• am
  • ru
  • en
Версия для печати
16.10.2023

ՀՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵՆ ԼԱՅՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ ՈՒ ՔԱՍՏԻՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՆ. Կարապետ Պողոսյան

   

«Իրավունք TV»-ի զրուցակիցն է իրավապաշտպան, քաղաքական գործիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

— Մինչեւ հարցազրույցը քննարկում էինք, թե ճի՞շտ է ներկայացնել Ձեզ, որպես քաղաքական գործիչ, որովհետեւ այսօր այնքան է աղավաղվել ընդդիմադիր դաշտը, որ դժվար է զանազանել` ով ով է:

— Եթե նակինում ընդդիմադիր ասելով` հասկանում էինք անձ կամ մարդկանց խումբ, ովքեր դեմ էին իշխանություններին եւ իրենց քննադատություններով ինչ-որ բան էին առաջարկում, այսօր «ընդդիմադիր» բառը Հայաստանում փոխել է իր իմաստը: Հիմա ընդդիմադիր ասելով` հասկանում ես մարդ, ով ձգտում է ունենալ պետականություն: Իրականում այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամ կա, եւ ես, այո՛, ընդդիմադիր եմ, ով չի համակերպվում Արցախի կորստի հետ, համաձայն չէ պետականություն կորցնել եւ ուզում է անել ամեն ինչ, որպեսզի չկորցնի Հայրենիք, այլ ոչ թե պարզապես դեմ է Նիկոլ Փաշինյանին: Շատերը դիտավորությամբ կամ անզորությամբ կորցրին, այսպես ասած, ընդդիմադիրի պատվավոր կոչումը, բայց սա չի նշանակում, որ պետք է այդ բառից հրաժարվենք: Վերջերս նկատել եմ, որ իշխանական որոշ 50 դրամանոց ստատուսչիներ մի թեզ են շրջանառում, թե «ընդդիմադիր կոչվածները միայն վատից են խոսում»: Իսկ կա՞ լավը, որ խոսենք: Բացի այդ, ինձ համար վերջին 5 տարին բաժանվում է երկու փուլի. Առաջինը` 2018-2020 թվականի նոյեմբերի 9-ն էր, երբ իսկապես զբաղվում էինք քաղաքականությամբ, քննադատում էինք այս կամ այն պաշտոնյայի` դրանով իշխանություն դառնալու հայտը ներկայացնելով, թե այսինչը վատ է աշխատում, եթե գնա, գամ ես` կաշխատեմ ավելի լավ, որովհետեւ ունեմ այսինչ ծրագրերը եւ պատկերացումները: Իսկ 2020 թվականից հետո իրականում Հայաստանում քաղաքականություն չկա: Լավ կամ վատ ինչ անում ենք, համենայնդեպս, փորձում ենք մղել ազգային-ազատագրական պայքար: Եվ հիմա խնդիրը ոչ թե Փաշինյանից ազատվելն է, որ գանք իշխանության եւ ավելի լավ կառավարենք, այլ առաջին հերթին ազատվելն է ներսի եւ դրսի թուրքերից, ազատագրել մեր հայրենիքը: Եվ այս հարցում ինչ-որ ամբիցիա ներկայացնելն անմտություն է: Ի վերջո, ազգային-ազատագրական պայքարից հետո չես կարող հավակնել ինչ-որ պաշտոնի, որովհետեւ այս պահին կռիվ ես տալիս քո դարավոր թշնամիների դեմ` կապ չունի զենքով, թե խոսքով ու գաղափարով, եւ չգիտես` սրանից հետո ո՞ղջ ես մնալու, թե` ոչ, որ մի հատ էլ պլանավորես, թե ինչ պաշտոնի ես հավակնելու: Ընդդիմության մոտ եթե այսքան ժամանակ ինչ-որ բան չստացվեց, հենց այդ ամբիցիաների պատճառով է: Պետք է մոռանանք ցանկացած ամբիցիա, որովհետեւ այսօր մեր կռիվը ոչ միայն Փաշինյանի, Ալիեւի ու Էրդողանի դեմ է, այլեւ շատուշատ աշխարհաքաղաքական կենտրոնների, ովքեր զուտ իրենց հետագա աշխարհաքաղաքականության ապահովման համար աչք փակեցին 21-րդ դարի ամենախայտառակ, ամոթալի էջերից մեկի վրա:

— Արցախը հայաթափվելուց հետո` այսօր հանրության մեջ կա տարածված տեսակետ, որ հիմա շատ ուշացած է խոսել Ձեր նշած պայքարի մասին:

— Իսկ այս դեպքում` ի՞նչ եք առաջարկում, ուղղակի, համակերպվե՞նք այս ամենի հետ, եւ խաշի սեզոնը համարենք բացվա՞ծ: Այո՛, ուշացած է, որովհետեւ չկարողացանք հասնել այնպիսի մի իրավիճակի, որի արդյունքում չլիներ այն, ինչ եղավ սեպտեմբերի 19-ին եւ շարունակվում է մինչեւ այսօր: Բայց, միեւնույն ժամանակ, ուշացած չենք, որովհետեւ ոչ ոք չի կարող ինձ գոնե համոզել, որ մեր պատմության մեջ մեկ անգամ ենք ընդամենը հնարավորություն ունեցել` մեր հայրենիքն ազատագրելու: Գոնե հիմա պետք է տեղի ունեցածից հետեւություններ անել եւ սրանից հետո ավելի ճիշտ գործել:

— 44-օրյա պատերազմից հետո որեւէ դաս չքաղվեց, այդ թվում ընդդիմությունը չկարողացավ այնպես համախմբվել, որ երկրի գահավիժումը կասեցներ:

— Չհաջողվեց, որովհետեւ գուցե շատերի համար սա դեռ քաղաքականություն է: Էլի եմ ասում` հիմա չպետք է ունենալ որեւէ ամբիցիա, այլ յուրաքանչյուրն իր ներուժի չափով պետք է անի այն ամենը, ինչը հնարավորություն կտա երկիրն ազատել ադրբեջանաթուրքական զավթիչներից, որոնք այս պահին նստած են Բաղրամյան 26-ում եւ կառավարության տարբեր մասնաճյուղերում: Մենք պետք է ազատվենք գործակալական ցանցից: Շատ հաճախ ինքներս բողոքում ենք, թե ժողովուրդը չեկավ, ոտքի չկանգնեց, չուզեց, իսկ արդյոք ուզում ենք հասկանալ` ինչո՞ւ: Ըստ իս, ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանին չեն կարողանալու հեռացնել, բոլոր այն քաղաքական գործիչները, անհատները, ովքեր թեկուզ շատ կարճ ժամանակահատվածում ողջունել են Նիկոլ Փաշինյանի մուտքը Հայաստանի կառավարության շենք: Օրինակ, ժողովուրդը տեսնում է, որ Պողոս Պողոսյանը 2018 թվականին սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, եւ հիմա մարդիկ չեն հավատում այդ անձին: Այնպես որ, պետք է անկեղծ լինել:

— 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն դեմ էր ընդամենը 55 պատգամավոր եւ փորձագիտական մի նեղ շրջանակ…

— Այստեղ հարցն այն է, որ ովքեր հայտնվեցին հարթակում, ոչինչ չփոխեցին: Հետեւաբար, եթե այսօր ուզում ենք փոփոխություններ, պետք է նաեւ փոխենք հարթակը: Ամենայն հարգանք ունենալով հարթակում կանգնած գործիչների, փորձագետների նկատմամբ` ուզում եմ ասել, որ եթե, օրինակ, ինձ մոտ չի ստացվել 100 կգ-անոց ծանրաձողը բարձրացնել, չի նշանակում, որ մինչեւ վերջ պետք է իմ առողջությունը քայքայեմ: Եթե չի ստացվել, կարող ես այլեւս քաշվել մի կողմ, բայց չդառնալ զուտ դիտորդ, որովհետեւ բարոյական չէ նստած դիտելը, թե ինչպես են մյուսները ճկվելու այդ պատասխանատվության բեռի տակ: Եթե ամեն անգամ փորձես գլխով պատ քանդել եւ անընդհատ չստացվի, արդյունքում կլինի այն, որ քեզ հետ մի ամբողջ սերնդի դու ես տանում կործանման:

— Կարծում եք` ինչ-որ առումով նաեւ նույն հարթակներում գտնվող ընդդիմությո՞ւնն է պահում Նիկոլ Փաշինյանին իշխանական աթոռներին:

— Իրականում` այո, հանրային դաշտում կա այդպիսի կարծիք, որ ընդդիմությունն ամեն ինչ արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր սեւ գործը կարողանար անել: Բայց ես չեմ ուզում այդ տեսակետը կիսել, որովհետեւ շատ ընդդիմադիրների հետ անձնապես մտերիմ եմ, ճանաչում եմ: Շատերի մոտ իսկապես կա ազնիվ մղում, դրա համար էլ կոչ եմ անում այն մարդկանց, որոնց մոտ ուղղակի չի ստացվել, չվհատվել, այլ օգնել, որպեսզի մեկ ուրիշի մոտ ստացվի: Ավելին` եթե ուզում ենք, որ Փաշինյանից եւ իր գործակալական ցանցից ազատվել` պետք է առաջին հերթին հնարավորություն ունեցող քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ձեւավորեն լայն կոնսոլիդացիա, որի արդյունքում, այսպես ասած, քաստինգ պետք է կազմակերպել ու գտնել այն քաղաքական գործչին կամ անհատին, ում մոտ հավանականությունը մեծ է, որ կստացվի:

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ