
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐ ՔԱՅԼԵՐՈՎ ՀՐԱՀՐՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՐԿՅԱՆ. Բորիս Առուշանյանը Արցախի գլխին կախված «դամոկլյան սրի» մասին
Ադրբեջանը ուժեղացնում է ճնշումը և 2020 թվականի նոյեմբերի 9-ից ավելի ու ավելի շատ նոր պահանջներ է առաջադրում, որոնք ներառված չեն եղել եռակողմ համաձայնագրում։ Անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին, ու հնարավոր ելքին, ասաց արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ ԲՈՐԻՍ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ, ընդգծելով.
-Մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ համաձայնագրի կողմերից մեկը, չկատարելով պայմանագրի կետերից որևէ մեկը, ավելի ու ավելի շատ նոր պահանջներ է առաջադրում՝ նպատակ ունենալով ամբողջությամբ լուծել իր օգտին Արցախի խնդիրը։
Նրանք կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կողմից պայմանագրով իրենց պարտավորությունները չկատարելու պայմաններում մենք կընդունենք նրանց պայմանները։ Սակայն Արցախում մենք քաջ գիտակցում ենք, որ դա կլինի մեր պետականության ավարտի սկիզբը։ Մենք դեռ խորհրդային ժամանակներից գիտենք, թե նրանք ինչի են ընդունակ, ինչ մեթոդներով կարող են գործել։
Արցախյան գործչի պնդմամբ.
-Ուստի, մեր դիրքորոշումն այնպիսին է, որ նախ պետք է կատարենք եռակողմ համաձայնագրի բոլոր պայմանները, կարգավորենք իրավիճակը, ապա քննարկենք փոխգործակցության և հաղորդակցությունների բացման այլ տարբերակներ։ Որպեսզի Արցախը մնա հայ, պետք է կենաց-մահու պայքարել՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ և հույս ունենք, որ հայ ժողովուրդը կգա մեր պաշտպանությանը։ Հայաստանի Հանրապետության ղեկավարներն արդեն տեսնում են, թե ինչպես են ուժերը շահարկում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունը։ Այս սխալ հայտարարությունը էլ ավելի սրեց մեր վիճակը և, կարծում եմ, հրատապ է մեկ այլ հայտարարություն անել՝ զգուշացնել Ալիևին, որ եթե շտապ չվերացվի շրջափակումը, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը և կկնքի համաձայնագիր Արցախի անվտանգության երաշխիքների մասին։ Ադրբեջանը տանում է նոր պատերազմի ճանապարհ, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Համոզված եմ, որ առանց Արցախի Հայաստանը չի կարող ապահովել իր զարգացումն ու բարգավաճումը։ Ես բազմիցս խոսել եմ այս մասին և չեմ ուզում կրկնել իմ հիմնավորումները։
Ինչ վերաբերում է խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմանը, ապա մենք դեմ չենք, պայմանով, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները։ Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի մանդատը երկարացնել։ Ի վերջո, մեր ղեկավարները բազմաթիվ սխալներ թույլ տվեցին, քանի որ հավատում էին իրենց խաղաղապահ առաքելությանը։ Նրանք կարծում էին, որ կապահովեն 5 կմ միջանցքի անխափան գործունեությունը, և որ թուրքերը չեն համարձակվի սադրանքներ հրահրել նրանց ներկայությամբ, բայց ամեն ինչ սխալ ստացվեց։ Հայաստանը նույնպես սխալներ թույլ տվեց, որոնց մասին ես բազմիցս խոսել եմ։
դեպի ետ