
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԵՎ ԿՈՆԿՐԵՏ ՀՀ-Ը ՄԱՔՐՈՒՄ Է ՌՈՒՍՆԵՐԻՑ՝ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Համբարյան
«Իրավունք»-ի զրուցակիցն է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ:
«ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ՝ ԻՆՉԱՄԵՏ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ»
– Նախորդ շաբաթ ականատես եղանք ՔՊ-ական պատգամավորների ջղաձգումներին ԱԺ ամբիոնից եւ նիստերի դահլիճից դուրս: Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ մասին է սա փաստում:
– Ամեն դեպքում, իրենց ջղաձգումները եւ ցինիկ պահվածքն առավել շատ ցույց են տալիս նրանց վախերն ու կասկածները, ինչպես նաեւ այդ ջղաձգումներն առավել քան շատ ագրեսիվ են։ Ինքնավստահ քաղաքական ուժը չի կարող այդ աստիճանի ջղաձգումների մեջ հայտնվել եւ ուղղակիորեն անցնել՝ հակառակորդին անձնական վիրավորանքների։ Զրպարտություններ եւ կեղծիքներ, մանիպուլյացիաներ տարածելու այդ ուղին չէր անցնի՝ եթե այս իշխանության թիմն այդքան ինքնավստահ լիներ։ Հետեւաբար, նրանց վարքագիծն ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որն արդեն սպասելի էր։
– Ուշագրավ էր նաեւ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ հերթական անգամ Պապ թագավորի հետ համեմատվելով: Ի՞նչ կասեք այս մասին:
– Նախ սկսենք նրանից, որ այս մարդն արդեն վաղուց է փորձում իրեն համեմատել ինչ-ինչ հերոսների հետ։ Հիշում ենք, որ նա մի որոշ ժամանակ առաջ իրեն Հիսուս Քրիստոսի տեղն էր դրել, մեջբերումներ էր անում։ Հետո նա փորձեց նաեւ վերաշարադրել Աստվածաշունչը։ Հաճախ տողեր էր մեջբերում իր ֆեյսբուքյան էջում՝ ուղղակիորեն լրացնելով Աստվածաշնչի այն մասերը, որոնք իրեն ձեռք չէին տալիս։ Այժմ արդեն կոնկրետ անցել է Պապ թագավորին։ Օրերս իր աշխատակազմի ղեկավար եւ թյուրիմացություն Արայիկ անունով մեկն ինչ-որ գրառում է արել եւ նշել, որ իրենք շարունակելու են Պապ թագավորի գիծը, որն ընդհատվել է նրա սպանությամբ։ Հասկանալի է չէ՞, որ փորձ է կատարվում մանիպուլյացիաների եւ կեղծիքների միջոցով ներկայացնել, որ ինքն իբրեւ թե գործ է անում։ Գիտեք, սա եզակի երեւույթներից է համաշխարհային պատմության մեջ, երբ անձը լինելով պարտված, կապիտուլացված, ստորացված թշնամու կողմից եւ շարունակելով այդ քաղաքական գիծը՝ արդեն մի քանի տարի փորձում է իր բոլոր պարտությունների եւ ստորացումների մեջ նաեւ ներքաշել մի ողջ ժողովրդի եւ պետության: Ու սա ներկայացնել՝ որպես հաղթանակ։
Անգամ տարրական գիտելիքներ ունեցող մարդը գիտի, որ Պապ թագավորը չնայած քիչ է կառավարել, բայց իր կյանքում գոնե ճակատամարտ է հաղթել։ Պապ թագավորը երբեք հող հանձնող չի եղել, ընդհակառակը՝ եղել է հող հավաքող անձնավորություն, Պապ թագավորը երբեւէ իր գործունեության կարճ ժամանակվա մեջ Հայկական բանակը չի՛ քանդել, այլ ընդհակառակը՝ հարյուր հազարանոց բանակ է կառուցել։ Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է համեմատվում Պապ թագավորի հետ, որը ցանկանում էր անկախ լինել եւ չենթարկվել որեւէ հարեւան պետության ազդեցության, որի պատճառով էլ սպանվեց։ Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը կետ առ կետ սպասարկող, Ռուսաստանի դեմ արեւմտյան շահերը կյանքի կոչող անձը Հայաստանում կարո՞ղ է ասել, որ ինքը ինչ անում է՝ անում է Հայաստանի ինքնիշխանության համար։ Իհարկե՝ ո՛չ։ Ենթադրաբար եթե վերցնենք, որ նախկինները ռուսամետ են եղել, բա ինքն ինչամե՞տ է։ Մենք այս տարածաշրջանում երկու հնարավորություն ունենք՝ ինչամետ լինելու առումով։ Մեկը ռուսամետ, մյուսը՝ թուրքամետ, որովհետեւ այլ «մետ»-ի հնարավորություն մենք չունենք։ Արեւմուտքը մեզ շատ պարզ հասկացնում է, որ տարածաշրջանը եւ կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը մաքրում է ռուսներից՝ թուրքերին նվիրելու համար։
«ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆԻԿՈԼԸ ՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ»
– Բայց օրվա իշխանությունը հստակ քայլերով գնում է դեպի Արեւմուտք, իսկ արեւմտամետները ամեն կերպ գովազդում են, թե ազգային եւ անվտանգ պետություն ունենալու ճանապարհը հենց սա է…
– Պատերազմից երեք ու կես տարի է անցել։ Որեւէ անգամ տեսե՞լ ենք, որ, ասենք, նույն Արեւմուտքը՝ ի դեմս Ֆրանսիայի, որն, ի դեպ, մեզ այդքան սիրում եւ հարգում է, իր կողմից հայտարարի, որ դուրս բերեք ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից, եւ ես նրանց կփոխարինեմ ֆրանսիական լեգեոնի 3,5 հազար զինվորներով։ Լսե՞լ եք, չե՛ք լսել, որովհետեւ Ֆրանսիան շատ անկեղծ է մեզ հետ։ Ֆրանսիան շատ պարզ կերպով ասում է, որ չկա արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն տարածաշրջանում, որի արդյունքում Հայաստանը պետք է հայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմիկ վերահսկողության տակ։ Ամենասարսափելին գիտե՞ք որն է, երբ նույն թուրք-ադրբեջանական շահերին սպասարկող Նիկոլ Փաշինյանն իր հակահայկական ծրագրերը իրականացնում է՝ երկրի ինքնիշխանությունը եւ անկախությունը վերականգնելու քողի ներքո։ Այն դեպքում, երբ մենք ինքներս շատ պարզ գիտենք, որ նույն Բաքուն եւ Անկարան բացարձակ նպատակ չունեն Հայաստանի հետ հաշվի նստելու, ցանկություն չունեն հաշվի առնելու հայ ժողովրդի եւ ՀՀ շահերը եւ նրանք առաջնորդվում են հետեւյալ տեսակետով՝ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը՝ արեւմտյան Ադրբեջան է եւ վերջ։ Երբ ընդդիմադիրների հասցեին ամենավերջին վիրավորանք տվող Ալեն Սիմոնյանն օրերս լրագրողներին ասում էր, թե ինքը չգիտի՝ Ադրբեջանի նախագահն ինչեր է ասել Նիկոլի կամ ՀՀ հասցեին, իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ դա իրականությունից փախչելն է եւ, միեւնույն ժամանակ, չմեկնաբանելն իր տիրոջ՝ Նիկոլի քաղաքական հայր Ալիեւի հակահայկական զառանցանքները։ Բոլորս ենք տեսնում, որ ՀՀ վարչապետը եւ իր խումբն ամբողջությամբ կատարում են Բաքվից հնչող պահանջները եւ ինչպես նշեց Ալիեւը՝ դա այդպես էլ պետք է լինի։
Այո, ես ինքս էլ լինելով որպես պատմաբան՝ ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ պարտվածը միշտ էլ անելու է այն, ինչն իրեն հաղթածը թելադրում է։ Մինչդեռ դա ինքներս ենք թույլ տվել, քանի որ հնարավորություն ունեինք, որպեսզի պարտությունից հետո փոխեինք Նիկոլի նմանին, որպեսզի մեզ չպարտադրվեր անել այն, ինչ ցանկանում է թշնամին։ Սակայն, քանի որ հայ ժողովուրդը համաշխարհային պատմության մեջ կրկին վերընտրեց պարտված լիդերին երկրի ղեկավար, ապա հայ ժողովուդը պետք է ամբողջությամբ ըմբոշխնի այն բոլոր նվաստացումները եւ նսեմացումները, որոնք իր համար պատրաստել է Ալիեւը՝ այդ ամենն իրականացնելով հենց ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանի միջոցով։
– Որքանո՞վ արդարացվեցին սպասելիքները մայիսի 26-ին Բագրատ սրբազանի կողմից հրավիրված հանրահավաքից։
– Այստեղ կարեւոր է մի հարց։ Սա Բագրատ սրբազանի վերջին հնարավորությունն է, քանի որ ցավով պետք է արձանագրեմ, որ մարդիկ սկսում էին արդեն հիասթափվել։ Մարդիկ հոգնել էին այն ամենից, ինչպես նախկինում արեցին մեր ընդդիմադիրները։ Մարդկանց հանել փողոց, քայլերթերով տանել ու բերել եւ ոչնչի չհասնել, այժմ ոչ ոք էլ այդ գիծը չի էլ ընդունի։ Բագրատ սրբազանն էլ պետք է կոնկրետ նշի, թե ի՞նչ ծրագրեր ինքն ունի։ Բավական ժամանակ կար եւ սրբազանն այդ ժամանակը էապես արդյունավետ օգտագործեց՝ տարբեր խմբերի, գործիչների, մասնագետների հետ հանդիպելու համար։ Այժմ հարկավոր է, որպեսզի կոնկրետ նշվեն ծրագրեր, իսկ այդ ծրագրերի թիվ մեկ խնդիրը նախ այն է, թե ով է լինելու ՀՀ վարչապետը։ Ես ինքս էլ համարում էի, որ ամենաօպտիմալ տարբերակը՝ հենց սրբազանն ինքն է։ Ժամանակավոր վարչապետի պաշտոնն ինքը պետք է զբաղեցնի, որոշ ժամանակ ինքը պետք է ղեկավարի Հայաստանի Հանրապետությունը եւ երկրում ստեղծվի այնպիսի վիճակ, որն այս անորոշ դրությանը ավարտ կտա։ Թեկնածուների մի շարք կա, որը նաեւ ընդունելի է, բայց ես գտնում եմ, որ ճիշտ տարբերակը հենց ինքը՝ Բագրատ սրբազանն է։ Նախ արտաքին ոլորտում մենք պետք է փորձենք շատ արագ կերպով զսպել թուրք-ադրբեջանական ագրեսիան, քանի որ Նիկոլն այնքան է տվել այս տարիների ընթացքում, որ թշնամին արդեն սովորել է, որ Նիկոլի միջոցով կարելի է ամեն ինչի հասնել եւ ամեն ինչ ստանալ։ Իսկ Նիկոլի հեռացումն ուղղակի անընդունելի է թուրք-ադրբեջանական տանդեմի համար եւ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլը մնա Հայաստանի իշխանության ղեկավար, քանի որ իրենք Նիկոլի պես նվեր, երեւի թե, 20-րդ դարի կեսերից մինչ 21-րդ դարը չեն ունեցել։ Նիկոլը թուրքից թուրք է եւ ինքըստինքյան առաջնայինը պետք է արտաքին քաղաքականության ակտիվ գործունեության արդյունքում մենք չեզոքացնենք թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան՝ եւ՛ բանակցությունների, եւ՛ մեր գործընկերների միջոցով։ Այլ տարբերակ չկա, որովհետեւ Նիկոլը հետպատերազմյան շրջանում ուղղակիորեն դիտավորյալ չի վերականգնել բանակը, որպեսզի կարողանար համարժեք հարված հասցնել հավանական ագրեսորին։ Այս պարագայում՝ Ադրբեջանին։ Դա դիտավորյալ է ինքն արել, քանի որ այժմ նկատում ենք՝ ինչպես է շատ հանգիստ թուրքին նվիրում հայկական հողերը։ Դա անում է, որպեսզի կարողանա շեշտել անընդհատ բանակ չունենալու, բանակի թույլ լինելու եւ հասարակությանը պատերազմի ու շանտաժի միջոցով պարտադրելու ընդունել այն նվաստացումները, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմն իրականացնում է ՀՀ-ի նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Հայաստանում նոր կկազմակերպվեն կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ կձեւավորվի նոր իշխանություն։ Իհարկե, այս դեպքում եւս պետք է արգելվի ՔՊ-ի գործունեությունը ՀՀ-ում:
Դիանա Մանուկյան
www.iravunk.com
դեպի ետ