ժողովուրդների միջեւ փոխվստահությանն ուղղված քայլերից կարող է լինել հենց Ցեղասպանության հետեւանքների վերացումը, որոնք կարող են բազմաթիվ լինել: Օրինակ` որպես Ցեղասպանության հետեւանք կարելի է դիտարկել պատմական Հայաստանի տարածքում մշակութային ժառանգության կործանումը. այդ տարածքների հայկական եկեղեցիները մինչ օրս համապատասխան կառույցներում գրանցված չեն որպես հայկական եկեղեցի, չեն պատկանում Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքարանին: Ի դեպ, արձանագրության մեջ հստակ նշվում է, որ կողմերը պարտավորվում են «աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման նպատակով»: Ցեղասպանության հետեւանքների վերացման շարքում կարելի է դիտել նաեւ այն, որ անհրաժեշտ է համապատասխան միջավայր ստեղծել, որպեսզի Ցեղասպանության տարիներին իրենց արմատից բռնի հեռացված, ուծացված հայերի սերունդները կարողանան վերագտնել եւ բացահայտ տեր կանգնել իրենց իրական էթնիկ ինքնությանը:
Բացի այդ, «պատմական հարթություն» հասկացությունը չպետք է միայն սահմանափակվի ցեղասպանության հարցով: Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք ուղղակիորեն կապված են հայ եւ թուրք հասարակությունների միջեւ վստահության կորստի հետ, որի ուղղությամբ էլ հենց նախատեսվում է աշխատանքներ կատարել: Այդ ամենի համատեքստում չի բացառվում, որ ի հայտ գան Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի պատմության լավ չլուսաբանված էջեր, արխիվային այնպիսի փաստաթղթեր, որոնք ցույց կտան նաեւ հանրապետական Թուրքիայի հակաիրավական մոտեցումը հայերի նկատմամբ: Մասնավորապես, 1920-ականների վերջին հազարավոր հայերի տեղահանությունը եւ աքսորը, 1937–1938թթ. Դերսիմի ապստամբության ճնշման ժամանակ այնտեղ ապաստանած հայերի նկատմամբ պետական խտրական մոտեցումը, 1941թ. կիրառված աննախադեպ զորակոչը, որի թիրախներն էին ոչ մուսուլման ժողովուրդների չափահաս տղամարդիկ, 1942թ. գործածության մեջ դրված «Ունեցվածքի հարկը», որի հետեւանքով կործանիչ հարված հասցվեց հայկական գործարար խավին, Թուրքիայի Հանրապետությունում տարբեր տարիներին անցկացված «գաղտնի մարդահամարները» եւ այլն:
Արձանագրություններում շոշափվում է արխիվների եւ դրանց ուսումնասիրման հարցը: Անդրադառնալով հատկապես թուրքական արխիվներին` հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները: Թուրքական տարատեսակ արխիվների արդեն միայն հրապարակված փաստաթղթերի ճիշտ մեկնաբանման եւ կիրառման դեպքում հնարավոր է դրանք գործածել թուրքական կողմի դեմ: Օրինակ` երիտթուրքական պարագլուխներ Թալեաթի եւ Էնվերի հրամանները եւ նամակագրությունը, որոնք առնչվում են հայ որբ երեխաների բռնի իսլամացմանը, նույն Թալեաթի հրահանգները բռնի իսլամացված հայերի թվաքանակի, աշխարհագրական տարածման եւ այլ հարցերի մասին: Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է զգույշ լինել եւ տարբերել այն սահմանը, որից այն կողմ կարող են սկսվել գիտական երկարատեւ քննարկումները, որոնց մեջ էլ հենց ցանկանում են ներքաշել հայկական կողմին: Արխիվների հետ կապված հաջորդ հարցն այն է, որ ըստ տարբեր, այդ թվում եւ թուրքական աղբյուրների, Թուրքիայի արխիվները բազմիցս ենթարկվել են զտման, եւ ոչնչացվել է վտանգավոր փաստաթղթերի մեծ մասը: Միգուցե այդ է պատճառը, որ թուրք պաշտոնյաներն այդքան վստահ հայտարարում են, թե իրենց արխիվները բաց են:
Քննադատության է ենթարկվում նաեւ այն դրույթը, համաձայն որի` պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել օտարերկրյա մասնագետներ: Սակայն արձանագրություններում օտարերկրյա մասնագետներին ներգրավելու մասին հստակ նշված է. «Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին»: Իսկ անհրաժեշտությունը կորոշվի աշխատաձեւերում, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կունենա որոշիչ ձայն, եւ հարցը կլուծվի երկկողմ համաձայնությամբ:
Վերջում հարկ է նշել, որ միջկառավարական հանձնաժողովի գաղափարը հայկական արտաքին քաղաքականության օրակարգում նոր չի ի հայտ եկել: Մասնավորապես, 2005թ. Թուրքիայի վարչապետ Էրդողանը նամակ էր հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին` առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ քննարկել Ցեղասպանության հարցը: Իր պատասխան նամակում նախագահ Քոչարյանն ասել էր, որ նախ պետք է հարաբերություններ ստեղծել, իսկ հետո` միջկառավարական հանձնաժողով, որը կարող է անդրադառնալ տարատեսակ հարցերի: Սա թույլ է տալիս ենթադրել, որ նման մոտեցումը Հայաստանի որդեգրած սկզբունքային դիրքորոշումների զինանոցի տարրերից է:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]