
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՕԳՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐԱՑՎԱԾ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀՈՎԱՆՈՑԻՑ»
Այն, որ Թուրքիան եւս արդեն ստիպված է շատ ավելի լուրջ վերաբերվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=298158&l=am), եկավ հուշելու երեկ ՌԴ նախագահի կողմից ստորագրված փաստաթուղթը: Այն է՝ Պուտինը հաստատեց Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինը, այսինքն` այդ փաստաթուղթը ռուսական իշխանությունների համար ունի ոչ թե ինչ-որ գործողություններ թույլ տալու, այլ՝ այդ գործողությունները պարտադրելու տեսք: Ու հաշվի առնելով ռուսական միջուկային զենքի ահռելի պաշարները, այդ գործողություն ասվածը կարող է ընդհուպ ունենալ երկրագունդը մի քանի անգամ ոչնչացնելու տեսք:
Նախ կարճ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ նորացված միջուկային դոկտրինը: Այս փաստաթղթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն թույլատրում է Ռուսաստանին՝ միջուկային հարված հասցնել այն դեպքում, եթե իր դեմ կիրառվել է ոչ միջուկային հարված ոչ միջուկային պետության կողմից, բայց այնպիսի պետության կամ պետությունների հետ համատեղ, որոնք «տիրապետում են զանգվածային ոչնչացման զենքի կամ զգալի մարտական ներուժի»: Ավելին, նաեւ այն պետություններին, որոնք տարածք կամ ռեսուրսներ են տրամադրում՝ «Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի համար»: Պարզ օրինակով, ինչը նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը մեջբերեց, նոր միջուկային դոկտրինով Ռուսաստանի դեմ Ուկրաինայի կողմից արեւմտյան հրթիռների կիրառումը կարող է միջուկային պատասխանի հանգեցնել: Այսինքն, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ այդ հրթիռները տրամադրողի դեմ:
Բայցի այս ամենից, փաստաթղթում հատուկ շեշտված է, որ այդ «միջուկային հովանոցը» գործում է ինչպես ՌԴ-ի, այնպես էլ նրա դաշնակիցների համար: Հայաստանը դեռ հանդիսանո՞ւմ է Ռուսաստանի ռազմական դաշնակիցը. պաշտոնապես՝ այո, ինչպես ՀԱՊԿ-ի գծով, այդպես էլ ռազմական պայմանագրերի տեսքով: Գործնականում, Նիկոլն այն վիճակին է հասցրել այս հարաբերությունները, որ եթե Հայաստանը հնարավորություն ուներ այս փաստաթղթի հիման վրա միանգամայն ապահով կարգավիճակ ձեռք բերել, հիմա… հիմա էլ կարող է, միայն թե պետք է այդ ուղղությամբ ռեալ աշխատանք տանել: Իսկ դրա առաջին քայլը ՀԱՊԿ վերադառնալն է:
Իսկ ընդհանրական իմաստով, դժվար չէ կռահելը, որ այս նորացված դոկտրինին պաշտոնական տեսք տրվեց հենց այն պահին, երբ համառ խոսակցություններ են ծավալվում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային՝ ՌԴ-ին հեռահար հրթիռային հարվածներ հասցնել թույլատրելու մասին: Սա, իհարկե, ամենեւին էլ չի նշանակում, որ ուկրաինական կողմի արձակած առաջին իսկ հեռահար հրթիռին կհետեւի միջուկային զենքի կիրառումը: Չէ, մինչ դրան հասնելը, Մոսկվան դեռ պատասխանելու շատ այլ տարբերակներ ունի՝ սկսած ԱՄՆ-ի այլ հակառակորդներին նորագույն զինատեսակներով զինելուց, վերջացրած ուկրաինական էներգետիկ եւ գազային համակարգի ամբողջական անջատումով կամ, օրինակ, հրթիռային համակարգը հսկող ամերիկյան արբանյակները ոչնչացնելով: Իսկ միջուկային դոկտրինի հաստատումն ավելի նման է ոչ թե նույնիսկ հեռացող Բայդենին կամ տարաբնույթ մակրոններին, այլ անձամբ Զելենսկուն ուղղված մի վերջին նախազգուշացման. խոշոր հաշվով, ռուսական միջուկային հրթիռը կարող է հարվածել հենց Զելենսկու բունկերին, եթե պարզվի, որ նրան այնքան էլ չի անհանգստացնում Ուկրաինայի ամբողջական հոսանքազրկումը ձմռանը:
Բայդենը, չնայած այս ավանտյուրաներին, ամեն դեպքում հեռացող ֆիգուր է, եւ միգուցե Մոսկվայի համար ինչ-որ տեղ նաեւ օգտակար էր, որ վերջին պահին նման քայլերի է գնում: Խոշոր հաշվով, սա Մոսկվային հնարավորություն տվեց հաստատել այդ նոր միջուկային դոկտրինը, ինչը եկող Թրամփին է փաստի առաջ կանգնեցնում. ընդունել իրավիճակն այնպես, ինչպիսին որ կա նրա ինագուրացիայի պահին:
Մյուս կողմից, պարզ դարձավ, որ Թրամփն իրականում ունի լրջագույն այլ խնդիրներ, որը նրա համար էլ ավելի է կարեւորում Մոսկվայի հետ լեզու գտնելու հարցը: Մասնավորապես, նախօրեին ԱՄՆ պետական պարտքն ացավ 36 տրիլիոն դոլարից, ինչի հետ կապված Մասկը տագնապալի գրառում կատարեց. «Անհապաղ գործողություններ են անհրաժեշտ Ամերիկայի սնանկացումը դադարեցնելու համար»: Ու դա հասկանալի է. Թրամփն ԱՄՆ-ն Բայդենին հանձնեց 24 միլիարդ պարտքով, որն այս 4 տարիներին ավելացել է կիսով չափ՝ մոտենալով ՀՆԱ-ի 130 տոկոսին: Եթե այս բեռով հանդերձ Թրամփը շարունակի Բայդենի ագրեսիվ կուրսը, տարբեր հակամարտությունների վրա հարյուրավոր միլիարդներ նետելով, Մասկի ասած սնանկացումը դառնալու է անխուսափելի: Մինչդեռ, դեռ Չինաստանի հարցը կա:
դեպի ետ