• am
  • ru
  • en
Версия для печати
30.11.2024

ԷԹՆԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎՈՒՅԹ

   

Ռաֆիկ Գաբրիելյան

Ներածություն

Էթնոս, էթնիկ խումբ, էթնիկոս, էթնիկություն, էթնիկ ինքնություն և նմանատիպ մի խումբ բառեր մուտք են գործել ազգագրություն (առհասարակ հումանիտար գիտություն) բնորոշելու համար ընդհանրական ձևով ասված` պատմա-լեզվա-մշակութային հանրույթներին, որոնց խաճախ անվանում ենք նաև` ազգ, ժողովուրդ, ազգություն, երբեմն` զարմ, ազն, ցեղ: Մեր աշխատանքում կփորձենք բացատրել առաջին խմբի հասկացությունների ընդհանուր տրամաբանությունը և հետևել այդ տերմինաբանությունը կիրառած գիտնականներին: Վերոնշյալ բոլոր բառերն էլ ավել կամ պակաս չափով խիստ բազմիմաստ հասկացություններ են, և սխալված չենք լինի, եթե ասենք, որ գիտությունը ընկել է տերմինաբանական խառնաշփոթի մեջ: Ըստ էության բառերի իմաստը ոչ թե փոխվում է, այլ դրանց բովանդակությունն է ծանրաբեռնվում, և կարիք է լինում նոր տերմիններ մտցնելու և վերամեկնաբանելու հները:

Աշխատանքը բաղկացած է երկու մասից. առաջինում մեր խնդիրն է ներկայացնել «էթնիկություն» հասկացության կիրառությունները` կենտրոնանալով սկզբնականից մինչև հասկացության վերջնական ձևակերպման և որպես գիտական եզրույթ համատեղայնացման վրա, իսկ երկրորդում փորձելու ենք ընդհանուր գծերով լուսաբանել էթնիկության բնույթը: Այսինքն բացատրել թե ինչ´ է էթնիկությունը: Զուտ քերականորեն դա էթնոսի ածականացված տարբերակն է: Պարզ ձևով ասված, այն էթնոսի կամ էթնիկ խմբի բնորոշումն է՝ որակների ամբողջությունը1:

«Էթնիկություն» գիտական հայեցակարգի ուսումնասիրման պատմությունից

Էթնոս (ἔθνος) հունարեն բառ է, որը նշանակում է` ժողովուրդ, ցեղ, օտար, հեթանոս, ամբոխ, դաս, խումբ, բազմություն, այն կապված է նաև էթնիկոս (ἔθνικός) բառի հետ2: Էթնոս բառով հույները կոչում էին ինչպես մարդկանց խմբերին, այնպես էլ օրինակ` մեղուներին և այլ բնույթի խումբ ներկայացնող երևույթներ: Բառի մեզ հայտնի առաջին կիրառությունը գիտության մեջ, որպես ժողովուրդ բառի հոմանիշ, «Ethnologie» («Էթնոլոգիա» «Ազգաբանություն») ձևով հանդիպում ենք 1787 թվականին տպված շվեյցարացի Ալեքսանդր Շավանի (Alexandre Chavannes) «Essai sur l’éducation intellectuelle avec le projet d’une science nouvelle» («Մտավոր դաստիարակության փորձ նոր գիտության նախագծի մասնակցությամբ») գրքում: Ethno բառարմատը այս դեպքում խումբն է` ժողովուրդը կամ ազգը: Ըստ էության նա առաջինն է սահմանում և ներկայացնում էթնոլոգիան որպես գիտություն: Ըստ Շավանի էթնոլոգիան գիտություն է մարդու և ազգերի մասին, այն ուսումնասիրում է հանրությունների պահանջմունքները, հետաքրքրությունները, ճաշակները, սովորությունները, օրենքները, լեզուն, ընդհանուր հաշվով քաղաքակրթական տարբեր մակարդակները3:

Ըստ էության, Շավանի մոտ է արտացոլված մշակույթի եռամաս մոդելի նախնական գաղափարը: Խոսելով պահանջմունքների մասին՝ այն կարող ենք նույնականացնել կենսաապահովման մշակույթի հետ, որը մարդու առաջնային սկզբնական մշակութային դրսևորումն է, ու ապահովում է նրա ֆիզիկական գործունեությունը: Ճաշակներն ու հետաքրքրությունները միտված են մարդու գեղագիտական կարիքների բավարարմանը, որը արդեն մշակույթի հոգևոր ոլորտին է վերաբերում: Սովորույթներն ու օրենքները սոցիո-նորմատիվ մշակույթի բաղադրատարրեր են: Այլ խնդիր է լեզուն, որը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ նաև մշակութային երևույթների և մտածողության ձևերի կրիչ: Օրինակ` հայերենում աղոթրան բառով կոչում են առավոտը, լուսաբացը, բայց բառացի աղոթրան նշանակում է աղոթարան, որն էլ նշանակում է աղոթքի վայր: Աղոթրան կամ աղոթարան բառի մյուս իմաստը արևելքն է, որտեղից ծագում է արևը4: Կարո՞ղ ենք սրանից հետևություն անել, որ հայերի մոտ առավոտյան աղոթք անելու արմատացած սովորություն է եղել, կարծում ենք այո, թեև այս տվյալը փաստագրված է նաև ազգագրական նյութերում5:

Հաջորդ գիտնականը, որ նշանակալի ներդրում ունեցավ Էթնիկություն եզրույթի հստակեցման գործում, ազգությամբ ֆրանսիացի, Ռուսաստանում ծնված և կրթություն ստացած Ժոզեֆ Դենիկերն (Joseph Deniker) էր: Մասնավորապես 1900 թվականին լույս տեսած իր «Races et peuples de la terre» («Человеческие расы» (վերնագրի ռուսերեն թարգմանության համար հիմք է ծառայել աշխատության վերնագրի երկրորդ տարբերակը)) գրքում նա առաջին անգամ շրջանառության մեջ է դնում «էթնիկական խումբ» հասկացությունը, որը համապատասխանում է էթնոսին: Նա նաև առաջինն է, որ էթնիկական խմբերն դասակարգում է զարգացման երեք մակարդակներում` ցեղ, ժողովուրդ, ազգ: Այս բաժանումը հետագայում բավական մեծ տարածում գտավ խորհրդային գիտնականների շրջանում: Դենիկերը էթնիկական խումբը բնորոշելիս առանձնացնում էր հինգ ցուցիչներ` աշխարհագրական տեղաբաշխվածություն, սոցիալական զարգացվածության աստիճան, մշակութային զարգացվածության աստիճան, լեզու և հոգեբանություն6:

Մեզ հայտնի հաջորդ կիրառությունը «Ethnisme» («Էթնիզմ») տարբերակով հանդիպում ենք շվեյցարացի լեզվաբան Ֆերդինանդ դը Սոսյուրի (Ferdinand de Saussure) մոտ: 1906-ից 1911 թվականներին նա երեք դասախոսություններ է կարդում, որոնց հիման վրա հետագայում լույս է տեսնում նրա հայտնի «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց» գիրքը, որում նա ունի «Էթնիզմ» վերնագրով առանձին դասախոսություն: Եթե բառացի թարգմանենք, ապա էթնիզմը դա էթնիկականությունն է, այսինքն էթնիկությունը: Էթնիզմով նա բնորոշում էր նույն լեզուն կրող հանրույթին կամ հանրություններին, նշելով, որ էթնիզմի ներքո պետք է հասկանալ կրոնական, մշակութային և ընդհանուր պաշտպանության հետ կապված և այլ բազմաբնույթ հարաբերությունների վրա հիմնված միասնություն, որը չունի ռասայական կամ քաղաքական սահմաններ7: Մենք կցանկանայինք շեշտադրել հատկապես միասնական պաշտպանության բաղադրատարրը, նշելով, որ էթնոսը միասնաբար պաշտպանվող հանրույթ է, և էթնիկ մշակույթը այն մշակույթն է, որը պաշտպանում ես: Մեր համոզմամբ միասնաբար պաշտպանվելու գործոնի բացակայությունն է, որ պատճառ է դառնում էթնոսի պառակտմանը և ուծացմանը:

Էթնոսի տեսության կամ էթնիկության որպես գիտական հայեցակարգի հետագա զարգացման և հիմնավորման համար այս նախնական դիտարկումները շատ կարևոր դարձան:

Արդեն 1920-ական թվականներին էթնիկություն գիտական հայեցակարգը նոր մակարդակի վրա բարձրացվեց Մաքս Վեբերի և Սերգեյ Շիրոկոգորովի կողմից: Արևմտյան գիտության մեջ էթնիկության գիտական հայեցակարգի հիմնադիր է համարվում Մաքս Վեբերը, իսկ ԽՍՀՄ-ում Էթնոսի տեսության հիմնադիրն է Սերգեյ Շիրոկոգորովը: Պատահական չէ, որ էթնոս տերմինը հիմնականում կիրառվում էր խորհրդային ազգագրության մեջ, իսկ արևմտյան գիտական շրջանակներում օգտագործում էին էթնիկություն կամ էթնիկ խումբ եզրույթները: Առհասարակ արևմուտքում (հատկապես անգլալեզու աշխատություններում) խուսափում են էթնոս տերմինը կիրառելուց: Օրինակ` բրիտանացի տեսաբան Էնթոնի Սմիթը իր հայտնի «National Identity» («Ազգային ինքնություն») գրքում կիրառում է ֆրանսերեն ethnie բառեզրը8, որը հոմանիշ է էթնիկ խմբին կամ էթնոսին:

Շիրոկոգորովը էթնոս տերմինը սահմանում է հետևյալ կերպ. «մարդկանց խումբ, որոնք խոսում են մեկ լեզվով, ընդունում են իրենց միասնական ծագումը, տիրապետում են համակարգված սովորույթների, կյանքի կացութաձևի, պահպանում և սրբագործում են իրենց ավանդույթները և տարբերակում են իրենց` նմանատիպ ուրիշ խմբերից»: Նա նաև մեկնաբանում է ազգ հասկացությունը՝ նշելով դրա քաղաքական կամ պետական էության մասին9: Նա վերաձևակերպում և մեկնաբանում է մշակույթի եռամաս մոդելի գաղափարը. ըստ նրա մշակույթը պետք է բաժանել` նյութական, հոգևոր և սոցիալական կատեգորիաների10:

Շիրոկոգորովի հետ համեմատած՝ ավելի կոնստրուկտիվիստական հայացքներ ուներ Մաքս Վեբերը. նա կիրառում է էթնիկական խումբ հասկացությունը, որը, ինչպես երևում է, ավելի չեզոք տերմին է: Էթնիկական խմբի համար նա կարևոր ցուցիչ էր համարում խմբի անդամների սուբյեկտիվ հավատը միասնական ծագմանը, որը կապվածություն էր առաջացնում անդամների միջև11: Վեբերը էթնիկության համար կարևոր ցուցիչներ էր համարում կրթական մակարդակի հավասարությունը, պատվի և արժեքների միասնական զգացումը, էթնիկ խմբի կողմից սեփական սովորույթներին և բարոյական նորմերին գերապատվություն տալը, հասարակական կազմակերպությունը և հատկապես լեզուն12:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ հումանիտար գիտության մեջ տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ։ Շատ երկար ժամանակ էթնիկ խնդիրների ուսումնասիրությունը կամ արգելվում էր կամ էլ պարզապես ոչ ցանկալի թեմա էր, իհարկե, կային որոշ բացառություններ, օրինակ` ԱՄՆ-ում 1940-ական թվականներին էթնիկության վերաբերյալ հոդվածներ (ոչ միայն տեսական) էր հրապարակում Մաքս Վեբերի աշակերտ, սոցիոլոգ Էվերեթ Հյուզը (Everett Hughes)13: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, էթնիկությունը փակ թեմա էր համարվում:

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ այս փուլում հստակեցվեցին էթնիկության հիմնական բովանդակային ուսումնասիրության ուղղությունները և շեշտադրվեցին էթնոսի առանցքային մի քանի հատկանիշները: Վեբերի և Շիրոկոգորովի ուսումնասիրությունները հանգուցային նշանակություն ունեցան հետագա ուսումնասիրությունների համար: Նրանց հետազոտություններով սկսվեց էթնիկության ուսումնասիրման նոր փուլ: Երբեմն տարբեր հանրագիտարանային բնույթի նյութերում դասական իմաստով հենց այս երկու հեղինակներն են համարվում էթնոսի և էթնիկության ուսումնասիրությունների հիմնադիրները և տվյալ եզրաբանության առաջին կիրառողները14: Այնուամենայնիվ, ինչպես ցույց տվեցինք, խնդրի վերաբերյալ արդեն կային ինչպես եզրույթային կիրառումներ, այնպես էլ բովանդակային դիտարկումներ:

Էթնիկության հատկանիշները

Նախքան էթնիկության բովանդակային կառուցվածքը ներկայացնելը ցանկանում ենք անդրադառնալ էթնիկության վերաբերյալ մտածողական այն տարբերություններին, որոնք առկա էին և են արևմտյան և խորհրդային գիտություններում: Նախ փաստենք, որ, իհարկե, գիտության վրա խորապես ազդում էր հասարակական մտածողությունը: Անգլերենում 14-րդ դարի կեսից մինչև 19-րդ դարի կեսը էթնոս բառը կիրառվում էր իր սկզբնական իմաստներից մեկով, այն է` հեթանոս: 19-րդ դարի կեսերից այն ստացավ ռասայի իմաստ: Արևմուտքում առհասարակ էթնիկություն բառը ասոցացվում էր փոքրամասնության հետ, և հատկապես ԱՄՆ-ում սա նաև մի բառ էր, որ եկավ փոխարինելու ռասա բառին: Էթնիկը նաև մի բնորոշում էր, որ երկրորդ աշխարհամարտի տարիներին մտցվեց որպես հարգալից խոսք ԱՄՆ-ում ապրող իտալացիների, հրեաների, իռլանդացիների և այլոց վերաբերմամբ15: Հասարակական ընկալումներում տիտղոսակիր ազգերին այսօր էլ հիմնականում ընդունված չէ բնորոշել էթնիկ բառով, այն կիրառելի է էկզոտիկ հանրությունների դեպքում: Էթնիկությունը ընկալվում է որպես պատմական կամ պատմամշակութային հիմք, որի վրա արդեն կապիտալիզմի կամ ազգայնականության դարաշրջանում ձևավորվել կամ կառուցարկվել է ազգը (nation): Թեև «տիտղոսակիր» ազգերը կամ այսպես ասենք` սեփական պետություն ունեցող ազգերը ինչպես երևում է երբեմն ոչ պակաս էթնիկական են16:

Խորհրդային մտածողության մեջ էթնոսը ուղիղ հոմանիշ էր ժողովրդին, իսկ հայկական մտածողության մեջ, էթնոս ասելով, շեշտադրում էին ազգային յուրահատկությունները, էթնոսը համարվում էր նաև ազգի հոմանիշ: Իհարկե, էթնոսը կամ էթնիկականը նոր բառեր էին նաև հայ իրականությունում: Օրինակ` Հակոբ Մանանդյանը, խոսելով էթնիկական մի շարք հատկանիշների մասին, այն է` լեզուն, բարքերը, սովորույթները, կրոնական և բարոյական հասկացողությունները, համագիտակցությունը, չի կիրառում էթնիկ կամ էթնիկական եզրույթները, այլ ազգ և ազգություն17:

Յուրաքանչյուր էթնոս առանձնանում է միայն իրեն բնորոշ հատկանիշների ամբողջությամբ, այսինքն մեկ հատկանիշը կարող է էթնիկ լինել, օրինակ՝ և´ հայերի, և´ վրացիների համար, բայց չեն կարող բոլոր հատկանիշները նույնական լինել հայերի ու վրացիների դեպքում: Ընդհանուր առմամբ էթնիկ են կոչվում միայն զատորոշ (տարբերակիչ) հատկանիշները, ամբողջացված ձևով դրանց կարող ենք կոչել «մշակութային տարբերակիչներ», «մարկերներ» կամ «ցուցիչներ»: Հայերի դեպքում նման մարկեր է` խաչքարը, գավիթը, ռոտոնդաձև գմբեթը, որդան կարմիրը, մեսրոպատառ այբուբենը: Ամենայուրօրինակ ցուցիչները հաճախ դառնում են սիմվոլներ էթնիկ ինքնագիտակցության համար: Հայերենի երկու տողը կամ խաչքարի պատկերը միանգամից հուշում են հայկականության մասին, սակայն, էթնիկության համար կարևոր է, որ այդ տարբերակիչ հատկանիշները լինեն սոցիալապես կազմակերպված: Էթնիկությունը այս դեպքում մշակութային տարբերակիչ հատկանիշների սոցիալապես կազմակերպվածության արդյունքն է18:

Ըստ էության սա այն համակարգն է, որի համատեքստում խումբը կարողանում է վերարտադրել իր մշակույթը: Սոցիալապես կազմակերպված լինելը պետք չէ միայն կապել պետական համակարգի հետ: Օրինակ` Սփյուռքի շատ հայ գաղթօջախներ կարողացել են սոցիալապես կազմակերպվել և վերարտադրել իրենց մշակույթը առանց հայկական պետության: Այս պարագայում իրենց որոշակի դերն ունեին` եկեղեցին, կիրակնօրյա դպրոցները և մամուլը:

Իսկ ի՞նչ է էթնիկությունը բովանդակային տեսանկյունից: Կարելի է առանձնացնել էթնիկության հետևյալ հիմնական հատկանիշները` ֆիզիկական կամ գենետիկական, տարածքային, պատմական, սոցիալ-տնտեսական, դավանաբանական, լեզվական, մշակութային, հոգեբանական:

Ֆիզիկական

Առաջին կատեգորիայում կարող ենք առանձնացնել հետևյալ ցուցիչները` միասնական ծագում (էթնոգենեզ), արտաքին ֆիզիկական հատկանիշների (մարդաբանական տիպ) որոշակի ընդհանրություն, ԴՆԹ տվյալներ: Երբ գիտնականները ուսումնասիրում են ինչ-որ մի ժողովրդի էթնոգենեզը, ապա կարևոր է պարզել, թե ինչպիսի՞ էթնիկ միավորներ են մասնակցել տվյալ ժողովրդի կազմավորման գործընթացին: էթնիկությունը, այսպիսով, բնորոշվում է այն բոլոր էթնիկ միավորների ժառանգորդությամբ, որոնք միավորվել են իրար (երբեմն բռնի)՝ կազմավորելով նոր էթնոս: Այս առումով շատ լավ օրինակ է հետևյալ դատողությունը. «իսկական իմաստով ոչ ուրարտացիներն էին հայեր և ոչ էլ անգամ հնդեվրոպական լեզվաընտանիքից տրոհված և նախահայերենի կամ վաղնջահայերենի բարբառները կրող հանրությունները, սակայն, նրանց միացմամբ (ինչպես նաև այլ էթնիկ հանրությունների) մոտ Ք.ա. 6-րդ դարում վերջնականապես կազմավորվեց հայկական էթնոսը»19:

Արտաքին ֆիզիկական հատկանիշը տարբերակիչ` այսինքն էթնիկ կարող է հանդիսանալ մեկուսի էթնոսների դեպքում: Նման օրինակ են ճապոնիայում բնակվող` այները: Նրանք արտաքին տեսքով խիստ տարբերվում են իրենց հարևաններից, հատկապես աչքի են ընկնում սև գույնի, խիտ և առատ մազածածկույթով20: Նշենք, որ գիտության մեջ ընդունված չէ արտաքին ֆիզիկական հատկանիշները դոմինանտ համարել էթնիկության ցուցիչների մեջ:

Ներկայումս ԴՆԹ հետազոտությունները շատ ակտուալ են, դրանց օգնությամբ վերականգնվում են էթնիկ հանրությունների կատարած տեղաշարժերը: Օրինակ` գենետիկորեն ապացուցվել է այն փաստը, որ Մերձավոր Արևելքում թյուրքական գենը թափանցել է մոտ 1000 տարի առաջ Կենտրոնական Ասիայից21:

Տարածքային

Աշխարհագրական տարածքը նույնպես բնորոշում է էթնոսին: Հանրույթի անդամները, միասնաբար ապրելով նույն տարածքում, վարժվում են այդ լանդշաֆտին, և ավելանում է նրանց, որպես հանրույթ, իրար հետ փոխկապվածությունը: Հանրույթի անդամները նաև հարմարեցնում են իրենց այդ լանդշաֆտը, որոշակիորեն փոխելով այն, դարձնելով այն արդեն մշակութային լանդշաֆտ, ու այս պարագայում երկրորդային է դառնում անգամ լեզվական չափանիշը22:

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Կովկասի էթնիկ հանրությունների մշակույթը, եթե չլիներ Կովկասյան լեռնաշղթան, կամ այն հարյուրավոր կիրճերը, որոնցում կազմակերպվել է թեյփերի (тайп, тейп) մշակույթը: Կովկասում աշխարհագրական լանդշաֆտը պատճառ է հանդիսացել լեզուների, բարբառների, մշակույթների և անգամ ինքնությունների բազմազանության: Այսպիսով, աշխարհագրական միջավայրը, կարևոր գործոն է մշակույթի կազմակերպման և զարգացման համար պատմության ողջ կտրվածքում, և մշակույթների զարգացման կամ անկման, կամ էլ դրանց հատկանիշների ձևավորման պատճառները քննելիս չենք կարող պատշաճ ուշադրություն չդարձնել բնական-էկոլոգիական պայմաններին23:

Պատմական

Պատմական իրադարձությունները, որոնք իրենց հետքն են թողնում էթնոսի ճակատագրի վրա, նույնպես կարևոր ցուցիչ են հանդիսանում: Պատմությունը նաև «փաստաթղթավորում» է մշակութային և հատկապես քաղաքական ձեռքբերումները, ինչպես նաև դժբախտությունները և հոգեկան ապրումները24: Պատմությունը նաև ձևավորում ու կառուցարկում է պատմական և կոլեկտիվ հիշողությունները: Հիշողության ցուցիչը կարելի է դասակարգել նաև հոգեբանական հատկանիշների շարքում որպես խմբի և անհատի ինքնության բաղադրատարր և ինքնության վրա ազդող գործոն: Այն իսկապես ունի հոգեբանական գծեր, կապված հատկապես ողբերգությունների հետ, որոնց միջով անցել են էթնոսի անդամները իրենց պատմության ընթացքում: Հիշողությունը, որպես էթնիկ հատկանիշ, ունի երկու կատեգորիա` պատմական հիշողություն և կոլեկտիվ հիշողություն: Պատմական հիշողությունը այն է, երբ կարևորագույն դեպքերը ամրագրված են և որոշակի մեկնաբանված պատմաբանների կողմից: Կոլեկտիվ հիշողությունն ակտիվ անցյալն է, որը ձևավորում է խմբի ինքնությունը25: Վերջինս էթնիկ ինքնության համար ավելի առաջնային է: Հայերի կոլեկտիվ հիշողության մեջ ակտիվ են օրինակ` Տիգրան Մեծի և Ցեղասպանության մասին հիշողությունները (իհարկե նաև մի շարք այլ հիշողություններ):

Սոցիալ-տնտեսական

Սոցիալ-տնտեսական հատկանիշները նույնպես կարևոր են էթնիկության էությունը հասկանալու համար: էթնոսը առաջին հերթին մարդկանց խումբ է, որը ունակ է ինքնավերարտադրվելու առաջին հերթին դեմոգրաֆիական տեսանկյունից, իսկ վերարտադրության պրոցեսը անհնար կլինի առանց տնտեսական համալիրների և մարդկային ներուժի կազմակերպման26:

Էթնիկությունը նաև սոցիալական երևույթ է ու պայմանավորված է էթնիկ խմբի ներսում անդամների սոցիալիզացիայի մակարդակով: Օրինակ` Ինդոնեզիայի ճավայացիների մոտ ինչպես` հոգեկան հիվանդների, կարճամիտների, բռիաբարոների, բացահայտ անբարոյականների, այնպես էլ փոքրիկ երեխաների մասին արտահայտվում են ինչպես` «դեռ ոչ ճավացիների»: Այսինքն անգամ փոքր երեխաները դեռևս ճավացիներ չեն:Նշված կատեգորիայի մարդկանց մասին խոսելիս ասվում է նաև «դեռևս մարդ չեն»27: Փաստորեն, սոցիալական դոմինանտ նորմերին և օրինակելի վարքագծին անհաղորդ դարձածներին, ինչպես նաև դեռևս հաղորդակից չդարձածներին (փոքր երեխաներ) չեն համարել խմբի անդամ և չեն նույնականացրել իրենց էթնանվան ներքո:

Գիտնականները հաճախ են սովորում հենց այն հանրություններից, որոնց ուսումնասիրում են: Կարևոր է համարվում նաև այն, թե ինչն են իրենք` խմբի անդամները կարևորում իրենց ինքնության համար: Այս մոտեցումը կոչվում է Էմիկ մոտեցում (emic), այսինքն` հայացք ներսից:

Դավանաբանական

Դավանանքը կամ կրոնը չի համարվում առաջնային հատկանիշ էթնիկության համար: Իհարկե երբեմն կրոնական ինքնությունը ավելի դոմինանտ է լինում, ինչպես մահմեդականության դեպքում ու որոշ օրինակներում ստիպում է էթնիկ ինքնությանը ենթարկվել իրեն: Նման դատողության համար շատ լավ հիմք են ծառայում եզդիները․ նրանք էթնո-կրոնական ինքնության լավագույն օրինակներից են: Եզդիների դեպքում կրոնը պատճառ է դարձել քրդերից անջատման համար: Այն դեպքում, երբ քրդերը դավանում են իսլամ, եզդիները ունեն իրենց սեփական կրոնը։ Որոշ դեպքերում այն կոչվում է` եզիդիզմ (yezidism), սակայն, ավելի հարիր անվանում է շարֆադինականությունը (sharfadin), այսպես են կոչում իրենց կրոնը իրենք՝ եզդիները: Շարֆադինականությունը փաստորեն հիմք է հանդիսացել, որ առաջանա նոր էթնիկ ընդհանրություն:

Այնուամենայնիվ, սկզբնական կրոնական հավատալիքները կրում էին ավելի շատ էթնիկ երանգներ: Անրի Բերգսոնը (Henri Bergson) տոտեմիզմի մասին խոսելիս նշում է, որ երկու իրար հարևան ցեղեր պաշտում էին երկու տարբեր կենդանիների (այսինքն որպես տոտեմ ունեին երկու տարբեր կենդանիներ), որովհետև տարբեր կենդանիները իրենցից ներկայացնում էին երկու տարբեր տեսակներ: Ցեղերին անհրաժեշտ էր զատորոշվել իրարից և ինքնանույնականանալ տարբեր կենդանիների հետ: Ցեղի անդամները իսկապես հավատում էին, որ իրենք տարբեր են, և´ էությամբ, և´ անվամբ: Սա մի երևույթ էր, որ չէր կարող տարածվել դիֆուզիոնիզմի միջոցով, այն բնորոշ է մարդկային բոլոր հասարակություններին, որոնցում տարածված էր տոտեմիզմը28:

Այս դեպքում կարելի է ասել, որ կոլեկտիվի ինքնանույնականացվելու ձգտումն է, որ ազդել է հավատալիքի ձևավորման վրա, և ոչ հակառակը: Ինքնանույնականացումը բնորոշ է մարդկային էությանը, նրա բնույթին, և կապված չէ առանձին հատկանիշների տարածման հետ, այն ունի ինքնադրսևորման ուրույն եղանակները: Միևնույն ժամանակ, պետք է նկատենք, թե ինչքա˜ն կարևոր է եղել հավատալիքները հին հասարակությունների համար, որ դրանք անպայմանորեն կարիք են զգացել տարբեր լինելու։

Լեզվական

Մյուս կարևոր և հիմնական չափանիշը էթնիկության համար լեզուն է, նամանավանդ հին ժամանակներում այն ավելի դոմինանտ ցուցիչ էր: Վերջին մի քանի հարյուր տարվա քաղաքակրթական զարգացումների ֆոնին, լեզվական գործոնը ներկայումս որպես էթնիկ հատկանիշ, երբեմն քննադատվում է: Օրինակ` Հարավային Ամերիկայում շատ հանրություններ օգտագործում են իսպաներենը, բայց ոչ ուրուգվայցիները, ոչ էլ արգենտինացիները, իրենց իսպանացի չեն համարում: Միևնույն ժամանակ, խնդիր է առաջանում, թե ինչպե՞ս որոշակի խմբի կամ մարդու դեպքում սահմանել նրա կամ նրանց լեզվական պատկանելիությունը: Արդի փուլում շատ են բազմալեզվական միջավայրերը, որտեղ մարդը կարող է աշխատանքի վայրում խոսել մի լեզվով, տանը մեկ այլ, սակայն, նրա մայրենի լեզուն լինի լրիվ այլ լեզու:

Լեզուն դա միաբնույթ երևույթ չէ, լեզվական կատեգորիայում մենք առանձնացնում ենք հետևյալ բաղադրիչները` մայրենի լեզու, լեզվամտածողություն և բարբառներ: Վերջիններն ավելի էթնիկ երանգ ունեն, քան գրական լեզուն: Դրանք բնորոշում են էթնիկ մշակույթի ենթամշակութային բազմազանությունը: Մայրենի լեզուն ունի հիմնավորման հետևյալ չափանիշները` լեզու որը երեխաները սովորում են իրենց մայրերից կամ ընտանիքում, երբ նոր են սկսում խոսել սովորել, լեզու որի հետ մարդը կապված է էմոցիոնալ զգացմունքային և հայրենասիրական կապով29, լեզու, որով մարդը խոսում է բերկրանքի (ցնծության) կամ արտակարգ դրության (օրինակ՝ ռմբակոծության) ժամանակ, այս պարագայում լեզուն ինքնաբեր (սպոնտան) կերպով է դրսևորվում՝ ինչ-որ իմաստով մատնելով, որ այն տվյալ մարդու համար մայրենի լեզու է, և իհարկե մենության լեզու, որով մարդը խոսում է ինքն իր հետ:

Մյուս չափանիշը լեզվամտածողությունն է, որը արտահայտում է տվյալ լեզվում բառերի իմաստային ծանրաբեռնվածության ողջ բովանդակությամբ և այն զուգորդություններով (ասոցիացիաներով), որոնք առաջանում են մարդկանց գլխում, երբ լսում են որոշակի խոսքային նշանը: Կան լեզուներ, որոնք ունեն այնպիսի բառեր, որոնց համարժեքները այլ լեզուները չունեն. սա խոսում է հոգե-մշակութային և կենսընթացի տարբերությունների մասին:

Այսպիսով՝ մենք խոսեցինք լեզվի ամենակարևոր գործառույթներից մեկի մասին. լեզուն նախ և առաջ գոյություն ունի, որ արտահայտի մարդկանց հոգեբանական զգացողությունների հնչյունայնացված ձևերը, այսինքն անհնար կլիներ ինչ-որ լեզվի ծնունդը, եթե այն չարտահայտեր խմբի կոլեկտիվ ապրումները, որն էլ հենց հանդիսանում է տարբերակիչ հատկանիշ:

Մշակութային

Մշակույթը թերևս ամենաընդգրկուն հասկացությունն է, որը բնորոշում է նախ և առաջ մարդուն, ապա նաև էթնոսին: Այն իր մեջ է ներառում հավատալիքները, տոնածիսական համակարգը, հագուստը, ուտեստը, բնակարանը, տնտեսական զբաղմունքները (անասնապահություն, երկրագործություն, տնայնագործություն և այլն), ընտանեկան կյանքը, հարսանեկան սովորությունները, համայնական հարաբերությունները, բարքերը, ադաթը, նորմերը, վարվեցողությունը, ավանդույթները, բանահյուսությունը (պատմություններ, հեքիաթներ, զրույցներ, երգեր, առածներ, սրախոսություններ և այլն), արվեստը (ճարտարապետություն, կերպարվեստ, քանդակագործություն և այլն), գրավոր մշակույթը, և այլն: Ներկայացված ողջ հատկանիշները փոխանցվում են ծրագրված և ուղղորդված հաղորդակցության շնորհիվ: Մշակութային ինֆորմացիայի փոխանցումը կատարվում է սինխրոն (հորիզոնական) և դիախրոն (ուղղահայաց) ինֆոկապերի շնորհիվ: Դիախրոն շփումը ապահովում է կապը էթնոսի ու իր արմատների միջև, իսկ սինխրոն շփումը ապահովում է կապը տվյալ էթնոսի մեջ ապրող մարդկանց և խմբերի մշակութային համապատասխան մոդելների և ընդունելի վարքաձևերի նմանակմանը30:

Մշակույթի հիմքը դա մարդու աշխատանքն է, և դրա առանձնահատկությունները, վերջինս նաև մարդու գործառնական բնորոշումն է31: Աշխատանքը դա երևակայական և ստեղծագործական ջանքերի ներդրում է, որը ունի որոշակի կանոններ, սահմաններ, շրջանակ և այն իրագործելու համար պահանջում է ժամանակ և լարվածություն: Այս սեղծագործականությունն է, որ ծնվում է մարդու ազատ խաղային տարերքի ինքնաբուխ դրսևորման շնորհիվ32: Այստեղ տեղին է մեջբերել մշակույթի այն սահմանումը, համաձայն որի` մշակույթը դա մտքի (իմաստների) կոլեկտիվ ծրագրումն է, որը տարբերակում է մարդկանց մի խումբը կամ կատեգորիան մյուսից33:

Հոգեբանական

Հոգեբանական գործոնը մեկ բառով կոչում ենք ինքնություն (կամ երբեմն հոգեկերտվածք): Ինքնությունը գալիս է պատասխանելու ո՞վ ենք մենք և ո՞վ եմ ես հարցերին: Այն ձևավորվում է վերը ներկայացված ողջ բովանդակային հատկանիշների հիմքով և դրանց ածանցյալն է: Մարդը ունի տարբեր ինքնություններ` տարիքային, մասնագիտական, համայնական, սեռական, սոցիալական, ազգային կամ էթնիկական և այլն: Մեզ հետաքրքրում է վերջին կատեգորիան, թեև մնացած ինքնությունները բնավ երկրորդական չեն մարդու էթնիկական ինքնության համար:

Ինքնության արտաքին դրսևորումը դա էթնանունն է, իսկ անհատի դեպքում թերևս ազգանունը: Ինքնությունը հենվում է այն հիմնարար սկզբունքի վրա, որ մարդկային գիտակցությունը ամեն ինչ փորձում է դիտարկել որոշակի տարբերությունների մեջ և հենվում է սեփական արժեքների գերապատվության վրա, որոնց հետ կապված է հուզազգացմունքային կապով: Ինքնությունը հատկապես ավելի մեծ չափով շեշտադրվում է թշնամու կերպարի հայտնվելու պարագայում34, ինչպես նաև ազգային ինքնագիտակցության վերազարթոնքի պահերին, երբ միասնական ոգին, ընդհանուր գաղափարները և ապագայի նպատակները համախմբում են էթնոսի անդամներին35: Հայերի դեպքում նման օրինակ է 1988-ի շարժումը, երբ հրապարակում տիրում էր տոնածիսական տրամադրություն, ու կարծես կոտրվում է անգամ սոցիալական շերտավորումը և տիրում է սիրո ու հոգատարության մթնոլորտ: Իհարկե պետք է նկատել, որ ժամանակի ընթացքում այս հեղափոխական էներգիան և միասնականությունը չեն պահպանվում, հետագայում առաջացնելով որոշակի հիասթափություններ36:

Առհասարակ արդի տեղեկատվական, հետարդյունաբերական, սպառողական, ընդհանուր առմամբ «բարդ» իրողությունների պայմաններում ինքնությունը, այդ թվում և էթնիկական ինքնությունը դիտարկվում են ոչ միայն փոփոխականությամբ, այլ նաև «լողացող» բնույթով: Առօրյա սոցիալական բազմաբնույթ իրականության պարագայում, մարդը հազվադեպ է առերեսվում սեփական էթնիկական ինքնությանը: Հետազոտողներից ոմանք կարծում են, որ արժեքային նախապատվությունները չեն համապատասխանում էթնիկական առանձնահատկություններին, առհասարակ մշակութային արժեքները հաճախ են վերասահմանման կարիք զգում, հատկապես խառն ազգային կազմով և սոցիալապես արագ փոխակերպվող միջավայրերում37:

Եզրակացություններ

Այսպիսով՝ մենք փորձեցինք ցույց տալ, որ էթնիկության գիտական հայեցակարգի հիմքերը հասնում են մինչև 18-րդ դարի վերջերը, երբ Ալեքսանդր Շավանը առաջարկեց էթնոլոգիա անվանումը տալ ազգերին և նրանց մշակույթը ուսումնասիրող գիտությանը: Ավելի ուշ էթնիկության հայեցակարգը զարգացավ նոր եզրույթներով և ուսումնասիրման առարկա հանդիսացող բովանդակային տարրերով: 20-րդ դարի առաջին քառորդում հայեցակարգը ստացավ իր տերմինաբանական այն տեսքը, որը կիրառվում է մինչև այսօր: Ընդսմին, ուղենշվեցին ուսումնասիրության կարևորագույն առարկաները և երևույթները:

Ժամանակակից աշխարհում և գիտության մեջ, իրենց տիպաբանական և գործառույթային առանձնահատկություններից ելնելով, էթնիկության հատկանիշները այնքան են շատացել, որ անհրաժեշտություն է առաջանում դասակարգել դրանք: Մենք կարծում ենք, որ միայն այսպիսի համակարգային-բաղադրիչային մոտեցմամբ է հնարավոր ուսումնասիրել էթնիկության խնդիրը, որտեղ բաղադրիչների միջև առկա է ամուր կապ և փոխներգործություն: Ինչպես մենք փորձեցինք ցույց տալ, լեզուն, օրինակ, իր մեջ է ամրագրում էթնոսների բարքերը, մտածողական տարբերությունները և այլն: Սոցիալական և բարոյական պատկերացումները ազդում են, խմբի անդամների կողմից, իրենց հետ այլ անդամների նանույնականացման հոգեբանական դրսևորման վրա: Այս ամենն է, որ ստեղծում է փոխկապակցվածությունը և ձևավորում ինքնությունը:


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1 Eriksen T., Ethnicity and Nationalism, London, 2010, p. 16-17.
2 Бромлей Ю., Очерки теории этноса, Москва, 1983, с. 7-8.
3 Chavannes A., Essai sur l’éducation intellectuelle avec le projet d’une science nouvelle, Lausanne, 1787, p. 98-99.
4 Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, հատոր 1, Երևան, 1976, էջ 26:
5 Հովսեփյան Հ., Ղարադաղի հայերը.-Արցախի ժողովրդագիտությունը. Ազգագրություն, հատոր 6, Ստեփանակերտ, 2021, էջ 615:
6 Деникер И., Человеческие расы, Санкт-Петербург, 1902, с. 13, 151-156, 355.
7 Սոսյուր դը Ֆ., Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Երևան, 2008, էջ 343-345:
8 Smith A., National Identity, London, 1991, p. 21.
9 Широкогоров С., Этнографические исследования: Этнос. Исследование принципов изменения этнических явлений, Книга вторая, Владивосток, 2002, с. 42-43.
10 Широкогоров 2002, 44.
11 Вебер М., Хозяйство и общество, том 2, Москва, 2017, с. 72.
12 Вебер 2017, 70, 72-74.
13 Jenkins R., Rethinking Ethnicity, London, 2008, p. 11.
14 Тавадов Г., Этнология, Москва, 2016, с. 61. Schaefer R., Encyclopedia of Rase, Ethnicity, and Society, Los Angeles, 2008, p. 457.
15 Eriksen 2010, 4.
16 Eriksen 2010, 5.
17 Մանանդեան Յ., Ազգութեան գաղափարը.-Գործ, 1917, թիվ 1, էջ 2-8:
18 Барт Ф., Этнические группы и социальные границы, Москва, 2006, с. 15-20.
19 Քաջազնունի Յ., Ազգ և հայրենիք, Երևան, 2008, էջ 20:
20 Арутюнов С., Щебеньков В., Древнейший народ Японии: судьбы племени айнов. Москва, 1992, с. 4.
21 Haber M., Mezzavilla M., Xue Y., Comas D., Gasparini P., Zalloua P., Tyler-Smith C., Genetic Evidence for an Origin of the Armenians from Bronze Age Mixing of Multiple Populations.-European Journal of Human Genetics, 2016, vol 24, p. 933.
22 Bobokhyan A., Problems of Ethnicity in the Context of Archaeology of Ancient Armenia.-Aramazd. Armenian Journal of Near Eastern Studies, vol. VΙΙΙ, 2014, p. 27.
23 Мкртумян Ю., Компоненты культуры этноса.-Мето¬дологические проблемы исследования этнических культур, Материалы симпозиума, Ереван, 1978, с. 46.
24 Guibernau M., Anthony D. Smith on Nations and National Identity: a Critical Assessment.- Nations and Nationalism, 2004, № 10, pp. 136-137.
25 Մարության Հ., Կոլեկտիվ և պատմական հիշողությունը մշակույթների երկխոսությունում.-«21-րդ ԴԱՐ», 2007, թիվ 3, էջ 118:
26 Пименов В., Удмурты. Опыт компонентного анализа этноса, Ленинград, 1977, с. 13.
27 Гирц К., Интерпретация культур, Москва, 2004, с. 152.
28 Բերգսոն Ա., Բարոյականության և կրոնի երկու աղբյուրները, Երևան, 2001, էջ 182-183:
29 Пименов 1977, 94-95.
30 Арутюнов С., Народы и культуры, Москва, 1989, с. 20-24.
31 Կասսիրեր Է., Էսսե մարդու մասին, Երևան, 2008, էջ 106:
32 Հայզինգա Յ., Homo Ludens. Մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ, Երևան, 2007, էջ 6-47:
33 Хофстеде Г., Организационная культура, https://studfile.net/preview/16486976/, 02.10.2021
34 Guibernau M., Belonging, Cambridge, 2013, p. 125-126.
35 Abrahamian L., Armenian Identity in a Changing World, Costa Mesa, 2006, p. 226.
36 Гирц 2004, 274. Abrahamian 2006, 240.
37 Wimmer A., Ethnic Boundary Making, New York, 2013, p. 180-181.
դեպի ետ