
«ԿԳՄՍՆ-ՈՒՄ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ, ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ՎՐԱ, ՈՒ ՍԱ ՊԵՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵ՞ՆՔ»
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի աշխատակիցները երեկ բողոքի ակցիա իրականացրին ԿԳՄՍ նախարարության դիմաց: «Գոյի» անձնակազմը մտավախություն ունի, որ թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանը պատրաստվում է ԿԳՄՍ նախարարությունում ստորագրել «Գոյի» եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միավորման փաստաթուղթը, ինչի դեմ ամիսներ շարունակ պայքարում էին ոչ միայն «Գոյ»-ականներն, այլեւ մի շարք մշակութային գործիչներ եւ թատերասերներ:
ԿԳՄՍ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ «ԳԵՂԱԿԱՆ» ԿԱՐԳՈՎ
Հատկանշական է, որ վերոնշյալ հարցը գտնվում է դատական փուլում, բայց ԿԳՄՍ-ն փորձում է հարցերը լուծել «գեղական» կարգով: Ըստ «Գոյ» թատրոնի փաստաբան ԿԱՐՈ ԱՍԱՏՐՅԱՆԻ, քանի դեռ կա դատական գործընթաց, թատրոնների միավորման մասին փաստաթուղթ ստորագրելը հակաօրինական է:
«Ես ԿԳՄՍ նախարարությունում հանձնաժողովին եւ փոխնախարարին իրազեկեցի դատարանների որոշումների մասին: Անակնկալ կերպով ինձ ներկայացվեց նորանշանակ պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի կողմից ստորագրված եւ կնքված մի փաստաթուղթ, որով «Գոյ» թատրոնը հրաժարվում է որպես փաստաբան իմ ծառայությունների եւ օրինական ներկայացուցիչ լինելու գործընթացից: Մենք սրա վերաբերյալ եւս դատական ատյաններում կփորձենք իրավունքի պաշտպանություն ներկայացնել»,- ասաց փաստաբանը` ընդգծելով, որ փաստացի նախարարությունն իրավական ժամանակավոր մեխանիզմ է գտել, որով իր ձեռքերը կապում են եւ դադարեցնում իր լիազորությունները` որպես փաստաբան:
ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ ՍՏԻՊԵ՞Լ ԵՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼ
«Գոյ» թատրոնի դերասան ԱՐՍԵՆ ԱԶԻԶՅԱՆԻ գնահատմամբ` այս ողջ պատմության մեջ ամենացավեցնողը նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանի տմարդի կեցվածքն է, ով թատերական ոլորտից է, ճանաչում է թատրոնի անձնակազմից շատերին, շփում ունի եւ անգամ ընկերական հարաբերություններ:
«Մեզ մոտ տնօրեն է նշանակվում, բայց չի գալիս մեր տղաներից մեկին տեսնի, ասի` ուրախացեք, ես նշանակվել եմ ձեր թատրոնի տնօրեն, դուք ինձ ճանաչում եք, մենք շատ լավ բաներ ենք անելու միասին, «Գոյ» թատրոնին կանաչ ճանապարհ է սպասվում… Չնայած` պարզ էր, թե ինչու խուսափեց այդ հանդիպումից: Իսկ ավելի ուշ հանդիպում եղավ նորանշանակ տնօրենի հետ: Իրենից լսեցինք հետեւյալ կարծիքը, թե թատրոնի ընդունման-հանձնման հետ կապված, իր հետ զրույց չի եղել… Ասաց՝ չի եկել, որպեսզի թատրոնը փակի, չի ստորագրելու ոչ մի թուղթ… Իսկ այն հարցին, որ մեր տնօրեն Սարգիս Չոլոյանին հեռացրին ու իրեն նշանակեցին, որովհետեւ Սարգիսը չստորագրեց փաստաթուղթը, ուրեմն` իրենից են դա ակնկալում, վստահեցրեց, որ իր հետ նման թեմայով չեն խոսել», - ընդգծեց դերասանը:
Ըստ էության, նորանշանակ տնօրենը սկզբում թատրոնի աշխատակազմին հավաստիացրել է, թե միավորման մասին որեւէ թուղթ չի ստորագրի, սակայն երկու օր անց, ըստ Արսեն Ազիզյանի, ասել է, թե չի կարող չստորագրել, ստիպված է:
«ԲՈԼՈՐԻՍ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԾՆՈՒՄ ԱՅՍ ՉԱՐԻՔԸ»
«Գոյի» դերասաններից ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆՆ էլ ցույց տվեց ԿԳՄՍ նախարարությունից թատրոնին ուղարկված մի փաստաթուղթ, որտեղ կային բազմաթիվ սխալներ։
«Կես էջի վրա գրված այդ թղթում հայերենի տարրական սխալներ կան` մտքային, կետադրական, այսինքն՝ անգրագիտություն՝ ուղարկված ԿԳՄՍ նախարարության կողմից։ Բոլորս գիտենք, որ ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից, տգիտությունից: Եվ այսօր հարցը միայն մեր թատրոնին չի վերաբերում, այլ առհասարակ արժեքներին։ Նրանք բացարձակ թքած ունեն մեր արժեքների, մեր ինքնության, մեր վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք։ Նման կրթությամբ մարդիկ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, մեր երկրի, դպրոցի ճակատագիրը։ Բոլորիս անտարբերությունն է ծնում այս չարիքը։ Մենք գործ ունենք այս մակարդակի մարդկանց հետ, որոնք որոշում են մեր երկրի ճակատագիրը», - ասաց Սամվել Թոփալյանը։
«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՄԵԶՆԻՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ ՉԽԼԵԼ»
«Գոյ» թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց, որ իրենց պահանջն է, որպեսզի կարողանան ազատ ստեղծագործել հայրենիքում:
«Պահանջում ենք մեզնից հայրենասիրության զգացումը չխլել, արգելվում է մեր կողմից` մեզ խելք սովորեցնելը: Կանչել են նախարարություն իրենց նոր նշանակած տնօրենի պաշտոնակատարին, մեր հաշվապահին ու կադրերի բաժնի տեսուչին, որպեսզի ստորագրվի փաստաթուղթ, թե իբր համաձայն ենք Սունդուկյանի հետ միավորվելուն, մինչդեռ դա իրենց պլանն է, իրենց վերնագիրը: Մենք արդեն մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ եւ ուրիշ ստորագրություն չունենք դնելու: Գնում է դատական պրոցես, այն գտնվում է Վերաքննիչ դատարանում… Վարչական դատարանը կասեցնում է կառավարության որոշման իրագործումը մինչեւ դատարանի որոշում կայացնելը», - շեշտեց Ա. Սահակյանը:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ