• am
  • ru
  • en
Версия для печати
27.12.2023

ԱՇԽԱՐՀՆ ԱՉՔՆԵՐԻՍ ԱՌԱՋ ՀԻՄՔԻՑ ՓՈԽՎՈՒՄ Է

   

Այն, որ հայաստանյան ներկա իրադարձությունների (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=272677&l=am) արմատները գալիս են ոչ պակաս դրամատիկ երկու շատ ավելի առանցքային հակամարտության օջախներից, անցնող տարվա ընթացքում էլ ավելի հստակ դարձան: Խոսքը, իհարկե, ուկրաինական պատերազմի եւ Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունների մասին է, եւ Հայաստանը, որպես այդ ամենը կապող օղակ հանդիսացող տարածաշրջանի մասնիկ, իհարկե, չէր կարող չմնալ դրանց ազդեցության տակ:

Ուկրաինական պատերազմն այս տարվա ընթացքում ուշագրավ դինամիկա ունեցավ: Տարեսկիզբը Կիեւի համար խոստումնալից էր: Արեւմուտքից, սպասվող ուկրաինական հակահարձակման համար գալիս էր հսկայական զենք-զինամթերք, ֆինանսավորում, իսկ պաշտոնական Կիեւը խոստանում էր արագորեն ռուսներին դուրս մղել Ղրիմից եւ Դոնբասից: Սակայն իրողություններն այլ էին: Մի կողմից, հակահարձակման ընթացքում ուկրաինական բանակը միայն հսկայական կորուստներ ունեցավ, այսինքն՝ ջուրը գցվեց Արեւմուտքի բոլոր հատկացումները: Գումարած, մարդկային հսկայական կորուստներն էապես փոխեցին ուկրաինական բանակի եւ հանրության տրամադրությունները պատերազմի հանդեպ: Արդյունքում, այս պահին Կիեւը մտածում է համընդհանուր մոբիլիզացիայի մասին, մինչդեռ քիչ թե շատ հեղինակավոր փորձագետները, օրինակ՝ Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը կանխատեսում է վատթարագույնը. «Բոլոր իրադարձությունները կազդեն Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի սկսվելու վրա։ Դեռ փող չկա, գրիվնայի արժեզրկում կա, գնաճ կլինի, ռացիոնալ համակարգը կսկսվի, ճակատում հաջողություններ չկան, հսկայական կորուստներ կան, կա միանգամայն քմծիծաղող էլիտա, որը կորցրել է իրավիճակի հասկացողությունը», ու երբ դրանից հետո երկրի ղեկավարությունն ուժեղացնում է տղամարդկանց եւ կանանց հավաքագրումը Ուկրաինայի զինված ուժերի շարքերում՝ նրանց ռազմաճակատ ուղարկելու նպատակով, հենց սկսեն բերման ենթարկել ուկրաինացիներին, կսկսվի ինքնաբուխ դիմադրություն՝ քաղաքացիական պատերազմի ռեալ հեռանկարով:

Մյուս կողմից, տարվա ընթացքում նկատվեց մեկ այլ գործընթաց, որը, թերեւս, շատ ավելի վտանգավոր է Արեւմուտքի համար: Այն է՝ ռուսական տնտեսությունը ոչ միայն չփլուզվեց, այլ ռազմական արդյունաբերությունը որակական եւ քանակական տեսանկյունից մտել է բուռն աճի փուլ: Միաժամանակ պայմանագրայինների հաշվին կտրուկ ավելացել է նաեւ բանակի կազմը, ընդ որում, հիմնականում խոսքը ռեալ ռազմական պատրաստություն ունեցող կամավորականների մասին է: Արդյունքում, Ռուսաստանն այս պահին ունի բոլորովին այլ մակարդակի բանակ, որը շարունակում է զարգանալ, եւ այն իր խոսքը կասի նաեւ ուկրաինական պատերազմի ավարտից հետո:

Փոխարենը, ուկրաինական ուղղությամբ նման ձախողումներից հետո ԱՄՆ-ն, առջեւում ունենալով ծայրահեղ ծանր նախագահական ընտրություններ, նաեւ Մերձավոր Արեւելքում է խրվել գրեթե անելանելի ճահճի մեջ: Թե ինչպես սկսվեց Գազայում իսրայելյան ներկայիս աննախադեպ պատերազմը, ինքնին շատ հետաքրքիր հարցերի տեղիք է տալիս: Բայց ահա ԱՄՆ-ն, այդպես էլ չկարողանալով քաղաքական լուծում գտնել, ստիպված էր անվերապահորեն կանգնել Իսրայելի պաշտպանության դիրքերում, որը նրան հասցրեց մեկ այլ ճգնաժամի:

Խոսքը Իրանի հովանու ներքո գտնվող եմենցի հուսիթների մասին է, որոնք ունենալով միանգամայն ծանրակշիռ ռազմական պոտենցիալ, պարզապես կրակի տակ առան Կարմիր ծովը՝ դրանով պարալիզացնելով ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ծովային առեւտրաշրջանառության էական մասը: ԱՄՆ-ի սպառնալիքներն ու ավիակիրները չազդեցին հուսիթների վրա: Վաշինգտոնին հաջողվեց մի փոքրիկ կոալիցիա ստեղծել՝ սպառնալով ռազմական օպերացիա սկսել Եմենի դեմ: Բայց հերիք չէ, դա էլ չօգնեց, դեռ մի բան էլ կոալիցիայի երեք անդամներ՝ Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան հայտարարեցին դրանից դուրս գալու մասին: Այսքանից հետո հուսիթները սպառնում են ոչնչացնել Արեւելքն Արեւմուտքին եւ արեւելյան Աֆրիկային կապող գլոբալ ինտերնետ մալուխները, որոնք անցնում են եմենյան ափերի մոտով: Իսկ մալուխների ոչնչացումը ոչ միայն կապի, այլ նաեւ գլոբալ բանկային, ֆինանսաառեւտրային եւ տնտեսական համակարգերին այն հզոր հարվածը կհասցնի, որ համաշխարհային կոլապսից խուսափելը կդառնա անհնար: «Պատրաստվեք իսկական քարե դարի»,- մեկնաբանում են փորձագետները, եւ դա միանգամայն ռեալ է:

Ու ահա այս իրավիճակում այն տպավորությունն է, որ ԱՄՆ-ն պարզապես չգիտի ինչ անել: Հարվածել հուսիթներին, կնշանակի տարածաշրջանային մեծ պատերազմ: Կկարողանա՞ ԱՄՆ-ն հաղթել, երբ ստիպված է լինելու գործ ունենալ ոչ թե այն թույլիկ երկրների հետ, որոնց հնարավոր էր օդից հարվածելով՝ հաղթել, այլ՝ Իրանի, Իսրայելն անգամ ՀԱՄԱՍ-ի հարցը չի կարող լուծել, եւ դաշնակիցներն էլ հրաժարվում են կռվել: Գումարած, դա ի՞նչ ներքին պայթյուններ առաջ կբերի ԱՄն-ում, որտեղ Թրամփը, ատամները սրած, սպասում է ընտրություններին: Գումարած ուկրաինական ճգնաժամը, ռուսների ներկայությունը Սիրիայում, վերջապես, այս ամենի թիկունքից զգացվող Չինաստանի շնչառությունը եւ Թայվանի խնդիրը:

Այսպիսով, այն, որ 2023թ.-ին էապես փոխվեց գլոբալ աշխարհաքաղաքական լանդշաֆտը, միանշանակ է: Այն, որ այս ամենը 2024թ.-ին խոստանում է հասցնել միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրողությունների, դա էլ կարելի է ենթադրել: Ամեն դեպքում, ինքներս մեզ գոնե նրանով «հույս տանք», որ պատմական նշանակության ժամանակներում ենք ապրում:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ