
«ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔ». ԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ1)
Հրապարակումների շարքը, որոնք վերաբերում են Մեղրին արցախյան բանակցային գործընթացների մաս դարձնելու պատմությանը, «Իրավունքը» բերկայացրել է ավելի քան 10 տարի առաջ: Անկեղծ ասած, այն ժամանակ մտածում էինք, որ այդ թեման ունի միայն պատմական իմաստ` բացատրում է արցախյան բանակցային գործընթացի որոշակի, բայց նաեւ` մերժված փուլեր: Բայց ահա, վերջին ժամանակներս կրկին ակտիվ խոսակցությունների թեմա դարձավ, թե, ի վերջո, ի՞նչ էր խորքային իմաստով նշանակում այդ ամենը: Հաշվի առնելով, որ այսօր էլ պրակտիկ թեմայում է «Զանգեզուրի միջանցի» խնդիրը, որը նույն «Մեղրիի տարբերակի» տարատեսակներից մեկն է միայն: Ուրեմն, արժե հիշեցնել, թե դրա տակ ժամանակին ինչ հիմքեր կային, որոնք այսօր եւս առավել քան արդիական են:
ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿ՚. ԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ1)
«Մեղրիի տարբերակ» կամ «Գոբլի պլան»: Ժամանակին բավականին մեծ աղմուկ բարձրացրած այս ծրագիրը, ինչպես հայտնի է, նախատեսում էր Հայաստանի հարավային Մեղրիի շրջանը մի քանի տարբերակներով հանձնել Ադրբեջանին, ընդ որում` չգիտես ինչի դիմաց: Այս մասին ժամանակին շատ է խոսվել, հաստատվել ու հերքվել, «ծեծվել» բոլոր կողմերից եւ ընդհուպ մինչեւ որոշ թելերով կապվել «Հոկտեմբերի 27-ի» գործի հետ: Բայց մեկ է, շատ բաներ այդպես էլ մնացին չբացահայտված, եւ այդ թվում` այն խորքային շահերը կամ կորուստերը, որն այդ ծրագրի հետ կապված նախ ունենում էին մեր տարածաշրջանի արտաքին հիմնական խաղացողները, ինչպես նաեւ, թե մեր ներքին ուժերից, գործիչներից ով ինչպես էր մոտենում այդ ամենին:
Թեեւ մի կողմից այսօր այլեւս այդ ծրագիրը գոնե հրապարակային առումով օրակարգում չէ, սակայն ասել, թե առհասարակ ենք ձերբազատվել հայ-իրանական սահմանը ադրբեջանաթուրքական տանդեմի վերահսկողությանը հանձնելու գաղափարներից, սխալ կլիներ: Առավել եւս, որ այդ ծրագրերը խթանող հիմնական գործոնն այսօր, առավել քան երբեք, օրակարգային է:
Խոսքը հետեւյալի մասին է. վերջին հաշվով ի՞նչ է նշանակում Մեղրի: Պարզ է` մեզ համար դա Հայաստանն Իրանին կապող օղակն է: Բայց նաեւ կա դրա աշխարհաքաղաքական նշանակությունը: Շնորհիվ Մեղրիի, հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է ուղղակի կապ ունենալ Իրանի հետ: Ասել է թե` աշխարհաքաղաքական առումով Մեղրին նաեւ Ռուսաստան-Իրան շփման կետ է, որը Իրանին արեւմտյան տերությունների կողմից ռազմական հարված հասցնելու պարագայում ձեռք է բերում առանցքային նշանակություն: Դա էլ նշանակում է, որ այդ կետի աշխարհաքաղաքական նշանակությունն ահռելի է, եւ հենց այդ հանգամանքն է, որ Մեղրիի նկատմամբ վերահսկողություն սահմանելու տարաբնույթ ծրագրերի վերջը չի գա (Այսօրվա իրողությունները հենց դրա վառ ապացույցն են- Հեղ.), քանի դեռ կա Իրանի եւ, առհասարակ, Մերձավոր Արեւելքի հետ կապված այս սուր վիճակը: Ուստիեւ, ներկայիս իրողություններն ավելի հստակ պատկերացնելու համար տեղին կլիներ եւս մեկ անգամ վերադառնալ «Մեղրիի տարբերակ» կոչվածին: Թեկուզեւ այն առումով, որ այն օրերի հիմնական դերակատարները դեռ պարբերաբար իրենց զգացնել տալիս են...
Ի՞ՆՉ ԷՐ ԿՈՐՑՐԵԼ «ՍԻՎԻԼԻԹԱՍԸ» ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ
Սկսենք Օսկանյանից, ով բանակցային այդ գործընթացի հիմնական դերակատարներից է: Երկու-երեք օր առաջ` 2012թ. նոյեմբերի կեսերին ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր ու համատեղության կարգով էլ` «քաղհալածյալ» Վարդան Օսկանյանին կրկին հրավիրել էին ԱԱԾ: Անկեղծ ասած, մինչ այս մի տեսակ անհասկանալի էր, թե մորմոնների առաջնորդ Հանթսմանի փողերը Օսկանյանի բանկային հաշիվների վրա փոխանցելու հետ կապված աղմկահարույց քր. գործով ինչո՞ւ է ԱԱԾ-ն զբաղվում: Անկախ այն բանից` իրականո՞ւմ է նախկին ԱԳ նախարարը, ինչպես որ պնդում են իրավապահները, զբաղվել «փողերի լվացմամբ», թե՞, օսկանյանական թեւի ասածի պես, նրան քաղաքական պատժի են ենթարկում, մեկ է, այս պատմությունը սովորական «ուչաստկովիի գործից» այն կողմ չի անցնում: Ասել է թե` քննությունը պետք է վարեր Ոստիկանությունը: Սկսած նախնական փուլից մինչ այժմ գործն ԱԱԾ-ում է: Ուրեմն` ինչո՞ւ...
Վ. Օսկանյանին ԱԱԾ հրավիրելու այս վերջին դրվագը հնարավորություն է տալիս մի փոքր այլ տեսանկյունից եւս նայել այդ գործում անվտանգության մարմինների մասնակցության հարցին: Բանն այն է, որ այս հրավերի հետ կապված «Վարդան Օսկանյանի գրասենյակի» անունից տարածվեց նման հաղորդագրություն. «Նոյեմբերի 19-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ` այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռեւս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել: Այս կերպ, «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին մեղադրելուց հետո իրավապահները փորձում են անցում կատարել արդեն հիմնադրամի բուն գործունեությանը` ուժեղացնելով ճնշումը ինչպես հիմնադրամի ներկա, այնպես էլ նախկին աշխատակիցների նկատմամբ: Մասնավորապես հարցաքննության է հրավիրվել հիմնադրամի նախկին աշխատակիցներից մեկը, ով արդեն տեւական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծրագիրը, որը հայտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, վերաբերվում էր ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարմանը...»: Իսկ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց. «Վարդան Օսկանյանին ծանոթացնում էին փորձաքննություն նշանակելու որոշման հետ: Սակայն, քանի որ որոշումը կապ չուներ գործի հետ, պարոն Օսկանյանը հրաժարվել է դրա հետ ծանոթանալ»:
Եթե այս հայտարարությունների հուզական դրվագները մի կողմ ենք դնում, ստացվում է, որ «փողերի լվացման» գործն այլ հուն էլ է մտել, որը վերաբերում է «ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարման» հետ կապված ինչ-որ սիվիլիթասյան ծրագրի:
Իհարկե, գեղեցիկ եւ ազգանվեր է հնչում «ՀՀ սահմանամերձ շրջաններում ջրամատակարարում» ասվածը: Այլ հարց է, թե սույն հիմնադրամը մինչ այժմ գոնե սահմանամերձ մեկ տուն ջուր հասցրե՞լ է: Ճիշտն ասած, լրջորեն կասկածում ենք: Չնայած, ջրամատակարարում ասվածի տակ շատ բան կարելի է հասկանալ, ասենք` ջրաղբյուրների ուսումնասիրություն կամ նման բան: Սակայն այստեղ ամենաէականն է, որ դա արվում է պետության սահմաններին, այն էլ, ամենայն հավանականությամբ, օտարերկրյա ֆինանսավորմամբ: Իսկ ո՞ր դեպքերում են դրսերից փողեր տրամադրում մի որեւէ պետության սահմանամերձ հատվածներում ինչ-որ բաներ ուսումնասիրելու համար... Այստեղ արդեն սկսում է հասկանալի դառնալ, թե ինչու է հատկապես ԱԱԾ-ն զբաղվում նախկին ԱԳ նախարար Օսկանյանով...
ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՆՑ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԴՐՍԻՑ ՄԵԾ-ՄԵԾ ՓՈՂԵՐ ՍՏԱՆՈՒՄ Սակայն մեր այս հրապարակման խնդիրն ամենեւին էլ պարոն Օսկանյանի եւ նրա ստեղծած հիմնադրամի հետ կապված քրգործը չէ: Պարզապես այս դրվագին անդրադարձանք մեկ պարզ հարց հնչեցնելու համար. իսկ ինչո±ւ են մի շարք արեւմտյան պետություններ ու այնպիսի կասկածելի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են, ասենք, մորմոնները, այսքան շռայլաբար ֆինանսավորում մեր նախկին ԱԳ նախարարին: Հայտնի ճշմարտություն է, որ հատկապես մեր օրերում ոչ մեկին հենց այնպես փող չեն տալիս: Գուցե ծայրահեղ դեպքում` հանուն սիրուն աչքերի, թեեւ պարոն Օսկանյանը, երեւի թե, կվիրավորվեր, եթե, ասենք, մորմոն Հանթսմանն այդ պատճառաբանությամբ երկու միլիոն դոլարն իրեն տված լիներ: Մինչդեռ դրսից փողը երեւում է, որ առվակներով է հոսում դեպի օսկանյանական «Սիվիլիթաս», ինչը պետք է, որ իր բացատրությունն ունենա: Ընդ որում, այստեղ որպես բացատրություն, մեղմ ասած, թերի կլիներ այն հանգամանքը, որ Վ. Օսկանյանն ԱԳ նախարարի պաշտոնում ունեցել է լայն դիվանագիտական շփումներ, եւ հանուն «հին բարեկամության» էլ այսօր այլ երկրների ԱԳ կառույցները ֆինանսավորում են իրենց նախկին գործընկերոջ ծրագրերը: Վերջին հաշվով Օսկանյանն ամենեւին էլ այս աշխարհի առաջին կամ վերջին ԱԳ նախարարը չէր: Միայն Հայաստանը նախկին 20 տարիներին ունեցել է 5-6 ԱԳ նախարարներ, սակայն նրանցից եւ ոչ մեկին, բացի Օսկանյանից, նախկին գործընկերներն այդքան շռայլորեն չեն ֆինանսավորում, էլ չասած, որ մորմոն Հանթսմանն ամենեւին էլ Օսկանյանի գործընկերը չի եղել:
Բայցեւայնպես, «ոսկերիչների տոհմի» անարժան ժառանգը նույն դիվանագիտական շրջանակներին, բնականաբար, քիչ թե շատ հայտնի դարձավ հենց ՀՀ ԱԳ նախարարությունում աշխատելու շնորհիվ: Իսկ դա միանշանակ վկայում է, որ Օսկանյանին ֆինանսավորում են հենց այդ կառույցում աշխատելու արդյունքում: Այլ հարց է, թե կոնկրետ ինչո՞ւ: Այս հարցի պատասխանն էական է այնքանով, որ խոսքն ի վերջո մեր երկրի համար այսքան բարդ տարիներին մեկ տասնամյակ ԱԳՆ-ն ղեկավարած անձի մասին է խոսքը, ով, բնականաբար, ոչ միայն տիրապետել եւ տիրապետում է բազում պետական գաղտնիքների, այլ նաեւ գործնականում անձամբ է կառուցել երկրի արտաքին քաղաքական կյանքը: Եվ եթե այդ կտրվածքով ենք մոտենում նման կարեւոր անձնավորությանը` դրսերից մեծ-մեծ փողեր տալու պատմությանը, ապա բոլորովին այլ իրավիճակի կարող ենք հասնել...
Ուստիեւ փորձենք եւս մեկ անգամ հետեւել ՀՀ ԱԳՆ-ում Վ. Օսկանյանի գործունեությանը... Թեպետ այստեղ էականն ամենեւին էլ պարոն Օսկանյանի «համեստ» անձը չէ: Պարզապես նրա պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրվել են մի շարք այնպիսի կարեւորագույն եւ շատ դեպքերում նաեւ առեղծվածային իրադարձություններ, որոնք ոչ միայն իրենց խորը հետքն են թողել, այլ դեռ շարունակում են թողնել Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացների, այդ թվում նաեւ` Ղարաբաղի հարցի վրա: Եվ այդ գործընթացներից շատերի կիզակետում նկատվում է Օսկանյանի էական դերակատարությունը, թեեւ դրանցում նա, որպես կանոն, այնքան էլ հաճախակի հրապարակայնորեն տեսանելի չի եղել:
ԳԵՐԱՐԱԳ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՌԻՉՔ Սակայն, մինչ այդ իրադարձություններին հասնելը, նախ հետեւենք պարոն Օսկանյանի պաշտոնական (ԱԳՆ-ի) կենսագրությանը: Այսպես` իր իսկ բնորոշմամբ` հալեպաբնակ ոսկերիչների տոհմի 1955թ. փետրվարի 7-ին ծնված ժառանգը չգնաց իր տոհմի ուղով: Օսկանյանը 1979թ. ավարտեց Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, դրանից հետո` 1981-1983թթ. սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանում, 1984-1986թթ., հետեւելով ԱՄՆ Հարվարդի համալսարանի պետական կառավարման դասընթացներին, ստացել է մագիստրոսի աստիճան: Ապա 1988-1991թթ. ուսանել է ԱՄՆ Ֆլեթչերի` իրավունքի եւ դիվանագիտության բարձրագույն դպրոցում` ստանալով մագիստրոսի աստիճան: Եվ ահա հենց այստեղ էլ կա մեկ հակասություն պաշտոնական կենսագրության եւ հենց Օսկանյանի ներկայացրած փաստերի հետ: Այսպես, ազատվելով ԱԳ նախարարի պաշտոնից, Վ. Օսկանյանը սկսեց լրատվամիջոցներում ներկայացնել իր հուշերը, որոնց թվում կա կենսագրական նման դրվագ. «1992թ. մարտին Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում ես ավարտում էի մագիստրոսական ծրագիրը...»: Մնացածն այն մասին է, թե ինչպես է Օսկանյանը դիտել այն ժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ մարտի 2-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու արարողությանը: Այսինքն` Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցը պարոն Օսկանյանն ավարտել է ոչ թե 1991թ.-ին, այլ մեկ տարի անց:
Այս հանգամանքն էական է այնքանով, որ առաջ է քաշում նրա անձի հետ կապված առաջին տարօրինակ փաստը: Բանն այն է, որ, պաշտոնական կենսագրության համաձայն, նույն 1992թ.-ին Վ. Օսկանյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ-ի «1992թ. Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետի տեղակալ, այնուհետեւ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ»: Այսինքն` ինչպե՞ս կարող էր նույն տարում հազիվ ամերիկյան դիվանագիտական դպրոցն ավարտած երիտասարդը, որ իր կյանքում մինչ այդ, ուսանողական նստարանից բացի, բան չէր տեսել, նշանակվել անկախ պետության վարչության պետի տեղակալ, ապա պետ: Կաշառքի օգնությա՞մբ. հազիվ թե: Բացառիկ հանճա՞ր էր. այստեղ էլ լուրջ վերապահումներ ունենք, թեեւ, եթե նույնիսկ իրականում հանճար լիներ, մեկ է, էլի ժամանակ էր պետք դա բացահայտելու եւ նման բարձր պաշտոնների հասնելու համար: Կամ էլ` երեւի պարոն Օսկանյանը փորձի բացատրել, թե այդ ի՞նչ հանճարեղ բան է արել, որ նոր-նոր դպրոցն ավարտած` ԱԳՆ-ում վարչության պետի տեղակալ նշանակեցին: Միգուցե պետք է ենթադրել, որ պարզապես մասնագետների սով էր, եւ Հայաստանը ստիպված էր նոր-նոր դիվանագիտական դպրոցն ավարտածներին բարձր պաշտոնների՞ նշանակել... Չնայած սա էլ է աբսուրդ ստացվում, քանի որ այդ նույն պահին Օսկանյանի պես քանի-քանի շրջանավարտներ կային:
Հուսանք, որ օրերից մի օր պարոն Օսկանյանը կբացատրի, թե այդ ինչ հրաշքով նա ուսումն ավարտելուն պես հայտնվեց ՀՀ ԱԳՆ-ում: Իսկ մինչ այդ ընդունենք ամենահավանական ենթադրությունը. ինչ-ինչ X ուժերի միջամտությամբ: Եվ, հաշվի առնելով, թե որտեղից Հայաստան եկավ պարոն Օսկանյանը, ստիպված ենք նաեւ ենթադրել, որ այդ X ուժերն արտաքին էին (դեռ չասենք` ամերիկյան):
Ի դեպ, այս տարբերակի օգտին է խոսում նաեւ Վ. Օսկանյանի գերարագ պաշտոնական առաջխաղացումը: Պատկերացրեք` ուսանողական նստարանից ելնելուց երկու տարի անց նա արդեն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ էր, դրանից երկու տարի անց էլ` նախարարի առաջին տեղակալ ու արտակարգ եւ լիազոր դեսպան: Ապա կրկին երկու տարի անց` նախարար, այն էլ` 10 տարով: Ստացվում է, որ ուսանողական նստարանից ելնելուց ոչ լրիվ վեց տարում Վ. Օսկանյանը սկսեց ղեկավարել ղարաբաղի պես բարդագույն հիմնախնդիր ունեցող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Այդ ի՞նչ հրաշք էր...
Մինչ առաջ անցնելն էլ չմոռանանք, որ 1992թ.-ին, երբ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի ուսանող Օսկանյանը արցունքախառն աչքերով նայում էր ՄԱԿ-ի դիմաց Հայաստանի դրոշը բարձրացնելու արարողությանը, Ղարաբաղում պատերազմ էր, որտեղ շատերի թվում զոհվում էին ոչ պակաս հնչեղ անվանումներով ուսումնական հաստատությունների բազում այլ ուսանողներ: Այնպես որ, հիմա հայրենասիրական քարոզներ կարդալուց առաջ լավ կլիներ, որ պարոն Օսկանյանը հիշեր նաեւ` ինքն էլ է պատերազմից «թռած» չինովնիկների ցուցակում:
շարունակելի
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ