
ՆՈՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԵՐԻՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԽԱՌՆՎԵՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՀՎ-Ն
Օտարերկրյա, հատկապես՝ բրիտանա-ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարության հետ Նիկոլի շփումները թեեւ միշտ էլ տարաբնույթ հարցերի եւ մեկնաբանությունների տեղիք են տալիս, սակայն ժողովրդի հետ ամեն ինչ կիսվելու հարցում «պատրաստակամ», «ժողովրդական վարչապետի» տեղեկատվության պատասխանատուները բավարարվում են միայն ոչինչ չասող տեղեկատվությամբ: Իսկ ահա վերջին՝ ամերիկյան ԿՀՎ-ի փոխտնօրենի հետ հանդիպման մասին անգամ այդ չնչին տեղեկատվությունը վարչապետի կայքում ներկայացված չէ:
ԻՆՉՈՒ ԷՐ ԵԿԵԼ ԿՀՎ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
Ուրեմն, այդ ի՞նչ գերգաղտնի բաներ է քննարկում Նիկոլը MI-6-ի կամ ԿՀՎ-ի շեֆության հետ, որ անգամ մոտավոր թեմաներն են պահում յոթ փակի տակի գաղտնիք: Արդյունքում, տարածվում են տարաբնույթ ենթադրություններ, եւ ԿՀՎ-ի ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի նախօրեի այցն էլ բացառություն չէր:
Որ Քոհենը Հայաստանում, Նիկոլից զատ, մեկ էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպեց, կարելի է հասկանալ: Արմենն այնքան է շփվել MI-6-ի ե ԿՀՎ-ի հետ, որ երեւի արդեն հարազատի տեղ է անցնում: Ու այն տպավորությունն է, որ Նիկոլից հետո նրան հանդիպելով, Քոհենը պետք է բացատրեր՝ ինչ կա, ինչ չկա, ինչ կարելի է անել, ինչ չի կարելի: Կարճ ասած, այս դեպքում կարեւորը Նիկոլի հետ հանդիպումն էր:
Թե որն էր Հայաստան այս չպլանավորված այցի պատճառը, փորձագիտական որոշակի շրջանակներում պտտվում է երկու հիմնական վարկած: Առաջին վարկածով՝ ԱՄՆ-ում, ավելի կոնկրետ՝ արեւմտյան, այսպես ասած, «խորքային պետության» ներսում մտահոգություններ կան, որ իրենց հարազատացած Նիկոլը, նրանով էլ՝ Արմենը, Ալենը եւ մյուսները կարող են եւ այլեւս իշխանության ղեկին չլինել, քանի որ Հայաստանում լայնածավալ քաղաքացիական անհնազանդությունն ուժեղանում է: Հրապարակավ, դա դեռ այդքան էլ տեսանելի չէ: Սակայն «շպիոնական» մակարդակներում ունեն իրենց տեսլականն ու հաշվարկները: Այդ թվում, որ Նիկոլին հեռացնելու ռեալ հեռանկար տեսնելու դեպքում հայաստանյան հանրության առնվազն կեսը պատրաստ է փողոց դուրս գալ: Ավելին, այդ միտումը նաեւ աշխարհի հայաշատ հատվածներում տարածվելու լուրջ միտում ունի, առավել եւս այն բանից հետո, երբ վերջին օրերին Նիկոլն ու նրա շրջապատն ուղիղ արշավ են սկսել Հայ եկեղեցու դեմ: Այսինքն, ըստ այս վարկածի, Քոհենի այցի նպատակը Փաշինյանին «դուխ», անվտանգության երաշխիքներ տալն էր, որ հանկարծ սեփական վախերից ելնելով, չփորձի իշխանությունը տալ՝ գլուխը պրծացնելու խոստումների դիմաց: «Ավտորիտար ոստիկանական պետությունում, որին աջակցում է Արեւմուտքը (ԵՄ եւ ԱՄՆ), սկսում է աճել մտավախությունը, որ հայերը կարող են իրականում հետ վերցնել իրենց երկիրը գլոբալիստական կաբալայից եւ մեկընդմիշտ տապալել Փաշինյանի ռեժիմը։ Ժամանակը ցույց կտա, թե ով կհաղթի գլոբալիստների եւ հայ ժողովրդի միջ եւ այս շախմատային մրցախաղում, բայց միգուցե Արեւմուտքը սկսում է կորցնել վերահսկողությունը Հարավային Կովկասի վրա»,- գրում է այս թեզն առաջ տանող աղբյուրներից մեկը:
Մյուս տեսությունը, որը, սակայն, մասամբ իր մեջ պարունակում է առաջինի տարրերը, այն է, որ Արեւմուտքում կան լուրջ մտահոգություններ, որ ներկա իրավիճակում Նիկոլը կարող է գլոբալ իմաստով ճամբարափոխ լինել: Այդ մտավախությունները սրվել են Նիկոլի վերջին մոսկովյան այցից հետո, նաեւ աչքի առաջ ունենալով Վրաստանի օրինակը: Այն է, վրացական իշխանությունները ԽՍՀՄ-ի տապալումից ի վեր, անկախ, թե ով էր իշխանության ղեկին, ընդգծված կերպով արեւմտյան վեկտորի վրա էին: Այն աստիճան, որ մերժում էին անգամ մտնել այն կառույցները, որտեղ կար Ռուսաստանը, մասնավորապես՝ «3+3» ձեւաչափի օրինակով: Բայց ահա, այն կարգի են փոխել կուրսը, որ ոչ միայն արեւմտյան «շպիոնների» գործունեությունը խիստ սահմանափակող օրենքներ են ընդունում, այլ բացահայտ կերպով հայտարարում են, թե Արեւմուտքի հիմնական ծրագիրը ոչ թե Վրաստանի վիճակը բարելավելն է, այլ երկիրը ոչնչացնելը՝ հանուն Ռուսաստանի դեմ պայքարի: Օրինակ, վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունը, թե՝ «2022 թվականի սկզբից լուրջ շահագրգռվածություն կա Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու հարցում, որը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, բայց դա կկործանի մեր երկիրը: Այդ հետաքրքրությունը պահպանվում է նաեւ այսօր»: Ավելին, որ արդի աշխարհում կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որը բացարձակապես չի հետաքրքրվում Վրաստանի ճակատագրով, եւ նրա միակ շահը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է:
Այսինքն, եթե Վրաստանն իր դասական արեւմտամետությամբ, այս պահին գրեթե Արեւմուտքին բացահայտ թշնամի, այն է՝ իր երկիրը կործանել ցանկացող է ներկայացնում, ո՞րն է երաշխիքը, որ Նիկոլն էլ այդ ուղղությամբ չի գնա: Առավել եւս, որ տարածաշրջանային երրորդ երկիրը՝ Ադրբեջանն էլ իր հերթին է ցուցադրաբար հետ քաշվել Արեւմուտքից, նաեւ շատ լավ հասկանալի է տարածաշրջանային մեծ եռյակի երկրների դիրքորոշումը: Այսինքն, եթե Վրաստանի իշխանափոխությունը չհաջողվի, ապա Նիկոլը տարածաշրջանում մնում է «ճերմակ ագռավի» վիճակում՝ բոլոր կողմերից շրջապատված եւ մեկուսացված: Իսկ այդ դեպքում, ըստ նշված վարկածի, արեւմտյան հատուկ ծառայությունների մոտ շատ մեծ է մտավախությունը, որ Նիկոլին երկու տարբերակ է մնում՝ իշխանությունն անձնական անվտանգության երաշխիքների դիմաց հանձնելը կամ աշխարհաքաղաքական ճամբարափոխությունը, առավել եւս, որ այդպես էլ Մոսկվայի հետ վերջին կամուրջները չի այրում: Եվ Քոհենի այցն էլ, ըստ վարկածի, նրան մասամբ ճնշելն էր՝ մի շարք կոմպրոմատներ հիշեցնելով, մասամբ՝ մի վախեցի, պետք եղավ, տեր կկանգնեք:
ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ԳՆԱՑ ԹԵՀՐԱՆ
Քոհենի այցի հետ կապված մեկ այլ վարկած էլ կա, որի հավանականությունը փոքր է թվում: Այն է՝ եկել էր բացառապես կոնկրետ հանձնարարականներ տալու համար: Միգուցեեւ հանձնարարականները նրա այցի մեջ կային, բայց դա բուն պատճառ հազիվ թե լիներ. ընդամենը հանձնարարականների համար ամերիկացիները դեսպան ունեն, դա նրա գործառույթն է: Ու չմոռանանք, որ երբ ԱՄՆ-ի հետ կապված ինչ-ինչ դրվագներով քաղաքականության մեջ են մտնում հատուկ ծառայությունները, դա սովորաբար լինում է այն դեպքերում, երբ պետքարտուղարության լծակները սկսում են չբավարարել, եւ կարիք է առաջանում այլ լծակներ կիրառել՝ դրանով օգնելով դեսպաններին կամ պետքարտուղարության այլ պաշտոնյաների: Արդյունքում, ավելի հավանական տեսք է ստանում երկրորդ վարկածը, որն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր տարբերակները:
Սակայն էլ ավելի կարեւոր է այն հարցը, թե Քոհենի այս այցը որքանո՞վ է էֆեկտիվ: Այցին հաջորդած Նիկոլի քայլերն այդ հարցի հստակ պատասխանը չեն տալիս՝ նորից աչքի ընկնելով երկակի բնույթով: Այսպես, հազիվ ԿՀՎ-ի փոխնախագահին տուն ճամփած, Նիկոլը վազեց Թեհրան: Առիթ կար՝ Ռաիսիի մահվան համար տեղում ցավակցելը: Բայց ասել, թե Նիկոլն այնքան էր վշտացել Իրանի նախագահի մահվան հետ կապված, որ անպայման ուզում էր տեղում ցավակցութուն հայտնել, միամտություն կլիներ: Առավել եւս, երբ, ըստ տարածված լուրի, Ռաիսին երկրորդ անգամ էր հետաձգել Հայաստան գալն ու Նիկոլի հետ հանդիպելը: Սրան էլ գումարած այն լուրերը, թե Մհեր Գրիգորյանի վերջին իրանական այցի ժամանակ Ռաիսին չափազանց կոշտ մեսիջներ էր փոխանցել: Վերջապես, այն դեպքում, երբ Բլինքենը, ոտնահարելով անգամ տարրական բարոյականության նորմերը, հրապարակավ հայտարարեց, թե չեն ցավակցելու Իրանին (չնայած դրա համար, երեւի, Ռաիսին այն աշխարհում իրեն ավելի լավ զգաց), ու Նիկոլն այդպես «իրեն է կոտորում», ապա դա ակնարկում է Քոհենի այցի փոքր էֆեկտիվության մասին:
ԹԵՀՐԱՆԻ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ
Չնայած, Նիկոլի իրանական այցին կարելի է նաեւ այս կողմից նայել: Այն, որ այս խառը պահին, Ռաիսիի հուղարկավորման արարողությունից առաջ Նիկոլին ընդունեց ոչ միայն Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերին, այլ նաեւ երկրի փաստացի ղեկավարը՝ Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, իհարկե, խոսում է այն մեծ կարեւորության մասին, որ Իրանը տալիս է հայաստանյան ուղղությանը, նաեւ, որ Ռաիսիի մահը դրանում բան չի փոխել: Առավել եւս, որ այաթոլլահ Խամենեին շատ պարզ ի ցույց դրեց իրավիճակը. «Ես ընդգծում եմ համագործակցության ընդլայնումը` ելնելով հարաբերությունների ռազմավարական բնույթից, սակայն կարեւորն այն է, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, այդ իսկ պատճառով երկու երկրին առնչվող հարցերին պետք է զգուշությամբ եւ ուշադրությամբ մոտենալ»:
Թե ովքեր են այդ հակառակորդները եւ ում միջոցով են մտել հայ-իրանական եւ տարածաշրջանային հարաբերություններում «մատի եւ մատանու» արանքը, հայտնի պատմություն է, եւ այդ մասին ուղիղ Նիկոլին ասելը հետաքրքիր մեսիջ է: Հաշվի առնելով, որ հետաքրքիր խոսակցություններ կան Նիկոլի այս այցի իրական պատճառների մասին: Այսպես, հանգուցյալ նախագահ Ռաիսին, թեեւ ուներ համեմատաբար մեղմ, դիվանագիտական մոտեցումների կողմնակից գործչի համարում, բայց էլի, կրկնենք, սկսել էր ծանր մեսիջներ ուղղել Նիկոլին: Այն աստիճան, որ Մհեր Գրիգորյանի վերջին այցի հետ կապված կային խոսակցություններ, թե Ռաիսին զայրացած, առանց հրաժեշտ տալու է դադարեցրել նրա հետ հանդիպումը: Իսկ ահա Մոհբերի մասին այլ խոսակցություններ կան: Նա համարվում է գերագույն առաջնորդին շատ մոտ կանգնած անձնավորություն եւ ունի Ռաիսիի համեմատ շատ ավելի կոշտ քայլերի կողմնակից գործչի համարում: Ընդ որում, խոսվում է նաեւ, որ առաջիկա ընտրություններին հենց նա է լինելու իշխանությունների թեկնածուն, այն է՝ երկրի հիմնական, այլ ոչ թե ժամանակավոր նախագահը: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ Նիկոլի ուղղությամբ Իրանի համեմատաբար մեղմ քաղաքականությունը կարող է կտրուկ սրվել, եւ «գծերը ստուգելու» համար էլ, թերեւս, Նիկոլը մեկնեց Թեհրան: Ու երբ այցի ընթացքում նրան գերագույն առաջնոդի մակարդակով ի ցույց են դնում «հակառակորդների» առկայության փաստը, դրանով էլ՝ հայաստանյան ներկա քաղաքական կուրսի անընդունելիությունը, ապա Նիկոլի համար դա պետք է որ շատ լուրջ ահազանգ լինի:
Ասենք այն, որ Իրանից վերադառնալով, Նիկոլն ԱԺ-ում հերթական անգամ ի ցույց դրեց, մեղմ ասած, նյարդային ռեակցիա՝ Լուկաշենկոյից գնալ-հասնելով մինչեւ Պապ թագավոր, դա ավելի շատ նման էր նրան, որ Նիկոլի շուրջ օղակը շարունակում է սեղմվել՝ հասնելով ծայրահեղության: Մի կողմից՝ ամերիկացիներն են՝ ԿՀՎ-ով, մյուս կողմից էլ ինչեր կարող էին նրան ասել Իրանի գերագույն առաջնորդն ու նախագահի պաշտոնակատարը՝ տեսախցիկներից հեռու:
դեպի ետ