• am
  • ru
  • en
Версия для печати
19.12.2023

ԱՆՀԵԾԱՆԻՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ

   

Ամբողջ սոցիալական մեդիան հայհոյում է կապիտուլյանտի հսկայական շարասյունը, որով գնացել էր Գյումրի: Նշում են, որ այդպիսի մեծ շարասյունով չեն տեղաշարժվում Բայդենը, Պուտինը, Սին, նույնիսկ Կադիրովը: Հիշեցնում են 2018–ին Երևանով հեծանիվով տեղաշարժվելու փորձերը: Ա՛յ, այդ մեկը չեղավ` հիմա էլ փոխնախարար Կարեն Գիլոյանը ծնգլահան է անում բոլոր դպրոցականներին հեծանիվով ապահովելու ու ապագայում «Հոլանդիա դառնալու» ծրագրով: Բայց Հոլանդիա վաղուց դառել են` վատ իմաստով, դաշտը լցված է տրանսներով, բայց ոչ թե ֆիզիկական, այլ` քաղաքական:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԱԿԱՆ ՖԵՏԻՇԻԶՄԸ

Դեռ 2018–ին հաճախ էր խոսվում, որ սրանք անհեծանիվ մանկություն ունեցած և «աբիժնիկ» մեծացած կոնտինգենտ են: Ու սրանք կարծես հաճախ դա ապացուցում են` դեպի հեծանիվ ունեցած անառողջ հետաքրքրությամբ: Սկզբում` Նիկոլի` Երևանում հեծանիվ քշելու փորձերը, հետո «վարչապետի գավաթի» անվերջ հեծանվավազքերը, հիմա էլ Գիլոյանը` իր հեծանվային ծրագրով: Մանկության օրոք չունեցած հեծանիվը դարձել է այս խունտայի ֆետիշներից մեկը:

Մյուս ֆետիշը` ֆեյք պապիկ–տատիկներն են: Սկզբում` Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկը, հետո` «վարչապետի ցավը տանող» քյաֆթառ ֆեյքերը, Գյումրիում էլ` 2000 դրամ Նիկոլից ուզող ֆեյք պապիկը: Հա, մեկ էլ «աղքատությունը հաղթահարելու» ֆետիշը, որից կապիտուլյանտը կարող է անվերջ բարբաջել: Սեփական աղքատությունն այնպես հաղթահարեցին, որ սրանց «օրինական» թալանի համեմատ, «նախկին թալանչիները» (ևս մեկ ֆետիշ) մի կողմ քաշված, հիմա նյարդային ծխում են:

Հիմա էլ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը» ռազմավարություն է որդեգրել, մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև դեկորատիվ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, ԱԺ–ի ու կառավարության ուսապարկեր, տարբեր երկրների պաշտոնյաներ, փորձագետներ, գիտության և երիտասարդության ներկայացուցիչներ... Նաև մեծ ճառ է ասել. «Առաջին արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում արհեստավորները հարձակվում էին և ոչնչացնում մանուֆակտուրաները, հաստոցները՝ առաջ մղելով մի շատ պարզ և տրամաբանական հարց. եթե ի հայտ են եկել հաստոցներ, որոնք աշխատելու են մեր փոխարեն, այդ դեպքում՝ ի՞նչ ենք անելու և ինչո՞վ ենք վաստակելու: Սա շատ լեգիտիմ հարց էր: Բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ այն աշխատուժը, որն ազատվում էր մանուֆակտուրաների ի հայտ գալու արդյունքում, ահա, այդ աշխատուժն ապահովեց հետագա գիտատեխնիկական ամբողջ առաջընթացը, որովհետև մարդիկ, ազատ ժամանակ ստանալով, սկսեցին մտածել տիեզերք թռչելու մասին: Եվ այժմ այն մարդիկ, եթե շատ պատկերավոր ասենք, ովքեր դարձան գործազուրկ առաջին արդյունաբերական հեղափոխության արդյունքում, ահա, նրանք կամ նրանց սերունդներն այսօր տիեզերքն են նվաճում: Մենք այսօր, ըստ էության, նույն իրավիճակում ենք, որովհետև արհեստական բանականության առաջ գալով՝ երկրագնդի վրա հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ուղղակի փակվելու են: Եվ այս իրավիճակը կառավարման, հասցեագրման, պլանավորման շատ կոնկրետ անհրաժեշտություն ունի»:

Թող ու փախիր, «տիեզերք նվաճելուց» և «արհեստական բանականությունից» է խոսում: Երկու անգամ թռցրին «առաջին հայկական արբանյակը», իսկ ինչ վերաբերում է «արհեստական բանականությանը», ապա վատ չէր լինի սրանց ամբողջ կազմը փոխարինել արհեստական բանականությամբ, որ ոչինչ չանեն, թե չէ, ինչ անում են, միայն վնասում են: «Ըստ էության, մենք ամեն օր առնչվում ենք մի իրավիճակի հետ, երբ սոցիալական նպաստների համակարգը մարդկանց խրախուսում է շարունակել լինել և մնալ աղքատ՝ հակասության մեջ մտնելով մեր ռազմավարության հետ, որը հնչում է հետևյալ կերպ՝ «Աշխատանքով հաղթահարել աղքատությունը», որովհետև, եթե անկեղծ լինեմ, ես այլ կերպ, քան աշխատանքը, աղքատությունը հաղթահարելու ուրիշ եղանակ չգիտեմ»,– հայտարարեց կապիտուլյանտը: Քանի ուշ չէ, սրա փոխարեն ռոբոտ դրեք, թե չէ էս պատուհասը հիմա էլ նպաստները կկտրի ու սոցիալական բոլոր մեխանիզմները կքանդի:

Բայց ոչ մի արհեստական բանականություն ու ոչ մի ռոբոտ ի զորու չեն սահմանափակել սրա մոլուցքը` հավերժ իշխելու: Շարքից դուրս կգան:

«ՕԳՏԱԿԱՐ ԱՊՈՒՇԻ» ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵ՞Ց

Ե՛վ կապիտուլյանտը, և՛ նրա քարոզիչները, այդ թվում` տխրահռչակ Տարոն Չախոյանը, երդվում–պատռվում են, որ արտահերթ ընտրությունների մտադրություն չկա: Սակայն Նիկոլի այցը Գյումրի` իր բոլոր ատրիբուտներով, այդ թվում` կեպիով գեղավարի թանգարան մտնելը, 2000 դրամ խնդրած ֆեյք բիձեն և ցուցադրական մնացյալ ամեն ինչը, դասական ընտրարշավ են: Ու նորից մեկնարկը Գյումրիից, ինչպես 2018–ին:

Բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ քանիցս նշել էին կապիտուլյանտի` «օգտակար ապուշ» (useful idiot) լինելու հանգամանքը, որը հաջողությամբ շահագործում են գերտերությունները, դրա պատճառով պարբերաբար օգնելով այդ ազգակործան պատուհասին պահպանել իշխանությունը: Հիմա էլ, երբ նա պատրաստվում է կրկնակապիտուլյացիայի արդեն ՀՀ–ի հաշվին, էլի օգնության ձեռք մեկնողներ կան: Օրինակ, Լուկաշենկոն շատ տգեղ ձևով փորձեց Նիկոլին մաքրել Արցախը դավաճանելը մեղքից և այն գցել Սերժ Սարգսյանի գրպանը: Ինչպես արձանագրում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը. «Նման սխեմաներ վերջին տարիներին ապարդյուն կերպով էլի են փորձել խաղարկել: Որքա՞ն կարելի է կրկնել նույն սխալը ու խաղեր տալ Փաշինյանի հետ մի եղանակով, որն առաջին հերթին ռեպուտացիոն կորուստներ է բերում իր՝ Բելառուսի նախագահի համար: Նախևառաջ, Батька–ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին նրա բացակայությամբ: Երկրորդ, Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առքուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն: Երրորդ, հիշում եմ, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Լուկաշենկոն Փաշինյանին ուղիղ մեղադրեց այն բանում, որ «վերջինս լեզուն մտցրել է մի տեղ»: Ու հիմա Հայաստանի վարչապետի լեզուն ֆիզիոլոգիական համապատասխան դիրքի վերադարձնելու հարցում օգնության նրա փորձը ստեղծում է անհետևողականության և կոնյունկտուրայի շրջանակներում գործելու տպավորություն»:

Նիկոլի հետ «խաղեր տվողների» պակաս չկա նաև ներսում: Նախկին (նախկի՞ն) մոլի նիկոլականներից բաղկացած «Զանգ» շարժումը, տարբեր գրպանային «արտախորհրդարանականներ»... Դրանք քիչ էին, «Հայաստան» դաշինքի պատգամավորները «կառուցողական ընդդիմություն» են խաղում: Օրինակ, մի՞թե «կառուցողականության» օրինակ չէ Լևոն Քոչարյանի այս խոսքը. «Հիմա այս իշխանությունը փորձում է համոզել, որ «այսքան կորուստներ ունեցանք, բայց լավ է լինելու», դա անում էին նաեւ պատերազմից հետո, սակայն ավելի վատ էր լինում, նույնը հիմա են անում, ամեն ինչ կապելով «խաղաղության պայմանագիր» երեւույթին։ Համոզված եմ, որ իրենց՝ իշխանության մնալու դեպքում շատ ավելի վատ է լինելու։ Այստեղ գալուց Գեղամասար գյուղում բնակիչների հետ զրույցի ժամանակ բնակիչներից մեկն ասաց՝ «Նենց են ծռել այս ամենը, որ հետ ուղղելուց կարող է ջարդվել»․ ես համոզված եմ, որ այդպես չէ, նախ պետք է չթողնել, որ շատ ծռվի, երկրորդն էլ՝ այդ ամենն ուղղելը առանց ջարդելու՝ ճիշտ մարդկանց, ճիշտ թիմի, նախկինում եղած սխալներն ուղղելու, հետագայում թույլ չտալու միջոցով, հնարավոր է»:

Բայց ամենավտանգավորը, անշուշտ, Նիկոլի նոր «զրոյական կետն» է: Առաջինն ավարտվեց Արցախի կործանումով, իսկ երկրորդի հետևանքը կարող է լինել Հայոց պետականության վերացումը: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է 6 տարի առաջ Ստեփանակերտում կազմակերպված մանկական միջոցառումից և գրել. «6 տարի առաջ, երբ Նիկոլը չկար իր զրոյական կետով, մեր երեխաները գույներ ունեին, մանկական երազանքներ ունեին նախկինների օրոք, «թալանած ու կոռուպացված» անվտանգ, խաղաղ, ուժեղ ու հարուստ Հայրենիք ունեին: Իրենց հայրերը, եղբայրներն ու հարազատները ողջ էին»:

«Զրոյական կետից» մահվան հոտ է փչում: Գյումրիում կապիտուլյանտն ու Էռատոն այցելեցին Սերգեյ Մերկուրովի տուն–թանգարան, որտեղ ծանոթացել են նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Բայց ախր հենց իրենք են մահվան տեսիլներ: Իսկ «զրոյական կետից» ելնելով` արդեն լրիվ «քիրվա» խաղեր են խաղում Եվրոպայում: Եվրամիությունից դուրս գտնվող 11 երկրներ միացել են Եվրոպական խորհրդի «Մագնիտսկու եվրոպական ցուցակը» մեկ տարով երկարաձգելու որոշմանը։ Դրանց թվում են նաև Հայաստանը և Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։ «Խորհուրդը երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները ևս տասներկու ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8–ը և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը։ Խորհրդի որոշմանն աջակցել են Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովայի Հանրապետությունը և Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, որոնք Եվրոպական տնտեսական տարածքի անդամ են, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը»:

Դե ինչ զարմանաս, և՛ Նիկոլի, և՛ Ալիևի համար հայ հայրենասերները ռևանշիստ են: Մնում է համաձայնվել Բագրատ արքեպիսկոպոսի հետ. «Վրեժ է պետք: Ես ինձ ռևանշիստ եմ համարում»:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ