
ԻՆՉՈՒ ԱԽՔ ԱՐՄԵՆԸ ՉՍՏՈՐԱԳՐԵՑ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Այն, որ ներկա գլոբալ եւ միանգամայն սուր զարգացումներն (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=286281&l=am) ամենաուղիղ ձեւով ազդում են նաեւ մեր տարածաշրջանի վրա, դա էլ պետք չէ աչքաթող անել: Պատկերացնո՞ւմ եք, ԱԽՔ Արմենը գնում-հասնում է ուկրաինական գագաթաժողովին եւ չի ստորագրում եզրափակիչ փաստաթուղթը, ինչքան էլ որ այն իրենից մեծ արժեք չէր ներկայացնում: ՀԱՊԿ-ից «դուրս եկող» Նիկո՞լն էր պահանջել՝ ոչ մի թուղթ չստորագրես. հնարավոր է: Բայց չէ՞ որ այդ դեպքում Արմենը կարող էր զանգել Ռիչարդ Մուրի քարտուղարուհուն, նա էլ՝ Նիկոլին, եւ հարցը կլուծվեր: Ի՞նչ է, Մուրն այնքան է խառնված բրիտանական ընտրություններով, որ ԱԽՔ Արմենին մոռացե՞լ է: Կամ միգուցե Արեւմուտքում կարծում են, թե Նիկոլն արդեն իր վրա շատ բեռ է վերցրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Լուկաշենկոյի հետ խռովելու մասով, եւ որոշեցին ավելորդ «բեռ չբարձել». չնայած, սա քիչ հավանական է, Արեւմուտքի ինչի՞ն է պետք Նիկոլին խղճալը: Կամ միգուցե Նիկոլը տեսավ, որ Ալիեւն առհասարակ հրաժարվեց այդ գագաթաժողովից՝ ռուսների հետ հարաբերությունները պահելով, եւ կռահե՞ց, որ Հայաստանի ստորագրությունը այդ փաստաթղթի տակ հաստատ հետեւանքներ կունենա. սա արդեն հնարավոր է:
Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ Նիկոլը, դատելով նրա հայտարարություններից, վերջնականապես է հույսը կտրել, որ կարող է արեւմտյան մոդելով խաղաղության պայմանագիր ստորագրվի: Ալիեւը շարունակում է համառել կոմունիկացիաների վերագործարկումը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետ կապելու տարբերակի վրա, իսկ Արեւմուտքին, ունենալով նման քաոսային վիճակ, Հեյդարովիչին ճնշելու ավելի ու ավելի քիչ հնարավորություններ են մնում: Սա, քանիցս ենք ասել, Նիկոլի համար խորը փակուղի է՝ առհասարակ չունենալ պայմանագիր, եւ ամեն հերթական հողատվությունից հետո հայտնվել ցնցումների մեջ, կամ վերադառնալ նոյեմբերի 9-ի սցենարին: Իսկ այս տարբերակի դեպքում, առավել եւս՝ ռուսական ուղղությամբ վերջին հիստերիաներից հետո, նաեւ ուկրաինական բանաձեւ ստորագրելն անգամ Նիկոլի համար «ծայրահեղ դոզա» կարող էր դառնալ, անկախ այն բանից՝ ԱԽՔ Արմենը Մուրի քարտուղարուհուն զանգե՞լ է, թե՝ ոչ:
Առավել եւս, որ մեծ հարց է, թե ներկա իրավիճակում Վաշինգտոնը հայաստանյան ուղղությամբ զբաղվելու ժամանակ եւ ցանկություն կգտնի՞, որ պետք եղած պահին Նիկոլին օգնության հասնեն: Բանն այն է, որ ԱՄՆ-ի փորձագիտական հանրությունն այս օրերին միանգամայն ակտիվորեն է խոսում, որ կարող է Թուրքիային ձեռքից բաց թողնել, եւ այդ դեպքում Հայաստանից անգամ կոպեկի օգուտ չ են ունենա: Օրինակ, ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերի գնահատմամբ. «Էրդողանը հասկանում է, որ BRICS-ն ապագան է։ Այս դաշինքը ներկայումս գտնվում է իր աշխատանքային կառույցի հիմնարար կառուցման փուլում, եւ Թուրքիան կշահի այս գործընթացին հնարավորինս շուտ մաս դառնալուց: Կարծում եմ, որ հենց Թուրքիան միանա BRICS-ին, եւ ստեղծվի Պուտինի անկախ եվրասիական անվտանգության համակարգը, թուրքերն անմիջապես դուրս կգան ՆԱՏՕ-ից եւ կգնան այլ ուղղությամբ»:
Մեկ այլ դրվագ. երեկ Թուրքիայի եւ Սիրիայի ռազմական պատվիրակությունները Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններ են վարել սիրիական «Խմեյմիմ» ավիաբազայում: Տեւական ժամանակ կանգ առած թուրք-սիրիական բանակցությունները վերսկսվեցին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի եւ Հաքան Ֆիդանի հանդիպման հենց հաջորդ օրը։ Ավելի վաղ եղավ նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հայտարարությունը, ով խոստովանել է, որ իշխանությունները կարող են դիտարկել Սիրիայից զորքերը դուրս բերելու հնարավորությունը: Այս ամենը, իհարկե, միանգամայն թափանցիկ ակնարկ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք արգելակվել էին Սիրիայի հետ կապված, սկսել են մեռյալ կետից շարժվել, եւ բավականին լուրջ լուծումներ են սպասվում գալիք ամիս ծրագրված Պուտին-Էրդողան հանդիպումից: Իսկ դա իր հերթին է խոսում այն մասին, որ Էրդողանը հենց այնպես չէ, որ հանկարծ հայտարարեց BRICS-ին միանալու ցանկության մասին: Իհարկե, հաշվի առնելով նաեւ այն բուռն զարգացումները, որ կան ռուս-իրանական հարաբերություններում:
Այս նոր իրողությունների պարագայում ի՞նչ է մնում Նիկոլին, դա արդեն ինքը կիմանա:
դեպի ետ