• am
  • ru
  • en
Версия для печати
30.05.2024

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՌԵԱԼ Է

   

Հայաստանյան իրադարձություններին զուգահեռ (Տե´ս նաեւ), կան նաեւ բոլոր ազդակները, որ ռուս-ամերիկյան այս կռիվը տարածաշրջանային բնույթ է կրում: Նկատի ունենք վրացական իրողությունները:

Վրաստանում իրավիճակը հասել է նրան, որ Վաշինգտոնն արդեն ցուցադրաբար է սպառնում ՄԱԿ անդամ հանդիսացող երկրին, այն էլ այնպիսի պատճառաբանությամբ, թե ինչու ես մի այնպիսի օրենք ընդունել, որը մենք չենք ուզում: Սա, հասկանալի է, արեւմտյան «դեմոկրատիայի» հերթական վառ արտահայտումն է, բայց դա չէ ամենաէականը:

Այլ հետեւյալը: Այսպես, ամերիկյան ճնշումներն արդեն հասան այն անբարոյական մակարդակին, որ արդեն թիրախավորում են անգամ վրացի պատգամավորների ընտանիքներին եւ երեխաներին: (Տիպիկ լիբերաստական մոտեցում, նաեւ Նիկոլին չենք մոռանում): ««Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով վրաց պաշտոնյաների ընտանիքի անդամների նկատմամբ պատժամիջոցները պետք է ստիպեն նրանց գործել ժողովրդավարական աշխարհի նորմերին համապատասխան: Եթե ցանկանում եք լինել մեր համայնքում, ստացեք նպաստներ, օրինակ, թե որտեղ են սովորելու ձեր երեխաները, ապա դուք պետք է քայլեր ձեռնարկեք որպես այս համայնքի անդամ, սա այն ամենն է, ինչ մենք ասում ենք», - ճեպազրույցում ասաց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը:

Մոտավորապես նույն ոճի մեջ է Սենատը, որի միջազգային հարաբերությունների կոմիտեն խոսեց երկկուսակցական օրինագծի մասին՝ ուղղված Վրաստանի պաշտոնատար անձանց եւ կառավարության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելուն։

Այն, որ երեխաներով ծնողներին սպառնալը ոչ թե պարզապես շանտաժ է, այլ` ահաբեկչություն, կհաստատի ամեն մի իրավաբան: Այն, որ ԱՄՆ պետքարտուղարությունը սրանով լիովին է իր դեմքը բացում, դա եւս: Եվ ոչ միայն ԱՄՆ-ն. հիշենք Վրաստանի վարչապետի վերջին հայտարարություններից մեկը, թե` ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան իրեն սպառնացել է սպանությամբ:

Միայն թե, շատ նման է, որ վրացի իշխանավորները պարզ հասկանում են, որ այս ահաբեկչությանը «կուլ գնալով»` իրենց երկիրն են դատապարտելու ոչնչացման: Ամեն դեպքում, վարչապետ Կոբախիձեի վերջին հայտարարությունը հուշում է, որ պատրաստ են մինչեւ վերջ կանգնել իրենց դիրքերին: Այսպես, ըստ Կոբախիձեի. «Ժողովրդի եւ նրա ընտրած իշխանության միասնությունն ու բովանդակալից քայլերը վերջին 2 տարիների ընթացքում մեզ հնարավորություն են տվել երկրում խաղաղություն պահպանել՝ չնայած էկզիստենցիալ սպառնալիքներին եւ տարբեր դավաճանություններին, այդ թվում՝ նախագահի դավաճանությանը»:

Սակայն վարչապետ Կոբախիձեն սխալվում է: Փարիզում ծնված, մեծացած, կրթություն ստացած, դիվանագետ աշխատած, Վրաստանում Ֆրանսիայի դեսպան հանդիսացած եւ միայն Վրաստանի եւ Ֆրանսիայի հատուկ պայմանավորվածությամբ ձեւականորեն Վրաստանի քաղաքացիություն ստացած եւ ֆրանսիականը պահած Զուրաբիշվիլու հայրենիքն իրականում հենց Ֆրանսիան է: Այսինքն, նա չի կարող Վրաստանում հայրենիքի դավաճան լինել. նա կարող է ընդամենը Ֆրանսիայի դավաճան լինել, որի համար մեղադրողը պետք է Մակրոնը, այլ ոչ թե Կոբախիձեն լինի: Իսկ Վրաստանում նա ընդամենը վրացական իշխանություններին «կոնտրոլ» անելու համար Արեւմուտքից նշանակված «շպիոն» է: Այ, նման մեղադրանք Կոբախիձեն կարող է ներկայացնել: Բայց սա մանրուք է: Էականն այն է, որ արեւմտյան «կոնտրոլյորին» դավաճան ներկայացնելով, Կոբախիձեն փաստացի վերահաստատեց, որ ներկա դիրքերից նահանջը դավաճանություն է, այն է` վրացական իշխանությունները մնում են իրենց ներկա դիրքերին:

Քայլն ամերիկացիներինն է: Նրանք փորձեցին նախ հեղաշրջման տարբերակը, որը տեղում դոփում է: Հաջորդեց բացահայտ սպառնալիքների շարքը, ընդ որում` այստեղ դեմոկրատները եւ հանրապետականները միակամ են: Ու էլի չհաջողվեց:

Մնում է երկրորդ տարբերակը. ամենայն հավանականությամբ, կփորձեն Վրաստանում քաղաքացիական պատերազմ հրահրել: Դրա բոլոր հնարավորությունները կան, եւ պատահական չեն նաեւ խոսակցությունները, որ սկսել են արագ տեմպերով Վրաստան ուղղարկել Ուկրաինայում ռուսների դեմ կռվող վրացի վարձկաններին եւ միգուցե ոչ միայն վրացի:

Սակայն այս սցենարը, ինչքան էլ որ նման հարցերում ամերիկացիները մասնագետ են, վտանգավոր է: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե նման բացահայտ հարվածը տանի նրան, որ վրացական կառավարությունն օգնություն խնդրի Մոսկվայից: Խոշոր հաշվով, Աբխազիայում կա միանգամայն լուրջ ռազմաբազա, որը կարող է արագորեն ողջ ծովափնյա գոտին կտրել` ապստամբներին զրկելով մատակարարումներից: Իսկ այդ դեպքում կառավարական ուժերի հնարավորությունները թույլ կտան ամեն մի ապստամբություն ճնշել, որի արդյունքում Վաշինգտոնը վերջնականապես կկորցնի Վրաստանը: Բայց եթե այս ծայրահեղությանը չդիմեն, ապա էլի հեռանկարում փայլում է Վրաստանի կորուստը: Այսինքն, շատ նման է, որ ամերիկացիները մինչեւ վերջ կգնան:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս հարցում Վրաստանն էական դեր ունի: Վրաստանը կորցնելու դեպքում` Հայաստանը վերահսկողության տակ պահելու հարցում Արեւմուտքն ակնհայտորեն լուրջ լոգիստիկ խնդիրներ կունենա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն ունի բավական ամուր դիրքեր` այս մեծ խաղում մանրադրամի դեր չստանձնելու համար: Պարզապես կմիանա աշխարհաքաղաքական այն ուժին, որը հաղթողի դիրքեր կվերցնի Վրաստան-Հայաստան ուղղությամբ:

www.iravunk.com


դեպի ետ