• am
  • ru
  • en
Версия для печати
17.12.2023

ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ Է ԳԵՐԵՎԱՐՄԱՆ ԵՎՍ 80 ԴԵՊՔ, ՈՐՈՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ. Սիրանուշ Սահակյան

   

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարների վարչակազմերն օրեր առաջ համատեղ հայտարարություն տարածեցին։ Ըստ այդմ` Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ ՀՀ-ն` 2 ադրբեջանցի դիվերսանտի: Դեկտեմբերի 13-ին 2020-2023թթ.-ին գերեվարված ՀՀ 31 զինծառայող եւ սեպտեմբերին Արցախում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ արդեն գտնվում են Հայաստանում: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

«ԲԱՔՎՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿՄՆԱՆ 23 ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԵՐԻՆԵՐ»

— Կա՞ն տվյալներ, թե գերիների վերադարձից հետո` դեռեւս քանի՞ հայ ռազմագերի ունենք ադրբեջանական բանտերում:

— 32 գերիների վերադաձից հետո` Բաքվում դեռեւս կմնան 23 պաշտոնապես հաստատված գերիներ, հայեր, որոնք երեք կատեգորիա են՝ քաղաքացիական անձինք, ռազմագերիներ եւ քաղբանտարկյալներ, իհարկե, սրանք պաշտոնական թվեր են, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` ապացույցների ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է գերեվարման եւս 80 դեպք, որոնք ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի հաստատում: Իսկ գերիների վերադարձի հետ կապված` պայմանավորվածության փոփոխություն եղել է միայն մեկ անձի մասով` Վիգեն Էուլջեքջյանը փոխարինվել է այլ նոր ռազմագերիով:

— Դեռեւս ադրբեջանական գերության մեջ գտնվող գերիների անունները կա՞ն, կա՞ հրապարակված ցուցակ:

— Գերության մեջ գտնվողների անունները, իհարկե, կան, բայց որպես այդպիսին, ցուցակ չի հրապարակվել: Նման ցուցակները օգտագործվում են ջատագովության միջազգային իրավապաշտպանական կառույցների հետ աշխատանքների շրջանակներում:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՍԱՏԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»

— Իրականում քաղաքական պահանջ դրվե՞լ է գերիների վերադարձի դիմաց, թե՞ հավատալ ադրբեջանական «բարի կամքի» դրսեւորմանը:

— Կարծում եմ՝ բարի կամքի մասին չենք կարող խոսել` հաշվի առնելով, որ Ադրբեջանը միակողմանի չի իրականացրել մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները եւ առանց պայմանականությունների ազատ չի արձակել այնտեղ ապօրինաբար պահվող բոլոր հայերին: Մենք տեսնում ենք, որ 32 գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանը ստացել է ծանր հանցագործություն կատարած ադրբեջանցի զինծառայողներ եւ, ինչու ոչ, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով ստեղծված մարմնի միջոցառումների շրջանակներում օգուտներ է ստացել, հայտ է ներկայացրել հյուրընկալելու եւ այս տեսանկյունից հետապնդում է որոշակի շահեր: Իսկ հայկական կողմը, ըստ էության, այստեղ սատարել է ադրբեջանական նախաձեռնությանը:

— Տեղեկություն կա՞, թե ինչ վիճակում են Հայաստան վերադարձած գերիները, նրանց հետ հանդիպում եղե՞լ է:

— Նրանց հետ հանդիպումներ կլինեն, այս պահին հնարավոր չէ, նրանք պետք է բուժզննություն անցնեն, եւ ավելի ուշ փուլում իրավապաշտպան կառույցները, կարծում եմ` փաստահավաք գործունեություն կիրականացնեն ու հարցազրույցների հիման վրա դուրս կբերեն վերաբերմունքը եւ, ինչու ոչ, առողջական խնդիրները:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՐԻՆԵՐ ՉԿԱՆ, ԿԱՆ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ»

— Իսկ Հայաստանում դեռ կա՞ն ադրբեջանցի գերիներ, ունե՞ք տվյալներ:

— Իմ ունեցած տեղեկություններով` Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան, կան վարձկաններ, որոնց ճակատագրով Ադրբեջանը չի հետաքրքրվում հասկանալի պատճառներով: Ընդունելու պարագայում կվերհաստատի վարձկանների ներգրավվածության հանգամանքը, ինչից փոձում է խուսանավել:

— Ի՞նչ աշխատանք է հարկավոր տանել Ադրբեջանում մնացած մյուս գերիների վերադարձի համար: Այստեղ միջազգային կառույցները դերակատարում ունե՞ն:

— Գերիների վերադարձի խնդիրը չափազանց ձգձգվել է, այս մարդասիրական հարցի լուծումը առկախվել է, եւ պատճառը խնդրի քաղաքականացումն է: Ադրբեջանը ռազմագերիների, գերիների հիմնախնդիրը օգտագործում է, որպես հավելյալ լծակ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով, եւ բացառապես միջազգային աջակցությունը, ինտենսիվ քաղաքական ճնշումն ու միջնորդությունները կարող են ապահովել գերիների վերադարձը: Այստեղ, իհարկե, նաեւ կարեւոր նշանակություն ունեն իրավական մեխանիզմները, որոնք եւս ճնշման գործիքներ են Ադրբեջանի նկատմամբ:

Ս. Ասատրյան
www.iravunk.com


դեպի ետ