
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԳՆՈՒՄ, ՍԱ ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՆԱԼՈՒ ԿՈՉ ԼԻՆԻ․ ՀԱՅԱՑՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը, որը սկսվեց Տավուշից, բավականին թափ հավաքեց Երևանում։ Չնայած որ գրեթե ամեն օր Ոստիկանության կողմից բիրտ ուժ է կիրառվում շարժման մասնակիցների հանդեպ, մարդիկ աջակցում են և միանում են Բագրատ Սրբազանին՝ այդպիսով ցույց տալով, որ հավատում են նրան։
Բագրատ Սրբազանն ասում է. «Եռագույնը կհաղթի սև ու սպիտակին, իսկ Փաշինյանը և իր կառավարությունը պետք է հեռանան»։
Տարբեր գնահատականներ են հնչում այս շարժման մասով, իսկ ինչպե՞ս են գնահատում այս շարժումը Հայաստանի սահմանից դուրս՝ Ռուսաստանում․ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։
«Հարցումներից տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը մոտ 20-30% է, այսինքն՝ եթե մենք խոսում ենք Բագրատ Սրբազանի նկատմամբ վստահության մասին, ապա, ըստ հարցումների, հայ հասարակության 52%-ը հավանություն է տալիս նրա ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Ռուսաստանում մարդիկ նայում են այս հարցումներին, նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, և մենք վստահում ենք հայ ժողովրդի գնահատականներին: Մենք տեսնում ենք, թե բնակչության որքան մասն է աջակցում ընդդիմադիր շարժմանը, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես կորցնում է վստահությունը»,- ասաց Սապրիկան։
Ըստ ռուս քաղաքագետի՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, շատ է անհանգստացնում ռուսաստանցիներին, ու ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև իշխանությանը։
Ի՞նչ զարգացումներ է կանխատեսում Սապրիկան. ըստ մեր զրուցակցի՝ այս պահին բարդ է գնահատել, թե որքանով կփոխվի իրավիճակը։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, իհարկե, շատ դժվար է գնահատել Ռուսաստանից։ Եվ, իհարկե, այստեղ կոնսենսուս է պետք։ Այսինքն՝ դա չպետք է լինի միակողմանի ընդունված որոշում։ Բայց ամենակարևորն այն է, որ սա խաղաղության հարց է, այսինքն՝ կոնսենսուսը միանգամայն հնարավոր է և հասանելի, եթե պետության ղեկավարը լինի ազգային շահերն իսկապես պաշտպանող անձ։ Եվ այսպես, Հայաստանի բնակիչները պետք է հասկանան, թե ազգային ի՞նչ շահերն են իրենց առաջնահերթությունը։ Հիմա տեսնում ենք, որ սա այն շարժումն է, որն առավելագույն թափ է հավաքում և աջակցություն է ստանում հենց բնակչության կողմից»,- ասաց ռուս քաղաքագետը։
Սապրիկան նշեց, որ Ռուսաստանում, համաձայն սոցիոլոգիական ուսումնասիրությունների, աջակցում են հայ բնակչության ձգտումներին.
«Ռուսաստանը Հայաստանին միշտ նայում է որպես իր դաշնակցի, որպես մի երկրի, որն իսկապես շատ մոտ է մշակութային առումով, տնտեսապես՝ բոլոր իմաստներով։ Այսինքն՝ այն հսկայական սփյուռքը, որը կա Ռուսաստանում, միշտ աջակցում է Հայաստանին։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս դեպքում բնակչությունը հասկանում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում։ Եվ սա հավանաբար պետք է արթնանալու կոչ լինի»,- եզրափակեց Սապրիկան:
Մարիաննա Արամյան
past.am
դեպի ետ