• am
  • ru
  • en
Версия для печати
22.03.2024

ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ ՈՐԵՎԷ ԱՆԿԼԱՎ ՉԿԱ. ՔԱՐՏԵԶԱԳԻՐԸ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

   

«Որեւէ անկլավ գոյություն չունի մեր պետական քարտեզներում»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական պահանջներին, ասաց հայտնի քարտեզագիր Շահեն Շահինյանը, ընդգծելով.

- Անկլավները Խորհրդային միության տարիներին ի հայտ են եկել մոտավորապես 50-ական, 60-ական թվականների քարտեզներից, բայց դրանց իրավական հիմքը մինչ օրս հայտնի չէ: Ինչ վերաբերում է Արծվաշենին, ապա առաջին քարտեզներում Արծվաշենը անկլավ չի եղել, այն եղել է Հայաստանի մաս: Արծվաշենի անկլավը ի հայտ է եկել նույն քարտեզներում, որտեղ սկսել են երեւալ մյուս ադրբեջանական անկլավները: Բայց ի սկզբանե անկլավ չի եղել Արծվաշենը:

- Ո՞ր թվականի քարտեզներն են այսօր համարվում ՀՀ պաշտոնական քարտեզներ:

- ՀՀ պաշտոնական քարտեզները մշակվել են ՀՀ-ի կողմից Խորհրդային միության փլուզմից հետո` 90-ականներից սկսած մինչեւ 2000-2015թթ.: Այսինքն անընդհատ այդ քարտեզները թարմացվել ու մշակվել են, բայց համաձայն այդ քարտեզների մեր տարածքում անկլավներ չկան:

- Այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ հիմքով են ՀՀ իշխանությունները պնդում ադրբեջանական պնդումը, որ Ոսկեպարը ու մնացած պահանջվող անկլավները ադրբեջանական են:

- Չեմ կարող ասել, որովհետեւ իմ տեսակետից հայկական իշխանությունները պետք է բարձրաձայնի բացառապես հայկական շահը եւ փորձի ցանկացած խնդիր լուծել ի օգուտ իր պետության: Այսինքն, եթե կան ինչ-որ մարդիկ, ովքեր ուզում են ապացուցել, թե ինչու է Ադրբեջանը ճիշտ, կարծում եմ, դա առնվազն պետականամետ գործողություն չէ: Ադրբեջանը ինքը պետք է ապացուցի, թե ի՞նչ իրավական հիմքերով է այդ տարածքները իրենցը: Եթե նրանք դա հիմնավորում են նրանով, որ ադտեղ, օրինակ, ապրել են ադրբեջանցիներ, այդ դեպքում նույն սկզբունքով մերը պետք է լինեն ադրբեջանական մի քանի շրջաններ, մերը պետք է լինեն ամբողջական թաղամասեր Բաքվում, Սումգայիթում, Գանձակում: Այսինքն ցանկացած պահանջ պետք է ունենա իրավական հիմք:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ոսկեպարին, ապա այն ցանկացած թվականի քարտեզներում հայկական է, Ոսկեպարը միշտ եղել է ՀՀ խորհրդային հանրապետության տարածքում:

www.iravunk.com


դեպի ետ