• am
  • ru
  • en
Версия для печати
25.12.2023

ՖՐԵԴՐԻԿ ԲԱՐԹԻ ԷԹՆԻԿՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

   

Ռաֆիկ Գաբրիելյան

Երբ 1969 թվականին լույս տեսավ Ֆրեդրիկ Բարթի «Էթնիկ խմբեր և սահմաններ» ("Ethnic Groups and Boundaries", «Этнические группы и социальные границы1») ժողովածուն, այն հեղափոխական էր ոչ միայն այն առումով, որ նոր մոտեցումներ էր առաջ քաշում էթնիկ հանրությունների դիտարկման համար, այլև նրանով, որ առաջին ծավալուն և հնարավորինս ամբողջական ուսումնասիրությունն էր արևմտյան գիտական շրջանակներում էթնիկության տեսության շուրջ, որը հիմնվում էր դաշտային ազգագրական նյութերի վրա:

Բարթը նախ ներկայացնում է «էթնիկ խումբ» հասկացության չորս հիմնական չափանիշները, որոնց միջոցով հումանիտար գիտությունը բնորոշում էր այն՝

  • անհրաժեշտ մակարդակի կենսաբանական վերարտադրություն:
  • Մշակութային հիմնարար արժեքների ընդհանրություն և դրանց տեսանելի դրսևորումներ:
  • Հաղորդակցության և փոխազդեցությունների դաշտի առկայություն:
  • Որոշակի աստիճանի նույնականություն մեկ ինքնության ներքո2:

Հաշվի առնելով չափանիշների այսպիսի սահմանումների օգտակարությունը էթնիկ հանրությունների ուսումնասիրության համար, Բարթը սակայն նշում է, որ դրանք ավելի շատ համապատասխանում են այն մտայնությանը, որ խմբերը մեկուսի վիճակում են զարգանում, կապված բնական միջավայրի և մշակութային հարմարվողականության հետ, և այն մեզ չի թողնում ամբողջական պատկերացում կազմել՝ էթնիկ խմբերի պատմական զարգացման, էթնոմշակութային հատկանիշների փոխակերպումների, էթնիկության գործառույթների և կառուցվածքի մասին3: Այս համատեքստում Բարթը կարևոր է համարում մանրամասն վերլուծության ենթարկել այն սոցիալական գործընթացները, որոնք տեղի են ունենում էթնիկ խմբերի շփման սահմանին, այսինքն էթնիկ սահմանին, և ունեն անընդհատական բնույթ: Էթնիկ խմբերի գոյությունը այս սկզբունքից ելնելով չի բացառում միջէթնիկ շփումների բացակայություն, այլ ճիշտ հակառակը: Էթնիկ հատկանիշները ոչ թե կան, կամ պահպանվում են իրենց ներփակված և կենսունակ լինելու շնորհիվ, այլ այն պատճառով, որ միջէթնիկ շփումը ստիպում է նկատել տարբերակիչ հատկանիշների առկայությունը և առաջացնում ուրիշից զատվելու ընկալում4:

Այսպիսով, էթնիկ խմբերն ունենում են սեփական ինքնությունները, որովհետև էթնիկ սահմանին, որը նաև սոցիալական շփման տիրույթ է, տեղի է ունենում ինչպես ինքնաճանաչողության, այնպես էլ օտարին ճանաչելու գործընթաց:

Բարթը ներկայացնում է նաև մեկ այլ կարևոր իրողություն: Էթնիկ խմբերը տարբերվում են ոչ միայն մշակութային տարբերակիչներով, այլև նրանով, որ այդ մշակութային տարբերակիչները լինում են սոցիալապես կազմակերպված: Էթնիկ խումբը ենթադրում է ինչ-որ աստիճանի սոցիալական կազմակերպության առկայություն: Ընդ որում, առանցքային է, որ էթնոսի անդամներն են կարևոր համարում որոշակի սոցիալական մեխանիզմի առանցքային լինելը5: Այս տեսանկյունից մի շարք ընդհանուր հատկանիշներից զատ (լեզու, բնակարան, ծեսեր) Բարթը կարևորում է բարոյական նորմերը և վարքաձևերը, դրանք դիտարկելով որպես հիմնարար արժեքային կողմնորոշումներ, որոնք կաղապար են ստեղծում մնացած հատկանիշների համար6: Նա նշում է, որ էթնիկությունը պահպանվում է այն դեպքում, երբ խմբի անդամները դրսևորում են տարբերակված վարքագիծ ուրիշների համեմատությամբ, որը կարող է արտահայտվել, օրինակ՝ տոնածիսական արարողություններում7:

Բարթի մյուս առանցքային դատողությունը վերաբերում է էթնիկ ինքնության փոփոխությանը: Այս երևույթը նա ներկայացնում է աֆղանների (փուշթուներ, пуштуны) օրինակով, վերլուծելով թե ինչպես են վերջիններս ուծանում բելուջների (белуджы) միջավայրում: Որը համարյա թե միշտ տեղի է ունենում առանձին ընտանիքների, երբեմն էլ փոքր խմբերի դեպքում, դրա առաջին նախպայմանը սոցիալական ներգրավածությունն է: Այն նպաստում է մշակութային հատկանիշների հարմարեցմանը և տարբերակիչ հատկանիշների նվազմանը8: Պատճառը այն է, որ ավելի է զարգանում մակրոսոցիալական այն համակարգը, որի ներսում մարդիկ ձգտում են ունենալ միանման, ինչ-որ առումով իդեալականացված և տնտեսական առումով հարմարավետ մշակութային միջավայրեր: Ուծացմանը նպաստող երկրորդ կարևոր գործոնը դա բելուջների՝ ընդգծված հիերարխիկ դերային բաժանում ունեցող սոցիալական համակարգն է, որը երաշխավորում է ինչպես իր անդամների անվտանգությունը այնպես էլ ապահովագրում նրանց վնասները, և փուշթուների համար հեշտ է ներգրավվել այդ համակարգին9: Այսպիսով, էթնիկ ինքնությունը նախ փոխակերպվում է սոցիալական ինքնության և ապա ներգրավվելով այլէթնիկ միջավայրին քիչ-քիչ սկսում է նույնականացվել դրա հետ։

Բարթը այնուամենայնիվ եզրակացնում է, որ էթնիկ խմբերի միջև առկա շփման սահմանները դեռևս բավականին կայուն են: Դրանք որոշակի հանրության դեպքում ավել կամ պակաս չափով հաստատուն են լինում խմբի կրած տարբերակիչ հատկանիշների և վարքաձևերի ամբողջությունը պահպանելու շնորհիվ10:


1 Барт Ф., Этнические группы и социальные границы, М., «Новое издательство», 2006, 200 с.
2 Барт 2006, 11.
3 Барт 2006, 12.
4 Барт 2006, 10.
5 Барт 2006, 22.
6 Барт 2006, 15-16.
7 Барт 2006, 18.
8 Барт 2006, 27-28, 41.
9 Барт 2006, 151-152.
10 Барт 2006, 48.
դեպի ետ