
ԹՐՔԱԲԱՐՈ ՑԻՆԻԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Նիկոլը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է, ու չնայած ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը «բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել», սակայն իր կառավարությունը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին:
Փաստորեն, արցախցիների սովամահությունը, ցեղասպանվելու փաստը նիկոլի համար ընդամենը բարձր էմոցիոնալ ֆոն գեներացնող ու հուզական դաշտը փոթորկող իրողություն է: Եվ քանի որ ցեղասպանվողներն ընդամենն արցախցիներ են, ուստի Իլհամին անդադար տրվելու Նիկոլի տռփանքը մարելու փոխարեն միմիայն ահագնանում է: Իսկ լրիվ թուրքական ցինիզմը պարզ երևում է այս օրինակից: «Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժան մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում, և կան 120.000 արցախահայության ցեղասպանության վտանգ: Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, Ձեր խիղճը Ձեզ չի՞ տանջում, ու Դուք կարո՞ղ եք արդյոք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պառակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, հայրենիքի 80 տոկոսի հանձնում: Հի-մա հարց՝ ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե` դավաճան, միթե չեք հասկանում, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, մենք մեր սարերի պես անկոտրում ենք, չե՞ք վախենում արժանանալ Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին»,- Շուշիում կռված Միքայել Առաքելյանի հարցն էր լրագրողն ասուլիսի ժամանակ փոխանցել կապիտուլյանտին:
Գերագույն դավաճանը հունից դուրս եկավ, խիստ վրդովվեց. «Թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը, նշանակում է լինել հերոս, մի ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020թ.-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին: Ստեփանակերտում մարդ չկար, իմ կինը գնացել էր այնտեղ, նույնիսկ կին չկար Ստեփանակերտում, բոլորը պատերազմի ժամանակ եկել էին Երևան»:
Լրագրողը պահանջեց, որ Փաշինյանը ոչ թե ասի Լեռնային Ղարաբաղ, այլ Արցախ կամ Արցախի Հանրապետություն:
«Ես ասում եմ ԼՂ, որովհետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում, նրանք, ԼՂ հասկացության օգտագործման մեջ տեսնում են դավադրություն ու օգտագործում՝ Արցախ-Արցախ, նրանք իրենց դիրքորոշումը համաձայնեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման հետ, հո կենացով չէ: Այդ մեր ընկերը, որ ասում է` մենք անկոտրում ենք, կներեք, մի ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020թ.-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին՝ Ստեփանակերտից դեպի Երևան: Ասում են՝ դավաճան եք, Շուշին հանձնել եք: Ինչու չեն հրաժարվում դավաճանից փող ստանալուց, գիտե՞ք ինչքան կենացներ եմ լսել, անձամբ ճանաչում եմ այդպես կենաց ասողների, ովքեր պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին, թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը նշանակում է լինել հերոս»,- ասաց կապիտուլյանտը:
Եվ այսքանից հետո դեռ կասկածո՞ղ կա, որ միակ ելքը կապիտուլյանտի հեռացումն է: Նիկոլի ցինիկ մանիպուլյացիաները «հերձում» է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Մի քանի անգամ, տարբեր հարցադրումներում կրկնելով, որ Հայաստանը «կոնֆրոնտացիոն ռեժիմ»-ով չի կարող զարգանալ, Նիկոլը կրկին մանիպուլացնում ու մարդկանց ուղեղները լվանալու իր գործն է անում:
Նախ Հայաստանը երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն որևէ պետության կամ միջազգային կառույցի հետ չի ունեցել: ԵՐԲԵ՛Ք: Սա պետք է Նիկոլն իր ականջին օղ անի ու չստեղծի տպավորություն, որ ինքը եկավ ու իբրև թե մտածել սկսեց խաղաղության մասին: Դա ամենամեծ կեղծիքն է: Մինչև 2018թ.-ը, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արցախյան կարգավորման ողջ գործընթացը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը ամենամեծ փաստերն են, որոնք վկայում են, որ Հայաստանի կողմից երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն չի վարվել, այլ` հակառակը:
Երկրորդ. Հայաստանը կոնֆրոնտացիոն ռեժիմում հայտնվել է Նիկոլի իշխանության գալուց հետո՝ իր իսկ վարած տգետ և անպատասխանատու քաղաքականության արդյունքում:
Երրորդ. Ադրբեջանը (այդ թվում նաև Թուրքիայի քաջալերմամբ) հայ ժողովրդի նկատմամբ, միշտ (այդ թվում նաև ԽՍՀՄ «եղբայրության» տարիներին) վարել է անհանդուրժողոկանության, էթնիկ զտումների, նպատակային հայրենազրկման, տարածքների դանդաղ յուրացման, ինչպես նաև ռազմական ագրեսիայի քաղաքականություն: 1918թ. առ այսօր այդ քաղաքականությունը չի փոխվել, եթե չասենք, որ արհեստականորեն ձևավորված Ադրբեջան պետությունը հանց այդ նպատակով էլ ստեղծվել է:
Չորրորդ. Աշխարհի շատ երկրներ զարգացել և զարգանում են հենց կոնֆրոնտացիայի ռեժիմի վրա: Ոչ մի պետություն, առանց իր ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու, խաղաղության մասին զուտ դատարկ խոսելով, երբեք որևէ հաջողության չեն հասել:
Հինգերորդ. Նիկոլը երևի մոռացել է, որ շուրջ 9.500 ք.կմ տարածք և 5000-ից ավելի զինծառայողների կյանքեր կործանելուց հետո, թուլացած և բարոյալքված Հայաստանի հեղինակն ու պատասխանատուն հենց ինքն է: Մոռացել է նաև, որ հենց այս պահին Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից շուրջ 120 ք.կմ սուվերեն տարածք:
Եվ վերջապես ասուլիսի ցինիզմ № 1-ը. կապիտուլյանտը, որը տողատակերում անընդհատ խոստովանում է, որ աշխարհում ոչ մի պետություն իրեն բանի տեղ չի դնում, և թքած ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքի վրա՝ հայտարարում է, որ «ինքն իրեն մեղավոր է զգում, բայց չգիտի` թե ինչում»: Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ, սա ծաղր է հայրենիքի կորստով ցավացող հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, սա ծաղր է ցեղասպանության ռիսկի առջև կանգնած հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ:
Ցինիզմ № 2-ը: Ասում է, որ իրեն և Ալիևին չի կարելի արգելել Արցախն Ադրբեջանին հանձնել և նրա տարածքում ճանաչել: Սա ծաղր է արցախյան պայքարի ողջ ընթացքում զոհված, վիրավորված, այդ պայքարում ամեն կերպ իրենց լուման ներդրած մի ամբողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի նկատմամբ:
Ցինիզմ № 3-ը: Ինքն իրեն համարում է 29800 ք.կմ տարածքի վարչապետ, որի ամբողջ նպատակն ու գործունությունը եղել է և մնում է Հայաստանում ադրբեջանական քաղաքականության տեղայնացումը:
Ցինիզմ № 4-ը: Ինքն իրեն վարչապետ համարող մարդը, շատ հանգիստ խոսում է պետությունը կորցնելու հավանականության մասին: Ցույց տվեք մեկ երկրի ղեկավար, որն ասուլիս հրավիրի և խոսի իր երկրի պետականության կորստի մասին:
Ցինիզմ № 5-ը: Լրագորղը շատ կոնկրետ հարցնում է, որ պատերազմ սկսի, ի՞նչ ենք անելու, «գերագույն հրամանատար կոչվող անձը» ասում է, որ ինքը չի ցանկանում քննարկել այդ հարցը: Դրանից հետո օրինակ է բերում ԽՍՀՄ-Գերմանիա խաղաղության պայմանագիրը (որից երկու տարի հետո պատերազմ սկսվեց) և շարունակում է գլուխ արդուկել և 8-րդ դասարանի աշակերտին բնորոշ «խոհափիլիսոփայական» անմիտ բառեր արտասանելով:
Ցինիզմը շարունակվում է...»:
Եզրակացություն. դավաճանությունը պոզով պոչով չի լինում, այլ լինում է կոնկրետ մարդու, կոնկրետ պաշտոնյայի, կոնկրետ գործողությունների և կոնկրետ մտածողության տեսքով:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ