• am
  • ru
  • en
Версия для печати
08.07.2024

ԱՇԽԱՐՀԸ, ՌԵԳԻՈՆԸ ՑՆՑՎՈՒՄ Է, ԲՈԼՈՐԸ ԶԻՆՎՈՒՄ-ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐՍԻՑ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳ ԿԱ… ԻՍԿ ՆԱ ՀԵԾԱՆԻՎ Է ՔՇՈՒՄ. Վարուժան Գեղամյան

   

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում օրեր առաջ գրել էր.

«Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մեկի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը երեկ իր հարցազրույցում ասել է. «Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին.- խմբ.) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը.- խմբ.)»։ Հիշեցնեմ, որ Սրբազան պայքարի դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են Փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան»,- գրել էր թյուրքագետը։

Թուրքիան և Ադրբեջանն ումի՞ց և ինչո՞ւ են ուզում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին Հայաստանում: Հենց այս հարցադրմամբ սկսեցինք մեր զրույցը Վ. Գեղամյանի հետ:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • «Մենք պետք է պաշտպանենք Փաշինյանին» մտքի հեղինակ՝ հայտնի այդ թուրք լրագրողը պատահական մարդ չէ, բավականին հայտնի լրագրող է և միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիրը։ Նրա այդ միտքը հեռարձակվել է մեծ սփռում ունեցող ռեսուրսներով։ Թուրքիայում առհասարակ կա մտայնություն, որ Հայաստանի գործող, դե ֆակտո իշխանությունները վարում են այն քաղաքականությունը, որը նպաստում է Թուրքիայի՝ տարածաշրջանային նպատակների սպասարկմանը։ Ամեն անգամ, երբ տեսնում են, որ հանրային դժգոհությունը Հայաստանում մեծացել է, իրենք աջակցում են Փաշինյանին։ Այս անգամ առիթը Սրբազան շարժումն էր։
  • Դիմադրության շարժման պայքարի օրերին Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավարն իր գործընկերներին ասել էր՝ ուշի ուշով հետևում են Հայաստանում տիրող իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկեն «ռևանշիստական» ուժերի դեմ։ Սա ուղիղ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին։
  • Միայն այն հանգամանքը, որ մինչև 2018թ․ադրբեջանական և թուրքական քարոզչությունը Հայաստանում հետևողական աշխատանք էր տանում՝ պետական ինստիտուտները թուլացնելու, Արցախի նկատմամբ ատելություն սերմանելու, ազգային արժեքներն արժեզրկելու համար, և այդ քարոզչությունը հայկական տիրույթ բերում էին այն մարդիկ, ովքեր հիմա պաշտոններ են զբաղեցնում, խոսում է ամեն ինչի մասին։
  • Մենք Հայաստանում գործ ունենք դե ֆակտո իշխանության հետ, որի տարբեր ներկայացուցիչներ անում են տարբեր, իրար հակասող արտահայտություններ՝ թե՛ ներքին կյանքին, և թե՛ արտաքին քաղաքականությանն առնչվող։ Սա պետք է կարմիր լույս լինի մեր քաղաքացիների համար։ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի առաջնային խնդիրն իր սեփական իշխանության արտաքին թիկունքը պահելն է։ Այս իշխանությունը, չունենալով ներքին լեգիտիմություն, ցանկանում է արտաքին լեգիտիմության հաշվին երկարացնել իրենց իշխանության կյանքը գեթ մեկ օրով։ Արմեն Գրիգորյանի և նմանների հայտարարությունները դրա համար են արվում։
  • 2018թ.-ից հետո մենք չունենք արտաքին քաղաքական ոչ մի էական ձեռքբերում, բարձր մակարդակի ոչ մի ռազմաքաղաքական համագործակցություն։
  • Արցախի Հանրապետությանը մենակ է թողել և ճանաչել Ադրբեջանի մաս Հայաստանի գործող դե ֆակտո իշխանությունը, Արցախում պարտվել է Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, որը Սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Մնացած ոչինչ էական չէ։ Էդ պարտության խարանը չի ջնջվելու, որքան էլ ամեն տեղից հեռացնեն Արցախի մասին հիշատակումները, և որքան էլ փորձեն իրենց պատասխանատվության տիրույթից հեռացնել Արցախում պարտության իրենց մեղքը։ Իհարկե, Ադրբեջանը միշտ էլ փորձել է տիրանալ Արցախին, բա ինչո՞ւ մինչև 2018թ․չէր հաջողում։
  • Հայաստանն արտաքին քաղաքական առումով ոչ մի ձեռքբերում չունի, փոխարենը՝ Ադրբեջանն ունի ձեռքբերումներ: Իրական ձեռքբերումն Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրն է, որն Ադրբեջանին թույլ է տալիս տարածաշրջանային գերակայություն ունենալ՝ փոխարենը Եվրոպային առաջարկելով ռուսական էներգակիրներին այլընտրանք։ Իրական ձեռքբերումն այն է, որ Վրաստանը թույլ չտվեց իրեն ներքաշել ռուս-ուկրաինական բախման մեջ։ Սրանք են իրական ձեռքբերումները, ոչ թե Փաշինյանի հայտարարածը։
  • Մեր անմիջական հարևանությամբ տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, ունենք բազմաթիվ մարտահրավերներ, բայց մեզ մոտ որոշ մարդկանց գլխավոր օրակարգը հեծանիվ վարելն է, ինչը համարվում է կարևոր ձեռքբերում…
  • Համարել, որ պետությունն ուղղակի տարածք է, որտեղ ոչինչ չի կատարվում, այլ միայն գնում ես աշխատանքի ու գալիս, նշանակում է՝ գործ ունենալ ոչ թե պետության, այլ գաղութի հետ։ Երբ պետության քաղաքացիները հրաժարվում են ամուր ու ուժեղ պետության համար պայքարելուց, դառնում են այլ պետության տարածքի մաս։
  • Աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Լեյբորիստները հաղթում են Մեծ Բրիտանիայում, աջ ազգայնականները հաղթում են Ֆրանսիայում, փոփոխություններ են տեղի ունենում միջազգային տարբեր կառույցներում, ուկրաինական պատերազմն ավարտվելու որևէ հեռանկար չունի, բոլոր երկրները ոչ միայն գնում են սպառազինություն, այլև ստեղծում են սեփականը, շատ երկրներ վերադառնում են պարտադիր զինծառայության մոդելին, իսկ մենք… հեծանիվ ենք քշում։ Հարգելի քաղաքացիներ, նախկինի պես անհոգ ապրել հնարավոր չի լինելու, մենք պետք է պատրաստվենք ամենավատ սցենարներին։ Բոլոր երկրները մտածում են սրա մասին, բացի Հայաստանից, որտեղ ամեն ինչ լավ է, որի գլխավոր խնդիրն ասֆալտն ու մանկապարտեզների վերանորոգումն է։
  • Առաջիկա ամիսներին մեր տարածաշրջանում սպասվում են իրադարձություններ, որոնք կարող են դառնալ կայծքարեր գլոբալ փոփոխությունների վրա։ Դրանցից մեկն աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններն են։ 2-րդը՝ Հայաստանում աշնանը նախատեսում են իրականացնել սահմանադրական փոփոխությունններ՝ ակնհայտորեն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով։ Կակտիվանա Ադրբեջանի՝ իր, այսպես կոչված, «փախստականներին» Հայաստանում տեղակայելու պահանջը՝ մշակութային ինքնավարության պնդմամբ, ինչն իր հետ կբերի մեծ ցնցումներ։ Սա Հայաստանը ներսից պայթեցնելու ամենաուղիղ եղանակն է։
  • Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մասին, թող նայեն ադրբեջանական հեռուստաալիքներն ու կտեսնեն, որ Ադրբեջանում հայատյացության մակարդակն էլ ավելի է բարձրացել։
  • Աստված մի արասցե, որ հաջողեն սահմանադրական փոփոխությունները, մենք «Արցախ» բառը չենք կարողանալու ասել, որովհետև դա օրենքով է արգելվելու՝ որպես ազգամիջյան թշնամանք հրահրող բառ, որևէ մեկը չի կարողանալու ասել՝ «ես մշեցի եմ», չենք կարողանալու պարել ազգային պարեր, որովհետև հնարավոր է՝ այդ պարն Ադրբեջանը համարում է իրենը, չենք կարողանալու ասել «Արարատ» բառը… Կենցաղային օրինակները դեռ մեղմ են։ Այդ փոփոխություններով՝ մեր բանակը համարվելու է պաշտպանական բանակ, իսկ դա նշանակելու է, որ եթե Ադրբեջանը հարվածի, դու չես կարողանալու պատասխան տալ։
  • Մենք հիմա ունենք տարածքային ինտեգրացիայի խնդիր, երբ մի գյուղից մյուսը գնալու համար դու պետք է հաղթահարես բազմաթիվ դժվարություններ, որովհետև, օրինակ, Սյունիքում քո գլխավոր ճանապարհը Նիկոլ Փաշինյանը նվիրել է թշնամուն։
  • Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը երբևէ չեն համընկել, բայց երկու պետություններում էլ հասկանում են, որ տարածաշրջանում չեն կարող հասնել հաջողության՝ առանց Ռուսաստանի շահը հաշվի առնելու։ Հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու համար Ադրբեջանը նախանձելի աշխատանք է կատարում, ահռելի լոբբինգ է իրականացվում այդ ուղղությամբ։
  • Երբ Հեյդար Ալիևը եկավ իշխանության, նրա արտաքին քաղաքական կարևոր ձեռքբերումն այն էր, որ վերջինս արագ հասկացավ՝ չի կարելի հարաբերություններ փչացնել Ռուսաստանի հետ՝ այո, մնալով թուրքական գծի մեջ։ Սա լավ դաս եղավ նրա որդու՝ Իլհամ Ալիևի համար։
  • Զանգեզուրի միջանցքի հարցով Թուրքիան ու Ադրբեջանը հետապնդում են պանթուրքիստական, որպես հետևանք՝ Սյունիքի սողացող նվաճման, ԱՄՆ-ը՝ աշխարհաքաղաքական նպատակներ։
  • Փաստ է, որ Թուրքիան Հայաստանի վրա ունի ազդեցություն։ Դրա ապացույցը Պաղեստինի պետության ճանաչումն է, միմյանց միջև հեռախոսազանգերի ինտենսիվությունը։
  • Կարսի պայմանագիրն իրականում ունի բազմաթիվ խութեր, որոնք վերաբերում են անգամ Հայաստանի՝ այսօրվա միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Կարսի պայմանագրի ճանաչումից հետո Վայոց ձորի, Տավուշի և Արարատի մարզերից տարածքներ են զիջվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։



168.am


դեպի ետ