• am
  • ru
  • en
Версия для печати
24.05.2024

ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ` ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՎԱՂՎԱ ՕՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒՆ. Գարեգին Դավթյան

   



Հաշվի առնելով ներկայիս քաղաքական լարված իրավիճակը՝ երբեմն փախուստը իրականությունից օգնում է առավել սթափ դատել եւ վերլուծել: Իսկ իրականությունից փախուստի լավագույն միջոցը` մշակույթն ու արվեստն է, որը օգնում է լիցքաթափվել, խորհել եւ կրկին տրվել իրականության ճիրաններին: «Իրավունք»-ը զրուցել է մի արվեստագետի հետ, ով այս տարի պատրաստվում է իր 70-ամյակն առավել հիշարժան դարձնել՝ հեղինակային ցուցահանդեսով: Նրա հեղինակային աշխատանքները զարդարում են Երեւանը, որոնցից են Նանսեի, Հերմեսի արձանները եւ այլն: Խոսքը` ԳԱՐԵԳԻՆ ԴԱՎԹՅԱՆԻ մասին է՝ Նկարիչների միության անդամ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դասախոս, Հռոոմի պապի ոսկե շքանշանակիր, տասնյակ ցուցահանդեսների հեղինակ, որոնցից մեկը տեղի է ունեցել Իտալիայում, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակին, այնուհետ երկար տարիներ եղել նույն մրցույթի ժյուրիի անդամ:

«ՑԱՎՈՔ, ԱՅԴ ԵՐԱՆԵԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՆՑԱՆ»

— Պարոն Դավթյան, ընդհանուր հաշվով քանի՞ արձանի հեղինակ եք, որոնք այժմ զարդարում են մայրաքաղաքի փողոցները:

— Իրականում արձանների քանակով չէ որոշվում քանդակագործի, հեղինակի չափը, բնականաբար, նաեւ նրա նշանակությունը դրանով չի որոշվում: Ես եմ հեղինակել Գյուլբեկյանի արձանը, Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ցեղասպանությանը նվիրված հուշարձանը, մի շարք հուշատախտակներ: Շատ կան, տարբեր աշխատանքներ ունեմ:

— 1990 թվականին արժանացել եք Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի ոսկե մեդալին…

— Այո, այն ժամանակ դեռ Սովետական Միությունում էինք: Դանթեին նվիրված միջոցառմանն եմ դա ստացել, որն իմ առաջին խոշոր միջազգային մրցանակն էր:

— Դուք բազում ցուցահանդեսների հեղինակ եք, հանդես եք եկել տարբեր երկրներում, ներկայացրել Ձեր աշխատանքները: Ինչպես նաեւ Իտալիայում ստացել եք «Գրան Պրի» մրցանակը:

— Ցավոք, այդ երանելի ժամանակները անցան, եւ այժմ այդ մրցույթն ակտուալ չէ: Դա հնարավորություն էր տալիս քանդակագործներին՝ հիմնականում բրոնզե քանդակագործությամբ դրսեւորվելու: Այնտեղ բավականին բարձր որակի համաժողով էր, որտեղ շատ ու շատ 20-րդ դարի դասականներ ունեցել են իրենց մասնակցությունը: Ցավոք, այժմ այդ մրցույթը չի կայանում, քանի որ կազմակերպիչը մահացավ, եւ իր աշխատանքը շարունակող չեղավ: Մոտավորապես՝ ամեն անգամ 2-3 հազար հեղինակ էր մասնակցում՝ հինգ մայրցամաքներից: Կարող եմ հպարտորեն նշել, որ 1990 թվականից այս կողմ բավականաչափ հայ հեղինակներ են պարգեւատրվել Բիենալեյում: Մեկ անգամ նույնիսկ Ֆլորենցիայի կողմից ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող երկրի մրցանակը Հայաստանը վերցրեց: Ցավով եմ ասում, որ այսօրվա մշակույթը փոքր-ինչ անտեսված եւ ստվերի մեջ է: Սակայն, վստահորեն պիտի ասեմ, որ այս պրոցեսը ողջ աշխարհում է: Մշակույթը դարձել է «էգոիստ» սպառողի առարկա, այսինքն՝ եթե մարդկանց ներքին պահանջը չի բավարարում այս կամ այն տեսակը, ապա նրանք չեն խրախուսում եւ մոտենում այդ մշակույթի տեսակին: Հայաստանում դա առավել ցայտուն է երեւում, քանի որ փոքրաքանակ ենք: Պրոֆեսիոնալ մշակույթը քաղաքակրթաշին կատեգորիա է, այսինքն՝ եթե կա պրոֆեսիոնալ մշակույթ, ազգը լիարժեք է դառնում: Եթե կա պրոֆեսիոնալ երաժշտություն, արվեստ, ապա ազգաբնակչությունը դառնում է ազգ, որն ունի իր տեսլականը: Այդ թվարկածներիցս ամենից նուրբ կտորը մշակույթն է, որը շատ շուտ է մարում: Հետեւաբար, պետք է ամեն բան անել, որպեսզի այն չմարի:

«ՇԱՏ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԵՆ»

— Ես գիտեմ, որ Դուք անգամ Ձեր միջոցներից պարգեւավճար եք հատկացրել Ձեր լավագույն ուսանողին:

— Դա եղել է մեկ անգամ, եւ չեմ ցանկանա այդ մասին խոսել (արվեստագետին վայել ժպտում է, - հեղինակ): Ինչպես եւ մնացած ճյուղերի դեպքում ՝ նկատի ունեմ քանդակագործություն, գունանկարչություն, գրաֆիկա, ես ուսանողների փոքր նվազում եմ նկատում, ուսանողների պակաս կա: Դա ես բացատրում եմ ավելի պրագմատիկ իրավիճակով՝ երիտասարդությունը մտածում է օրվա հաց վաստակելու մասին, քան` մշակույթի: Եվ պետք է նաեւ ասենք, որ ներկայիս մշակութային շատ գործիչներ բարեկեցիկ վիճակում չեն: Վերադառնամ Իտալիայում անցկացվող մրցույթին, դա խրախուսանքի նման բան էր: Քանդակագործների համար աստղի նման շողում էր եւ խրախուսում, որ պետք է զբաղվել քանդակով: Դա միջազգային ասպարեզ դուրս գալու մի պարզ միջոց էր:

— Արդյոք Հայաստանում հնարավո՞ր չէ նման միջոցառում կազմակերպել եւ աշխարհի քանդակագործներին հրավիրել Հայաստան:

— Իհարկե, հնարավոր է: Սիմպոզիումային շարժում գոյություն ունի ողջ աշխարհում, որը հիմա էլ է տեղի ունենում: Սիմպոզիումն այն է, որ մտքերը, որոնք չես կարող քեզ թույլ տալ իրականացնել տարբեր պատճառներով, սիմպոզիումի միջոցով ունենում ես այդ հնարավորությունը: Ժամանակին Հայաստանում արվում էին սիմպոզիումներ, հիմնականում քարի հետ կապված, եւ շատ հեղինակներ մասնակցում էին այդ ակցիաներին: Հիմա մարել է: Կարծես, այդ ամենը այլեւս հետաքրքիր չէ պետությանը:

— Ներկայիս Երեւանում ի՞նչ կփոխեիք:

— Միանշանակ կփոխեի արվեստային մթնոլորտը: Քանի որ արվեստը չի կարող առանց մթնոլորտի զարգանալ: Եթե մթնոլորտ չկա, խրախուսանք չկա, առաջին հերթին բարոյական, այնուհետ ֆինանսական, ապա արվեստը չի զարգանա: Եթե չկա մթնոլորտ, ամենաթողություն է առաջ գալիս, եւ տեսնում ենք ցածրորակ աշխատանքներ: Ես առհասարակ գիտությունն ու մշակույթը չեմ բաժանում իրարից: Դա նույն պրոցեսն է եւ այն ասպարեզն է, որը մարդկությանը տանում է առ Աստված: Առանց մշակույթի, կարծում եմ՝ ժողովուրդը դատապարտված է եւ վաղվա օր չի ունենա:

Նանա Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ