
ԳՆԱՑԵ՛Ք, ՁԵՐ ՔԱՐՈԶՆ ՈՒՐԻՇ ՏԵՂ ԿԱՐԴԱՑԵՔ, ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԼԻՆԵԼՈՒ Է, ՊԵՏՔ ՉԷ ԽԱԲԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ. Այվազյան
«Իրավունքի» զրուցակիցն է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
«ԱԳՐԵՍՈՐԸ ՉԻ ԿԱՆԳՆԻ ԱՐՑԱԽՈՎ… ԿԽԺՌԻ ՎԱՅՈՑ ՁՈՐՆ ՈՒ ՍՅՈՒՆԻՔԸ»
— Ինչո՞ւ է Ադրբեջանը տեղեկատվական արշավ սկսել` ցույց տալով, թե գործողության է պատրաստվում Արցախում, մի՞թե սա ահաբեկելու միտում ունի:
— Գլոբալ, թե լոկալ առումով Ադրբեջանն արդեն գործողություններ է իրականացնում, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ: Ադրբեջանը միշտ պատրաստ է նոր պատերազմի, երբ տեսնի պատեհ պահը: Մենք տեսնում ենք սրացումներն ու ճնշումներն ամեն օր, քրեական դատապարտումներն իր գործողություններով գոյություն չունեն: Ադրբեջանի ներկայացուցիչներն ասացին, եթե ուզեն՝ Հայաստանից կկրակեն եվրոպական դիտորդների վրա, եւ ի՞նչ է ստացվում, Եվրոպան դա կուլ է տալիս: Դե եթե գործարքի մեջ են մտել, ուրեմն` իրենց համար դա որեւէ նշանակություն չունի, մենք պետք է ապավինենք միայն մեր ուժերին, չլինենք պառակտված, բայց, ցավոք, դա արդեն ֆանտազիաների ժանրից է: Մենք տեսել ենք վարչապետի լսումները, պատասխանները այդ լսումների, գործողությունները, կարծում եմ` մեր հայկական ատելության աստիճանը հիմա այնպիսին է, որ չի նպաստում արժանի պատասխան տալուն թշնամուն: Հուսով եմ, որ մոտակա ժամանակահատվածում դա կփոխվի, որովհետեւ այդ ամենը արդեն եռման աստիճանի է հասել, այսպես թե այնպես, երբ կաթսան փակված է կափարիչով, եւ այնտեղ եռում է, միշտ էլ դրսեւորում լինելու է: Տեսնում ենք չէ՞, Սփյուռքը մի կողմ քաշվեց, մեր կողմից բացահայտ արդեն ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ: Ադրբեջանը չի ճանաչում իր սիրելի լրագրողի բաղձալի երազանքը, 29 800քառ. կմ չի ճանաչում, ճիշտ է անում, որովհետեւ իրենք տարածքային պահանջ ունեն Երեւանի հանդեպ, մենք էլ շտապեցինք ինչ-որ բան ճանաչելով, այդ ի՞նչ է, Արցախի ժողովրդի կարծիքը նշանակություն չունի՞: Իրավիճակն Արցախում օրհասական է, ես անընդհատ կապի մեջ եմ Արցախում մեր կոլեգաների հետ եւ տեսնում եմ, թե ինչ է կատարվում: Ժողովրդին փորձում են հուսահատության մատնել, որպեսզի նրանք կա՛մ կամավոր դուրս գան այնտեղից, կա՛մ էլ հասկանան, որ պետք է կոտորվեն:
— Պարոն Այվազյան, այսինքն` արցախահայությունը կանգնած է ցեղասպանվելու առա՞ջ:
— Արցախահայությունը` այո՛, բայց նաեւ ՀՀ քաղաքացիներն են կանգնած ցեղասպանության առջեւ, որովհետեւ ագրեսորը չի կանգնի Արցախով, հենց Արցախը ստացավ, առնվազն մի քանի ժամանակահատվածում կխժռի Վայոց ձորն ու Սյունիքը, հետո էլ կանցնի Արարատի մարզին: Որպեսզի նման սցենար չլինի, մենք չպետք է իրար կոկորդ կրծենք, այլ գործով զբաղվենք, բայց ներկայիս քաղաքական պայմաններում, ես ինչքան հասկանում եմ, դա անհնար է: Ատելության մակարդակն ավելի մեծ է միմյանց հանդեպ, քան թշնամու հանդեպ, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
«ԻՐԱՎԻՃԱԿԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՊՈՌԹԿԱԼ ՈՒ ՓՈԽՎԵԼ»
— Մի տեսակ տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները միայն զիջողական քաղաքականություն են վարում, ինչի՞ կհանգեցնի այս ոչ պահանջատիրական քաղաքականությունը:
— Ներկայիս դիրքերից իրենք հազիվ էլ կարողանան պահանջատիրական քաղաքականություն վարել, բայց չպետք է շտապեն այդքան զիջողական լինել: Մի քանի ժամանակ առաջ դուք կարո՞ղ էինք պատկերացնել, որ Հայաստանի ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով կասի, այո՛, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն` Արցախը ներառյալ, դուք դա մի քանի տարի առաջ կարո՞ղ էինք պատկերացնել, տեսնու՞մ եք՝ ինչպես է խոսույթը փոխվել, ժողովրդին էլ հարմարեցրին: Հիմա ասում են՝ Լաչինի միջանցք, Բերձորի մասին մոռացել են, Քարվաճառ չեն ասում ՝ Քելբաջար են ասում, վաղն էլ Քյարքյար կասեն, որովհետեւ այդքան հարմարեցրել ու վախեցրել են, թե չէ՝ նոր պատերազմ է լինելու, գնացե՛ք, ձեր քարոզը ուրիշ տեղ կարդացեք, պատերազմը, միեւնույնն է, լինելու է, այնպես որ, պետք չէ խաբել ժողովրդին, թե միակողմանի զիջումներով կարելի է ինչ-որ դրական կայուն արդյունքի հասնել, եւ պետք չի ասել, որ մեր ժողովուրդը պետք է վկայական ստանա, կադաստրի թուղթ ստանա, ումի՞ց պետք է այդ կադաստրի թուղթը ստանա, Թուրքիայի՞ց, Ադրբեջանի՞ց: Գոյություն ունի՞ աշխարհում պետություն, որտեղ կադաստրի թուղթ կա, Տիգրան Մեծի ժամանակ կադաստրի թուղթ կա՞ր: Եթե նույն հունով շարունակվի, հավատացե՛ք, որեւէ լավ բանի դա չի հանգեցնի յուրաքանչյուրիս համար, ոչ միայն Արցախի, այլեւ Արցախի երեխաների, որտեղ կիսաքաղց վիճակում են ապրում, բա աշխարհի աչքերը ո՞ւր են, քոռանան քաղաքակիրթ աշխարհի աչքերը: Հայաստանը դանդաղ, բայց կայուն քայլերով վերածում եք անկլավի՝ շրջափակված բոլոր կողմերից: Բայց մենք չպետք է հուսահատվենք, որովհետեւ իրավիճակը ցանկացած պարագայում կարող է պոռթկալ ու փոխվել, լինի դա Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ կապված, լինի Ադրբեջան-Իրան, լինի Ռուսաստան-Հարավային Կովկաս հարաբերությունների հետ կապված, վերջիվերջո, լինի Հայաստանում իրավիճակի հետ կապված: Կարծում եմ` մենք պետք է զգոն լինենք ու սթափ:
— Օր օրի սահմանին իրավիճակը լարվում է, կրակոցները շարունակվում են, ունենք զոհեր, իշխանությունը շարունակում է խոսել «խաղաղության» օրակարգից, այդ «խաղաղության պայմանագրի» կնքումը ի՞նչ հետեւանք է ունենալու Հայաստանի համար:
— Կործանարար, որովհետեւ, բանաձեւն է սխալ, խաղաղություն չի կարող լինել, եթե պատերազմ չէ, առավելագույնը հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կարող է լինել: Եթե ստորագրես խաղաղության պայմանագիր, ապա Ադրբեջանը լիակատար իրավունք կստանա միջազգային բոլոր ատյաններում դիմել ՀՀ-ի դեմ, այդ դեպքում` բոլոր միջազգային ատյաններից Հայաստանի դեմ են հանդես գալու, ինչը կործանարար կլինի: Դա պետք է ըմբռնել, մի՞թե մեր ղեկավարության կողքին չկա որեւէ գրագետ իրավաբան, էլ չեմ ասում միջազգային հարցերով իրավաբան, որ այդպիսի բան չի կարելի ստորագրել: Բայց ես կարծում եմ, որ գոյություն ունի նաեւ ինքնապաշտպանության բնազդ հայ ժողովրդի մեջ, որը հասկանում է, որ այդպիսի ճանապարհը տանում է դեպի ոչինչ, դեպի անդունդ:
Ս. Ասատրյան
www.iravunk.com
դեպի ետ