• am
  • ru
  • en
Версия для печати
22.02.2024

ՈՒՄ «ՃԻՇՏԸ» ԿԳԵՐԻՇԽԻ ՆԻԿՈԼԻ ՄՈՏ, MI6-Ի՞, ԹԵ` ԿՐԵՄԼԻ

   

Այն, որ Նիկոլ Փաշինյանի Մյունխենում արված հակառուսական հայտարարությունները պետք է ռեակցիա առաջ բերեին, պարզ էր: Եվ այդ ռեակցիան իրեն ուշացնել չտվեց. սկսած ռուսական տեղեկատվական եւ փորձագիտական դաշտից, վերջացրած նախագահի մամուլի խոսնակով բավականին ծանր արձագանք տվեցին:

ԿՑԿՏՈՒՐ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ

Հատկապես լուրջ էր ՌԴ նախագահի խոսնակի՝ Պեսկովի պատասխանը. «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ հակամարտության մասին։ Դա գաղտնիք չէ։ Դա լավ հայտնի դիրքորոշում է»: Միտքը, թե «տրամագծորեն հակառակ տեսակետ ունենք» Մոսկվան հնչեցնում է առաջին անգամ, թեեւ Նիկոլն արդեն երրորդ անգամ է հայտարարում, թե՝ Ուկրաինայի հետ կապված, Հայաստանը ՌԴ-ին դաշնակից չէ: Ճիշտ է, Պեսկովը նաեւ մի փոքր մեղմում է վիճակը, թե՝ «Մենք նրանց (Հայաստանի) հետ համաձայն չենք եւ համառորեն կշարունակենք բացատրել մեր ճշմարտացիությունը», բայց դա «տրամագծորեն հակառակի» ընդհանուր դառնահամը չի փոխում: Իսկ դրա տակ հետեւյալն է. ովքե՞ր են Ուկրաինայի հետ կապված ՌԴ-ի հետ «տրամագծորեն հակառակ» դիրքերում: Բնականաբար՝ հենց Ուկրաինան, Եվրոպան, ԱՄՆ-ն, գումարած՝ Թուրքիա-Ադրբեջանը: Այսինքն, Մոսկվան Կրեմլի մակարդակով վատ թաքցված տողատակերով հրապարակավ հայտարարում է, որ իր համար թիվ 1 կարեւորություն ներկայացնող ուկրաինական հակամարտության հետ կապված, Հայաստանն այն նույն դիրքերում է, ինչ ՌԴ-ի թշնամիները:

Նիկոլը փորձեց թիմակիցների միջոցով մի փոքր իրավիճակը մեղմել, որը հուշում է, որ Մոսկվայի ազդակը տեղ հասել է: Այսպես, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը այս բացատրությունը տվեց. «Եթե մենք խոսում ենք մյուսի տարածքային ամբողջականությունից, նշանակում է՝ խոսում ես քո տարածքային ամբողջականությունից։ Եթե մեկի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ ես դնում, դա նշանակում է, որ շատ լեգիտիմ է, որ երրորդն էլ քո տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում։ Այս նրբությունը պետք է հասկանալ: Սա Ռուսաստանի դեմ չէ, կամ Ուկրաինայի կողմ չէ, սա Հայաստանի համար է: Այն պահին, երբ մենք այդպիսի բան չհայտարարենք, նշանակում է՝ մենք լեգիտիմություն ենք տալիս այլ երկրներին, պարզ է՝ որ երկրներին, որ իրենք էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնեն: Սա այլ կոնտեքստներ չէր էլ կարող ունենալ»: Լո՞ւրջ, պարոն Պապոյան: Ուզում եք ասել, որ Ադրբեջանն Ուկրաինային պաշտպանում է ի վնաս իրե՞ն: Սակայն նման մեկնաբանությունն ընդամենը մրից դուրս գալ, մրաջրի մեջ ընկնել է: Սրանով ՔՊ-ական թիմը հերթական անգամ խոստովանեց, որ իրենց ղեկավարման օրոք Հայաստանն այն ծայրահեղ խղճուկ վիճակում է, որ ամեն քայլ կատարում է սեփական անվտանգության համար դողալով: Կամ այսպես. Նիկոլն ու ՔՊ-ն մի այնպիսի կուրս են առաջ տանում, որ երկիրը հայտնվել է նման խղճուկ վիճակում:

Իհարկե, այդպես էլ կա, եւ դրա վկայությունը Նիկոլի հենց այս նույն հայտարարությունն է. ինչպես Մյունխեն գնալիս, այնպես էլ այնտեղ Ուկրաինայի հետ կապված նման ընդգծված հակառուսական հայտարարությունով հերթական ծանր հարվածը հասցրեց Հայաստանի անվտանգությանը: Ու ամենավատն այն է, որ «չգիտես» անգամ, թե ինչու, Հայաստանին ի՞նչ տվեց կամ ի՞նչ կարող է տալ Կիեւի նացիստական ռեժիմի պաշտպանի դիրքերից հանդես գալը: Փոխարենը, նման հայտարարությունը միգուցե Արեւմուտքի շահերի համատեքստում է. թեկուզեւ աննշան, սակայն պաշտոնապես պետական միավոր համարվող եւս մեկ երկրի ղեկավար հակառուսական դիրքերից է խոսում: Ու ի՞նչ ենք ստանում. հանուն արեւմտյան շահերի Նիկոլը սեփական երկրի՞ն է հարվածում. ասենք դա էլ նոր բան չէ:

ԷՐԴՈՂԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ՈՒՂԻՂ ԲԱԽՄԱՆ ՉԻ ԳՆՈՒՄ

Սակայն այս պատմությունը մեկ այլ շերտ եւս ունի: Նախ հիշեցնենք այն փաստը, որ Մյունխենում, մինչ Բլինքենի, ապա՝ Ալիեւի հետ հանդիպումը Փաշինյանը հանդիպեց նաեւ MI6-ի ղեկավարին: Ընդ որում, դա այս այցի շրջանակներում ամենամութ հանդիպումն էր: Այս մասին Փաշինյանի գրասենյակը, որպես պաշտոնական հաղորդագրություն, միայն բուն փաստն է ներկայացրել. «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ»: Բա ինչի՞ց են խոսել. ոչ մի ծպտուն, անգամ հանդիպման լուսանկարը: Ու սա այն դեպքում, երբ շատ պարզ հարց կա՝ իսկ պետության ղեկավարի ի՞նչ գործն է գաղտնի ծառայությունների ղեկավարների հետ հանդիպելը: Առավել եւս`մեկի, ում անվան հետ կապված Հայաստանում լրջագույն կասկածներ կան՝ կապված Արցախն ազերիներին հանձնելու պատմության հետ:

Բայց եթե Նիկիոլը պաշտոնապես Մուրին հանդիպելու պատճառ չուներ (դրա համար Հայաստանում կան համապատասխան այլ պաշտոնյաներ), ո՞րն էր այդ հանդիպման իմաստը, առավել եւս, երբ դրան այն կարգի գաղտնիություն են տալիս, որ նպատակի մասին բառ անգամ չեն ներկայացնում: Որոշ կցկտուր լուրեր կան, թե իբր Նիկոլն է հանդիպում խնդրել՝ բացատրելու համար, թե այլեւս տարբերակ չկա, պետք է գնա ռուսական հարթակ՝ բանակցություններն ավարտելու համար: Նաեւ, որ Ալիեւի հետ հանդիպմանը հենց այդ հարցով, ավելի կոնկրետ՝ կոմունիկացիաների խնդրով են իրենից պատասխան ակնկալում: Նույն կցկտուր լուրերը հավելում են, որ MI6-ի շեֆն ինչպես որ նախկինում, այնպես էլ հիմա է կտրուկ դեմ, որ հանկարծ Մեղրիի ուղղությունը չանցնի ռուսական աշխարհաքաղաքական վերահսկողության դաշտ, որի արդյունքում բրիտանական մի ամբողջ ծրագիր կտապալվի: Ավելին, որ այդ դեպքում ինքը՝ Մուրը, կարող է եւ պաշտոնին չմնալ:

Այս լուրերը ճիշտ են, թե՝ ոչ, իհարկե, երբեք չի հաստատվի: Բայց տրամաբանորեն, դրանք շատ նման են իրականությանը. բավական է աշխատի Մեղրիի հարցով ռուսական սցենարը, որ կոնկրետ MI6-ի տարիների աշխատանքը ջուրը լցվի: Մուրը, ի դեպ, չմոռանանք, որ սերտ կապերի մեջ է Էրդողանի հետ, բնականաբար՝ նաեւ նրա «փոքր եղբոր»: Սակայն, ի տարբերություն Նիկոլի, Էրդողան-Ալիեւի պարագայում առաջնայինը սեփական շահն է, եւ այս դեպքում այդ շահն ակնհայտորեն պահանջում է ռուսների հետ ուղիղ բախման չգնալ: Բնականաբար, նաեւ աչքի առաջ ունենալով այն դիրքային տեղաշարժերը, որոնք այսօր տեղի են ունենում Ուկրաինայում: Բացի այդ, Իրանը եւ Ռուսաստանը շատ մոտ են ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրմանը, որին դեմ գնալ, թերեւս, Էրդողանը կուզենար, սակայն ուժային բալանսի խնդիրը դա թույլ չի տալիս: Առավել եւս, որ նույն Մյունխենում շատ մեծ անհանգստության թեմա էր դարձել ՆԱՏՕ-ի հետագա ճակատագրի խնդիրը, իսկ Թրամփի` նախագահ դառնալու շանսերն աճում են աչքի առաջ: Այսինքն, եթե անգամ այս պահին Էրդողանը քիչ հույսեր ունի, որ ռուսների հետ ուղիղ բախման դեպքում ՆԱՏՕ-ից գործնական օգնություն կստանա, ի՞նչ կլինի աշնանը՝ ամերիկյան ընտրությունների փուլում: Կարելի է փորձել մինչ այդ լուծել Հայաստանի հարցը, երբ մի կողմից՝ Մոսկվան դեռ հիմնական ուշադրությունը պահում է Ուկրաինայի վրա, մյուս կողմից, ՆԱՏՕ-ն ընդգծված հակառուսական դաշտում է: Բայց այս դեպքում անգամ կա Իրանի գործոնը, որը, չմոռանանք, Սյունիքում այս պահին սկսել է ճանապարհ կառուցել, որը շատ լուրջ ազդակ է Էրդողանի համար:

Ահա, մոտավորապես այս ընդհանրական իրավիճակում հնչեց Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությունը, թե՝ «Զանգեզուրի միջանցքը» եթե Հայաստանով չանցնի, ոչինչ, կա Իրանի տարբերակը. «Ադրբեջանը բանակցում է նաև Իրանի հետ՝ նրա տարածքով միջանցքն անցկացնելու հնարավորության հետ կապված»: Այսինքն, այնպես չէ, որ ամեն ինչ անում ենք Հայաստանի տարբերակի համար: Ու դա եւս հավելյալ ակնարկ է, որ Էրդողանը շարունակում է նախընտրել՝ ռուս-իրանական ուղղությամբ ավելորդ սրացումերի չգնալ: Եվ փաստը, որ Մյունխենից հետո Ալիեւը շտապեց Անկարա՝ «մեծ եղբորը» հյուր, գալիս է իր հերթին հուշելու, որ հայաստանյան թեմայով Բաքուն շարունակում է լսել Անկարայի հորդորները:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս ամենը, թերեւս, գալիս է հուշելու, որ Ալիեւը Մյունխենում շարունակել է «խաղաղության պայմանագրի» հարցով առաջնորդվել ռուսական հարթակում կամ դեմ առ դեմ Նիկոլի հետ բանակցելու մասին հրապարակավ բարձրաձայնված իր տարբերակով: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլը շարունակում է մնալ երկու քարի արանքում: Մի կողմից՝ Մուրի «խնդրանքն» է՝ ոչ մի ռուս, մյուս կողմից՝ Ալիեւի պահանջները՝ բա ինչո՞ւ չեք բանակցում: Այդ ճնշման հետեւանքները տեսանելի էին նաեւ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի պահվածքից: Բայց դրանից հետո էլ Մոսկվան է խոստանում «համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը», եւ ով իմանա, թե այդ «բացատրությունը» ինչ տեսքով կլինի: Հա, Մուրն էլ «իր ճշմարտացիությունը բացատրեց», ու թե որի՞ «ճիշտն» ավելի համոզիչ կլինի Նիկոլի համար, դարձել ենք դրանից կախված:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ