• am
  • ru
  • en
Версия для печати
08.02.2025

ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

   

Ինչպես ավելի վաղ առիթ ունեցել էինք ենթադրություն հայտնել, Նիկոլի այս վաշինգտոնյան այցի հիմնական իմաստն ամենեւին էլ կրոնական միջոցառումը կամ տարաբնույթ մանր-մունր հանդիպումները չեն: Նրա համար շատ ավելի էական է հասկանալ, թե, խոշոր հաշվով, ինչ մթնոլորտ է փոխվել ԱՄՆ-ում՝ Թրամփի իշխանության գալով: Ըստ այդմ էլ, թե ինչ սպասելիքներ կարող է ունենալ ԱՄՆ-ից, եւ, ելնելով այդ նոր իրավիճակից, ինչ հարաբերություններ կարող է ունենալ մի կողմից՝ Ռուսաստանի եւ Իրանի, իսկ մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ տարվող գործընթացների հետ կապված: Վերջապես, նաեւ ինչքանո՞վ կարող է պահել հարաբերությունները ներկա ուլտրալիբերալ Եվրոպայի հետ, երբ այս թեւը Թրամփի հետ գտնվում է սուր պայքարի փուլում:

ԻՆՉ Է ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԻՑ

Հեղինակավոր ամերիկագետ Սուրեն Սարգսյանը եւս այդպես է տեսում Նիկոլի այցի նպատակները: Ըստ միջազգայնագետի` «Սակայն կարծում եմ, որ Փաշինյանի իրական օրակարգը բացարձակապես այս միջոցառումներին մասնակցելը չէ։ Բոլորին հայտնի է, որ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում հավատքի եւ կրոնի նկատմամբ իր հետաքրքրվածությամբ կամ հավատքի ուժով։ Ավելին, ինձ զարմացրեց, որ այցին մասնակցում է նաեւ Արսեն Թորոսյանը, ով, որքանով ինձ հայտնի է, նույնպես կրոնական մարդ չէ։ Սա նշանակում է, որ նրա այցի նպատակը այլ է, եւ կրոնական միջոցառումներն ընդամենը պատրվակ են։ Կարծում եմ, որ այցի իրական պատճառներն այլ են»: Այդ թվում, որ. «Փաշինյանի համար կենսական անհրաժեշտություն է հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ է զարգանալու Թրամփի արտաքին քաղաքականությունը։ Արդյո՞ք նա կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը, եւ արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին»: Հաշվի առնելով, որ այդ՝ ամերիկյան գործոնով պայմանավորված է, որ տեւական ժամանակ Նիկոլը ինչ-որ գործունեություն էր կառուցում՝ սկսած հայ-ադրբեջանական բանակցություններից եւ Բլինքենի կողմից առաջադրված «խաղաղության պայմանագրից», հայ-թուրքական գործընթացից, վերջացրած Իրանի եւ Ռուսաստանի ուղղությամբ կուրսով: Վերջապես, ի՞նչ քաղաքականություն է Թրամփը որդեգրելու Հայաստանի, ասենք նաեւ՝ Ադրբեջանի, Վրաստանի, մի խոսքով՝ Հարավային Կովկասի նկատմամբ:

Ուրեմն` ամեն ինչ վերածվում է նրան, թե ինչ կասեն Վաշինգտոնում Նիկոլին կամ, առհասարակ, որեւէ բա կասե՞ն: Ընդ որում, թվարկված բոլոր հարցերով իր համար քիչ թե շատ դրական արդյունքի հարցում Նիկոլն ունի լուրջ խնդիր: Ինչպես միանգամայն տեղին հիշեցնում է միջազգայնագետը՝ «Հայաստանի իշխանությունը վստահ էր, որ ընտրություններում հաղթելու են դեմոկրատները…»: Այսինքն, հիմնական խաղադրույքներն այդ ուղղությամբ են իրականացրել, որը, թերեւս, թրամփականների աչքից չի վրիպել: Եվ հիմա, եթե միայն Նիկոլին այնտեղ մեկն ընդունի, պետք է նախ ցուցադրաբար հրաժարվի ԱՄՆ իշխանական նախկին թեւից, որը, իհարկե, այլ խնդիրներ է առաջացնելու: ԱՄՆ իշխանական նախկին թեւ ասածը, փաստացի, ներկա եվրոպական լիբերալների թիմակիցներն են, եւ, պայմանականորեն ասած, Բայդենից հրաժարվելու դեպքում, պետք է հրաժարվել նաեւ նրա եվրոպական լիբերաստական թիմակիցներից: Բայց ենթադրելի է, որ անցած բուռն ժամանակահատվածում Նիկոլը, առավել եւս՝ վստահ լինելով, որ Բայդենի իշխանությունը դեռ մեկ ժամանակահատվածով շարունակվելու է, հասցրել է այնքան շատ եւ ծանր կոմպրոմատներ թողնել լիբերալական արխիվներում, որ հիմա նրանց հենց այնպես «գցելը»՝ թրամփականների աչքը մտնելու համար, կարող է ծանր հետեւանքների տանել: Իհարկե, կարելի է փորձել հին խաղը խաղալ՝ Թրամփի մոտ ներկայանալ որպես մոլի թրամփական, հետո գնալ լիբերալների մոտ, թե բա ինչ անեմ, ստիպված էի այդպես խոսել, բայց չկասկածեք՝ ես ձերն եմ: Նրանցից հետո էլ, երեւի, կգնա Մոսկվա նույն ելույթով: Բայց եթե Մոսկվա-Արեւմուտք դաշտում այդ խաղը ինչ-որ կերպ հնարավոր էր, նաեւ հաշվի առնելով ռուսների զբաղվածությունը Ուկրաինայում, բայց ահա թրամփականներ-լիբերաստներ ուղղությամբ դա քիչ իրատեսական է. բիզնեսում «հին գայլ» Թրամփը, առավել եւս՝ տարաբնույթ տրյուկների վարպետ լիբերաստները նման խաղերին հազիվ թե «կուլ գնան»:

Մի խոսքով, ինչ-որ լուրջ մարդ (Թրամփի տարբերակը բացառվում է) Նիկոլին այնտեղ կընդունի, թե՝ ոչ, էականը դա չէ, այլ որ թրամփականների կողմից Նիկոլին, որպես իրենց թեւի թեկուզեւ պուճուրիկ պտուտակ, ընդունելու տարբերակը մնում է քիչ իրատեսական:

ԻՆՉ Է ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԻՑ

Առավել եւս, որ Թրամփը, եթե միայն որոշի հարավկովկասյան ուղղությամբ արագորեն ինչ-որ քաղաքական կուրս մշակել, շատ ավելի հավանական է, որ կնախընտրի հիմնական շեշտը դնել Ալիեւի վրա: Թեկուզեւ հաշվի առնելով իր ջերմ կապերը Իսրայելի հետ, որը, ի դեպ, Նիկոլի այս վաշինգտոնյան այցի օրերին առավել քան ցայտուն դրսեւորվեցին: Ասենք, չմոռանանք նաեւ, որ 44-օրյա պատերազմը Թրամփի առաջին նախագահության ժամանակներում էր, եւ այդ փուլում նա, դրսեւորելով միանգամայն սառը ռեակցիա, արդեն իսկ ի ցույց դրեց, որ Նեթանյահու-Ալիեւ ուղղությունն աշխատում է եւ միանգամայն հաջող:

Ու մյուս կողմից Ալիեւն էլ ներկայումս այնպիսի կուրս է որդեգրել, որ աստիճանաբար սկսում է տպավորություն ստեղծել, որ էլի կցանկանար Նեթանյահու-Թրամփ խողովակն աշխատեցնել իր օգտին: Խոսքն այն հետեւողական կոշտության մասին է, որին Ալիեւը գնում է ռուսական, ասենք նաեւ իրանական ուղղությամբ: Խոսքը նախ Ռուսաստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի պատմության մասին է: Այդ միջադեպը հետաքննող Ղազախստանն այդպես էլ չի ներկայացնում Ռուսաստանին ինչ-որ լուրջ մեղադրանքներ ուղղող հիմքեր, համենայնդեպս այն հարցերում, որոնք Ալիեւն իր նախնական դժգոհությունների հիմք էր սարքել: Օրերս հրապարակվեց միջանկյալ զեկույց, որտեղ հաստատվում է, որ ինքնաթիռին թռչունների հարվածի եւ ներսում թթվածնի բալոնի պայթյունի մասին խոսակցությունները, որոնք Ալիեւը ներկայացնում էր, որպես ռուսական քարոզչության մասնիկ, իրականում ռուս դիսպետչերներին ասել են հենց ինքնաթիռի օդաչուները: Հաջորդը, դիսպետչերներն ինքնաթիռին առաջարկել են վայրէջքի գնալ շատ ավելի մոտ եւ հագեցված ռուսական մի քանի օդանավակայաններ, բայց հենց օդաչուներն են նախընտրել Ղազախստան թռնել: Նաեւ, զեկույցը հաստատել է, որ եղել է արտաքին հարված, սակայն որեւէ հիմնավորում դեռ չկա՝ դա տեղի է ունեցել ռուսական հրթիռի՞ց, ուկրաինական անօդաչուի՞ց, թե՞ ինչ-որ այլ պատճառով, եւ այդպես շարունակ: Ու չնայած այդ ամենին, Բաքուն սպառնում է, թե դիմելու է միջազգային դատարան:

Կարելի է նաեւ այդ սպառնալիքը համարել թեման քաղաքականից իրավական դաշտ տեղափոխելու քայլ: Միայն թե, այս ամենին զուգահեռ, Բաքվում սկսեցին քարոզարշավ, թե. «Ռուսաստանը երկու անգամ օկուպացրել է Ադրբեջանը: Ռուսաստանը հանցագործություն է կատարել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ»: Ընդ որում, քարոզին անձամբ մասնակցում է Ալիեւը, որ. «1920 թվականին Ռուսաստանը ներխուժեց Ադրբեջանի տարածք, օկուպացրեց երկիրը եւ ապօրինի կերպով Հայաստանին փոխանցեց Զանգեզուրի շրջանը»: Իսկ այն, որ Հեյդարովիչը որոշեց խզել կապերը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հետ, ամենացայտուն փաստը կարելի է համարել:

Իհարկե, կարելի է հիշեցնել, որ մինչ այդ առհասարակ Ադրբեջան չի եղել, նաեւ, որ խոսքը Ռուսական կայսրության տարածքների մասին է: Սակայն դա Ալիեւն էլ լավ գիտի, եւ ներկա քարոզներով, նա, ըստ էության, շարունակում է ոչ թե ընդամենը Հայաստանի հողերը գրավելու համար հիմք ստեղծել, այլ նաեւ՝ կտրել Ռուսաստանի եւ Իրանի ցամաքային կապը:

Ալիեւին կարելի է «հասկանալ»: Ռուս-իրանական այն կուրսը, որը դրվեց ռազմավարական համաձայնագրում, եւ որում խոսվում է ինչպես կովկասյան տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը բացառելու, այնպես էլ այդ ուղղությամբ մասշտաբային կոմունիկացիոն միջանցք ստեղծելու մասին, մի կողմից՝ շահույթի տեսանկյունից Ալիեւի համար կարող է ցանկալի լինել: Բայց նաեւ, սա մի ուղղություն է, որը, Ալիեւի բառապաշարով, կարող է նորից տանել «ռուսական օկուպացիայի»: Այսինքն, իրեն լիարժեք սուլթան զգացող Ալիեւը կարող է վերստին հայտնվել աշխարհաքաղաքական իրողություններին ենթակա վիճակում եւ դրա դեմ փորձում է «ատամ ցույց տալ»:

Ու դրա համար կա վերջին հնարավորությունը, այլապես «հնարավորության պատուհանը» վերջնականապես է փակվելու: Այսինքն, կարելի է այս պահին փորձել Նեթանյահու-Թրամփ խողովակն օգտագործել՝ ԱՄՆ նոր վարչակազմի հետաքրքրությունն առաջացնելու համար: Այլապես, եթե լինեն Պուտին-Թրամփ պայմանավորվածություններ, ապա ո՞վ իմանա, թե դա ինչ աշխարհաքաղաքական իրողություն է առաջացնելու ընդհանրական իմաստով՝ Անդրկովկասում եւ մասնավորապես՝ Ադրբեջանի ուղղությամբ:

www.iravunk.com


դեպի ետ