
ՄՈՍԿՎԱՆ ԿՏՐՈՒԿ ԿՈՇՏԱՑՆՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԿՈՒՐՍԸ
Իհարկե, Մերձավոր Արեւելքում կրքերի թեժացումը Ալիեւի համար կարող է հրապուրիչ դարձնել հայաստանյան ուղղությամբ ռազմական լուծումները (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=274194&l=am): Առավել եւս, որ այստեղ բանը հասել է Իրանի եւ թուրք-ազերիական տանդեմի հավատարիմ դաշնակիցներից մեկի՝ Պակիստանի միջեւ հարվածների փոխանակման: Գումարած, Իրանը հարվածեց նաեւ Սիրիայում գործող ույղուրական ծագմամբ ահաբեկչական խմբավորմանը, որը հովանավորվում է Թուրքիայից: Ինչպիսի՞ն կլինի այս ամենի հետ կապված թուրք-ազերիական ռեակցիան, դա Հայաստանի համար եւս շատ կարեւոր հարց է: Չնայած, մյուս կողմից, ույղուրական ավազակախմբին հարվածելով, Իրանը ցույց տվեց, որ կա Չինաստանի հետ սերտ գործակցություն, իսկ ահա Պակիստանի հետ կապված, Իրանին անվերապահ աջակցությւոն հայտնեց Հնդկաստանը: Այսինքն, այս երկու գիգանտների միջամտությունը եւս Անկարան ու Բաքուն չեն կարող հաշիվներից հանել:
Գումարած դրան`այն, որ Ռուսաստանից սկսել է Հայաստան զենքի պաշարներ գալ, դա եւս որոշ բաներ ակնարկում է: Նախ, Ալիեւի համար դա ազդակ է, որ անկախ ամեն բանից, եթե Ռուսաստանից դեպի Հայաստան զենք է գնում, ուրեմն հայաստանյան ուղղությամբ ռազմական լուծումների հարցին պետք է շատ ավելի լուրջ նայել: Առավել եւս, որ դա նաեւ հուշում է, որ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրն արդեն ունակ է ստեղծել զենքի այնպիսի ծավալներ, որոնք բացի ռազմաճակատային սպառումից, արդեն կարող են այլ ուղղություններով եւս ուղղվել:
Այս ամենի հետ մեկտեղ, ուկրաինական թեման առաջին պլան մղելով, Մոսկվայից եկան ազդակներ, որոնք խոսվում են ռուսական արտաքին քաղաքական կուրսի էական կոշտացման մասին: Այսպես, ըստ ՌԴ նախագահի՝ «Զելենսկու խաղաղության բանաձեւը» անթույլատրելի պահանջ է բանակցությունների համար: Այսպիսով, սա Ռուսաստանի բանակցային լուծում պարտադրելի արեւմտյան ծրագրերի վերջնական մերժումն է, ինչը ենթադրելի էր: Ապա Պուտինն ավելացրեց. «Եթե հետագայում շարունակվի այն, ինչ հիմա տեղի է ունենում… ապա ուկրաինական պետականությանը կարող է անդառնալի, շատ լուրջ հարված հասցվել»: Ուկրաինական պետականության կորստի մասին ակնարկներ մինչ այդ ՌԴ նախագահը չէր հնչեցրել: Հիմա այդ մասին խոսում է ուղիղ տեքստով, եւ արդեն միայն դա շատ լուրջ ակնարկ է:
Առավել եւս, որ ՌԴ նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը փակագծեր բացեց, որոնք հուշում են, թե ինչ կա Պուտինի նման հայտարարության տակ. «Ուկրաինայի գոյությունը մահացու վտանգավոր է ուկրաինացիների համար: Եվ ես նկատի չունեմ միայն ներկայիս վիճակը, Բանդերայի քաղաքական ռեժիմը։ Ես խոսում եմ ցանկացած, բացարձակ ցանկացած Ուկրաինայի մասին։ Ինչո՞ւ։ Պատմական ռուսական տարածքներում անկախ պետության առկայությունը մշտական պատճառ կդառնա ռազմական գործողությունների վերսկսման համար: Անկախ նրանից, թե ով է Ուկրաինայի անվան տակ գտնվող քաղցկեղային աճի ղեկին… Այդ իսկ պատճառով Ուկրաինայի գոյությունը ճակատագրական է ուկրաինացիների համար… Ընտրելով հավերժական պատերազմի կամ ընդհանուր պետության, անխուսափելի մահվան կամ կյանքի միջեւ՝ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը (լավ, միգուցե բացառությամբ նվազագույն թվով ցրտահարված ազգայնականները) ի վերջո կընտրի կյանքը…»:
Կարճ ասած, ՌԴ-ի ներկա կուրսը ուկրաինական անկախ պետականություն չի տեսնում. այդ տարածքները եղել են Ռուսաստան եւ պետք է դառնան Ռուսաստան: Հակառակ դեպքում պատերազմը երբեք չի դադարի, անկախ այն բանից, թե ներկա պատերազմում ինչ կստորագրվի: Ու այստեղ պարզ հարց է առաջ գալիս. իսկ նման տրամաբանությունը վերաբերում է միայն Ուկրաինայի՞ն, թե երբեմնի ողջ Ռուսական կայսրության տիրույթին, որը 100 տարի առաջ դարձավ ԽՍՀՄ՝ անկախ պետությունների տեսքով, որն էլ մասնատվեց անցած դարի 90-ականների սկզբներին: Ռուսական արտաքին քաղաքականության մեջ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միշտ էլ այդ երկընտրանքը եղել է՝ կենտրոնանալ միայն ռուսական ներկա տիրույթներում կամ գնալ Կայսրության վերականգնմանը: Եվ երբ Մեդվեդեւի կարգի գործիչն Ուկրաինայի օրինակով այդ մասին խոսում է այսքան բացահայտ, դա ակնարկ է, որ երկրորդ ուղղությունը սկսում է դառնալ գերիշխող: Ամեն դեպքում, մեկ բան հաստատ է՝ Ռուսաստանը կտրուկ կոշտացնում է իր արտաքին քաղաքականությունը, եւ դա իր տակ հաստատ երկարաժամկետ հաշվարկ ունի:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ