• am
  • ru
  • en
Версия для печати
11.11.2023

ԱԼԻԵՎՆ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ, ԱՆՈՒՄ Է, ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՆՐԱ ԱՍԱԾԸ ՄՆԱ ԵՐԱԶԱՆՔ. Մանասյան

   

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ:

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԵՃԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵԻՆ»

— Լրացավ 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը: Այս տարիների ընթացքում ի՞նչ դասեր քաղեցինք: Կարողացա՞նք ինչ-ինչ առումներով շտկել մեր սխալներից գոնե մի քանի տոկոսը:

— Դասեր պետք է քաղեն բոլորը, դա միայն իշխանություններին չի վերաբերում, վերաբերում նաեւ քաղաքական ուժերին, փորձագետներին, սպայական բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց, իհարկե, առաջին պատասխանատուները իշխանություններն են: Օրինակ` իմ քաղած դասն այն է, որ ինձ չի հաջողվել իմ տեսակետը ավելի տարածել, ավելի համոզիչ ասել, ավելի խորը համոզմունք դարձնել ընթերցողի մոտ: Իսկ քաղաքական ուժերը պետք է դաս քաղեին այն բանից, որ այսօր մեր առջեւ կանգնած գլխավոր հարցի` ազգային անվտանգության, Արցախի խնդրի շուրջ կուսակցական վեճեր չպետք է լինեին, քանի որ դրանք ոչ թե կուսակացական, այլեւ համազգային հարցեր են: Իշխանությունների դասերը ոչ միայն այն է, թե այս ընթացքում ինչ սխալներ ու վրիպումներ են թույլ տվել, այլ անցած տարիների փորձի անաչառ վերլուծությունը դարձնել մերօրյա իրողությունների իմաստավորման դասեր: Վիրիպումները շատ են, եւ ես չէ, որ դաս պիտի քաղեմ, այլ հենց իշխանություններն էլ պետք է այդ բոլորին այլ աչքով նայեն, ե՛ւ նախորդների արածներին, ե՛ւ հատկապես իրենց արածներին, որպեսզի իմաստավորեն, թե ո՞ր էտապում, ինչպիսի՞ հարցերում են իրենք թերանում կամ վրիպում: Բայց այսօրվա զարգացումների դժվարությունն այն է, որ դեպքերը արագ են զարգանում, գրեթե կայծակնային արագությամբ: Վերջերս, օրինակ, առաջին դեմքի կողմից հնչեցվեց «խաղաղության խաչմերուկի» գաղափարը: Պետք է ասեմ, որ տարիներ առաջ ես ինքս եմ այդ գաղափարը բարձրաձայնել, բայց ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ «քաղաքակրթությունների երկխոսության խաչմերուկ», որին շատերն են հավակնում, մեր շանսը շատ մեծ է այդպիսին լինելու, բայց այդ ուղղությամբ իշխանությունների խելքն էլ չի կտրում, որ պետք է աշխատեն: Մեր պատմությունը եւ մեր աշխարհագրությունը մեզ բացառիկ շանս է տվել դառնալու քաղաքակրթությունների խաչմերուկ եւ որոշակի առաքելություն ստանձնելու ժամանակակից կոնֆլիկտների կարգավորման մեջ, որպես տարբեր քաղաքակրթական արժեքների հաղորդակից ազգ, պետություն:

— Բայց թշնամու հետ հնարավո՞ր է կանգնել «խաղաղության խաչմերուկում»:

— «Խաղաղության խաչմերուկը» ավելի շուտ ռեկլամային բան է, քան թե իրական բովանդակությամբ օժտված, որովհետեւ թշնամին այդ բանը չի հասկանում: Բայց այն տարիներին, երբ ես բարձրաձայնել եմ քաղաքակրթությունների խաչմերուկ հասկացությունը, դա իրացման շատ ավելի մեծ շանսեր է ունեցել, որովհետեւ մենք այս վիճակում չենք եղել, բայց հիմա էլ ուշ չէ, միշտ պետք է գտնել իրավիճակին համապատասխանող բառ, բանաձեւ` քո գաղափարը ներդնելու համար:

«ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ ՀԵՆՑ ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՈՎ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ՆՅՈՒԹԻՆ ԽՈՐՔԻՑ, ԵՎ ՈՉ ԹԵ ԱՆՓՈՐՁ ՄԱՆԿԻԿՆԵՐԸ»

— Ալիեվը նոյեմբերի 8-ին, Սեփանակերտում շքերթ անցկացրեց` այդ օրը նշելով իբրեւ հաղթանակի օր, եւ դեռ ախորժակ ունի Երեւանի, Սեւանի, Սյունիքի ուղղությամբ: Մի՞թե կորած է ամեն բան:

— Ալիեւն ինչ ուզում, անում է, մենք էլ պետք է անենք այնպես, որ նրա ասածը մնա երազանք, եւ մի օր մենք նորից Արցախի մայրաքաղաքում մեր դրոշը բարձրացնենք եւ շքերթ անցկացնենք: Ու սա հնարավոր է, եթե մեր անցյալից դասեր քաղենք, եթե արցախյան խնդրի շուրջ համազգային կուսակցական վեճեր չծավալվեն, եթե գտնենք ազգային միասնության մեր ժամանակներին եւ մարտահրավերներին համապատասխանող բանաձեւերը եւ դրանց իրագործման գործիքները:

— Պատերա՞զմն է այդ գործիքը, որով դեռ ամեն բան կորած չէ, թե՞ այդուհանդերձ կա բանակցային ճանապարհ` գոնե Հայաստանի սուվերեն տարածքը պահպանելու համար:

— Ուժը միայն ռազմական ուժը չէ, ուժը գիտությունն է, դիվանագիտությունն է, ուժը քաղաքականությունն է, ուժը միասնությունն է, ուժը տեղեկատվական ճակատում հաղթանակն է, որը հնարավոր է, որովհետեւ դրա դեմը դժվար է փակել, այնտեղ տանկեր պետք չեն, այնտեղ ճիշտ մտքեր են պետք, եւ այնտեղ ասելիք ունի հենց գիտնականը, ով տիրապետում է նյութին խորքից, եւ ոչ թե անփորձ մանկիկները, որոնք հայտնվում են ասպարեզում եւ սխալ բաներ են անում, որոնց սխալ լինելը չեն գիտակցում:

— Շատ է նշվում, որ սպասվում է պատերազմ Սյունիքի կողմից, խոսվում է, որ Իրանը հնարավոր է պատերազամական իրավիճակում աջակցի Հայաստանին, ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները: Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի:

— Այսպիսի կանխատեսումներն ինձ թվում է` առարկայական չեն բարձր արագությամբ փոփոխությունների պարագայում, առավոտյան այն չէ, ինչ երեկոյան, երեկոյան այն չէ, ինչ առավոտյան: Կանխատեսումները չի կարելի այդպիսի վստահ տոնով անել, պետք է կարողանալ ժամանակին դեպքերի իրադարձությունների զարկերակին պահել ձեռքը եւ կարողանալ ազգային նպատակների, պետության շահերի տեսակետից ճիշտ քայլեր անել, եւ եթե դա արվում է, նշանակում է` ինչ ես ասացի՝ հնարավոր է:

«ՄԻԼԻՈՆՆԵՐ ԵՆՔ ԾԱԽՍԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՍԱՆԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ, ԻՆՉՆ ԱՆԻՄԱՍՏ ԷՐ»

— Եթե դիվանագիտական դաշտում Հայաստանն ունի հնարավորություններ, ի՞նչն է խանգարում գոնե այդ դաշտում հաղթանակներ գրանցելու համար:

— Դիվանագիտությունը ամենաբարդ արվեստներից մեկն է, դիվանագիտությունը տրված չէ թշնամիներ վաստակելու համար, այլ այն տրված է թշնամուն բարեկամ սարքելու համար, դա մեծ արվեստ է, եւ դրան պետք է տիրապետել: Դիվանագետի զենքը խոսքն է, նա պետք է իմանա, թե ինչ է ասում, դա մեզ համար վնա՞ս է, թե՞ օգուտ:

— Իսկ միջազգային կառուցների հետ Հայաստանի աշխատանքը ինչպե՞ս եք գանահատում:

— Եթե նայենք, թե նրանք ինչպես են աշխատում, կպարզվի, որ մենք չենք աշխատում, հենց տեղեկատվական դաշտում: Մենք միլիոններ ենք ծախսել, որպեսզի ԱՄՆ նախագահը արտասանի «ցեղասպանություն» բառը, ինչն անիմաստ էր: Ես նույնիսկ առաջարկել էի, որ պահանջեն, որ այդ անունը չտան, որովհետեւ նրանք շահարկում են: Մեր Սփյուռքը պետք է ասեր՝ արգելում ենք ձեզ մեր ողբերգությունը սարքել առեւտրի առարկա, դա ավելի ուժեղ կլիներ, քան թե ընկնել այդ միջանցքները, կաբինետները եւ խնդրել, թե կօգնենք դառնաք սենատոր կամ նախագահ, մենակ թե այդ բառը ասեք: Իսկ այն տվեց դատարկություն: Այդքան եռանդը մենք պետք է ծախսեինք ուրիշ ուղղությամբ: Ղարաբաղյան թեմայով մենք կարող էինք հսկայական գրականություն աշխարհով մեկ տարածել, ինչը արել է Ադրբեջանը, միայն թե կեղծ գրականություն է տարածել:

Ս. Ասատրյան
www.iravunk.com


դեպի ետ