
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ» ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼ ՉԻ «ՁԳՈՒՄ»
Այս օրերին Նիկոլն ու Զելենսկին մեկ ակնհայտ ընդհանրություն ունեն: Երկուսն էլ ընկել, Արեւմուտքից օգնություն են մուրում: Փող, զենք, քաղաքական աջակցություն: Ու եթե քաղաքական աջակցության մասով գոնե ճոխ խոստումներ կան, ապա դրանք փողով եւ զենքով կյանքի կոչելու հարցում վիճակն ակնհայտորեն դեպի լավը չի գնում:
ԻՆՉ Է ՓՆՏՐՈՒՄ ՆԻԿՈԼՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ
Եթե Զելենսկուն նախկինից պահպանվող մնացորդներով դեռ ինչ-որ բան տալիս են, բայց նաեւ մշտապես ակնարկելով, որ հիմա Արեւմուտքի ուշքն ու միտքն Իսրայելն է, ապա Նիկոլը «քյաշի» տեսքով դա էլ չի ստանում: Ֆրանսիական մի քանի մեքենա եւ ռադար, ու երեւի այդքանով միառժամանակ կսահմանափակվեն: Քաղաքական խոստումների եւ գովեստների պակաս, իհարկե, չկա: Սակայն անգամ դրա տակ որեւէ ռեալություն տեսանելի չէ: Այսինքն, նիկոլյան էմիսարներն ընկած Եվրոպայով մեկ սրան-նրան են դիմում, Նիկոլն անգամ ի ցույց դրեց, թե, տեսեք, ՀԱՊԿ-ի հերթական հանդիպմանը չի մասնակցելու: Սակայն որեւէ արդյունք, որը հնարավոր կլիներ գոնե քարոզչական արշավի հիմք դարձնել, այդպես էլ չկա ու չկա: Արդյունքում շատ պարզ հարց է առաջ գալիս: Երբ քաղաքական տարաբնույթ խոստումներով Արեւմուտքը Նիկոլին Ռուսաստանի դեմ է հրահրում, իրականում պատրա՞ստ է ռեալ, ոչ միայն «շպիոնական» ավանտյուրաների տեսքով այլ գործողություններ ծավալել: Օրինակ, մի ամբողջ «շպիոնական» օպերացիա սարքեցին, Արցախը հայաթափվեց, ռուսների դեմ այդ հաշվին ամբողջական արշավ կառուցվեց: Հետո՞, ո՞րն է լինելու Արեւմուտքի հաջորդ քայլը, առավել եւս, երբ այդ ամենից օգտվելով, Թուրքիան ու Ադրբեջանը հիմա բառացիորեն «թքում են» Եվրոպայի վրա: Այսինքն, գոնե մի «քոռ կոպեկի» օգուտ ունի՞ Հայաստանն արեւմտյան այդքան ճոխ խոստումներից եւ նիկոլյան խմբակի արդեն բացահայտ դարձած քարոզարշավից հետո, թե՝ «Արեւմուտքը մեզ կօգնի»: Եթե այո, կարո՞ղ են որեւէ բան ցույց տալ, բացի «դեմոկրատիայի» մասին արդեն զզվեցնող ճառերից: Իսկ հակառակն ապացուցող փաստեր անգամ հայաստանյան պաշտոնական վիճակագրութունն է ներկայացնում: Օրինակ, թեեւ մի գլուխ խոսում են եվրոպական երկրների հետ կապերն ամրապնդելուց, սակայն պարզվում է, որ վերջին մեկ տարում դեպի այդ նույն Եվրոպա հայաստանյան ապրանքների արտահանումը նկատելիորեն կրճատվել է, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ կրկնակիին մոտեցող աճ կա:
Բայց կա նաեւ այլ հարց. իսկ ի՞նչ է Նիկոլն ակնկալում Արեւմուտքից, որ նա էլ համառորեն չի տալիս կամ չի կարողանում տալ: Նա եւ թիմակիցները վերջին «եվրոպական արշավների» ընթացքում մեկ հիմնական թեմայի վրա են կենտրոնացել՝ «Խաղաղության խաչմերուկ» անվամբ: Այսինքն, օգնեք Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքել, եւ Հայաստանը կվերածենք համաշխարհային առեւտրային ճանապարհների վրա «Խաղաղության խաչմերուկի»: Դա էր քարոզում Նիկոլն օրերս Փարիզում, այդ մասին ճառեր կարդաց ԱԽՔ Արմենը Բրյուսելում, իսկ Միրզոյան Արոն նախօրեին Լոնդոնում բրիտանական Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին էր փորձում համոզել, թե, տես, Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ինչ լավ բան է։
Միայն թե ամբողջ խնդիրն այն է, որ եթե իրոք փորձում են Եվրոպային հրապուրել այդ «Խաղաղության խաչմերուկով», ապա գոնե որոշ հիմնավորումներ պետք է կարողանան տալ, որ դա ռեալ է եւ ֆինանսապես նպատակահարմար:
ՌԵԱ՞Լ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ»
Ամենապարզ հարցը. ֆինանսատնտեսական տեսանկյունից որքանո՞վ է ռեալ այդ «Խաղաղության խաչմերուկ» ասվածը: Քաղաքական տեսանկյունից առանձնապես աչքի չընկած, բանիմաց մասնագետի համարում ունեցող ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, այսինքն՝ համեմատաբար չեզոք մասնագետն այսպես է գնահատում այդ նախագծի տնտեսական ասպեկտը. «Ես այդ բառի իմաստը չեմ հասկանում, որովհետեւ դա ունի տարբեր երանգներ։ 2018-ից այս կողմ կառավարությունը խոսում էր խաղաղության օրակարգի, Ադրբեջանի բարեկրթության մասին, 2020 թվականից հետո այդ օրակարգն ավելի սրվեց, երանգներ ստացավ։ Մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զուգահեռ մեզ մոտ բախումներ են լինում, Ադրբեջանը ավելի շատ է ռազմական հայտարարություններ անում, Ադրբեջանի լկտիությունն ավելի է շատանում, մենք ունենում ենք Արցախի կորուստ, մարդկանց բռնագաղթում։ Ինձ, որպես քաղաքացու, անհասկանալի է այդ «Խաղաղության խաչմերուկը»։ Եթե կառավարությունը կձեւակերպի՝ դա ինչ է, ես կփորձեմ տնտեսական հաշվարկներ անել»։
Այսինքն, զուտ տնտեսական տեսանկյունից այդ «Խաղաղության խաչմերուկ» կոչվածն այս պահին պարզապես զրո է. չկա որեւէ հիմնավորում, թե պետք է անել սա-սա, եւ արդյունքում կստանանք այսքան-այսքան՝ կտեղափոխվի այսքան բեռ, կլինի այսքան շահույթ եւ այլն: Ավելին, Նիկոլը նաեւ պետք է կարողանա հիմնավորել, որ այդքան բեռի եւ շահույթի համար Հայաստանի տարածքն անփոխարինելի է, քանի որ հակառակ դեպքում պետք է «չոր» հաշվարկներով հիմնավորել, որ Հայաստանի տարածքն այլընտրանքային ուղղություններից ավելի եկամտաբեր է, որ դրսից մարդիկ գլխապատառ այստեղ նետվեն, քաղաքական խոչընդոտները հաղթահարեն, ներդրումներ անեն՝ մեծ շահույթի հույսով:
Այսինքն, քանի դեռ չկա նման հիմնավորում, «Խաղաղության խաչմերուկ» կոչված տերմինը մնում է միայն քաղաքական ինչ-որ տեսություն: Ու իրականում այդպես էլ կա, քանի որ Նիկոլն այդ ծրագիրն ուղիղ կապում է Ադրբեջանի հարաբերությունների հետ, փորձելով բոլորին համոզել, որ եթե կնքվի «խաղաղության պայմանագիր», ապա նույնիսկ մեխանիկորեն կգործի «Խաղաղության խաչմերուկը», եւ բոլորի համար լավ կլինի: Միգուցե այն հաշվարկով, որ դրանով արտաքին ուժերին կշահագրգռի՝ ճնշել Ալիեւին եւ պարտադրել «խաղաղության պայմանագիր» կնքել, միգուցե պարզապես ասելիք չունի եւ այդ տերմինը մոգոնել է՝ ցույց տալու համար, որ դեռ խաղի մեջ է, միգուցե հայաստանյան հանրությանն է փորձում դրանով նոր պոպուլիստական հույսեր ներշնչել կամ նման բան. ինքը կիմանա: Բայց իրականում անգամ պարզ տրամաբանությունն է հուշում, որ նաեւ քաղաքական տեսանկյունից այդ «Խաղաղության խաչմերուկը» չաշխատող ծրագիր է, եւ դժվար թե հաջողվի դրանով այլ երկրների «կուտ տալ»:
ԱՅՍ ՏԵՄՊԵՐՈՎ ԿԴԱՌՆԱՆՔ ՄԻԱՅՆ ՓԱԿՈՒՂԻ
Ամեն դեպքում, բավական է անգամ քարտեզին նայել, որ պարզ դառնա. զուտ կոմունիկացիոն առումով Հայաստանն ամենեւին էլ «խաչմերու-կային» դիրք չունի: Այսինքն, եթե հիմքում դնենք զուտ տնտեսական կողմը, ապա կոմունիկացիոն առումով, հաշվի առնելով նաեւ լեռնային դիրքը, Հայաստանը մի բան էլ ծանրացնում է տեղաշարժերը ինչպես հյուսիսից-հարավ, այնպես էլ՝ արեւելքից-արեւմուտք ուղղություններով: Որոշակի շահավետ դիրք, իհարկե, Մեղրիի երկաթուղին ունի, սակայն միայն որպես տրանզիտային ուղի եւ առանց ապագայում զարգանալու հեռանկարի: Փոխարենը, էական հանգույց կարող է լինել Նախիջեւանը, որն այս պահին էլ ունի խաչմերուկային դիրք՝ ինչպես հյուսիսից-հարավ, այնպես էլ արեւելքից արեւմուտք ուղղություններով: Բայց եթե չստացվի, կա զարգացման հնարավորություն՝ Իրանով եւ Թուրքիայով Հայաստանը շրջանցելու տարբերակը: Ադրբեջանը եւս կարող է ինքնուրույն նման հանգույցի դեր կատարել: Կա երկաթուղային կապ Ռուսաստանի, նաեւ Վրաստան-Թուր-քիայի հետ, ընթացքի մեջ է Աստարայով Իրանին կապող օղակի շինարարությունը, եւ մշակվում է Իրանով Նախիջեւանի հանգույցին միանալու սխե-ման: Այսինքն, ամբողջական կոմունիկացիոն օղակ կարող է գործել նաեւ Հայաստանը շրջանցելով, եւ միայն դա նաեւ քաղաքական իմաստով է զրոյացնում Նիկոլի «Խաղաղության խաչմերուկը»:
Իհարկե, Մեղրիի ուղին քաղաքական տեսանկյունից կարող է հետաքրքրել նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին: Սակայն այստեղ էլ գերագնահատել պետք չէ: Վերջին հաշվով այն «Թյուրքական միջանցք» չի դառնում: Կա Կասպից ծովը: Այսինքն, եթե Անկարային հաջողվի անգամ «Զանգեզուրի միջանցք» բացել, մեկ է, Կասպից ծովի օգտագործման հաստատված նորմեր կան, դրանք «Թյուրքական միջանցք» չեն նախատեսում, եւ հազիվ թե Անկարան կարողանա այնտեղ ճեղքել ռուս-իրանական պաշտպանությունը:
Մի խոսքով, թեեւ պոտենցիալին, Ադրբեջանն էլ իր հերթին որոշակի խնդիրներ ունի, որ կարողանա ինքնուրույն «խաչմերուկի» ֆունկցիայի հավակնել: Ավելի կոնկրետ, իրականում մեծ խաչմերուկ կարող է դառնալ ընդհանուր հարավկովկասյան տարածաշրջանը: Բայց միայն ընդհանուր տարածաշրջանի համագործակցության դեպքում:
Այսքանից զատ, գործնականում հայաստանյան երկաթուղային համակարգ մտնելը, որտեղ ռուսներն ունեն կառավարման գործառույթներ, Արեւմուտքի համար կնշանակի ամենաուղիղ, ոչ «շպիոնական» խաղերի միջոցով բախում Մոսկվայի հետ: Կգնա՞ն դրան, երբ անգամ Ուկրաինայում նման բախումից խուսափեցին. քիչ հավանական է:
Կարճ ասած, եթե Նիկոլն իրոք հույս ունի, թե «Խաղաղության խաչմերուկ» կոչված հերթական անիմաստությամբ կարող է դրսում որեւէ մեկին շահագրգռել, ապա դա լուրջ չէ: Ամեն դեպքում, հանուն այդ անիմաստության, հաստատ «Եվրոպական նավերը Հայաստանի լեռները չեն մագլցի», եթե անգամ կարողանան «մագլցել»: Եթե, իհարկե, ընդունենք, որ նպատակն իրոք շահագրգռելն է: Եթե խոսում է այդ մասին ընդամենը ինչ-որ բան ցույց տալու համար, ավելի վատ Հայաստանի համար: Սա տանում է այն ռիսկին, որ այսքան կորուստներից զատ, Հայաստանը դեռ մի բան էլ առաջիկա չգիտես քանի տասնամյակում կարող է դուրս մնալ բոլոր կոմունիկացիոն նախագծերից՝ խաչմերուկի փոխարեն վերածվելով սովորական, որեւէ մեկին չհետաքրքրող փակուղու:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ