• am
  • ru
  • en
Версия для печати
03.03.2024

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՍԵԼ Է` ԴՈՒՔ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՔ, ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՆԵԼ. Այվազյան

   

«Իրավունք TV»-ի զրուցակիցն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

— Արդեն մի քանի օր է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում փորձում են հասկանալ, թե ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի ասածը` ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները «սառեցնելու» վերաբերյալ, քանի որ կազմակերպության կանոնադրության մեջ նման ձեւաչափ նախատեսված չէ: Ի վերջո, ի՞նչ է կատարվում:

— Ըստ ամենայնի, Արեւմուտքը ձգտում է, որպեսզի Հայաստանն անի այնպիսի քայլեր, որ Ռուսաստանն ինքը լինի հայ-ռուսական հարաբերությունները քանդելու նախաձեռնողը: Այսինքն` քարոզչական, տեղեկատվական, քաղաքական բնույթի այնպիսի պայմաններ ձեւավորվեն, որ Ռուսաստանն ինքը միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ: Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանը բավականին մեղմ է արձագանքում եւ չի սրում առանց այն էլ սրված իրավիճակը: Սա Ռուսաստանին սադրելու փորձ է:

— Պարոն Այվազյան, իսկ ի՞նչ խնդիր է դրանով փորձում լուծել Հայաստանը, երբ դե յուրե ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց էլ իրականում չկա:

— Այս ամենը պետք է դիտարկել քարոզչական դաշտում: Նպատակն է, որպեսզի Ռուաստանը սկսկի կոնկրետ արձագանքել` կոնկրետ քայլերի վերաբերյալ: Եվ դրանով իսկ առիթ տա Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելն ավելի արագ տեմպերով իրագործել: Հետո էլ քարոզչությունը կասի, թե հարցեր ունեինք, չէինք ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց Ռուսաստանը տեսեք, թե ինչպես արձագանքեց: Այնպես որ, միտումը Ռուսաստանին սադրելն է:

— ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս հարցում առաջ անցավ անգամ Նիկոլ Փաշինյանից եւ հայտարարեց, թե ճիշտ է համարում, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից: Ի՞նչ կասեք այս մասին:

— Վերջերս թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Արմեն Գրիգորյանը իրենց վրա վարչապետի թոզ են նստացրել: Այս առումով իսկապես նույնիսկ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն չի արել: Դրանից առաջ էլ Արմեն Գրիգորյանն էր ինչ-որ հայտարարություններ անում` առաջ ընկնելով Փաշինյանից: Այստեղ հասկանալի չէ` Փաշինյանը Ալեն Սիմոնյանի եւ Արմեն Գրիգորյանի մո՞տ է վարչապետ աշխատում: Ըստ երեւույթին, իշխանության տարբեր օղակներ, արեւմտյան տարբեր ուժային կենտրոնների հետ աշխատելով, փորձում են առաջ տանել այդ ուժային կենտրոնների շահերն ու կարծիքը: Ենթադրենք, մեկը Ֆրանսիայի հետ է աշխատում, Ֆրանսիայի կարծիքն է արտահայտում, ասում է` թող ռուս սահմանապահները դուրս գան: Չնայած իրենք բոլորով միասին հավաքական Արեւմուտքի շահերն են ներկայացնում, բայց ամեն մեկը փորձում է իր հետեւում կանգնած ուժային կենտրոնի կարծիքն արտահայտել: Հետեւապես, պարզ չէ, թե, օրինակ, Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի վրա կարո՞ղ է ազդեցություն ունենալ, ասել, թե նման հայտարարություն մի արա կամ հակառակը` այսպիսի խոսքեր ասա: Սա նշանակում է, որ Արեւմուտքը կոնկրետ պաշտոնյաների ասել է` դուք անձեռնմխելի եք, Փաշինյանին էլ կարող եք բանի տեղ չդնել, ինչ ձեզ ասենք, դա էլ կանեք:

— Ալեն Սիմոնյանն ասում է, թե վստահ չէ, որ ռուս սահմանապահները Հայաստանի սահմանները կպաշտպանեն: Ըստ նրա` սա ապացուցվել է մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին, ավելին` հաճախ նաեւ ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն:

— Միայն Ալեն Սիմոնյանի հիվանդագին երեւակայության մեջ երեւի այդ ապացույցները կան: Ես նման ապացույցներ եւ փաստեր չունեմ:

— Ըստ Ալեն Սիմոնյանի, երբ եկավ x պահը, եւ վստահ էին, որ անհնար է` դաշնակիցը մեզ չպաշտպանի, «պարզվեց մեր դաշնակիցը դա թույլ տվեց ու նաեւ շատ բաների վրա աչք փակեց, հետո էլ մեզ մեղադրեց՝ ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր պատճառով էր»։ Նրա գնահատմամբ` այս մասին անգամ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրները իրենց թույլ չէին տալիս խոսել:

— Ինձ համար գաղտնիք չէ, որ ընդդիմադիր պատգամավորները չեն սատարում: Եթե ընդդիմադիրները կարողանային ճիշտ բացատրել, թե ինչ է կատարվում, միգուցե այս ողբերգությունները չլինեին: Այս հակառուսական կարծիքն իշխանությունն է ձեւավորել: Իրենք առանց հիմնավոր փաստարկների, քարոզչություն են տանում, մյուս կողմից էլ ասում են` քանի որ հասարակական կարծիքն այդպիսին է, մենք էլ ենք դրան համաձայն:

Հրանտ Սարաֆյան

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



www.iravunk.com


դեպի ետ