
ԵՆԹԱԴՐԵՆՔ` ԲՈԼՈՐԸ ՎԱՏՆ ԵՆ, Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ՆԻԿՈԼԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԿՈՐԾԱՆՄԱ՞Ն. Արտակ Զաքարյան
ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ գնահատմամբ` օրվա իշխանության արկածախնդիր քաղաքականությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ըստ նրա` որքան էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարվում է ամենավատը, բայց, այդուհանդերձ, նույնիսկ այդ փաստաթղթով կարելի էր փրկել իրավիճակը, ինչը տապալեցին իշխանությունները:
— Պարոն Զաքարյան, իսկ ի՞նչ կարող էր անել իշխանությունը Ձեր նշած հայտարարության համատեքստում:
— Նախեւառաջ պահանջատեր լինել գերեվարված անձանց վերադարձնելու հարցում, Բերձորի միջանցքը չհանձնել` ժամանակից շուտ, որովհետեւ դրա մասին խոսք չի եղել, Ռուսաստանի խաղաղապահների մանդատն ամբողջությամբ պարտադրել, հասնել նրան, որպեսզի ճանաչվեր լիարժեք մանդատ նաեւ միջազգային շրջանակներում, ինչը հնարավոր էր: Եվ, իհարկե, նաեւ Արցախի կարգավիճակի խնդիրը պետք էր պահել քաղաքական օրակարգում` նույնիսկ միմյանց հետ գժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համար, որովհետեւ երեքն էլ ասում էին, որ կարգավիճակի հարցը փակված չէ: Այն, ինչ տեղի ունեցավ, բոլորովին էլ չի փակում Արցախի ինքնորոշման իրավունքի խնդիրը: Պետք էր դարձնել այն Հայաստանի արտաքին քաղաքականության իրական մաս` դրանով ապահովելով նաեւ ՀՀ անվտանգային բոլոր խնդիրները: Պետք չէր գնալ Պրահա ու հայտարարել, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում` մի տեղ, որտեղ դրա կարիքը ընդհանրապես գոյություն չուներ: Սա պետք էր միայն Արեւմտյան մի քանի երկրներին ու Թուրքային: Նույնիսկ Ադրբեջանը չէր սպասում նման զարգացում: Նրանք լրիվ ուրիշ քաղաքականություն էին պատրաստվում իրականացնել` մտածելով, որ, երեւի, այսքանից հետո ՀՀ իշխանությունները ողջամիտ կլինեն եւ կսկսեն ճիշտ քաղաքականություն վարել: Բայց ընդհակառակը` ավելի պրոադրբեջանական եւ պրոթուրքական քաղաքականություն վարեցին: Էլի շատուշատ հանգամանքներ կան, որոնք կարելի է նշել: Ընդհանրապես, քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ հենց նրա համար է, որպեսզի բարդ իրավիճակներից կարողանա դուրս գալ: Լավ իրավիճակը բարդացնել, ով ասես կարող է, Նիկոլից սկսած ում էլ տանեիք ու դնեինք այնտեղ, կա՛մ ավելի վատ էր լինելու, կա՛մ նույնն էր լինելու, կա՛մ մի քիչ ավելի լավ: Բայց մարդիկ հենց դրա համար են քաղաքականությամբ զբաղվում, պետական ու քաղաքական գործիչներ կոչվում, որ կարողանան բարդ իրավիճակներից դուրս գալ: Մենք բազմիցս ենք ասել, որ նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որն առ այսօր միակն է 44-օրյա պատերազմից հետո, կարելի էր նվազագույն օգուտով կամ գոնե առանց վնասի դուրս գալ: Ավելին` այն դարձնել երկարաժամկետ առումով քաղաքական ուղենիշ, որովհետեւ աշխարհը փոխվում է, շահերը` նույնպես: Բայց Հայաստանը չօգտվեց այդ հնարավորությունից, ինչի հետեւանքով այսօր չկա մի պետություն, որը չասի` Արցախը պատկանում է Ադրբեջանին: Ո՞վ է ասել, որ իրենք էլ կրկնում են, Նիկոլ Փաշինյանը: Հենց սրանով նա ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում դարձրեց ընդհանրապես քաղաքականության տեսանկյունից անհնարին:
— Բայց դրան նախորդել էին Փառուխի դեպքերը, Բերձորի ու Աղավնոյի հանձնումը… Այս դեպքերում եւս ռուս խաղաղապահների քայլերը գոհացուցիչ չէին:
— Իսկ ո՞վ է հանձնել, հանձնվել է ՀՀ եւ Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում: Այդ նույն հայտարարության մեջ գրված է, որ երեք տարվա ընթացքում պետք է ճշգրտել նոր կառուցվող ճանապարհի ընդամենը նախագիծը: Բայց Ադրբեջանն արագ-արագ կառուցել է ճանապարհն ու ասել` դե դուրս եկեք: Այնպես որ, խնդիրն առաջին հերթին ՀՀ թափթփվածության եւ անհեռատեսության մեջ է: Պարզ էր, որ Ադրբեջանը քնած չէ, շարունակելու է իր խնդիրները լուծել, նա գիտեր, որ Արցախի կարգավիճակի հարցը փակ չէ, ինքնորոշման իրավունքը ոչ մեկը չի հանել օրակարգից: Նա արեց իր քայլերը, իսկ որո՞նք էինք քո պատասխան գործողությունները:
— ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասում է, թե` 2020 թվականի պատերազմից հետո ԼՂ-ում անվտանգության երաշխավորը եղել են ռուս խաղաղապահները:
— Բացեք 2021 թվականի ՔՊ-ի նախընտրական ծրագիրը: Այնտեղ մի առանձին ենթաբաժին կա նվիրված Ղարաբաղյան հիմնախնդրին: Ես չեմ ասում, կառավարությունն է ասում, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել` Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Երբ 2021 թվականի ընտրություններից առաջ եւ հետո կարդում էինք իրենց նախընտրական ծրագիրը, ինքներս մեր մեջ մտածում էինք, որ գոնե սրանք ստեղծված իրավիճակին քիչ, թե շատ համարժեք ծրագիրն են գրել: Մենք էլ մոտավորապես կգրեինք այն, ինչ գրված է այդտեղ` մի քիչ ավելի այլ շեշտադրումներով, բայց հիմնական թիրախներն այսպես կլինեին ձեւակերպված: Բայց գրելն այլ է, անելը` այլ: Ու հիմա հարց են տալիս, թե` ո՞վ է ասել, որ մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, էհ, դո՛ւք եք ասել, դո՛ւք եք գրել: Սա նշանակում է, որ Սարգիս Խանդանյանը ձեռք է առնում Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը:
— Իշխանության հետ կապված ամեն ինչ պարզ է, հանրությունն ընդդիմությունից է պահանջում է` վատն է, հանեիք:
— Ենթադրենք չկա ընդդիմություն, բոլորը վատն են, ի՞նչ ենք անում, Նիկոլի հետեւից գնում ենք կործանմա՞ն: Ընդդիմությունը վերջին 3-4 տարիներին անընդհատ առաջարկում է լուծումներ, ցույց է տալիս, որ հաջորդ քայլով հայտնվելու ենք այս կամ այն վիճակում, կորցնելու ենք` սկսած Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերից, որն անմիջապես 2020 թվականի դեկտեմբերին արդեն հանձնվեց: Ինչու սա տեղի ունեցավ, որովհետեւ պետք էր ոչ թե մտնել «բունկերը» եւ հետո դուրս գալ ու ժողովրդի վրեժից խոսել, այլ պետք էր իրավիճակը սթափ գնահատել եւ հասկանալ, թե որտեղից է պետք սկսել: Քո հակառակորդը շարունակում է քո դեմ ագրեսիան բոլոր ֆրոնտներով` ոչ միայն ռազմական, նաեւ քաղաքական, թե հերթով ինչը որտեղից է հարվածելու եւ ինչ է անելու, մինչդեռ մենք ոչինչ չենք անում, հիմա ասում ենք` դե ի՞նչ անեինք: Պառակտված հասարակությունը չի կարող հաջողություն ունենալ: Այսօր հայրը որդու հետ չի խոսում, որովհետեւ հայրը նիկոլական է, տղան` քաղաքական իմաստով նորմալ մարդ: Այս իրավիճակում նիկոլականը չի կարող քաղաքական իմաստով նորմալ մարդ լինել:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ