• am
  • ru
  • en
Версия для печати
26.10.2023

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՍՏԱՏ ԲԱՅԴԵՆԻ ՀԱՄԱՐ «ԿՐԱԿԻՑ ՇԱԳԱՆԱԿ ՀԱՆՈՂ» ՉԻ ԴԱՌՆԱ

   

1.jpg

Եվ, իհարկե, Հարավային Կովկասում հնարավոր զարգացումների (Տե´ս նաեւ iravunk.com), այն է, թե ինչպես են կողմնորոշվելու Ալիեւն ու Էրդողանը, ասենք նաեւ Նիկոլը, շարունակում է ցուցիչ մնալ Իսրայելի շուրջ ծավալվող իրադարձությունները: Եվ այստեղ շատ բան այնպես չէ, ինչպես կցանկանար Նեթանյահուի վարչակազմը:

Ամենաէական փաստերից մեկն է, որ թեեւ արդեն տեւական ժամանակ խոսելով Գազայի հատվածում ցամաքային օպերացիայից, թե կլուծեն ոչ միայն Գազայի, այլ ցանկացածի հարցը, ով կմիջամտի, Իսրայելը, այնուամենայնիվ, խուսափում է հարձակումից: Ընդ որում, գնալով նմանվում է նրան, որ պարզապես վախենում են ցամաքային օպերացիայից:

Այս ընթացքում շարունակվում են հորդորները, սպառնալիքները «Հեզբոլահի» ուղղությամբ, թե՝ չհամաձակվեք Գազային հարվածելու դեպքում պատասխանել: Սակայն արդեն այնքան շատ եւ բազմապիսի աղբյուրներից են նման հորդորներ լսվել, որ դա սկսում է նմանվել խնդրանքի, թե` ի՞նչ կլինի, «Հեզբոլահ», մի խառնվիր: Նույն ազդակը ստացվեց նաեւ Իրանից: ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը «3+3» հանդիպման շրջանակներում հրապարակավ հայտարարեց, որ ԱՄՆ-ը դիվանագիտական ուղիներով Իրանին խնդրել է չմիջամտել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը. «Ամերիկացիները մեզ առնվազն երկու անգամ հաղորդագրություններ են ուղարկել, որոնք պարունակում էին երկու հիմնական կետ։ Նրանք ընդգծել են, որ շահագրգռված չեն հակամարտության գոտուց դուրս ռազմական գործողությունների տարածմամբ եւ Իրանին խնդրել են զսպվածություն ցուցաբերել»: Սակայն այդ խնդրանքներին պատասխան ռեակցիա ո՛չ «Հեզբոլահից» եւ ո՛չ էլ՝ Իրանից չկա: Ավելի կոնկրետ, պատասխանն այն է, որ եթե Իսրայելը գնաց թույլ պաշտպանված պաղեստինցիներին տանկերով ճզմելու ճանապարհով, «Հեզբոլահը» կպատասխանի, եւ եթե ԱՄՆ-ն միջամտի, ապա կխառնվի նաեւ Իրանը: Ու այդպես էլ ցամաքային հարձակման վերջնական որոշումը չկա ու չկա, ու փոխարենը էապես սրվում է ներիսրայելյան հարթակում Նեթանյահուի դեմ անհանդուրժողականությունը: Բանը հասել է նրան, որ անգամ շարքային զինվորներն են տեսախցիկի առաջ ամենավերջին բառերով անպատվում նրան, եւ հետագա ամեն մի ձգձգում էլ ավելի է ծանրացնելու վիճակը: Ավելին, անգամ Նեթանյահուի պաշտոնանկությունը բան չի փոխում: Բանն այն է, որ իսլամական աշխարհի մոտ այս իրավիճակում սրվում է համոզմունքը, որ Իսրայելն արդեն այն ուժը չէ, որպիսին իրեն ներկայացնում է եւ կփորձի այս անգամ մինչեւ վերջ գնալ՝ Պաղեստինի խնդիրը հանգուցալուծելու համար՝ անկախ նրանից, թե ով կլինի Իսրայելի վարչապետի պաշտոնին:

Գումարած, ուկրաինական հարթակում եւս Բայդենի համար տհաճ իրողություններ են ստեղծվում: ԱՄՆ-ն արդեն Պենտագոնի մակարդակով է սկսել խոստովանել, որ էապես կրճատել է Կիեւին ցուցաբերվող օգնությունը (տե՛ս նաեւ գրաֆիկը): Մինչեւ իսկ խոսակցություններ եղան, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար նախատեսված տասնյակ հազարավոր արկեր ուղարկել է Իսրայել: Եվրոպան իր հերթին է կանգնել գրեթե դատարկ զինապահեստների փաստի եւ իսլամական ուժերի հետ ներքին բախումների մեծ հավանականության հեռանկարի առաջ եւ հազիվ թե այս պահին կարողանա նախկին ծավալներով օգնել Ուկրաինային: Ու այս իրավիճակում ռուսները շարունակում են ուկրաինական բանակին պարտադրել ծանր մարտեր ռազմաճակատի ողջ երկայնքով, որը կարող է առաջիկա շաբաթներին ուկրաինական ուժերին պարզապես առանց զինամթերքի թողնել: Ու սա խնդիրների միայն մի մասն է, որի առաջ այս պահին կանգնած է Վաշինգտոնը:

Այս իրավիճակում Թուրքիան եւ Ադրբեջանը, իհարկե, մտածելու լուրջ հարցեր ունեն: Եթե դինամիկան չփոխվի, ապա շատ մեծ է հավանականությունը, որ արդեն առաջիկա շաբաթներին կհաստատվի բոլորովին այլ աշխարհաքաղաքական պատկեր, որտեղ առնվազն ԱՄՆ-ն չի ունենա այն առարկելի դիրքերը, որը կար մինչ այս: Ընդ որում, եթե Իսրայելը ի վերջո հրաժարվի պատերազմից, ապա անգամ դա Իրանին կներկայացնի որպես հաղթող կողմ, որի պարագայում Թեհրանն էականորեն բարձի դիրքեր կստանա նաեւ Թուրքիայի հետ ներտարածաշրջանային հակամարտությունում: Դա կանխելու համար պատերազմի մեջ մտնելը եւս լուծում չէ: Այս դեպքում շատ մեծ է ռիսկը, որ ԱՄՆ-ից, որն արդեն իսկ գերծանրաբեռնված է երկու հակամարտություններով, պարզապես որեւէ օգնություն չի ստանա:

Ահա, մոտավորապես այս ֆոնից ելնելով էլ Թուրքիան պետք է կողմնորոշվի իր քայլերում եւ իր հե-տեւից տանի «փոքր եղբորը»: Ու նախնական տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ի համար «կրակից շագանակ հանողի» դեր Էրդողանը հազիվ թե ցանկանա ստանձնել…

Իսկ այն, որ Նիկոլն այս իրավիճակում դեռ փորձում է Մակրոն խաղարկել, դա ինչ-որ տեղ սկսում է նաեւ զավեշտի նմանվել:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ