• am
  • ru
  • en
Версия для печати
29.07.2023

«ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵԾ ԾՈՒՂԱԿ Է ԱՌԱՋԻՆԸ ՌՈՒՍ ԽԱՂԱՊԱՀՆԵՐԻ, ԵՐԿՐՈՐԴԸ՝ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ. Մանասերյան

   

«Իրավունքի» զրուցակիցն է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

— Արցախում իրավիճակը, կարծես թե, չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ: Նախագահից մինչեւ խորհրդարանի ղեկավար նախ նստացույց էին անում, իսկ հետո նախագահի կողմից հայտարարված սպասվելիք «հուժկու գործողություններին»` հաջորդեց այն, որ նա վերադարձավ իր աշխատասենյակ: Ի՞նչ է սա նշանակում, մի՞թե մենք մեր ձեռքով վերացնում ենք Արցախի պետական ինստիտուտները:

— Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանդրության` «Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է։ Նախագահը հանրապետությունը ներկայացնում է միջագգային հարաբերություններում եւ իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։ Ընտրվում է ԱՀ քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով»։

Այսպես, ինչպես տեսնում ենք Սահմանդրությունը տալիս է նախագահին մեծ լիազորություններ, սակայն կարող եք հակադարձել, որ չճանաչված պետության նախագահն ինչպես կարող է իրականացնել այդ լիազորությունները լիարժեք, եթե որեւէ երկրում չունի դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։

Այո՛, որոշակի առումով կարող եք ճիշտ լինել, սակայն կա մի բայց, եւ դա այն է, որ 30 տարի Արցախի հարցը դրված է եղել միջազգային բանակցողների, առավելեւս խոշոր պետությունների ղեկավարների սեղանին, որոնք են ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն։ Իսկ սա նշանկում է, որ Արցախը կարող էր միջնորդավորված, հատկապես Հայաստանի միջոցով մասնակցել այդ բանակցություններին, հասնել ինքնորոշման իր իրավունքի ճանաչմանը։

Հայաստանը հաղթած կողմ է հանդիսացել հայ-ադրբեջանական առաջին պատերազմում, իսկ դա նշանակում է, որ որոշակի առումով նաեւ թելադրող պետք լիներ, սակայն բանակցությունները մտցվեց փակուղի, քանի որ Ադրբեջանի համար էական նշանակություն ուներ եւ ունեցավ ժամանակի երկարացումը որեւէ պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրելու համար, իսկ քաղաքականության մեջ ժամանակի գործոնը ամենաէական ու կարեւորն է, կորցրեցիր այն, կորցրեցիր ամենինչ։ Այսօր Հայաստանը կորցրել է այդ «շահած ժամանակը», Ադրբեջանը տարածաշրջանում դարձել է կարեւոր դերակատարում ունեցող պետություն։ Առաջինը դա կապված է ռուս-ուկրանիական պատերամի, իսկ երկրորդը՝ Թուրքիայի աշխարաքաղաքական դերակատարության մեծացման հետ։ Բայց, իհարկե այս գործոնների ազդեցությունը կարող էին ավելի նվազ լինել Արցախի հարցի կարգավորման համար, եթե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո փոխվեին երկու հայկական պետությունների իշխանությունները։

Բազմաթիվ անգամ է ասված, պատմություն էլ տասնյակ դեպքերով հիմնավորել է, որ պարտված ղեկավարը չի կարող արդյունավետ բանակցող լինել։ Այդ տապալված բանակցությունների արդյունքը մենք այսօր տեսնում ենք, որն է ողջ Արցախի հավանական կորստ եւ Հայաստանի հնարավոր տարածքների զիճում, որի անունը դրել են «անկլավներ», չեմ ասում դեռեւս 240 հեկտար արդեն թշնամուն հանձնած Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքից։

Անձամբ ինձ համար անընդունելի էր Արցախի ղեկավարության, հատկապես նախագահի նստացույց անելու գործողությունը, քանի որ դա միայն ի վնաս Արցախի եւ Արցախի ժողովրդի է լինելու, այլ հարց է, որ Արայիկ Հարութունյանը, ինչպես նաեւ Արցախի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները օգտագործեն իրենց լծակները, Սահմանադրությամբ տրված լիազորությունները եւ դիմեն միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի պետության ղեկավարնեերին, ինչու ոչ, Սփյուռքի միջոցով իրենց ձայնը բարձրացնեն էթնիկ զտման եւ ցեղասպանության դեմ։ Նման ակտի որեւէ գործողություն իրականում չենք տեսնում, այն, ինչ արվում է պարզապես շղարշ է Արցախի ժողովրդի աչքերին գցելու համար, որպեսի խուսափեն ժողովրդի համընդանուր ընդվզումից ներքին իշխանության դեմ։

Նույնիսկ ամոթ է, երբ պետության ղեկավարը ձեռքերը ծալած նստացույց է անում, նման բան լսած չեք կարող լինել; Մի տարբերակ կա, եթե չեք կարողանում կառավարել, ուրեմն` պետք է հեռանաք, պետք է ժամանակավոր, ճգնաժամային կառավարություն ստեղծվի եւ ակտիվ գործողություններ իրականացվի, հանրաքվե եւ ընտրություններ անելու ո՛չ ժամանակ եւ ո՛չ էլ ֆինանսներ չկան։ Բացի այդ, դա արդեն ժամանակավրեպ գործողություն կլինի։

Հայտարարվեց, որ Արայիկ Հարությունյանը դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների, նրանց ղեկավարներին, ինչպես նաեւ նամակ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, որն էլ ժպտերես դեմքով, ավելի շատ քմծիծաղով հանձնեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Տեսանյութում տեսնոում ենք, որ չկա կարեկցանք, ցավ եւ հրատապություն նամակում արձանագրված փաստերի եւ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ավելին` այն տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը մի թուղթ է ընդամենը փոխանցում։ Իսկապես ամոթ ապրեցի, որպես հայ եւ ՀՀ քաղաքացի, որ նման անձն է իմ հայրենիքի, պետության ղեկավարը։ Զատ այս ամենից, եթե արդեն տասնյակ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին նամակի փոխանցումն ակնհայտ էր, որ ոչ մի արդյունք չէր կարող տալ, այդ իսկ պատճառով վերջինս հայտարարեց, որ հումանիտար բեռների փոխանցում «Լեռնային Ղարաբաղի » տարածք կարող է լինել Աղդամի /Ակնա/ ճանապարհով։

Կրկին անդրադառնամ հարցի սկզբնամասին, ինչպես ականատես եղանք, Արցախի նախագահը դադրեցրեց նստացույցը եւ հայտարարեց, որ նստացույցը եւ արցախցիների ձայնը «տեղ է հասել», ունեցել է արձագանք, որի ապացույցը Հայաստանից մարդասիրական օգնության տրամադրումն է։

Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ Հայաստանը մինչ այդ պահը չէր ուղարկում մարդասիրական օգնություն, եւ ինչո՞ւ այն ուղարկվեց 7-րդ օրը, որը ըստ Արայիկ Հարութունյանի, պետք է լիներ ծայրահեղ միջոցի դիմելու օրը, եւ ինչու չասվեց, թե ինչպիսի ծայրահեղ միջոց կարող էր իրականցվել, եթե իրենց պահանջները չկատարվեր:

Այսպես`

Առաջին, չասվեց, թե ինչպիսի ծայրահեղ միջոց կարող էր իրականցվել, քանի որ նման բան չկար եւ չէր կարող լինել, նստացույցը եւ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները նախապես պայմանվորված էին Նիկոլ Փաշինյանի հետ, եւ «ընդդեմ» Նիկոլ Փաշինյանի արված յուրաքանչյուր հայտարարություն Արցախի ղեկավարության կողմից սուտ ու կեղծիքով է լցված, դա նույն քաղաքականությունն է, ինչ Իլհամ Ալիեւը փորձում է օգտագործել, ամեն անգամ ստորացնելով եւ ծաղրելով Նիկոլ Փաշինյանին։ Սակայն նման գործողությունները ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ է, այլ ի աջակցություն նրա, դա ուղղված է ներքին լսարանին, որպիսի հասարակության մեջ չլինի ընդդվզում` ի դեմ Նիկոլ Փաշինյանի, քանի որ վերջինս «լավագույն» ղեկավարն է Արցախի հարցի կարգավորման համար ի շահ Ադրբեջանի եւ միջազգային հանրության, իսկ այսօր միջազգային հանրության շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության։

Երկրորդ, Հայաստանի կողմից ուղարկված «հումանիտար օգնությունը» մեծ ծուղակ է առաջինը ռուս խաղապահների, այսինքն` Ռուսաստանի, իսկ երկրորդը՝ Արցախի ժողովրդի դեմ։

Ինչ է սա նշանակում, այն, որ պետության ղեկավարը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղը» Ադրբեջանի տարածք է ճանաչում, որի մեջ նաեւ Բերձորի/Լաչինի միջանցքն է` նախապես իմանալով, որ միջանցքը փակ է, պետք է առաջինը բանակցեր Ռուսաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ, ինչպես նաեւ բանակցությունների արդյունքի կատարումը, ժամի, օրվա եւ այլ անհրաժեշտ գործողությունների կատարման հետ կապված համաձայնեցներ ռուս խաղապահների հետ, ստանար նախնական համաձայնություն եւ հետո կազմակերպեր բեռների փոխադրումը։ Այս ամենը չի արվել, իսկ թե ինչ հիմնավորմամբ եւ հրավերքով են եվրոպական դիտորդները ու դիվանագիտական ներկայացուցիչները ստուգել բեռները եւ ճանապարհ դրել դեպի Բերձորի միջանցք ունի միայն մի պատասխան` մեկ անգամ եւս հիմնավորել, ինչու ոչ լրացուցիչ հիմքեր ստեղծել, մեկ օր առաջ ռուս խաղապահների հեռացմանը տարածաշրջանից։ Մյուս խնդիրը, թե ինչու է այս «հումանիտար օգնությունը» ծուղակ Արցախի եւ արցախցիների համար, դա այն է, որ արեւմտյան ուժերն ամեն կերպ ցանկանում են Հարավային Կովկասից դուրս մղել ռուսական ուժերին, այսինքն` տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, եւ այն ամբողջությամբ հանձնել ՆԱՏՕ-ի անդամ պետության, դե ֆակտո Թուրքիայի կառավարման։ Բացի այդ, հնարավորություն է Ակնայի ճանապարհը բացել՝ էլ ավելի արագ եւ հեշտ Արցախը միացնել Ադրբեջանին, որի արդյունքում կլինի վերջնականապես Արցախի հայաթափություն։

Բերձորի/Լաչինի միջանցքի փակումը, անգամ ռուս խաղապահների առաջ, հստակ ուղերձ էր Ռուսաստանին, որ այլեւս հարավային սահմանին, Անդրկովկասում անելու ոչինչ չունեն։ Եթե տեսնում ենք Ռուսաստանի արձագանքը, ապա այն համապատասխանում է իր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության ու իրավիճակի հետ։ Ռուսաստանը հստակ գիտակցելով, որ վտանգված է իր հարավային սահմանը եւ փաստացի իշխանություն Հարավային Կովկասի վրա միեւնույն է չունի, չունի նաեւ այլ ելք, քան համաձայնվել իր ռազմական ուժերի տեղահանմանը, որը ամենաաուշը տեղի կունենա 2025 թվականին: 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում ռուս խաղապահների հինգ տարի տարածաշրջանում մնալու ժամանակն էլ նախապես ծրագրավորված է եղել, քանի որ ի սկզբանե հստակ է եղել, որ Արցախը ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին, որի մասին արդեն Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում։

Ռուսաստանի փոփոխված դիրքորոշումն արտահայտվեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությամբ, որը հստակ ուղերձ էր Արցախին եւ Արցախի բնակչությանը` սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ ինտեգրվելու վերաբերյալ։ Այդ հայտարարությունը այլ վտանգ էլ էր ներկայացվում, արդեն ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը առաջիկա երկու տարվա ընթացքում ունենա իշխանություն, ապա կլինի մեծ թվով ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարածքում, որը հետագա Հայաստանի պետության կառավարման վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ:

Այս հարցերին կարելի էր պատասխանել շարունակ ու անընդմեջ, սակայն ամփոփեմ մի նախադասությամբ` ներկայացումը ավարտվեց, ծափ տվեք….Բայց, այս ներկայացումն իր մեջ անդառնալի վտանգներ է պարունակում եւ կարող է ճակատագրական լինել Արցախի եւ հայ ժողովրդի համար, եթե կտրուկ քայլեր չարվեն՝ գործող իշխանությանը հեռացնելու համար։

Վտանգավորությունն ինչումն էր եւ է կայանում, այն, որ Նիկոլ Փաշինյան եւ Արայիկ Հարությունյան զույգը համատեղ են գործում, ակնհայտ է, որքան էլ փորձեն թաքցնել, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ասուլիսի ժամանակ, որ ինքը ամենօրյա ռեժիմով շփվում է Արայիկ Հարությունյանի հետ, որը վերջինս հստակորեն թաքցնում էր, քանի որ իր կուսակցության ներկայացուցիչը պետք է ելութ ունենար եւ իր «համարձակ» ելույթով արցախցիներին հնարավորինս համախմբեր Արայիկ Հարությունյանի շուրջը, որը, կարծես, ստացվեց։ Ժողովուրդը համաձայնվեց, որ ներկա պահին Արայիկ Հարությունյանն անփոխարինելի է, որը մեծ սխալ է, քանի որ Արայիկ Հարությունյանը եւ իր թիմը Արցախը սահուն կհանձնեն Ադրբեջանին եւ մի օր էլ դիմում կգրեն Ադրբեջանի նախագահին ներում շնորհելու մասին։

Հստակ էր, որ այս հանրահավաքների նպատակը ոչ թե Հայաստանից օգնություն ստանալն էր, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հասնելն էր, վատագույն դեպքում` կանխելն էր որեւէ պայմանգրի կնքման, որի արդյունքը կլինի Արցախի ներառումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։

Ինչպես միշտ, Ալիեւը կրակից կարկանդակները հանում է հայերի ձեռքով՝ Նիկոլ Փաշինյան եւ Արայիկ Հարությույան զույգի ռեժիսորությամբ։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ընդդիմությունը պետք է օգտվի առկա գործողությունների հսկայական գործիքակազմից, որը չի արվում։ Եթե հստակ քայլեր չարվեն գործող իշխանությանը հեռացնելու համար, ապա 2025 թվականին Արցախը ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի տիրապետության տակ՝ հիմնականում, կամ ամբողջությամբ հայաթափված, իսկ Հայաստանը հնարվորինս «կվերաձեւվի»` համապատասխան Ալիեւի ցանկության եւ ճաշակի։ Չարիքի բույնը պետք է հեռացնել, իսկ դա Նիկոլ Փաշինյանն է՝ իր թիմով հանդերձ։

Մի փոքրիկ լրացում, ինչ վերաբերվում է Արցախի Ազգային Ժողովի նախագահին, ապա պետք է ասեմ, որ նա միակ բանը, որ պետք է աներ, հրաժարական տալն էր մեկ րոպե առաջ։ Խնդրանքս հարգելի լրագրողներին, որ հնարավորության դեպքում մի հարց տան Արթուր Թովմասյանին` ո՞ր հազարամյակից եւ քանի՞ հազարամյակ է սկսել հայ ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի։ Սա պետական դավաճանություն չէ, ի՞նչ է, հստակ հիմնավորում են Ալիեւի ասված ամեն մի կեղծիք ու դեռ պետք է սպասենք, որ սրանց նմաները փրկե՞ն Արցախը եւ Արցախի ժողովրդին։ Արցախի փրկության առաջին քայլը պետք է լինի արայիկհարությունյաններից, արթուր թովմասյաններից, նրանց համախոհներից եւ նրանց գլխավոր ռեժիսորից ազատվելը։

Վերջերս նաեւ Սամվել Բաբայանը, որին կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի խոսնակ, հայտարարեց, որ պետք է սկսել Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ։ Մի քանի օր անց նույնը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, երբ վերադարձավ Բրյուսելից։ Ապշում ես, ի՞նչ բանակցությունների մասին պետք է խոսք լինի գայլի եւ հոշոտվող գառի միջեւ։ Միայն մնում է ասել, որ գոնե լռեք հավերժ դավաճանի պիտակը չվաստակելու համար։ Չնայած կարծում եմ` արդեն բավականին ուշ է։

— Ի՞նչ կասեք Ալիեւ-Փաշինյան բրյուսելյան բանակցությունների մասին: Չե՞ք կարծում, որ ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր կապիտուլիացիա, այլ այն, ինչ նախապատրաստվում է Բրյուսելում:

— Ալիեւ-Փաշինյան բրյուսելյան բանակցությունները դա միակողմանի պարտադրանք է ուժի կամ ուժի սպառնալիքի ներքո «խաղաղության պայմանգիր» կնքելու համար, որը ավելի շատ լինելու է Հայաստանի կապիտուլացիա եւ Ադրբեջանի սահուն մուտք` առանց փամփուշտի Հայաստանի սուվերեն տարածք։

Իրենց ասած` «խաղաղության պայմանագրին» հետեւելու է ֆինանսական պահանջներ՝ ըստ իրենց եւ Նիկոլ Փաշինյանի 30 տարի «իրենց տարածքները» օկուպացնելու, բնական պաշարները օգտագործելու, իրենց քաղաքացիներին տարհանելու, էկոլոգիան կեղտոտելու եւ եւս մի քանի այլ հիմքերով։ Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո խոսվում էր 50 մլրդ-ի մասին, ապա այսօր այդ գումարային պահանջը նրանք հասցրել են 200 մլրդ-ի, քանի որ իրենց համար «իրավական» հիմք են ստեղծեել Հայաստանի գործող իշխանությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանը եւ իր գլխավորած կուսակցության ներկայացուցիչները իրենց հակահայ հայտարարություններով։

Եթե այսպես շարունակվի, «խաղաղության», ըստ ինձ եւ ոչ միայն, շատ մասնագետներ նման կարծիք ունեն, կապիտուլացիայի պայմանագիրը ստորագրվելուց հետո` Հայաստանը, ինչպես նաեւ մի շարք ազգային հերոսներ, որոնց թվում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը որպես «ռազմական հանցագործներ» կկանգնեն Հագգայի միջազգային դատարանի առաջ։ Ինչո՞ւ, որովհետեւ նրանք իրենց դիմում պահանջը կհիմնավորեն հետեւյալ կերպ, որ եթե Արցախը, կամ Լեռնային Ղարաբաղը, ինչպես իրենք են հայտարարում, հանդիսացել է Ադրբեջանի տարածք, ապա այնտեղ ինչու պետք է տեղակայվեին հայկական ռազմական միավորումները, որոնք մասնակցել են ռազմական գործողությունների ընդդեմ Ադրբեջանի, եւ ինչու ու ինչ հիմքով են ապահովել 30 տարի շարունակ Արցախի եւ բնակչության անվտանգությունը, եթե դրանք Ադրբեջանի տարածքներն են եղել։ Իսկ Արցախի ազատագրման պայքարի հիմքում նաեւ նախկին երկու նախագահներն են եղել, ինչպես նաեւ շատ հայորդիներ։ Նրանք կկանգնեն, Նիկոլ Փաշինյանի թեթե ձեռքով ռազմական տրիբունայի առաջ, որպես տեռորիստներ, մեղմ ասած։ Հիմա միգուցե չհավատք, բայց կարճ ժամանակ անց դա կտեսնեք, եթե հակահայ այս քաղաքակնությունը վարողները շարունակեն կառավարել Հայաստանը։ Եվ վերջապես` պետք է ռեալ հասկանալ, որ այսպիսի հնարավորություն եւ պատմական պահ միգուցե այլեւս չի լինի թուրքերի համար իրականացնելու «Մեծ Թուրան» ծրագիրը, չկա՛ հայ ժողովրդի կողմից ոչ մի ընդվզում, չկա՛ ընդդիմություն, հեշտությամբ Հայոց ցեղասպանության էջը փակեցին, հայերի ցեղասպանության վերաբերյալ արխիվները ինչպիսի՞ վիճակում են, կասկածում եմ, որ անվնաս են:

Մի թարմ օրինակ. մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ իբրեւ ցանկանում է ցեղասպանության մի օրինակ բերել, որպեսզի համեմատի, թե Արցախում ինչ է տեղի ունենում եւ կարող է տեղի ունենալ ու նրա այդ օրինակը լինում է հրեաների ցեղասպանությունը ֆաշիստական Գերմանիայի կողմից կատարված։ Սա մի անուն ունի միայն՝ դավաճանություն։ Նրանց համար հայերի ցեղասպանությունը, Արեւմտյան Հայաստանում, երիտթուրքերի կողմից իրականացված, ցեղասպանություն չէ։ Ակնհայտ Թուրքիայի պետական քարոզչություն են իրականցնում։ Այս պարագայում ի՞նչ խաղաղության պայմանգիր։ Այս պայմանգրի կնքումը կլինի Հայաստան պետության տապանաքարը։

— ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ փակագծեր բացեց՝ մատնացույց անելով հայաստանյան իշխանությանը, թե ով է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Ի՞նչ էր սա նշանակում:

— Արդեն նշել եմ, որ այսօր Ռուսաստանի շահերից չի բխում որեւէ պայմանգրի կնքումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ դա կնշանակի մի օր շուտ Ռուսստանը պետք է լքի տարածաշրջանը, իսկ դա նշանակում է, որ նա կորցնում է իր հարավային դարպասը եւ ավելի խոցելի դառնում արեւմուտքի համար, քանի որ տարածաշրջանի փաստացի կառավարումը կանցնի Թուրքիայի ձեռքը, որը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է եւ որքան էլ ճկուն լինի արեւելյան դիվանագիտությունը, միեւնույն է, բազմավեկտոր քաղաքականություն չի կարող վարել։

Ռուսաստանի հետ Թուրքիայի շահերը ավելի նվազ են, քան արեւմուտքի հետ։ Ապացույցներ շատ կան, սակայն վերջին հստակ ապացույցն Էրդողանի վերընտրվելուց հետո Թուրքիայի կողմից ակնհայտ արեւմտյան դիրքորոշման արտահայտումն էր, որը ուղեկցվեց արեւմուտքի կողմից Էրդողանին անմիջապես շնորհավորանքներով` ընտրություներում կատարված բացահայտ կեղծիքների նկատմամբ աչքերը փակելով, իսկ Էրդողանը «բարհամբույր» գտնվեց իր հիմնական հակառակորդի նկատմամբ, որը արեւմուտքի թեկնածուն էր, ինչպես նաեւ մարտահրավեր նետեց Ռուսաստանին՝ ցուցադրաբար Ուկրանիային աջակցման իր գործողություններով։ Հավատացեք, էական չէ լինի այն հանգամանքը, որ Ռուսաստանը հայտարարեց հացահատիկի գործարքի պայմանգրի այլեւս չերկարացման մասին, այդ գործարքը վստահ եղեք` Թուրքիան Ռուսաստանին շրջանցելով կիրականցնի։

Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, ապա վերոնշյալ իրավիճակից սողալու մի փորձ է, այնպես չէ, որ այդ հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, որը հայտարարվում է Հայաստանի իշխանության կողմից Ռուսաստանի, մեղմ ասած, սրտով է, սակայն Ռուսաստանը չի ցանկանում իր հարբերությունները վատացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որն այսօր տարածաշրջանում էական եւ մեծ դերակատարում ունեցող պետություն է, հատկապես արեւմուտքի համար՝ պայմանավորված նավթի եւ գազի մատակարարման պայմանագրերով։

Ներկայուոմս տեղի է ունենում աշխարհի նոր վերաձեւավորում, որի մեջ լուծվելու են այնպիսի պետություններ, որոնք ուժ ու լծակներ չունեն պաշտպանելու իրենց իրավունքները։ Հայաստանը կարող է հայտնվել այդ պետությունների ցուցակում, եթե չփոխի իր վերցրած կուրսը, հստակ չորոշի իր քաղաքական վեկտորի ուղղությունը եւ ամենակարեւորը Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն կամ նոր հեղափոխություն։ Գործող իշխանությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխավոր թշնամին է։ Նրանց քաղաքական սկզբունքը միայն այն է, թե որքանով եւ ինչպես ծառայել ադրբեջանա-թուրքական շահերին։ Հստակ է, որ մինչ այս պահը հիանալի կատարում են իրենց հանձնարությունները։

Կրկին անդրադառնամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդրին։ Այս հարցում շատ խնդիրներ կան, այսպես`

Առաջինը այն է, թե ինչու է նշվում կոնկետ տարածքի չափ այն դեպքում, երբ չկա որեւէ փաստաթուղթ, որտեղ նշված կարող է լինել Ադրբեջանի 86 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածք ունենալու մասին։ Ադրբեջանի հետ դեռեւս չի իրականցվել ոչ սահմանգծում եւ ոչ էլ սահմանզատում, հետեւաբար որեւէ տարածքի հստակ չափի մասին խոսք լինել չի կարող, չկա նման հայտարարություն անելու որեւէ հիմք։

Երկրորդ, ինչ հիմնավորմամբ է ընտրվում այն քարտեզը, որի հիման վրա պետք է արվի սահմանգծում եւ սահմազատում։

Երրորդ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ արդյոք առկա է լինելու միջազգային այն երաշխիքները եւ գործոնները, որով կապահովի Հայաստանի անվտանգությունը եւ տարածքային սովերենության ապահովումը։

Վերը նշված հարցերը չունեն իրենց պատասխաները, իսկ նման պայմաններում խոսել, թշնամի երկրի տարածքային ամբողջականոության ճանաչման մասին` դիմաց քո ղեկավարած պետության մասնատմանն ականատես լինելու, անհեթեթություն է։

Չպետք է մոռանանք, որ բանավոր ցանկացած հայտարարություն իրավական որեւէ ուժ չունի։ Ռուսաստանի ներկայացուցչի, ինչպես նաեւ այլ երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները այն մասին, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անհիմն է, իրավական որեւէ հիմք չունի, այդ իսկ պատճառով Ալիեւը շտապում է մեկ օր առաջ կնքել խաղաղության պայմանգիր։ Ալիեւը լինելով միջազգային իրավունքի մասնագետ, փորձված քաղաքական գործիչ, հիանալի հասկանում է, որ այս պահը Ադրբեջանի աստղային ժամն է, եւ այն պետք է փաստաթղթավորել, այլ հարց է, որ Հայաստանի կողմից այս գործընթացներին ոչ թե հակաքայեր են արվում, այլ ավելին` Նիկոլ Փաշինյանն իր թիմով աջակցում է այդ հակահայ ծրագրի իրագործմանը։

Եթե կնքվի խաղաղության պայմանգիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա մի փաստ հստակ պետք է արձանագրենք, որ այն կնքվելու է վախի, բռնության, սպառնալիքի ազդեցության տակ, իսկ նման պայմանգրերը առոչինչ են։ Միջազգային իրավունքի մասնագետները պետք է փաստաթղթավորեն այն բոլոր հայտարարությունները, փաստաթղթերը, արձանագրությունները եւ այլն, որտեղ ամրագրված են, որ այս պայմանգիրը կնքվում է, որովհետեւ այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում` կցեղասպանվենք, կկորցնենք պետություն եւ այլն։ Իսկ, որ վախ, բռնություն, սպառնալիք առկա է ակնհայտ է, վիճարկման ենթակա չէ, բազմաթիվ անգամ իր խոսքում Ալիեւը հայտարարել է, որ եթե չկնքվի խաղաղության պայմանգիր, ինքը կօգտագործի իր ռազմական տեխնիկան, անօդաչու սարքեը: Այս ամենի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը եւ հաստահել, որ նման հայտարարություներ արվում է բոլոր Ադրբեջանի պաշտոնյանների կողմից։

— ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Միացյալ Նահանգներում, կարծես թե, լուրջ «ինստրուկտաժներ» էր անցնում: Ի՞նչ նպատակով:

— Հստակ պատասխանեմ. Հայաստանի քաղաքական վեկտորը դեպի եվրոպա ուղղելու նպատակով։

— Ի վերջո, ինչի՞ են հանգեցնելու այս գործընթացները: Մի՞թե միջազգային հանրությունում կոնսենսուս կա Արցախը վերջանականապես Ադրբեջանին զիջելու:

— Կրկին կարճ պատասխանեմ՝ այո։

— Արցախի ԱԺ-ն կոչով դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի այնտեղ քննարկվի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու հարցը, որքանով է այս կոչ-սցենարը իրականալի։

— Սկզբից եւեթ պատասխանեմ, որ իրականալի չէ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, բացի այդ Հայաստանի իշխանությունները երբեք չեն դիմի, քանի որ դա նրանց վարած արտաքին եւ ներքին քաղաքականության դեմ է։ Ներկայումս Հայստանի կառավարությունը քայլեր է անում արեւմտյան վեկտորի ուղղությամբ, հետեւաբար ռուսական խաղապահների գոյությունը հակասելու է իրենց որդեգրած քաղաքական կուրսին, բացի այդ, Հայաստանը ինչպես կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու հարցում, եթե Արցախը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս, դա նշանակում է այլ պետության «սուվերեն» տարածքի նկատմամբ «միջամտություն», եթե, իհարկե, հարցը դիտարկում ենք Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության քաղաքական դիրքորոշման տեսակետից։

Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1-ին եւ 2-րդ հոդվածները նախանշում են Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն ու սկզբունքները:

Այսպես, Հոդված 1 (2)-ը սահմանում է, որ Միավորված ազգերի կազմակերպության եւ, հետեւաբար, Անվտանգության խորհրդի հիմնական նպատակներից մեկը բարեկամական միջազգային հարաբերությունների զարգացումն է՝ հիմնված «հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի» հարգման վրա։ Այս բաժնի դեպքերի ուսումնասիրությունները ներառում են դեպքեր, երբ Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակներ, որոնք կապված են ինքնորոշման սկզբունքի եւ ժողովուրդների՝ իրենց սեփական կառավարությունը որոշելու իրավունքի վրա, որոնք կարող են առնչվել անկախության, ինքնավարության, հանրաքվեների, ընտրությունների եւ կառավարությունների օրինականության հարցերին:

Խարտիայի 2-րդ հոդվածի 4-րդ կետն արգելում է «ուժի սպառնալիքը կամ կիրառումը» եւ կոչ է անում բոլոր անդամներին հարգել այլ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական անկախությունը:

Այս բաժնի դեպքերի ուսումնասիրությունները սովորաբար ընդգրկում են այն դեպքերը, երբ հոդված 2(4)-ը մեջբերվել եւ քննարկվել է միջպետական կամ ներպետական բռնության, պատերազմի կամ այլ տարածքային հակամարտությունների համատեքստում:

Կանոնադրության 2-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ Անդամները պետք է աջակցեն Միավորված ազգերի կազմակերպությանը Կանոնադրությանը համապատասխան ձեռնարկվող ցանկացած գործողության մեջ եւ ձեռնպահ մնան օգնություն ցույց տալուց այն պետությանը, որի դեմ Միավորված ազգերի կազմակերպությունը կանխարգելիչ կամ հարկադիր միջոցներ է ձեռնարկում: Ռեպերտուարը հիմնականում կենտրոնացել է հոդվածի առաջին սկզբունքի վրա եւ 1989-2007 թվականներին տրամադրել է Անվտանգության խորհրդի որոշումներում արված օգնության կոչերի օրինակներ: 2008թ.-ից սկսած ռեպերտուարը կենտրոնացել է Խորհրդի պրակտիկայի վրա, որը վերաբերում է հոդվածի երկրորդ սկզբունքին եւ, օրինակ, կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են դիտվել որպես Խորհրդի գործողությունների ներքո գտնվող պետությանն օգնություն տրամադրելը:

Կանոնադրության 2-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ Կազմակերպությունը պետք է ապահովի, որ ոչ անդամները նույնպես գործեն իր սկզբունքներին համապատասխան: 2 (6) հոդվածի ռեպերտուարային ուսումնասիրություններն ընդգրկում են այն դեպքերը, երբ Անվտանգության խորհուրդը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության ոչ անդամ երկրներին: Այն չի ներառվել 2003 թվականից ի վեր, երբ ՄԱԿ-ին գրեթե համընդհանուր անդամակցությունը սահմանափակեց դրա արդիականությունը:

Հոդված 2 (7)-ը նշում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը իրավասու չէ միջամտելու այն հարցերին, որոնք գտնվում են որեւէ պետության ներքին իրավասության մեջ, մինչդեռ այս սկզբունքը չի խոչընդոտի Խարտիայի VII գլխի համաձայն հարկադիր միջոցների կիրառմանը: Ռեպերտուարն ընդգրկում է այն դեպքերը, երբ բարձրացվել է Միավորված ազգերի կազմակերպության չմիջամտելու այս սկզբունքը եւ կասկածի տակ է դրվել Խորհրդի իրավասությունը՝ ներգրավվելու որոշակի իրավիճակում:

Անվտանգության խորհուրդը, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, առաջնային պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար: Անվտանգության խորհուրդը պետք է որոշի, թե երբ եւ որտեղ պետք է տեղակայվի ՄԱԿ-ի խաղաղության գործողությունը:

Անվտանգության խորհուրդն ամբողջ աշխարհում ճգնաժամերին արձագանքում է յուրաքանչյուր դեպքի հիման վրա եւ իր տրամադրության տակ ունի մի շարք տարբերակներ: Այն հաշվի է առնում բազմաթիվ տարբեր գործոններ, երբ քննարկում է նոր խաղաղ գործողության ստեղծումը, այդ թվում՝ անկախ նրանից, թե արդյոք առկա է հրադադար, եւ կողմերը հանձն են առել խաղաղ գործընթաց, որը նպատակ ունի հասնել քաղաքական կարգավորման.

Գոյություն ունի՞ արդյոք հստակ քաղաքական նպատակ եւ արդյոք այն կարող է արտացոլվել մանդատի մեջ: Արդյո՞ք ՄԱԿ-ի գործողության հստակ մանդատ կարող է ձեւակերպվել: Արդյո՞ք ՄԱԿ-ի անձնակազմի անվտանգությունն ու անվտանգությունը կարող են ողջամտորեն ապահովվել, ներառյալ, մասնավորապես, արդյոք կարող են ողջամիտ երաշխիքներ ստանալ հիմնական կողմերից կամ խմբակցություններից՝ կապված ՄԱԿ-ի անձնակազմի անվտանգության եւ անվտանգության հետ:

Անվտանգության խորհուրդը խաղաղ գործողություն է հաստատում՝ ընդունելով Անվտանգության խորհրդի բանաձեւը։ Բանաձեւը սահմանում է այդ առաքելության մանդատը եւ չափը:

ՄԱԿ-ի խաղաղապահությունն օգնում է երկրներին հասնել կայուն խաղաղության, աջակցում է քաղաքական գործընթացներին, պաշտպանում է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների եւ օգնում է երաշխավորել կրակի դադարեցումը: Այնուամենայնիվ, խաղաղապահությունը բախվում է մի քանի մարտահրավերների, ինչպիսիք են ձգձգվող հակամարտությունները, խուսափողական քաղաքական լուծումները, ավելի ու ավելի վտանգավոր միջավայրերը, աճող խաղաղապահ զոհերի թիվը եւ լայն ու բարդ մանդատները:

Ինչպես տեսնում ենք որեւէ շահագրգռություն չունի Հայաստանի գործող կառավարությունը դիմելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Արցախում ռուս խաղապահներին միջազգային մանդատ տրամադրելու համար, բացի այդ ՄԱԿ-ը հարկադիր միջոցներ է ձեռնարկում եւ կիրառում Ռուսաստանի դեմ, նման պարագայում կանոնադրությամբ արգելված է նման պետությանը միջազգային խաղապահ մանդատ տրմադրելը։

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ