
ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՑ ԽԱՂ Է ՍԿՍԵԼ
Քաղաքական այն կուրսը, որն այս պահին շարունակում է համառորեն Նիկոլն առաջ տանել, էլ ավելի վտանգավոր տեսք է ստանում, երբ նայում ենք մեր մեծ տարածաշրջանում նկատվող վերջին սրացումներին: Լիբանանյան ուղղությամբ, ճիշտ է, իրավիճակը մի փոքր հանդարտվեց՝ Իսրայելի եւ «Հեզբոլլահի» զինադադարի արդյունքում: Եվ այն, որ անմիջապես էլ լրջագույն սրացումներ սկսվեցին Սիրիայում, գալիս է հուշելու, որ այս գործընթացների համընկնումը պատահական չէ:
Մինչ այդ զինադադարը` իրանական վերլուծական դաշտում կար այն համոզմունքը, որ Իսրայելը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ Սիրիայի ուղղությամբ: Բացատրությունը սա էր. «Հեզբոլլահի» ուղղությամբ իրանական ռազմական հոսքերը հիմնականում իրականացվում են Սիրիայի միջոցով: Արդյունքում, լիբանանյան ուղղությամբ որեւէ արդյունք չունենալով եւ ստիպված 60-օրյա զինադադար խնդրելով, Իսրայելը պետք է կենտրոնանա Սիրիայի դեմ՝ առնվազն «Հեզբոլլահի» մատակարարումները կանգնեցնելու համար: Իսկ 60 օրից կարելի է նաեւ զինադադարը չեղարկել: Ընդ որում, այս ամենը միայն իրանական վերլուծաբանների գնահատումները չէին. Իսրայելից եւս ուղիղ մեղադրանքներ եւ անգամ՝ հարձակման փորձ սիրիական ուղղությամբ եղավ: Սակայն այստեղ այլ խնդիր կար. «Հեզբոլլահի» դեմ անզոր գտնվելով, քիչ հավանական է, որ Իսրայելը Սիրիայում կարող էր հաջողության հասնել, որտեղ, բացի արդեն բավականին մարտունակ սիրիական բանակից, պետք է գործ ունենալ նաեւ նույն իրանամետ ուժերի հետ: Գումարած, Սիրիայում նաեւ ռուսներն են, որոնք ցույց տվեցին, որ անպայման կմիջամտեն:
Բայց ահա նախօրեին, երբ ուժի մեջ մտավ զինադադարը, սիրիական ուղղությամբ հարձակում սկսեցին ոչ թե հարավում իսրայելցիները, այլ հյուսիսում՝ թուրքամետ գրոհայինները: Ընդ որում, խոսքը բավականին մասշտաբային հարձակման մասին է, եւ այն արագորեն սկսեց զարգանալ Հալեպի ուղղությամբ: Փորձագետներն այստեղ հնարավոր պատճառների մի ամբողջ շարք են ներկայացնում: Նախ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը կուլիսային բանակցություններ են վարում երեք ուղղություններով՝ Եվրոպա (Ուկրաինա), Մերձավոր Արեւելք (Իրան/Իսրայել), Ասիա (Թայվան/Կորեական թերակղզի)։ Թրամփի իշխանության գալն այդ գործընթացներին միանգամայն նոր երանգներ է փոխանցել: Այդ թվում, որ հիմնականում գտնվելով ուլտրալիբերալ համակարգի հովանավորության տակ, Թրամփի օրոք քրդերը կունենան խնդիրներ, եւ դա էապես կմեղմի Թուրքիայի ուղղությամբ նրանց ճնշումը: Արդյունքում, հիմա Անկարայի ձեռքերը սկսում են ազատվել քրդերից, եւ Էրդողանը որոշել է գործի անցնել՝ մինչ Թրամփի պաշտոնավարումը: Նաեւ, որ այս պահին էլ՝ մինչ ԱՄՆ-ում իշխանությունը հանձնելը, ուլտրալիբերալ համակարգը դեռ Սիրիայի ուղղությամբ փորձում է հավելյալ խնդիրներ ստեղծել ռուսների համար՝ նրանց գոնե մասամբ Ուկրաինայից շեղելու նպատակով: Ապա, որ սա միաժամանակ հարված է նաեւ Իրանին, Էրդողանը սրանով իր ներքին վարկանիշային հարցերն է լուծում, եւ այլն:
Այս բոլոր տարբերակները, իհարկե, կարող են այս կամ այն չափով գործել: Բայց սրանք չեն տալիս հիշատակված հարցի պատասխանը՝ ինչո՞ւ թուրքական կողմը որոշեց ահաբեկչական խմբերին գրոհի ուղարկել հենց Իսրայելի եւ «Հեզբոլլահի» զինադադարի պահին: Այսինքն, որպես փորձառու գործիչ, իհարկե, Էրդողանը շատերից լավ է հասկանում Մերձավոր Արեւելքի իրողությունները, այդ թվում, որ Սիրիայի ուղղությամբ ամեն մի հավելյալ ճնշում առաջին հերթին հենց Նեթանյահուի ջրաղացին է ջուր լցնում: Ու հիմա ի՞նչ է ստացվում՝ մի կողմից Էրդողանը Նեթանյահուին անվանում է ոճրագործ, իսկ մյուս կողմից անձա՞մբ է ջուր լցնում նրա ջրաղացին, անկախ այն բանից, թե ինչ այլ հիմնավորումներ կարող են լինել իր վերահսկած խմբավորումների հարձակումների տակ: Նաեւ, որ այս ամենով, բացի Ասադից, հարվածում է նաեւ Մոսկվային եւ Թեհրանին, որոնց համարում է իր սերտ գործընկերը:
Այս առումով, Հեղափոխականների կորպուսին մոտ կանգնած իրանական արժանահավատ աղբյուրը մեկնաբանում է. «Էրդողանը աջակցել է … Այժմ սիոնիստները ձգտում են թուլացնել եւ նույնիսկ ոչնչացնել Բաշար ալ-Ասադի կառավարությունը, որպեսզի արգելափակեն «Հեզբոլլահին» զինամթերքի եւ զենքի մատակարարումը… Իրականում Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին Լիբանանում եւ ստիպված եղավ ընդունել զինադադարը, սակայն այժմ Էրդողանի աջակցությամբ փորձում է կտրել Հեզբոլլահի նյութատեխնիկական ուղիները Սիրիայում»:
Եթե Էրդողանը նման բաց խաղի մեջ է մտնում, ապա որքանո՞վ է բացառված, որ միաժամանակ մտածի Ալիեւի հետ միասին կտրել նաեւ Ռուսաստանին՝ Իրանից՝ Սյունիքում: Ու քանի դեռ Հայաստանում Նիկոլ կա, այս վտանգը չափազանց ռեալ է մնում:
դեպի ետ