
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՍԿԱՍՈՒՄ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆՇՐՋԵԼԻ
Այն, որ այս պահին ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքերը մասնավորապես Հարավային Կովկասում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=276237&l=am) մեծապես կախված են Ուկրաինայում ծավալվող ռազմական իրադարձություններից, հասկանում են բոլորը: Այլ գործոններ էլ կան, բայց Ուկրաինան եղել եւ մնում է առաջնայինը:
Իսկ ահա ուկրաինական խաղատախտակին իրադարձությունները շարունակում են ծավալվել Մոսկվայի համար միանգամայն բարեհաջող հունով: Թիվ 1 ռազմաճակատը՝ Ավդեեւկան, այս պահին դարձել է համաշխարհային լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկը: Գործնականում բոլորն են փաստում, որ այս առանցքային կետը կորցնելով, Ուկրաինայում կարող է սկսվել այնպիսի ներքին կազմաքանդում, որն այլեւս հնարավոր չի լինի կանխել: Նաեւ այն հիմնական կարծիքն է, որ Ավդեեւկան, եթե ոչ այսօր կամ վաղը, ապա մեկ-երկու շաբաթում հաստատ կընկնի:
Բուն ռազմական իրադարձությունները եւս այդ մասին են վկայում: Ավդեեւկայի հիմնական մաս՝ կենտրոն, հարավ եւ արեւելյան հատված տանող «կյանքի ճանապարհը» գործնականում նախօրեից փակ է: Երեկ կեսօրի դրությամբ ռուսական ուժերը ճանապարհից մոտ 100 մետրի վրա էին (երեկ ուշ ժամի լուր տարածվեց, որ ճանապարհը նաեւ ֆիզիկապես կտրված է), եւ դա էլ բավական էր, որ մեկ մեքենա անգամ, անգամ վիրավորներ տեղափոխողները չկարողանան մտնել տվյալ հատված եւ դուրս գալ: Այսինքն, ուկրաինական հիմնական ուժերը օպերատիվ շրջապատման մեջ են, շատերը փորձում են առանձին կամ փոքր խմբերով քաղաքից փախչել, թեեւ դաշտամիջյան ճանապարհները եւս հիմնականում անանցանելի են: Գումարած, թեեւ նոր գլխավոր հրամանատար Սիրսկին, ով շտապ մեկնել է խուճապը կանխելու, փորձում է բոլոր եղած ու չեղած ռեզերվները նետել Ավդեեւկա, սակայն անգամ ուկրաինական աղբյուրներն են գնահատում, որ դա վատթարագույնն է: «Ամենվատն անգամ այն չէ, որ Ավդեեւկան շրջապատման եւ կորստի ռեալ վտանգի առաջ է: Վատթարագույնն այն է, որ այստեղ են նետվում բոլոր մարտունակ ռեզերվները, որոնք ոչնչանում են ռուսների անսահմանափակ հրետանային կրակի տակ: Իսկ դա նշանակում է, որ Ավդեեւկան, միեւնույնն է, կհանձնվի, եւ նաեւ երկիրը կմնա լիովին անպաշտպան»,- գրում է ուկրաինական դեռ խելամիտ աղբյուրներից մեկը: Ավելին, տեղեկություններ կան, որ ուկրաինական ռեզերվները կրակի տակ են հայտնվում անգամ տեղ չհասնելով: Վերջին դեպքը. Ավդեեւկայից արեւմուտք գտնվող Սելիդովոյ բնակավայրում, որտեղ բեռնաթափվել են այն ստորաբաժանումները, որոնք պետք է կիրառվեն հակահարձակման համար, հայտնվեցին «Իսկանդերների» հարվածի տակ: Զոհերի եւ վիրավորների մասին այսօր էլ վերջնական տվյալներ չկան, սակայն խոսքը հարյուրների մասին է: Սրան եթե ավելացնում ենք, որ ռուսները հարձակվում են նաեւ մյուս բոլոր առանցքային ուղղություններում, պատկերը դառնում է շատ ավելի հստակ:
Ու մյուս կողմից, Հարավային Կովկասում Մոսկվայի աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդման մեկ այլ կարեւոր գործոն է ռուս-իրանական հարաբերությունների զարգացման միտումները: Օրերս նաեւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հաստատեց, որ՝ «Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կնքման գործընթացը գտնվում է վերջնական փուլում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ պաշտոնապես կհաստատվի ռազմավարական գործընկերություն»: Փաստաթղթի դետալների մասին դեռ քիչ բան է հայտնի, սակայն իրանական աղբյուրները ակնարկում են, որ դա ենթադրում է դաշինքի կարգի մի բան: Ընդ որում, բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, եւ որ առանցքային է՝ ռազմական ուղղություններով: Ընդ որում, սրան պետք է գումարել նաեւ ազատ առեւտրի ռեժիմը, որը գործում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ:
ՌԴ-Իրան հարաբերությունների այս մակարդակն այն չափազանց լուրջ գործոնն է, որը չի կարող անտեսել ո´չ Ալիեւը եւ ո´չ էլ՝ Էրդողանը: Առավել եւս, երբ ՌԴ-Իրան թեւի հետ մրցակցելու ունակ միակ ուժը՝ ԱՄՆ-ն, նաեւ Մերձավոր Արեւելքում է չափազանց լուրջ խնդիրների առաջ: Հուսիթների հետ այդպես էլ ոչ մի բան անել չի կարողանում: Իսրայելի հարցը մտել է այնպիսի փակուղի, որ Վաշինգտոնն արդեն սկսել է անգամ սպառնալ սեփական դաշնակցին: Վերջին հարվածը. Իրաքն է չափազանց կոշտ դրել, այդ թվում՝ նոր օրենք ընդունելու մակարդակով, իր երկրից ամերիկյան ուժերը հանելու հարցը: Բանը հասել է նրան, որ, ըստ իրանական քաջատեղյակ աղբյուրների գնահատման, ԱՄՆ-ն 90 օրվա ընթացքում կլքի Իրաքն ու Սիրիան: «Միացյալ Նահանգները պատրաստվում է դուրս բերել իր բոլոր ուժերը Իրաքից եւ Սիրիայից՝ ի պատասխան իրաքյան դիմադրության ուժերի հարձակումների»,- աղբյուրի պնդմամբ ասել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները: Եվ եթե դա տեղի ունենա, ապա թուրք-ազերիական տանդեմի համար այլ տարբերակ, քան ռուս-իրանական թիմի հետ մաքսիմալ հաշտ հարաբերությունների դաշտ անցնելն է, չի մնում:
Այսպիսով, մի քանի ուղղությամբ ընթանում են չափազանց արագ եւ դինամիկ զարգացումներ, որոնք ամենատեսանելի եւ շոշափելի ձեւով պնդում են մասնավորապես Հարավային Կովկասում ռուսական աշխարհաքաղաքական դիրքերի էական ամրապնդման մասին: Ընդ որում, ամենամոտ ժամանակներս: Այն, որ Բաքուն Բայրամովի մակարդակով հայտարարում է, թե Ադրբեջանի համար պատերազմն այլեւս ավարտված է, իհարկե, հենց այնպես՝ օդից չընկավ եւ պետք է կապել այս բոլոր զարգացումների հետ:
Իսկ ահա Նիկոլը, թերեւս, այդպես էլ դժվարանում է պատկերացնել, որ այս գլոբալ ընթացքի մեջ Ֆրանսիան այնպիսի չնչին դերակատար է, որ դեռ կարողանա ինչ-որ մեկի համար անվտանգային տանիք դառնալ: Այն էլ՝ հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող մեկի:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ