• am
  • ru
  • en
Версия для печати
29.06.2024

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՆ Է ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ. Տիգրան Աբրահամյան

   

«Իրավունք»-ի զրուցակիցն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

— Պարոն Աբրահամյան, որքանո՞վ եք իրատեսական համարում Հայաստանի Եվրամիությանն անդամակցությունը:

— Մեկ հարց է, որ պետությունը, կամ տվյալ դեպքում` իշխող ուժը ցանկություն ունի գնալ այդ ուղղությամբ, եւ մեկ այլ բան է, թե քո ցանկություններն իրականության հետ որքանո՞վ առնչություն ունեն: Շատ երկրներ կան, որոնք ոչ միայն տարիներ, այլ նաեւ տասնամյակներ հայտ են ներկայացնում Եվրամիության անդամակցության մասով, սակայն երկար տարիներ դա չի հաջողվում: Մեզ մոտ Հայաստանի իշխանությունն է որոշում կարո՞ղ է կարճ ժամանակում Հայաստանը բերել Եվրամիության անդամակցությանը, թե` ոչ: Հենց մեկը մեր հարեւան Վրաստանը (դեռեւս չենք խոսում Թուրքիայի ցանկության մասին), որը դեռեւս տասնամյակներ է արդեն հայտ է ներկայացրել, բայց նրանք այդ ճանապարհը չեն անցել եւ առավել եւս Եվրամիության անդամ չեն դարձել: Ես ավելի շատ կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այս ամենը գիտակցում են, սակայն նրանց նպատակը ոչ թե Եվրամիության անդամակցության հարցերն են, այլ նաեւ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվելը` ընդդեմ Ռուսաստանի, եւ այսօրվա իրադարձությունն էլ կարծում եմ` այդ տրամաբանության մեջ է ծավալվում:

Ովքեր այսօր փորձում են ներկայանալ` որպես Եվրամիության անդամակցության ջատագովներ, նրանցից շատերը ո՛չ իրենց բնույթով, ո՛չ տեսակով եւ առավել եւս` ո՛չ էլ իրենց պահվածքով որեւէ առնչություն չունեն եվրոպական արժեքների հետ, եւ այս ամենով է պայմանավորված, որ հայաստանյան իշխանությունների համար այսօր խնդիրը ոչ թե Եվրամիության արագ անդամակցության հասնելն է, որը հնարավոր չէ պարզապես, այլ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Ռուսաստանի դեմ քայլ կորզելու խաղի մեջ մտնելն է:

— Ինչպե՞ս եք վերաբերվում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարին, ինչը քննարկվում էր ԱԺ լսումների մակարդակով:

— Կարծում եմ, որ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն եվրոպական օրակարգը քննարկումների առարկա դարձնել: Իհարկե, դա բավականին տհաճ կերպով է արվում, քանի որ Եվրոպայի հետ համագործակցության զարգացում կամ խորացում ինչ-որ տարբեր մակարդակների հասնելը՝ մշտապես տարբեր իշխանությունների օրակարգում եղել է` հիմնականում տնտեսական բարեփոխումների օրակարգ իրենց մեջ ներառելով: Սակայն որակական քննարկում ես ինքս չեմ տեսնում եւ կրկնում եմ, որ այն, ինչը հիմնականում եղել է՝ դա ոչ թե քննարկում է եղել մեր քաղաքացիներին ցույց տալու, թե ո՞րն է այս պահի դրությամբ Հայաստանի համար կարեւոր, ու ի՞նչը կարող է հայ ժողովրդին առավել լավ ծառայություն մատուցել, այլ խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի իշխանությունը մտել է արտաքին դիմակայության դաշտ, որտեղ իրենք «գործելու» որեւէ հնարավորություն չունեն: Մինչդեռ ստեղծված իրավիճակում վատ ծառայություն են մատուցում այդ աշխարհաքաղաքական բախման տարբեր դերակատարներով:

— Իսկ հանրաքվե անցկացնելու պարագայում` չե՞ք կարծում, որ ՀՀ քաղաքացիների համար պետք է ընտրության հավասար պայմաններ ստեղծվեն՝ քվեաթերթիկում դնելով երկու հարց` ցանկանում են մտնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությո՞ւն, թե՞ Եվրամիություն:

— Անկեղծ ասած, ես այս թեման ժամանակավրեպ եմ համարում: Նույնիսկ քննարկման որեւէ նյութ էլ դրա առանցքում չեմ տեսնում: Ինչը վերաբերում է որեւէ ընտրական գործընթաց կազմակերպելուն, ապա եթե այն այս իշխանությունն է կազմակերպելու, բնականաբար, երաշխավորվում է այդ գործընթացի տապալումը, ապօրինությունները, վարչական գործիքի կիրառումը եւ այլն: Բայց էլի եմ ասում` այդ թեման ես ինքս այս պահի դրությամբ ժամանակավրեպ եմ համարում:

Դիանա Մանուկյան
www.iravunk.com


դեպի ետ