05.12.2025ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ 2026Թ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՐԵՆԴՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ...
ԱԺ 2026թ. ընտրությունները լինելու են յուրահատուկ եւ ճակատագրական հայ ժողովրդի համար մի շարք՝ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներով, ժողովրդի մի մեծ զանգվածի տգիտությամբ, բարոյահոգեբանական այլասերմամբ ու միջավայրի արժեհամակարգային խեղաթյուրմամբ, երկրում ստեղծված քաոսային, բարդ ու աննախադեպ իրավիճակով եւ այլ գործոններով պայմանավորված։
Ինչ վերաբերվում է ընդհանրապես ընտրություններին, դրանք անկախ Հայաստանում, բացառությամբ մեկ-երկոսի, ազատ ու արդար չեն եղել եւ, ըստ էության, ընտրությունները Հայաստանում որպես այդպիսին դադարել են քաղաքական գործընթաց լինելուց ու վերածվել են մի միջոցառման, որի նպատակը իշխանությունների վերարտադրման ապահովելն է եղել։
Պատահական չէ, որ համապետական համարյա բոլոր` ընտրակեղծարարություններով ուղեկցված ընտրություններն ավարտվել են բողոքի եւ անհամաձայնության բազմամարդ ու երկարատեւ հանրահավաքներով ու ակցիաներով։ Քաղաքացին օտարվել է իշխանությունից ու պետությունից եւ դարձել անհաղորդ ու անտարբեր եւ արդյունքում ստացել ենք չարացած ու ատելությամբ լցված զանգվածներ։ Իսկ զանգվածների իշխանությունը, որպես կանոն, բերում է ատելության եւ չարության կառավարություն։ Ալֆրեդ Նոբելն էլ գտնում էր, որ «Ժողովրդավարությունն, ի վերջո, բերում է տականքների իշխանություն»:
Ռուս գրող, սցենարիստ, սատիրիկ Միխաիլ Ժվանիցկին, կարծես, մեր երկրի այսօրվա իրավիճակի համար է ասել, որ. «Աշխարհը նախկինում կառավարվում էր խելացիների կողմից։ Դա դաժան էր։ Խելացիները ստիպում էին հիմարներին սովորել։ Դժվար էր հիմարի համար։ Հիմա աշխարհը կառավարվում է հիմարի կողմից։ Դա արդարացի է, քանի որ կան շատ ավելի հիմարներ։ Հիմա խելացիները սովորում են խոսել, որպեսզի հիմարները կարողանան հասկանալ։ Եթե հիմար մարդն ինչ-որ բան չի հասկանում, դա խելացի մարդու խնդիրն է։ Նախկինում հիմարն էր տառապում։ Հիմա խելացիներն են տառապում։ Տառապանքն ավելի քիչ է, քանի որ խելացի մարդիկ ավելի ու ավելի քիչ են»։ Փաստորեն, ստացվում է, որ մեր խնդիրը մեծ հաշվով ամենեւին էլ այս իշխանությունները չեն, այլ նրանց վերարտադրությունն ապահովող մոլորված զանգվածներն են, որոնք ամեն ինչ անում են իրենց ներկայացուցիչներին ու նմաններին իշխանության պահելու համար։ Արդյունքում ունենում ենք ցածրորակ ու առավելապես արկածախնդիրներից, ապաշնորհներից ու կարիերիստներից բաղկացած իշխանություն։ Երկրում տիրող այս անհասկանալի, պարադոքսի եւ զավեշտի հասնող պայմաններում ու տրամաբանությունից զուրկ ընտրական այս օրենսգրքով, ընտրական մշակույթի բացակայության, չկայացած, այլասերված, պառակտված քաղաքական դաշտի ու անկատար կուսակցական համակարգի, քաղաքականապես ոչ գրագետ ու ոչ հասուն զանգվածների առկայության եւ ընտրությունների անցկացման նախկին տխրահռչակ ավանդույթների պարագայում էլ ընտրությունները չեն կարող լուծել այն քաղաքական խնդիրը, ինչի համար կոչված են։
Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ ժողովրդի առավել առաջադեմ, գրագետ, նվիրյալ ու քաղաքականապես հասուն հատվածը լուրջ չեն ընդունում ընտրությունները, չեն հավատում չեն վստահում քաղաքական համակարգին ու նրա գլխավոր սուբյեկտ հանդիսացող կուսակցություններին, չեն անդամակցում որեւէ կուսակցության եւ մասնակցում քաղաքական գործընթացներին, իսկ իրենց պասիվության արդյունքում պատժվում են նրանով, որ իրենց ղեկավարում են իրենցից հիմարները։ Ընտրությունների խնդիրը նախեւառաջ քաղաքական այնպիսի էլիտայի, այնպիսի ուժերին ու նրանց ներկայսցուցիչներին իշխանության բերելն է, որոնք կլինեն ամենարժանավորները եւ ամենաարդյունավետ ձեւով կլուծեն երկրի ու ժողովրդի առջեւ ծատացած խնդիրները, կլինեն ազնիվ, նվիրյալ, համարձակ, կունենան գիտելիքների հարուստ պաշար պետական կառավարման վերաբերյալ, փորձառություն, պետական մտածողություն եւ կառաջնորդվեն բացառապես պետության ու ժողովրդի շահերով։ Մինչդեռ ներկա ընտրական համակարգը դա չի կարող երաշխավորել, քանի որ քաղաքական եւ ընտրական համամասնական համակարգը դա թույլ չի տալիս։ Քաղաքական դաշտն էլ սեփականաշնորհված է հանրային շատ ցածր վստահություն վայելող, վարկաբեկված կուսակցությունների կողմից։
Այս պայմաններում հայ ժողովուրդն առաջիկա 2026թ. ԱԺ ընտրություններին էլ կանգնած է լինելու լրջագույն ճակատագրական երկընտրանքի առաջ` երկընտրանք աշխարհաքաղաքական վեկտորի եւ անվտանգության երաշխավորների ընտրության, երկընտրանք` արժանապատվության, անկախ պետականության, հայրենիք ունենալու եւ ստրկության ու թրքահպատակակության միջեւ։ Հետեւապես ընտրությունները վերածվելու են անզիջում դաժան, մահ ու կենաց պայքարի։ Անզիջում եւ մահ ու կենաց պայքար է լինելու, որովհետեւ զոհասեղանին դրված է լինելու մի կողմից պետության ու ժողովրդի` իր բնօրրանում` գոյությատեւելու իրավունքը, նրա ազգային արժանապատվությունը, իսկ մյուս կողմից էլ` այս իշխանությունների ու նրանց մտերիմների անվտանգությունն ու ազատությունը։
Բացի այդ, այս ապազգային իշխանությունների հետ ընտրությունների գնալը մի կողմից ազգային խայտառակություն է, իսկ մյուս կողմից էլ Սահմանադրությունը չի նախատեսում իշխանության ձեւավորման այլ տարբերակ։ Իհարկե, իշխանափոխության ամենաարժանապատիվ տարբերակը թերեւս, անշուշտ, իմպիչմենտը կարող էր լինել, սակայն այդ հարցում, ինչպես տեսնում ենք, չի ձեւավորվում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կոնսեսուս։ Առաջիկա ընտրություններում իշխանություններին հաղթելու ելքը կարծում եմ մեկը` քաղաքական համակարգի ու նրա ընդդիմության նկատմամբ կորսված վստահության ու անկեղծության վերականգնումը կարող է լինել, ԱԺ ընտրություններին ըննդիմադիր եւ միասնական ապակուսականացված ու վերկուսակցական եւ արժանավորների թիմով ու լրջորեն նախապատրաստված գնալը կարող է լինել։ Այնպիսի թիմով, որը կվայելի հանրային բարձր վստահություն եւ որի բրենդը կլինեն հանրապետության լավագույն, ազգային, ազնիվ, նվիրյալ, տաղանդավոր եւ մեծ փորձառություն ունեցող անհատականությունները, որոնց ժողովուրդը անվերապահորեն կտա իր քվեն եւ կվստահի պետության կառավարումը։
Այս դեպքում միայն հնարավոր կլինի ընտրություններերին ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ եւ հաղթել ընտրակեղծարարությանն ու վարչական ռեսուրսներին։ Ելքը ազգային միասնությունն ու համերաշխությունը կարող է լինել, որը կարող է ձեւավորվել ամենաբարձր հանրային վստահություն ու աջակցություն վայելող քաղաքական միավորի` ուժերի շուրջ։
Անկախ ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշից եւ վստահության, ֆինանսական, մտավոր ու մարդկային ռեսուրսներից, որեւէ քաղաքական ուժ, քաղաքացիական նախաձեռնություն կամ անհատ չպետք է իր վրա վերցնի քաղաքական դաշտում միանձնյա գործելու եւ որոշումներ կայացնելու մենաշնորը։ Դա կործանարար կլինի եւ կարող է ուժերի պսռակտման ու ջլատման պստճսռ հանդիսանալ։ Պետությությունը եւ հայրենիքն էլ բոլորինս են հավասար, իսկ ընտրություններում պարտության գինը ամենաթանկն ու նվիրականը կարող է լինել։ Այն կարծիքին եմ, որպեսզի ընդդիմադիր ազգային ուժերը ընտրություններում ունենան ջախջախիչ հաղթանակ, անկախ նրանից, թե կգնան միասնական, թե առանձին թեկնածուով, կարեւոր է, որ ընտրություններին նախապատրաստվեն փոխհամաձայնեցված` իրենց ջանքերն ու ռեսուրսները միավորելու եւ համատեղելու նպատակով եւ լինի սերտ, ներդաշնակ ու անկեղծ փոխհամագործակցություն, ինչը պայմանավորված է լինելու նպատակի միասնությամբ ու կարեւորությամբ։
Որպեսզի ընդդիմադիր դաշտում լինի բարձր կարգապահություն ու կարգ ու կանոն եւ ընդդիմադիր դաշտի մասնակիցները լինեն անկեղծ ու գործեն թափանցիկ, կարեւոր է, որ ընդդիմադիր ազգային թեւի ամենարժանավոր եւ իմաստուն պետական քաղաքական, մտավորական անձանցից ստեղծվի ընդդիմադիր դաշտը համակարգող քաղաքական խորհուրդ, որի որոշումները կլինեն պարտադիր համերաշխություն հայտնած բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ու նախաձեռնությունների համար եւ նրանց գործունեությունն ընտրական գործընթացում կղեկավարվի ու կվերահսկվի խորհրդի կողմից։ Խորհրդին պետք է իրավունք վերապահել ինչպես ընտրություններին մասնակից կուսակցությունների ու դաշինքների մասնակցության ձեւաչափի, այնպես էլ ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակների կազման հարցում, որպեսզի նախընտրական ցուցակներ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ։ Առաջինը եւ ամենակարեւորը, որ պետք է համագործակցեն քաղաքական ուժերը, դա ժողովրդի հետ տարվող աշխատանքի կազմակերպման ոլորտը կարող է լինել։ Այսօր հայ մարդը եւ առաջին հերթին գյուղացին անտեսված ու անտարբերության է մատնված քաղաքական ուժերի ու մտավորականության կողմից։ Ըստ էության, անկախության տարիներին ժողովրդին հիշել են ընտրությունից ընտրություն եւ վերաբերվել են որպես մեկանգամյա օգտագործման ընտրազանգվածի։
Երկրորդը, որ պետք է, ըստ իս, անեն քաղաքական հասարակական, մտավորական ակտիվ շրջանակների ներկայացուչները, պետք է վեր կանգնեն բոլոր տեսակի անձնական եւ խմբային` կուսակցական շահերից, նստեն մեկ սեղանի շուրջ եւ ձեւավորեն համակարգող քաղաքական խորհուրդ, սահմանելով ձեւավորման ու գործունեության սկզբունքները, կանոններն ու մեխանիզմները։ Սեղանի շուրջ, իմաստուն ու նվիրյալ արժանավորների կողմից պետք է կայացվեն երկրի համար սկզբունքային ու կարեւոր որոշումերը։ Սա է քաղաքակիրթ ու արդյունավետ ճանապարհը։ Համակարգող խորհուրդն էլ պետք է ձեւավորի օպերատիվ կառավարման, մասնագիտական, փորձագիտական֊ խորհրդատվական, տեղեկատվական, հանրության ու մամուլի հետ կսպերի ու այլ անհրաժեշտ կառույցներ։ Շատ կարեւոր է, որ նաեւ ընտրակեղծարարության կանխման նպատակով ձեւավորել վստահելի անձանցից բաղկացած հատուկ խմբեր։ Մինչեւ ընտրությունները անհրաժեշտ կլինի նաեւ ընտրական ցուցակները մաքրել հանգուցյալներից ու հանրապետությունից դուրս եկածներից, որոնք ընտրությունների կեղծման հիմնական նախադրյալներից են։
Ազգն էլ պետք է հնազանդվի ու սատարի իր իմատունների ցանկացած որոշմանը։ Շատ կարեւոր է նաեւ այն թիմի ընտրությունը, որով պետք է քաղաքական ուժերը գնան ընտրության եւ որը պետք է պատասխանատվություն ստանձնի երկիրն այս աղետալի վիճակից դուրս բերելու եւ զարգացում ապահովելու համար։ Իսկ չափորոշիչները պետք է լինի շատ բծախնդիր ու խիստ։ Ազգային, նվիրյալ ու իմաստուն մարդկանց ի հայտ բերելու համար անհրաժեշտ կլինի ձեւավորել կառույցներ ըստ տարածաշրջանների եւ մասնագիտական հանրությունների, որը թույլ կտա հանրային մեծ վստահություն ձեւավորել եւ ընտրություններում ապահովել ընտրողների բարձր մասնակցություն ու հաղթանակ։ Իսկ քաղաքական այդպիսի ծավալուն, կարեւոր ու պատասխանատու միջոցառման համար ժամանակը շատ քիչ է, ձախողումն էլ ճակատագրական կարող է լինել։ Չպետք է մոռանալ, որ սա սովորական ընտրություն չէ, որ հակառակորդ կողմը ոչ մի առնչություն չունի հայ ժողովրդի ու Հայաստան պետության շահերի հետ եւ տիրապետում է ահռելի վարչական ու ֆինանսական միջոցների, դրսի աջակցության եւ կանգ չի առնելու ոչ մի միջոցի առաջ եւ պատրաստ է լինելու խախտել բարոյականության ու օրինականության բոլոր նորմերը ցանկացած գնով իշխանությունը պահելու համար։ Իշխանություններին էլ պատրաստ են լինելու ծառայել ազգուրացների, նյութապաշտների, կարիերիստների ու մոլորյալների մի մեծ բանակ։ Սակայն երբ նվիրյալ, ինտելեկտուալ ու խիզախ մարդիկ միավորվում են` ապաշնորհները, տգետներն ու անպատկառներն անպայման նահանջում են։ Աստված մի արարցե, խոհեմություն, վճռականություն ու պայքարելու կամք չցուցաբերելու եւ սխալվելու դեպքում էլ այս ընտրությունները Հայաստանում վերջինը կարող են լինել։
Հայկ Ղազարյան
Տնտեսագիտության թեկնածու
www.iravunk.com
դեպի ետ