• am
  • ru
  • en
Версия для печати
07.11.2023

«ՆՈՐ ՄԻՋՆԱԴԱՐԻ» ՆՈՐ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԸ

   

Միջազգային փորձագետները մատնանշում են նոր համաշխարհային թրենդ, որը մարտահրավեր է բոլոր ազգային պետությունների համար` այսպես կոչված «նոր միջնադարը»: Գլոբալացումը բերեց մի երևույթ, որը չէին նախագծել դրա ճարտարապետները` միջնադարյան կայսրությունների վերածնունդ տասնյակ միլիոնավոր բնակիչներով երկրներում, ընդ որում` այդ բնակիչների կեսից ավելին 25 տարեկանից երիտասարդ են: Խոսքը կոնկրետ մեր տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի մասին է, կանխատեսվում է նաև Արաբական խալիֆատի վերածնունդ: Ռուսաստանում թեև վաղուց են խոսում «իմպերիայի» մասին, սակայն դեռևս ռեալ քայլեր գրեթե չի երևում: Փորձագետները նշում են, որ «նոր միջնադարի» իրողությունները լրջագույն մարտահրավեր են անգամ Իսրայելի պես «էտալոնային» ազգային պետության համար, և դա արդեն երևաց Գազայի պատերազմի ընթացքում:

ԱՎԻՍ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ «ԴԱՓՆԻՆԵՐԸ» ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՆԻԿՈԼԻՆ

Սակայն Հայաստանը «նոր միջնադարի» իրավիճակին առերեսվում է կապիտուլյանտական խունտայի կողմից գրեթե վերացված ինքնիշխանությամբ և ազգային պետության ինստիտուտների սրընթաց քայքայման պայմաններում: Խոշոր հաշվով 2018–ի հեղաշրջումը հենց այդ նպատակով էլ ծրագրվել և իրագործվել էր գլոբալ խաղացողների կողմից, որպեսզի չեզոքացվի Հայաստանի Հանրապետության` կայացած ազգային պետության գործոնը: Նաև այդ նպատակով ագրեսիվ մարտական քարոզչության միջոցով պատվաստվեց տոտալ արցախահայացությունն ու ժեխամտությունը, «միայն թե նախկինները չվերադառնան» տխմարագույն հոգեբանությունը:

Իսկ հիմա Նիկոլը կարծես թե որոշել է փորձել հավերժացնել իր իշխանավարումը, մանավանդ որ նրա պես խամաճիկը և «աշխարհաքաղաքական ֆլյուգերը» կարծես որոշ դիսկոմֆորտով հանդերձ ձեռնտու է բոլոր արտաքին խաղացողներին: Իր «խաղաղության խաչմերուկը» կամ «проходной двор»–ն էլ կարծես ձեռք է տալիս բոլորին` ամեն մեկին իր բաժին շահն առաջ տանելու: Իսկ «հավերժացման» տեխնոլոգիան` ընդդիմության ոչնչացումը ռեպրեսիաներով, թեև այս պահին ընդդիմությունը կարծես թե սպառնալիք չէ նրա համար, սակայն դա չի նշանակում, որ ապագայում սպառնալիք չի լինի: Ճիշտ է, հանրությանը փոքր–ինչ «փափուկ բարձ» տվին` «ճռռալով» ազատ արձակելով Գարիկ Գալեյանին, Լևոն Քոչարյանին և Տաթև Վիրաբյանին, սակայն ռեպրեսիվ ընդհանուր կուրսը դրանով չի փոխվել: Մասնավորապես, քրեորեն հետապնդվում է Հրանտ Բագրատյանը` այսպես կոչված «ատելության բորբոքման» հոդվածով (որին հնարավոր է հարմարեցնել ցանկացած հրապարակային քննադատություն), և ամենակարևորը` սկսել են մարդկանց դեմ քրգործեր հարուցել անգամ այն գրառումների համար, ուր կոնկրետ անուններ չկան:

Այսպես, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ քրգործ սկսեցին «Մահ դավաճաններին» դարձվածք պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որն արվել է սեպտեմբերի 19–ի ադրբեջանանիկոլական ագրեսիայի առնչությամբ: Իրավապաշտպանը դրա առնչությամբ գրել է. «Քիչ առաջ ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր. օրենքի. «բռնության կոչ», 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս.թ. սեպտեմբերի 19–ի ներքո բերված գրառումը։ Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է։ Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։

Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Ստալինյան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապես, անկախ կոչվող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրվեց»։

Ի դեպ, կոնկրետ անուն չպարունակող գրառման համար քրեական վարույթ կա և կուսակցապետ Տիգրան Ուրիխանյանի դեմ` այն բանի համար, որ գրել էր «придурок»–ներին վատ բան անելու մասին: Այսինք` ստացվում է, որ խունտայի առանցքային դեմքերն իրենց վրա են վերցրել և՛ «придурок», և՛ դավաճան լինելը, ու դրանով այդ գրառումները ստացան նրանց դեմ վտանգավոր բան կոչ անելու բնույթ: Դա նոր, չտեսնված խոսք է «թավշյա» իրավագիտության մեջ, այդ տարբերակով մարդուն կարող են մեղադրանք առաջադրել, ասենք, անգամ այլմոլորակայինների դեմ բան գրելու համար: Կարճ ասած` մարդը լինի, քրեական հոդված կգտնվի, դա միավորում է թերուս տերտեր Ստալինին և թերուս լրագրող Նիկոլին: Բայց Նիկոլն ուզում է ստալինյան կամայականություններն էլ գերազանցել, ու թերևս նրա իդեալը 1920–21 թվականների դահիճ Ավիս Նուրիջանյանն է, որին բավարարում էր միայն «հեղափոխական հոտառությունը»:

Իսկ բավականին կուրիոզային էր ԱԱԾ–ի արտադրած «կինոն», ուր խոսվում էր ենթադրաբար ռուսամետ «Հյուսիսային տերևաթափ» տեռորիստական հնգյակի մասին, բայց կադրում ցուցադրվել էր խզբզած թուղթ` հակառուսական ԱԺԲ–ի հիշատակումով: Ժիրայր Սէֆիլյանին հարցաքննել են ԱԱԾ–ում, իսկ կալանավորված հնգյակից երկուսը ԱԺԲ–ի հանրահավաքների մասնակից են: «Փաշինյան Նիկո՛լ, վստահ եղիր, որ մենք քո հետևից հինգ հոգով չենք գալու կամ տասը հոգով չենք գաու։ Գալու ենք տասնյակ հազարավոր հայ մարդկանցով»,– ԱԺԲ–ի ասուլիսում հայտարարեց Ազգային–ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը։ Տասնյակ հազարներո՞վ` դե աչքովս տեսնեմ, Սէֆիլյան: Նա նշեց, որ Բևեռն իր քաղաքական գործունեության մասին բարձրաձայնել է ու բարձրաձայնում է, շարունակելու է նույն մարտավարությունը։

«Բևեռը մշտապես խոսել է հանցագործներին պատժելուց, առաջնահերթորեն խոսքը վերաբերում է քեզ ու քո շրջապատին։ Բևեռը կողմ է ձեզ պատժել մեր պատկերացրած ապագա անցումային կառավարության, արդարադատության փուլում, հայկական Նյուրնբերգի պես։ Այդպես ենք պատկերացնում քեզ պատժելը»,– դիմելով Փաշինյանին՝ ասաց Սեֆիլյանը։ Նա ասաց՝ տղաները, Ալբերտ Բազեյանը ազատազրկվել են Փաշինյանի ցուցումով։ «Կանգ առ այս ընթացքիցդ, կրկնում եմ՝ պատրաստվիր հեռանալ։ Եթե ոչ, ասեցինք՝ ինչեր կարող են տեղի ունենալ»,– ասաց Սեֆիլյանը։

ԻՍԿ «ԿՈՄԻՏԵՆ» Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ

Այնուամենայնիվ, Նիկոլն ունի վատ երազ, որից սարսափահար արթնանում է` որ Արևմուտքը սկսել է խանգարել իր ռեպրեսիվ գործողությունները: Այդ տեսիլքը «թեթևակի» նրա աչքի առաջ բերեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 6–ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Պատգամավորները համազեկուցողների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի եւ այլ կարիքների ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներին:

Հանդիպմանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն անդրադարձել են նաեւ, իրենց հավաստմամբ, ՀՀ–ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին եւ ներքաղաքական այլ զարգացումներին:

Այ քաղբանտարկյալների թեմայի քննարկումը եվրոպացիների հետ լարվածություն է առաջացնում նիկոլենց մոտ, մանավանդ, երբ նախաձեռնողը ՀՀԿ–ն է: ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից էլ նրանք վախեր ունեն, և այդ վախերը դրդում են վերջին ռեսուրսները նետել «հակասերժական» քարոզչության հնոց: Նույնիսկ Զարուհի Փոստանջյանի պես «расходный материал»–ը դրեցին–քամեցին մինչև վերջ:

Իսկ «Ազգային կոմիտեից» նիկոլենք դժվար թե մտավախություններ ունենան: Դե հո Արման Թաթոյանի վարչապետության «գազն անցած» թեման իրենց չի լարի: Ազգային կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունն ու դրան հետևած ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակի արձագանքները. «Հավանաբար իրար են խառնվել հետևյալ երեք ինֆորմացիաները.

Առաջին. կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ ներգրավելը, և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։

Երկրորդ. կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ։ Տարբեր մարդկանց անուններ են հնչել, այդ թվում և Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ դա չի քննարկվել, և այդպիսի որոշում չի ընդունվել։

Ընդ որում, ես միշտ պնդել եմ, որ հիմա ժամանակը չէ դա քննարկելու, պետք է նախևառաջ կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում, և երբ մոտենանք այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենանք բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու։

Երրորդ. կոմիտեի որոշ անդամների կարծիքով՝ նպատակահարմար և օգտակար կլիներ, եթե վեհափառն ու երեք նախագահները հանդես գային միասնական հայտարարությամբ՝ կապված շարժման և այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում ու Արցախում (բայց ոչ իհարկե վարչապետի թեկնածուի վերաբերյալ), սակայն տեխնիկական պատճառներով այդ գաղափարի իրագործումը հետաձգվեց»։

Լավ, այն ժամանակ քննարկել եք, լավ եք արել, հասկացանք նաև, որ ԼՏՊ–ն «քըխ» է: Բայց հիմա՞ ինչ եք անում, նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում եք պասիվ:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ