• am
  • ru
  • en
Версия для печати
25.02.2025

2026 < 2021. ՌԵ-ՆԻԿՈԼԸ ՊՈՍՏ-ՆԻԿՈԼԻ ՓՈԽԱՐԵՆ

   

Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց գործողություններն առավել համոզիչ և ծրագրային ներկայացնելու համար։

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի առանձին ուղերձ երկնեց այս առնչությամբ, բայց 2026-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ միայն իշխանությունները չեն զբաղվում «իմաստների մոդելավորմամբ» (моделирование смыслов)։ Այսպիսի անխուսափելի գործով են զբաղված նաև ընդդիմադիր շրջանակները։

Նիկոլի 14 կետանոց «մանիֆեստը» շատ է քննարկվել, ուստի թույլ տվեք այսօր անդրադառնալ ընդդիմության կոնտենտին։

Ի սկզբանե ասեմ, որ իմ կարծիքով, այստեղ առկա է հասկացությունների դիտավորյալ փոփոխում (подмена понятий), քանզի խնդիրը դուրս է 2026-ի ընտրություններին «մասնակցել-չմասնակցել» պարզունակ դիլեմայից։ Որոշներն արդեն հայտարարել են մասնակցելու մասին, մյուսները դեռ վերջնական որոշում չունեն։ Ի վերջո, պարզ չէ նաև` արդյո՞ք խորհրդարանական ընտրությունները հերթական կլինեն։

Բուն խնդիրը, որը լարված քննարկումների և, ցավոք, շահարկումների առիթ է դարձել, այլ է. ընտրություններին մասնակցելը Նիկոլին հեռացնելու վճռորոշ գործի՞ք է, թե՞ ոչ։

Այդ հարցի պատասխանը բանաձևելու համար բոլոր կողմերը դիմում են նախորդ ընտրությունների օրինակներին՝ 2018-ի և 2021-ի։ Նախ, փաստենք, որ մինչ այս պահը Նիկոլի օրոք մենք չենք ունեցել նորմալ պայմաններում ընտրություններ։ Թե 2018-ինը, թե 2021-ինն արտահերթ էին, ինչն ինքնին աննորմալության ցուցիչ է։

Ավելին, 2018-ինը՝ հասարակական էյֆորիայի, իսկ 2021-ինը՝ հասարակական շոկի ընտրություններ էին, որոնց ընթացքում հասարակությունը նորմալ մտորելու և սթափ որոշում կայացնելու ունակություն չուներ։

Այս իմաստով 2026-ինը, եթե լինի հերթական և առանց նախորդող նոր ֆորս-մաժորների, հավակնում է դառնալ Նիկոլի օրոք առաջին «նորմալ» ընտրությունը, որի արդյունքներն այլ կերպ մեկնաբանել և հիմնավորել այլևս չի ստացվի։

2018-ի ընտրությունները Նիկոլից ազատվելու ընտրություններ չէին, քանզի «թավշյա էյֆորիայի» դոզան, որի տակ էին մնացել նաև այսօրվա որոշ ընդդիմադիրներ, երաշխավորում էր նրա հաղթանակը։

2021-ի ընտրությունները պետք էին նախ դրսին. բոլորն էին ուզում Հայաստանում թողնել ներքաղաքական լարվածության գոլորշին` ռեգիոնում իրենց հաշվարկների համար առավել կանխատեսելի Հայաստան ունենալու նպատակով։

2026-ին անվերապահորեն գնալու մյուս վտանգն էլ կա։ Եթե 2018-ին և նույնիսկ 2021-ին Նիկոլը «պատմական Հայաստանն» էր խաղարկում, ապա գալիք ընտրություններից առաջ նա այլևս բացահայտել է իր հակահայկական գաղափարախոսությունը՝ այն բրենդավորելով «իրական Հայաստան» ցնդաբանությամբ

Եթե գեոպոլիտիկ իմաստով 2021-ն Արցախի լինել-չլինելու ռուբիկոնն էր, ապա 2026-ինը՝ ռուբիկոն է դառնալու Հայաստանի մնալ-չմնալու հարցով։ Իսկ հիմա դաժան, բայց անխուսափելի հարց. մենք ազնվորեն պատկերացնո՞ւմ ենք Նիկոլի կողմից կազմակերպվելիք ընտրություններում բարձր հավանականություն ունեցող հնարավոր պարտության և դրա կործանարար հետևանքների պատասխանատվությունը։

Շատ մեծ է վտանգը, որ այդքան երազած ՊՈՍՏ-ՆԻԿՈԼԻ փոխարեն՝ մենք կառերեսվենք ՌԵ-ՆԻԿՈԼԻ հետ։ Այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Այո, Նիկոլի գլխից ԱՄՆ-ի ձեռքերը հանելուց և ԵՄ ձեռքերի անբավարար լինելուց հետո, ըստ որոշ գնահատականների, Նիկոլը կարող է վերադառնալ դեպի Մոսկվա (թեպետ, իմ համեստ կարծիքով, նա մինչև վերջ փորձելու է խաղալ Էրդողանի տված քարտերով): Ու ըստ այդ նույն գնահատականների, Մոսկվան կարող է հետ ընդունել նրան՝ որոշ նստվածքով։

Հիմա մեկ այլ անհարմար հարց ինքներս մեզ. մենք O՞K ենք նման սցենարի հետ։ Պարզ է, չէ՞, որ այդ դեպքում Փաշինյանի 2026-ին վերընտրվելու շանսերը նաև արտաքին աջակցություն կստանան. Մոսկվայի համար վերալոյալացված իշխանություն + ռուսամետների համբավ ունեցող ընդդիմություն՝ երանելի բանաձև կարող է թվալ որոշ կրեմլյան աշտարակների համար։

Ի մի բերելով՝ արձանագրեմ, որ եթե նախկինում մենք՝ որպես հավաքական ընդդիմություն, գործում էինք «բանը ընտրություններին չպիտի հասնի» հասկանալի գերակայությամբ, ապա այժմ բոլորով միասին արդեն քննարկում ենք ընտրությունների թեման։

Ազնիվ խոստովանենք, որ սա նահանջ է բոլորիս համար, որովհետև ի տարբերություն մաթեմատիկայի, այս տեմպերով քաղաքական իրականության մեջ 2026-ը, ամենայն հավանականությամբ, փոքր է լինելու 2021-ից, եթե նոր վառ դեմքեր չհայտնվեն։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

168.am


դեպի ետ