
ԿՈԼԵԿՏԻՎ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՈՐՊԵՍ ԷԹՆԻԿ ՀԱՏԿԱՆԻՇ
Ռաֆիկ ԳաբրիելյանՀասարակության կառավարման խնդիրների հետ կապված վերջին ժամանակներում վարքաբանական ուսումնասիրությունները նոր շունչ են ստանում: Աշխարհի շատ գիտական կենտրոններում մշակվում են հասարակության վարքագիծը կանոնակարգող, այսպես կոչված, «սոցիալական տեխնոլոգիաներ»: Իհարկե, մարդկության պատմության ողջ ընթացքում, բոլոր հասարակություններն էլ ունեցել են իրենց վարքաձևերը կանոնակարգող մեթոդներ: Որոշ դեպքերում այդ գործառույթն իրականացնում էր կրոնը, երբեմն՝ ընդհանուր բարոյական նորմերը: Պատահական չէ, որ հատկապես ժողովրդական խոսքում հաճախակի կիրառվում է վարքուբարք արտահայտությունը, որտեղ բարքն ընկալվում է որպես տեսական և ներքին հոգեբանական բնույթ ունեցող գործառույթային կորիզ, իսկ վարքը՝ դրա արտաքին դրսևորում, այսինքն որոշակի գործողություն:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ գտնում ենք, որ կոլեկտիվ վարքագծի ուսումնասիրությունը շատ կարևոր և արդիական թեմա է, հատկապես, երբ այն դիտարկում ենք որպես էթնիկ հատկանիշ:
Էթնիկ հատկանիշների մեջ էթնոսի վարքագիծը կարելի է համարել առանցքային բնութագրիչներից մեկը, քանի որ, այն արտահայտում է էթնիկ խմբի ներքին հոգեբանական դրսևորումները: Վարքագիծ բառը այս դեպքում կիրառվում է իր ամենալայն իմաստով՝ արտահայտելով էթնիկ խմբի գործունեությունը, իսկ դա ենթադրում է խմբի հատկանիշների, ավանդույթների, բարքերի, նորմերի, ընդհանուր առմամբ, մշակույթի փոխանցում հաջորդ սերունդներին: Որպեսզի վարքագիծը դիտարկվի որպես էթնիկ հատկանիշ, անհրաժեշտ է, որ այն լինի կոլեկտիվին բնորոշ, և հանդիսանա որպես տարբերակիչ այլ խմբերի հետ համեմատելիս։ Այսպիսով ավելի առարկայական է օգտագործել հենց «կոլկտիվ վարքագիծ» ձևակերպումը, երբ խոսում ենք դրա որպես էթնոսի հատկանիշի մասին:
Առաջին գիտնականներից մեկը, որ կարևորեց կոլեկտիվ վարքագծի դերը էթնիկ հատկանիշների ուսումնասիրման մեջ, ռուսաստանցի գիտնական Սերգեյ Շիրոկոգորովն էր: Թեև նա չի օգտագործում «կոլեկտիվ վարքագիծ» հասկացությունը, սակայն ներկայացնում է այնպիսի հատկանիշներ, որոնք կոլեկտիվ վարքագծի դրսևորումներ են։ «Էթնոս» հասկացության տեսական մշակումների վերաբերյալ նրա առաջին աշխատությունները հրատարակվել են 1922-1923 թվականներին: Նա դոմինանտ էր համարում մտավոր և հոգեբանական պրոցեսների դերը, որոնք միշտ զուգահեռ են ընթանում էթնոսի նյութական, սոցիալական և հոգևոր մշակույթին1: Թերևս հետագա տեսական ուսումնասիրությունների համար այս դիտարկումը շատ կարևոր եղավ, էթնիկ մշակույթը փաստորեն ներկայացվում էր նաև որպես պրոցես, և կոլեկտիվ վարքագիծը զուտ կարծրատիպերի ու նորմերի ընդհանուր հետևանք լինելուց բացի, ընկալվեց որպես մշակույթի փոխանցման միջոց:
Կոլեկտիվ վարքագծի ուսումնասիրությունները որակապես նոր մակարդակի հասան ռուսաստանցի գիտնական Գուստավ Շպետի աշխատություններում: Ի թիվս այլ հետազոտական ոլորտների, նա նաև զբաղվում էր էթնոհոգեբանությամբ: Նշենք նաև, որ նա համարվում է ԽՍՀՄ-ում էթնոհոգեբանության հիմնադիրը: Ժողովրդի հոգեբանությունը ուսումնասիրելիս՝ վարքագիծը նախ ընկալվում էր որպես արտաքին աշխարհի իրերի ու երևույթների հանդեպ ունեցած որոշակի վերաբերմունք, որն էլ իր հերթին ձևավորում էր էթնիկ խմբի հոգեկերտվածքը և աշխարհընկալումը կամ այդ ժամանակահատվածի համար տիպական հասկացություն համարվող «ժողովրդի ոգին»2: Շպետը կարևոր էր համարում անհատի վարքագիծը, որն արդեն սահմանված նշան կամ խորհրդանիշ էր համարվում խմբի մնացած անդամների համար և ուներ հստակ սոցիալական իմաստ3:
Գերմանական միջավայրում էթնիկական հոգեբանությունը մի փոքր ավելի վաղ էր սկսվել ուսումնասիրվել: Հիմնարար աշխատանք է կատարել բժիշկ, հոգեբան, ֆիզիոլոգ, Վիլհելմ Վունդտը: 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում լույս է տեսել տասը հատորից կազմված նրա «Völkerpsychologie» («ժողովուրդների հոգեբանություն») աշխատությունը: Վունդտը հիմնական շեշտը դնում էր լեզվի, միֆերի, կրոնի և սովորույթների վրա, որոնք ձևավորում էին ընդհանուր վարքի նորմեր ժողովրդի համար: Ժողովուրդների հոգեբանությունը բացատրելիս նա կիրառում էր պատմական մոտեցում, պատճառները ուսումնասիրելիս հենվում էր տվյալ երևույթի նախապատմության և նախատիպերի վրա4: Միասնաբար, նույն տարածքում ապրելու պատմական ճակատագիրն է, որ հնարավորություններ է ստեղծում որպեսզի ձևավորվեն միասնական բարքեր, այսինքն բարոյական նորմերի միասնական ըմբռնում: Կարելի է ասել, որ Վունդտի այս մոտեցումները մեծ հաշվով մշակութաբանական են, քանի որ նա ժողովրդի հոգեբանությունը հիմնականում փորձում է բացատրել հենց մշակութային երևույթներով:
Ժամանակակից բրիտանացի գիտնականներից Ռիչարդ Ջենկինսը կոլեկտիվ վարքագծի գործոնը համարում է էթնիկության կարևորագույն ցուցիչներից մեկը: Նա շեշտում է միասնական գործունեության առանցքային լինելը: էթնիկության մնացյալ ցուցիչները կարելի է դիտարկել որպես հետևանք` կոլեկտիվ գործունեության, այդ թվում և ինքնանույնականացման հոգեբանական ցուցիչը5, իսկ կոլեկտիվ գործունեության համար, ըստ նրա, հիմնարար նախադրյալ է համարվում խմբի անդամների կողմից միմյանց վարքագիծը հասկանալու, ըմբռնելու փոխադարձ ֆունկցիոնալ կարողությունը6: Վերջինս, ըստ մեզ, առնչվում է սոցիալական միջավայրի ազդեցությունների ողջ դաշտի հետ, որոնք ստեղծում են մտածողական միասնական տարածություն, որի մեջ ներառվող նշանները (այդ թվում վարքային նշանները) արդեն ընկալվում են այդ տիրույթի անդամների կողմից: Էթնիկ պատկանելիությունը դա անընդհատ տևող ինքնագնահատականի և ինքնաճանաչողության պրոցես է, որի ժամանակ մարդիկ իրենց ինքնանույնականացնում են խմբին, որը անհնար է առանց կոլեկտիվ վարքագծի:
Եթե մի պահ կտրվենք այս տեսական մոտեցումներից և ավելի պրակտիկ մոտենանք խնդրին, ապա պետք է նշենք, որ կոլեկտիվ վարքագիծը առաջին հերթին էթնոսի արտաքին մարտահրավերներին դիմադրելու ներունակությունն է, կազմակերպչական այն ամբողջ գործունեությունը, որ էթնոսի անդամները համաձայնեցված ձևով կատարում են, երբ արտաքին սպառնալիք է առաջանում: Եթե համախմբվածությունը ստացվում է, ուրեմն կոլեկտիվ վարքագծի ներքին կապերը ամուր են, իսկ համախմբվածությունը ստացվում է առաջին հերթին կոլեկտիվի մշակութային արժեքները պաշտպանելու ձգտման շնորհիվ: Օրինակ` 1905-1906 թվականների հայ-թաթարական կռիվների ընթացքում, Արևմտյան Հայաստանից (Օսմանյան կայսրությունից) տարբեր ֆիդայական խմբեր իրենց նշանավոր հրամանատարներով անցնում էին Արևելյան Հայաստան (Ռուսական կայսրություն) որպեսզի օգնեին իրենց հայրենակիցներին: Այստեղ արտացոլված է միասնաբար կայացրած որոշումը և համախմբման փաստը, որը բնորոշում էր հայերին, անգամ ապրելով տարբեր, իրար թշնամի կայսրություններում, նրանք միասնաբար էին պայքարում, ու ավելի վատ պայմաններում գտնվող Արևմտյան հատվածը ձեռք էր մեկնում դժվարության մեջ հայտնված Արևելյան հատվածին7:
Կոլեկտիվ վարքագծի մյուս կարևորագույն չափանիշը, սոցիալական և բարոյական նորմերն են և դրանց իրագործումը: Միայն այս նորմերի պահպանումն է, որ ապահովում է կելեկտիվ վարքագծի վերարտադրությունը: Սա արդեն ներքին չափանիշ է և արտահայտվում է խմբի ներսում մշակութային երևույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքով:
Ընդհանուր առմամբ, նորմերը ինչ-որ բան չանելու համար են ստեղծված, քան հակառակը: Հասարակությունը ավելի շուտ պառակտվում է անթույլատրելի արարքներ անելու դեպքում, այսինքն, նորմերը յուրօրինակ «չիկարելիների» համակարգ են, որը և մեծ մասամբ բնութագրական է «կոլեկտիվ վարքագիծ» հասկացությանը: Օրինակ` Զանգեզուրի հայերի մեջ կար մի այսպիսի նորմ` ինստիտուտ, որը կոչվում էր «դադօ». այս ինստիտուտով երկու երեխաներ կամ դեռահասներ` աղջիկներ ու տղաներ իրար հետ ընկերանում էին, աղջիկները քուրանում էին, իսկ տղաները ախպէրանում: Քուրացնելու կամ ախպէրացնելու արարողությունը կատարում էին քահանաները: Հին Բայազետից Նոր Բայազետ(Գավառ) գաղթած հայերի մեջ նույնիսկ պատահում էր, որ տղան ու աղջիկը իրար հետ քուր ու ախպէր էին դառնում, որից հետո ոչ ոք իրավունք չուներ որևէ «կեղտոտ» բան մտածել նրանց անմեղ փոխհարաբերությունների մասին, բայց նաև նրանք զրկվում էին հետագայում իրար հետ ամուսնանալու իրավունքից: Անպատվություն և անբարոյականություն էր համարվում այս քույր-եղբայրական փոխհարաբերություններին որևէ սեռական կապի բնույթ տալու փորձերը8: Ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ մի կողմից անթույլատրելի էր վատ բան մտածել այս փոխհարաբերությունների մասին, մյուս կողմից արգելված էր հարազատանալու պայման կապածներին ամուսնանալ իրար հետ:
Մյուս կարևոր հատկանիշը, որով բնութագրում ենք կոլեկտիվ վարքագիծը, մշակութային համոզմունքներն են: Մշակութային համոզմունքները կարելի է սահմանել հետևյալ կերպ` կոնկրետ մշակութային երևույթի հանդեպ ունեցած խմբի ընդհանրական կարծիք, որի ճշմարտացի լինելը պարտադիր չէ: Մեր կարծիքով, հասարակական կյանքում հատկապես մշակութային համոզմունքներն են, որ ազդում են վարքագծի վրա: Այս չափանիշը տարածվում է մշակույթի բոլոր ոլորտների վրա, այսինքն գերազանցապես վերաբերում է ամենօրյա կյանքին: Մշակութային համոզմունքը գիտելիքի այն ձևն է, որ մարդը ստանում է ոչ թե ուղղորդված և ծրագրված ուսուցանման և դաստիարակության միջոցով, այլ ավելի շուտ պասիվ ձևով և ենթագիտակցորեն. այն տրվում է ճանաչողության գործընթացի ամենօրյա համատեքստի հետ միասին: Ոչ ոք երեխային հատուկ չի դաստիարակում, որ տոն օրերին պետք է սեղանին քաղցրավենիք և մրգեր լինեն, բայց դա, այնուամենայնիվ, պասիվ ձևով ընկալվում է երեխայի կողմից: Օրինակ՝ տարածված համոզմունք է, որ քիչ քանակությամբ օգտագործման դեպքում, որակյալ ալկոհոլային խմիչքները վնասակար չեն, ավելին, նույնիսկ օգտակար են: Իրականում հայտնի է, որ էթիլային սպիրտը, որը օգտագործում են ալկոհոլային խմիչքների պատրաստման համար քաղցկեղածին է, և գրգռում է ուղեղի ռեցեպտորները, ժամանակի ընթացքում առաջացնելով կախվածություն:
Ինչ-որ առումով մշակութային համոզմունքները նույնական են մշակութային կարծրատիպերի հետ, բայց մեր կարծիքով դրանք իրարից տարբերվում են: Կարծրատիպը փոխանցվել է անցյալից և վերաբերում է լոկալ երևույթներին, այն չունի տարածման լայն շրջանակ: Օրինակ` Զանգեզուրի հայերի մոտ լավաշ թխելու ժամանակ ընդունված էր որ մինչև չթխվի յոթ հատ հաց առաջին հացը չէին ուտում (համտեսում): Ընդսմին արգելված էր հացը դանակով կտրելը, «չեր կարելի հացի վրա դանակ քաշել»9: Իհարկե այս կարծրատիպը բավականին տարածված է եղել հայերի մեջ և որոշ շրջաններում պահպանվել է մինչև մեր օրերը: Մշակութային համոզմունքները գլոբալ դրսևորումներ ունեն և ընդհանուր առմամբ կապված են տեղեկատվական դաշտի ազդեցությունների հետ, և, ինչպես նշել ենք վերևում, բնորոշվում է ոչ պարտադիր ճշմարտացի լինելու դրույթով:
Այսպիսով, կարող ենք նկատել, որ ներկայումս դժվար է կոլեկտիվ վարքագիծը բնութագրող հատկանիշներից դուրս բերել խիստ ընդգծված տարբերակիչ էթնիկ գծեր։ Մեծ հաշվով դա կապված է էթնիկ մշակույթի ընձեռած հնարավորություններից: Հատկապես յուրահատուկ ազգային տոների և ծեսերի ընթացքում կոլեկտիվ վարքագիծը իր առարկայական դրսևորումն է ստանում: Մյուս կողմից՝ և՛ սեփական մշակույթը պաշտպանելու ձգտումը, և՛ նորմերի պահպանումը, և՛ մշակութային համոզմունքներն իրենց մեջ կրում են և՛ ընդհանուր, և՛ որոշակի էթնիկ հատկություններ, որոնցով էլ փորձեցինք հիմնավորել կոլեկտիվ վարքագիծը որպես էթնիկ երանգներ ունեցող երևույթ:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1 Широкогоров С., Этнографические исследования: Этнос. Исследование принципов изменения этнических явлений, Книга вторая, Владивосток, 2002, с. 44.2 Шпет Г., Введение в этническую психологию, Санкт-Петербург, 1996, с. 94, 128.
3 Шпет Г., Психология социального бытия, Москва, Воронеж, 1996, с. 19.
4 Вундт В., Проблемы психологии народов, Москва, 1912, с. 29.
5 Jenkins R., Rethinking Ethnicity, London, 2008, p. 10.
6 Jenkins, 2008, 11.
7 Սիմոնյան Հ., Ազատագրական պայքարի ուղիներում, Գիրք Ι, Երևան, 2003, էջ 168-175:
8 Լիսիցյան Ս., Զանգեզուրի հայերը, Երևան, 1969, Էջ 265-266:
9 Լիսիցյան, 1969, 178:
դեպի ետ