• am
  • ru
  • en
Версия для печати
04.10.2024

ԹԱՐԳ ՏԱՆՔ ԶԱԶՐԵԼԻ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆԸ՝ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ, ՇՐՋՎԵՔ ԱՌ ԱՍՏՎԱԾ. Գրիգորյան

   



«Իրավունք»-ի զրուցակիցն է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ, 44-օրյա պատերազմի մասնակից ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

– Ընդդիմադիր դաշտում տարակարծություն կար՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնեքի արարողություններին, երբ իշխանությունները եւս հրավիրված էին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ նշեմ, որ պատմական օրեր ենք ապրում, ինչն ինձ համար շատ ուրախալի է՝ անկախ այն արհավիրքներից, որոնք բաժին են ընկել այսօր մեր ժողովրդին: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այն ազգային, վերքաղաքական կառույցն է, որտեղ գալու հարցում քաղաքական կամ որեւիցե մի դաշտում, որտեղ հավաքված են մարդիկ եւ որոնց Տեր Աստվածն է Հիսուս Քրիստոսը, պետք է տարակարծություն չունենային: Պարզապես, պետք էր վստահեին հայ եկեղեցուն, հետեւեին նրա խոսքին, քանի որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եղել է եւ մնում է հայապահպանության գլխավոր օջախը: Բոլորս գիտենք, որ պատմության ընթացքում եղել են պահեր, երբ մենք պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, որը ծնողի պես իր զավականերին հավաքել է իր թեւերի տակ, հանդիսացել է հայապահպության, մեր սուրբ քրիստոնեական հավատքի, մեր կրթության եւ ուժի կանթեղը: Այդ իսկ պատճառով ես անթույլատրելի եմ համարում որեւիցե մի պատճառաբանությամբ, մանավանդ՝ քաղաքական, մերժել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հրավերը:

– Իսկ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խնդիր էր լուծում իշխանությունը՝ Մայր Աթոռնում հայտնվելով, երբ 6 տարի նրանք, այսպես ասած, «ասպատակում» էին եկեղեցու դեմ: Մի՞թե հիմա որոշել են ապաշխարել:

– Եթե Դուք խոսում եք իշխանությունը բռնազավթած հայրենադավ խմբակի մասին, ապա ես նաեւ կարող եմ ավելացնել այդ խմբավորմանը, որպես գործընկեր, «ընդդիմությանը»: Վեհափառ Հայրապետն իր եզրափակիչ խոսքում ամեն ինչ ասաց. «… Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազները, հրաժարվել սեփական պատմությունից։ Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը։ Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող անարգել ու արհամարհել հայրենակից ու բարեկամ իր քույրերին ու եղբայրներին, քանզի ասված է. «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել»: Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, կոչված է դառնալու ճշմարտության առաջամարտիկ, բարիքի կերտող և սիրո քարոզիչ։ Եվ վերջապես, ով օծված է Սրբալույս մյուռոնով, նա երկյուղած պիտի լինի միայն ու միայն Աստծուց, եւ աներկյուղ՝ թշնամիների ու սպառնալիքների առջեւ, քանզի, ինչպես ասում է Սուրբ Առաքյալը, «Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը»: Այսինքն՝ չի կարող Սուրբ մյուռոնով օրհնվածքն անել այն ամենը, ինչ այսօր անում է այս հայրենադավ խմբակը՝ «ընդդիմության» լուռ աջակցությամբ: Դրանով ամեն ինչ ասված էր, հետեւապես Մայր Աթոռ գալով՝ նրանք ոչ մի խնդիր չէին կարող լուծել: Ինչպես ասաց շատ հարգելի Միքայել սրբազանը՝ եկեղեցին նմանների՞ է տեսել, կանցնեն, կգնան, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եղել է եւ կմնա:

– Ձեզ համար դժվար չէ՞ր ներկա գտնվել նույն տարածքում, որտեղ Սուրբ պատարագի էր մասնակցում Նիկոլ Փաշինյանն՝ իշխանական ողջ վերնախավով:

– Ձեր կողմից նշված էակի անունը չեմ ուզում տալ: Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին: Իրենք չկան: Այսօր մեր բոլորի քայլերը պետք է ուղղված լինեն մեր հոգու պաշտպանությանը, ինչն այս երկրային կյանքում ամենաթանկն է: Իսկ այդ էակն իր հոգին արդեն վաճառել է: Իսկ դեւերը բոլոր տեղերում էլ առկա են, գալիս են, բայց Քրիստոսին տեսնելիս՝ ծնկի են գալիս: Ընդ որում՝ նույնիսկ դեւերն իրենց տեղը գիտեն, շատ ափսոս, որ իրենց ընդդիմադիր կոչողներից ոմանք, որոնք ընդդիմանում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կամ դրժում են նրա խոսքը, իրենց տեղը չգիտեն:

– Իշխանությունն ասում էր, թե ծնկի է բերելու հոգեւորականներին, բայց գլխիկոր իրենք եկան Մայր Աթոռի դուռը: Հիմա ո՞վ ծնկի եկավ:

– Այդ անաստված բարբաջանքներին մեկնաբանություն տալու կարիք չկա: Նորից եմ ուզում հիշեցնել Միքայել սրբազանի խոսքը՝ նմանների՞ է եկեղեցին տեսել, կգնան, կգնան, կփոշիանան: Նրանց նույնիսկ հիշող չի լինելու: Հայոց պատմության մեջ հիշվելու են որպես մեծագույն, աննախադեպ դավաճաններ, եւ թող Աստված լինի նրանց դատավոր, ես չեմ դատում: Առաջ Աստված, ամեն ինչ իր տեղը կընկնի, եւ ամեն ինչ լավ է լինելու: Աստծո ժողովուրդը պարտվել չի կարող, դրա համար մենք ազգովի պետք է շրջվենք առ Աստված եւ թարգ տանք այն զազրելի սովորությանը՝ ուղղություն ցույց տալ եկեղեցուն, քննարկել, մատնանշել, ճիշտ ու սխալ տարբերակել: Սա բակի խոսակցություն չէ, այլ մեր սուրբ հավատքն է, մեր ընտրությունն է, իսկ քրիստոնեությունն ուժեղների ընտրությունն է: Մենք պետք է վեր լինենք նման խոսակցություններից, մեզ վայել չէ:

– Այսօր Հանրապետության հրապարակում տեղի կունենա դադարից հետո՝ առաջին հանրահավաքը: Ի՞նչ սպասումներ ունեք Բագրատ սրբազանի ազդարարած նոր պայքարից:

– Ես չգիտեմ ինչ նկատի ունեք՝ միգուցե Վազգեն Գալստանյանի մասի՞ն եք խոսում: Որքանով տեղեկացա ԶԼՄ-ներից, նա հեռացել է վանքերից մեկը՝ աղոթքի եւ ծոմի համար, միգուցե ծոմից դուրս գա, կարծիքը փոխի: Բայց ես, ամեն դեպքում, դա պայքար չեմ համարում: Ավելին ասեմ՝ ինչպես հիշում եք, երբ դեռ, այսպես կոչված, պայքարը չէր սկսվել, ես ասացի, որ սա համարում եմ անթույլատրելի, եւ այն, ինչ կատարվում է, հարված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա հետեւորդների կուռ միասնությանը:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ