
ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՆԻԿՈ՞ԼՆ Է ՆԱՀԱՆՋԵԼ, ԹԵ` ԱԼԻԵՎԸ
Չնայած որոշակի ձգձգման` նախօրեին հայ 32 գերիները հասան Հայաստան: Հասկանալի է, այդ ձգձգումը կարող էր տարբեր պատճառներ ունենալ՝ սկսած թղթաբանությունից Ադրբեջանում, վերջացրած նրանով, որ նախնական պայմանավորվածություններից ինչ-որ բան կատարված չէր, եւ Բաքուն նման ազդակի էր սպասում:
«ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Իհարկե, այս հարցում կարեւորն այն է, որ հայ գերիները վերջապես տանն են: Սակայն ոչ պակաս կարեւոր հարցեր էլ այստեղ, ինչպես արդեն նշելու առիթներ ունեցել ենք, կան: Ինչպե՞ս ձեռք բերվեցին այդ պայմանավորվածությունները, կոնկրետ ո՞ւմ միջեւ եւ ի՞նչ բանակցային հարթակում: Վերջապես, ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ շարունակության պետք է սպասել, այսինքն, բացի հիշատակված «առեղծվածային» բանակցություններում ձեռքբերված բոլորիս հայտնի պայմանավորվածություններից, դրա տակ ի՞նչ դեռ չերեւացող այլ պայմանավորվածություններ կան: Իսկ որ նման պայմանավորվածություններ պետք է լինեն, դա գրեթե միանշանակ է. գերիներին հանձնելը չէր կարող ինքնանպատակ լինել, հակառակ դեպքում ինչո՞ւ էր Ալիեւը մինչեւ հիմա նրանց պահում, եթե ոչ ինչ-որ պահի` ինչ-որ հարց լուծելու համար:
Ըստ այդմ էլ, սպասում էինք, որ գերիների վերադարձից հետո Նիկոլից որոշակի ռեակցիա կլինի, որը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել, թե ո՞րը կարող է լինել դրան հաջորդող փուլը, այն է՝ ի՞նչ դեռ ոչ տեսանելի պայմանավորվածություններ կան հիշատակված «առեղծվածային» բանակցությունների տակ: Սպասելիքներն արդարացան. դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը իր բացման խոսքում Փաշինյանն իրոք բավականին հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: Հռետորաբանական մասում, հասկանալի է, «խաղաղության պայմանագիր» ստորագրել-չստորագրելու հարցն է՝ եթե Ադրբեջանը չհրաժարվի, մենք պատրաստ ենք «հին եւ բարի» ոճի մեջ: Ու հաջորդեց մեկ առնվազն տարակուսելի միտք. «Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն ջանքեր գործադրել, որ հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման եւ ոչ թե հակառակի մասին»: Ի՞նչ ասել է «զրոյական կետ». միայն նման տերմինն արդեն իսկ մտահոգիչ է, մի անգամ էլ Նիկոլն արցախյան բանակցությունները «զրոյական կետից» սկսեց, եւ հետեւանքները դեռ երկար չենք մարսելու: Բայց այս դեպքում ի՞նչ է ուզում «զրոյական կետից» սկսել, երբ մինչ այս հայտարարում էին, թե բանակցում են, տեսակետները մոտ են եւ այլն: Չնայած, այդ ողջ ընթացքը չեն կարող ջնջել եւ «զրոյական կետից» սկսել: Թե՞ ուզում է ասել, որ այն գործընթացը, որի մեկնարկը տրվեց գերիներին բաց թողնելով, այսինքն՝ դրան նախորդած «առեղծվածային» բանակցություններով, համարում է անշրջելի, մինչեւ վերջ կգնա, որ Բաքվում հանկարծ դարդ չանեն:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐ
Այն, որ դրանից հետո Փաշինյանի հիմնական մտքերն ուղղված էին կոմունիկացիաների գործարկման խնդրին, գալիս է հերթական անգամ ապացուցելու, որ հենց դա է առ այսօր եղել «խաղաղության պայմանագրի» հիմնական արգելակը: Եվ ահա, Նիկոլը հայտարարում է. «Այսօր մենք շատ ենք քննարկում տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին, եւ շատ կարեւոր եմ համարում արձանագրել այստեղ Հայաստանի պատրաստակամությունը` շատ գործուն եւ իրական քայլեր իրականացնել մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ… Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ընդ որում` նախկինում գոյություն ունեցած երկու երկաթուղիների միջոցով: Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախը հայկական Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որը այլոց շարքում կապում է նաեւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի եւ արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաեւ հյուսիսային ուղիով: Այս պատրաստակմությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես…»:
Մեկ հետաքրքիր դիտարկում. խոսքն արդեն ոչ թե միայն Մեղրիի գծի, այլ ընդհանուր կոմունիկացիոն համակարգի մասին է: Այդ թվում՝ Իջեւանի երկաթուղու, եւ չմոռանանք, որ այս ընթացքում Իջեւանը սկսել է հետաքրքիր դեր կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններում: Նախօրեին գերիների փոխանակումն Իջեւանի սահմանին էր, վերջերս էլ այնտեղ հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետները՝ Շահին Մուստաֆաեւը եւ Մհեր Գրիգորյանը: Իսկ նրանք, չմոռանանք, գործում են 2021թ. հունվարին Մոսկվայում կոմունիկացիաների վերագործարկման հարցով ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում ստեղծված փոխվարչապետների եռակողմ խմբի կազմում: Վերջապես, հենց այդ խմբի շրջանակներում է, որ մինչ այս դետալային կերպով քննարկվել են ոչ թե Մեղրիի գծի, այլ կոմունիկացիաների ընդհանրական վերագործարկման դետալները, այդ թվում, Նիկոլի հիշատակած Իջեւանի երկաթուղու թեման: Այսինքն, նա ակնարկում է մոսկովյան պայմանավորվածությունների մասի՞ն…
Ի դեպ, երեկ բավականին հետաքրքիր որոշում ընդունեց ՀՀ կառավարությունը: Հաստատվեց «Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգը»։ Իսկ Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Ադրբեջանը եւս «այսօր կհաստատի այդ փաստաթուղթը»: Սա հուշում է, որ Գրիգորյանի եւ Մուստաֆաեւի հիշատակված սահմանային հանդիպմանն ընդունվել են շատ կոնկրետ որոշումներ: Եվ եթե պարզվի, որ նաեւ գերիների վերադարձն է այդ հանդիպման արդյունքը, կստացվի, որ խոսքն ամբողջական գործընթացի մասին է, որն առաջ է տարվում մոսկովյան պայմանավորվածությունների շրջանակներում ձեռքբերված կառույցի կողմից:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ
Ամեն դեպքում, այս պահին նաեւ այն տպավորությունը կա, որ Բրյուսելում անկումային տրամադրություններ կան հայ-ադրբեջանական գործընթացն առաջ տանելու հարցով: Դա սպասելի էր այն բանից հետո, երբ օրերս Բայրամովը հենց Բրյուսելում պարզ ակնարկեց, որ հայ-ադրբեջանական ուղղությամբ Եվրոպան զբաղված է անհեռատես աշխարհաքաղաքական մանիպուլյացիաներով, ըստ այդմ էլ, որ «ԵՄ բոլոր կառույցները եւ անդամ պետությունները» կա՛մ պետք է «ցուցաբերեն կառուցողական աջակցություն», կա՛մ «ձեռնպահ մնան գործողություններից, որոնք կարող են վնասել կարգավորման այս կարեւոր գործընթացը»: Նաեւ ավելացնելով, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցել միայն «չեզոք` երրորդ կողմի միջնորդությամբ»:
Այս անթաքույց մտքերից հետո՝ նախօրեին Շառլ Միշելը շտապեց բացառիկ հարցազրույց տալ «Ազատությանը», փորձելով ցույց տալ, որ դեռ մնում է խաղի մեջ: Նախ, փորձեց ցույց տալ, որ մասնակցություն ունեցել են գերիների վերադարձի գործընթացին, թեեւ ավելի շատ հակառակ տրամադրությունն առաջ բերեց: Ըստ Շառլ Միշելի. «Այն, որ մի քանի օր առաջ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, դա մասամբ նաեւ մեր օգնության շնորհիվ է»: Բայց նաեւ ընդունելով, որ բրյուսելյան բանակցային գործընթացը վերջին ժամանակներս փաստացի կանգ է առել: Այդ դեպքում ինչպե՞ս է ԵՄ-ն «մասամբ» նպաստել վերջին պայմանավորվածություններին, եւ մյուս՝ հիմնական մասն ո՞ւմ միջնորդությունն է: «Բայց կարեւորը, մեր կարծիքով, ավելի շատ արդյունքն է, քան հանդիպման վայրը»,- շարունակեց նա, թեեւ մինչ այդ բացահայտորեն մեծագույն խանդով էր մոտենում ռուսական միջնորդությամբ հանդիպումներին, ու նման հանդիպումները ձախողվեցին: Ավելին, թեեւ Հայաստանում եղան ակնարկներ, որ հնարավոր է հունվարին Բրյուսելում կայանա Բայրամով-Միրզոյան հանդիպում, սակայն Միշելը պնդում է, թե Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել:
Այնուամենայնիվ, մեկ էական միտք Շառլ Միշելի ասածներում կար: «Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջեւանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»,- ասել է Միշելը: Այսինքն, Բրյուսելի ամբողջ դարդը Հայաստանի «ինքնիշխանությո՞ւնն» է: Իսկ ո՞րն են համարում այդ «ինքնիշխանության ոտնահարումը», նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսվածով, որը ստորագրել է նաեւ Նիկոլը, վերագործարկվող երկաթուղում չլինի՞ ռուսական վերահսկողություն:
Սա արդեն «ինքնախոստովանություն» է, թե ինչու է այս երեք տարիներին գործընթացը լռվել-մնացել, որի արդյունքում դատարկվեց Արցախը: Բայց եթե հիմա Նիկոլը խոսում է «զրոյական կետից» եւ կոմունիկացիաների ընդհանրական գործարկման հնարավորություններից, ի՞նչ է դա նշանակում, որ արդեն համաձա՞յն է ադրբեջանական այն դիրքորոշման հետ, թե կոմունիկացիոն գործընթացը պետք է շարունակել արդեն ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա, հակառակ դեպքում Բաքուն երկաթուղին կկառուցի Իրանով: Թե՞ Ալիեւն է հրաժարվել այդ մտքից եւ հիմա ցանկանում է ԱՄՆ-ի ասած պայմաններով Մեղրիի գծի կառուցմանը: Դատելով Շառլ Միշելի նշված տրամադրություններից` առավել եւս՝ Բրյուսելում Բայրամովի հայտարարություններից, երկրորդ տարբերակը անհամեմատ քիչ հավանական է թվում:
Չնայած, առջեւում Սանկտ Պետերբուրգի միջոցառումներն են, եւ դրան Նիկոլի մասնակցել-չմասնակցելը շատ ավելի հստակ պատկեր կարձանագրի:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ