• am
  • ru
  • en
Версия для печати
02.11.2023

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԽԱ՞ՂԸ, ԹԵ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ

   

Իհարկե, մեր փոքր եւ մեծ տարածաշրջանում ծավալվող ներկա իրադարձությունների (Տե´ս նաեւ) եւ սպասելիքների ֆոնին շատ կարեւոր է դառնում մեկ հարց եւս: Այսպես, Էրդողանն իր վերջին մեծ հանրահավաքում ամենավերջին բառապաշարով հակադրվեց մի կողմից՝ Իսրայելին, մյուս կողմից՝ Արեւմուտքին: Բայց, նաեւ չմոռանանք, լինելով ՆԱՏՕ-ի անդամ: Ու հիմա այս հարցն է առաջ գալիս. դա նրա հերթական բլե՞ֆն է, ինչ-որ խա՞ղ, որը ցանկացած պահի կարող է նորից թեքվել Արեւմուտքի ուղղությամբ: Թե՞ սա իրոք մարտահրավեր է, եւ Էրդողանը պատրաստվում է ներկա իրողություններից օգտվելով, գնալ Արեւմուտքից լիակատար տարանջատվելու ճանապարհով: Չէ, նկատի չունենք թեքվել դեպի Ռուսաստան, Չինաստան կամ այլ թեւի ուղղությամբ: Խոսքը տարանջատվելու մասին է, որի պարագայում Թուրքիան կարող է ինքնուրույն սուբյեկտի վերածվել այնպես, ինչպես Իրանն է:

Նկատենք, իր կառավարման հենց սկզբից Էրդողանն այդ կուրսով է առաջ գնում: Իհարկե՝ դանդաղ, իհարկե՝ ամեն պահ աչքը Վաշինգտոնին գցած: Բայց գնում է, եւ քայլ առ քայլ հասել է այն մակարդակին, որ բազում կոնկրետ հարցերով կարող է Վաշինգտոնի հետ բացահայտորեն «քյալլա տալ»: Ինչպես, օրինակ, ռուսական C-400-ների դեպքում եղավ, եւ նման բազում օրինակներ կան:

Եվ ահա, ներկայումս ստեղծվել են այն բացառիկ պայմանները, որ Էրդողանը կարող է նաեւ վերջին քայլը կատարել՝ օգտվելով հանգամանքից, որ Վաշինգտոնը մի շարք խոշոր հակամարտությունների մեջ է խրվել, փորձելով հասնել բացարձակ ինքնուրույնության: Մյուս կողմից, կան նաեւ Էրդողանին այդ քայլին դրդող լուրջ գործոններ: Այսպես, Իրանն ի ցույց է դնում ամեն ինչով Պաղեստինին աջակցելու պատրաստակամություն՝ ընդհուպ ռազմական բախման գնալու գնով: Այդկերպ, հասկանալի է, շիա մահմեդականության առաջնորդ Իրանն ընդհանուր իսլամի առաջնորդության հայտ է ներկայացնում: Ընդ որում, հաշվի առնելով, որ հիմնականում շիա պաղեստինցիների կրոնական լիդերներ, որպես արաբներ՝ ազգակիցներ հանդիսացող երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, թեեւ իրենց հերթին են Պաղեստինին աջակցելու մասին խոսում, բայց ակնհայտորեն ոչ այն ակտիվ դիրքերից, ինչպիսին Իրանն է: Եվ այս իրավիճակում իր հերթին առնվազն սունի իսլամի լիդերի դիրքերին հավակնող Թուրքիան կանգնած է փաստի առաջ: Կա՛մ կարող է իրեն պահել, որպես ՆԱՏՕ-ական դաշնակից, կա՛մ կտրուկ գնալ Պաղեստինին պաշտպանության դիրքեր, փորձելով իր ակտիվությամբ առաջ անցնել Իրանից, եւ դա կդառնա սունի իսլամի առաջնորդության ռեալ հայտ: Վերջապես, կարող է նաեւ այդ երկու տարբերակների միջակայքում խաղալ, բայց այդ դեպքում կարող է իսլամական աշխարհում հեղինակության լրջագույն կորուստներ ունենալ՝ առաջնորդության բոլոր հեռանկարները զիջելով Իրանին: Ու արդեն իսկ կա լուրջ քննադատություն, որ այդպես կտրուկ Իսրայելին քննադատող Էրդողանն այդ ինչո՞ւ է թողնում, որ իր տարածքով այդ նույն Իսրայելը նավթ ստանա:

Այսպիսով, Էրդողանը, ինչպես միշտ, խաղի մե՞ջ է, թե՞ նա թվարկված եւ նման մի շարք այլ գործոնների ազդեցությամբ իրոք կարող է դեմ գնալ Արեւմուտքին: Նախօրեին էրդողանը եւս մեկ հայտարարությամբ հանդես եկավ, որն իրավիճակի հետ կապված որոշակի մտորումներ առաջացնում է: Այսպես, Իսրայելի նկատմամբ հերթական քննադատական ելույթի ժամանակ նա նման միտք եւս հնչեցրեց, թե ներկայումս իրենք բախվում են «Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիայում՝ հայերին եւ Էգեյան, Մարմարա եւ Սեւ ծովերում հույներին գրգռողների ժամանակակից տարբերակներին»։ Ապա նաեւ՝ «Մենք բախվեցինք նրանց չփակված հաշիվների հետ, որոնք վերջին երկու դարերի ընթացքում մեզ բաժանել են քաղաքական, աշխարհագրական, սոցիալ-տնտեսական մասերի»:

Այն, որ ակնարկը հայերի եւ հույների ցեղասպանության ժամանակների մասին է, դա հասկանալի է: Նաեւ, որ Էրդողանն իր պապերի ոճրագործության հետքերը տանում-հասցնում է ինչ-որ «գրգռողների», որոնց «ժամանակակից տարբերակները» մինչ օրս գործում են: Ի վերջո, «դրդողներ» կամ քաղաքական ծրագրեր սարքողներ կային, թե՝ ոչ, հենց թուրքերն են ցեղասպանները: Իհարկե, կարելի է հասկանալ նաեւ, թե ում է փորձում մատնանշել. անգլոսաքսերին եւ նրանց օժանդակող հրեական խոշոր կապիտալին, որոնք այն ժամանակ հիմնականում գործում էին Բրիտանիայի, այսօր՝ ԱՄՆ-ի միջոցով: Ու ամբողջ հարցն այստեղ այն է, թե ինչո՞ւ Էրդողանը որոշեց հասնել պատմության խորքերը եւ ներկայիս հետ կապեր գտնել: Սա ակնա՞րկ է, որ Էրդողանը գնում է 100-150 տարվա պատմություն ունեցող գործընթացները շրջելու ուղղությամբ: Եթե այո, սա արդեն լուրջ տեղաշարժ կդառնա:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ