• am
  • ru
  • en
Версия для печати
30.06.2023

ԻՆՉՊԻՍԻ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ․ Բացառիկ զրույց ԱՀ Արդատադատության նախարար Սրբուհի Արզումանյանի հետ

   

Ինչպիսի՞ իրավական խնդիրների հետ են բախվում շրջափակված Արցախում մեր հայրենակիցները և այդ համատեքստում արդարադատության ոլորտում ազգաբնակչությանը հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ԱՀ Արդարադատության նախարարությունը հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ԱՀ Արդադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․

-Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսած ու շարունակվող շրջափակումը հերթական անգամ վերախմբագրել է մեր անելիքները, որոնք հետպատերազմյան շրջանում օբյեկտիվորեն արդեն իսկ որոշակի վերանայումների էին ենթարկվել: Այս պայմաններում, պայմանավորված էներգամատակարարման և գազամատակարարման խափանումներով, նաև՝ խնայողություններ ապահովելու նպատակով՝ Նախարարությունը հաճախակի է փոփոխում աշխատանքային ռեժիմը՝ անխախտ պահպանելով քաղաքացիներին անխափան սպասարկման ծառայություններ մատուցելու մոտեցումը:

Ստեղծված բարդ իրավիճակում առաջնային պլան են մղվել զոհված (մահացած), անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, հաշմանդամների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների և շրջափակման մեջ հայտված բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, նախարարությունն ակտիվորեն ներգրավված է շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրավական ակտերի, սոցիալական աջակցության ծրագրերի մշակման աշխատանքներին:

Ներկայումս մեր կողմից շրջանառության մեջ է դրվել նաև «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծ՝ դատական քննությանը պաշտպանվող անձի մասնակցելու դատավարական իրավունքի իրագործումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով ԱՀ շրջափակումը, առաջարկել ենք նախատեսել կարգավորումներ դատաքննության ընթացքում հարցաքննության ենթակա անձի հարցաքննությունը տեսակապի միջոցով իրականացնելու համար: Քննարկվում է այդպիսի հնարավորություն նախատեսել նաև գործի մինչդատական վարույթի համար:

Եւվս մի շարք օրինագծեր օրակարգում են, որոնց բովանդակային մասին առայժմ նպատակահարմար չենք համարում բարձրաձայնել:

Այս ոչ հասարակ պայմաններում նախարարության գործունեության կարևոր ուղղություններից է շարունակում մնալ բնակչությանը մատուցվող ծառայությունների մատչելության և որակի բարձրացումը՝ ապահովելով նաև տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիների համար այդ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

Շարունակվելու են աշխատանքները պատերազմի հետևանքով քաղաքացիների կորսված փաստաթղթերի վերականգնման համար պարզեցված ընթացակարգեր և արտոնություններ սահմանելու ուղղությամբ:

Կարևորում ենք տարածքային պաշտպանության համակարգի մշակմանը մասնակցելու և արխիվային գործի կազմակերպմանը լուրջ ուշադրություն դարձնելու հետևողական քաղաքականությունը, նաև պետական մարմինների տարբեր ստորաբաժանումների հետ թեմատիկ քննարկումների, մասնավոր հատվածի հետ շփումների անհրաժեշտությունը՝ այդ ուղղությամբ ձեռնարկելով գործուն քայլեր:

Շրջափակումը, դրանով պայմանավորված էլեկտրաէներգիայի հաճախակի հովհարային անջատումներն ու դիզվառելիքի սղությունը դժվարացրել են նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի ապահովման, դատական փորձաքննությունների լաբորատորիայի /փորձաքննությունների կատարումը ժամանակային առումով ուշանում են/, պետական արխիվային հավաքածուի թվայնացման, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Արցախի բնակչությանը պետական գրանցման և պետական հաշվառման ոլորտի համապատասխան ծառայություններ մատուցելու աշխատանքները:

Այնուհանդերձ, չնայած դժվարություններին, առաջադրված խնդիրները գրեթե լրիվությամբ լուծում են ստանում:

-Տիկին Արզումանյան, ի՞նչ լծակներով է կարողանում նախարարությունը օժանդակել տեղահանված ազգաբնակչության խնդիրներին, որոնց հետ բախվում են արցախահայերը ՀՀ-ում: Հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում տեղահանված մեր հայրենակիցները նախարարությանը:

-44-օրյա պատերազմը խնդիրներ է առաջացրել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում: ՀՀ տեղահանված մեր հայրենակիցների համար քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերականգնման, ուղղման և ԱԱՀ փոխման հետ կապված առաջացող խնդիրները լուծվում են պատերազմից հետո ՀՀ-ում գործող մեր ՔԿԱԳ բաժինների և ՀՀ արդարադատության նախարարության մեր գործընկերների, մասնավորապես, ՔԿԱԳ գործակալության պետի՝ ոլորտը կարգավորող համապատասխան տեղակալի գործուն ջանքերով, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը:

Նոտարիատի բնագավառում ծագած հարցերը հիմնականում կարգավորվում են ՀՀ գործուղղված ԱՀ նոտարների և ՀՀ նոտարական պալատի աշխատակիցների ու նոտարների աջակցությամբ:

Խնդիրների մի զգալի մասըն էլ պայմանավորված է հետպատերազմյան շրջանի առաձնահատկությամբ, ինչ ենթադրում էր օրենսդրական վերանայումների և նորությունների ամրագրում: Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակչության խնդիրների լուծման ուղղությամբ նախարարությունը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Մասնավորապես, գործող օրենքներում լրացում-փոփոխություններ կատարելու արդյունքում՝

հնարավորություն է ստեղծվել զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչել գործող 1 տարվա փոխարեն 3 ամսվա ընթացքում, եթե դա պայմանավորված է ռազմական գործողություններով, իսկ նույն հանգամանքներում մահացած ճանաչելու համար գործող 2 տարվա փոխարեն սահմանվել է 1 տարվա ժամկետ.

ԱՀ ողջ տարածքը սահմանվել է որպես նոտարական մեկ տարածք, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՀ բռնազավթված տարածքների բնակչության համար անհրաժեշտ նոտարական գործողությունների հասանելիությունն ապահովելու նպատակով նոտար է գործուղվել.

հարկադիր կատարման ոլորտում որպես բռնագանձման ոչ ենթակա դրամական գումարներ սահմանվել են նաև 2020թ.սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև բարեգործական և (կամ) մարդասիրական կազմակերպությունների կողմից՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ որպես աջակցություն (բացառությամբ՝ փոխհատուցումների) տրվող գումարները, նպատակ ունենալով աջակցել պատերազմական գործողություններից տուժած, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց այդ դժվարությունները հաղթահարելու.

-փաստաբանության ոլորտում անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք է վերապահվել նաև ԱՀ բռնազավթված տարածքներից տեղահանված անձանց.

-հիմք է ստեղծվել պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում մինչև պարտավորությունների ներումը՝ ծրագրի շահառուների ԱՀ և ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների հետ կապված հարուցված կատարողական վարույթները կասեցնելու համար, որի արդյունքում դադարեցվել են պարտապանի դրամական միջոցների, ինչպես նաև աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձումները:

-«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով, հաշվի առնելով այդ թվում ԱՀ բնակչության մի մասի տեղահանված լինելու հանգամանքը, հնարավորություն է ստեղծվել գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման ընթացակարգի մաս դարձնել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի՝ www.azdararnkr.am միջոցով ծանուցումը, որը հասանելի է յուրաքանչյուրին:

- օրենսդրական հիմքեր են ստեղծվել ԱՀ բռնազավթված տարածքների ԱՀ քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու համար:

ԱՀ կառավարության որոշումներով՝

-այդ թվում ԱՀ բռնազավթված տարածքներից տեղահանված քաղաքացիների համար, սահմանվել է, որ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ կորած կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով ԱՀ դատարան դիմողների պարտավորությունների դիմաց վճարումները կկատարվեն ԱՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից.

-մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱՀ բռնազավթված տարածքների, այդ թվում` ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Աղավնո և Ասկերանի շրջանի Փառուխ համայնքների բնակիչներն ազատվեցին նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների համար վճարումներ կատարելու պարտավորությունից:Նշված արտոնությունները կիրառվել են 2020թ. դեկտեմբերի ամսից: Միայն 2022թ. ընթացքում արտոնությունների կիրառմամբ նոտարների կողմից վավերացվել է մոտ 1431 գործարք, իսկ ՔԿԱԳ բաժինների կողմից կատարվել են մոտ 2 855 գործողություններ:

Մի քանի այլ դիտարկումներ

Հաշվի առնելով, որ 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ հնարավոր չէր կազմակերպել ՔԿԱԳ որոշ բաժինների արխիվային փոնդի տարհանումը, հետպատերազմյան ժամանակշրջանում գրեթե 6 անգամ աճել է նախարարության կողմից հաստատված քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերականգնման, ուղղման, անվան, ազգանվան և հայրանվան փոխման վերաբերյալ գործարքների թիվը: Ներկայումս այդ մասով նվազման միտում է նկատվում:

44-օրյա պատերազմից հետո իրենց գույքը կորցրած կամ վնասված քաղաքացիների խնդրանքով դատական փորձաքննությունների լաբորատորիայի մասնագետների կողմից սեղմ ժամկետներում իրականացվել են թվով 28 փորձաքննություններ և տրվել եզրակացություններ: Ինչ վերաբերվում է ՀՀ տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր առնչվում են փորձագիտական բնագավառի խնդիրների հետ , մեր և ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, հնարավորության սահմաններում տրվում է համապատասխան օգնություն:

Մեկ այլ արտոնության մասին. տեղահանված մեր ազգաբնակչությանը արխիվագիտության ծառայությունները մատուցվում են անվճար:

Ամփոփելով ասելիքս՝ հավաստիացնում եմ, որ չնայած հարուցված դժվարություններին, գրեթե բոլոր բարձրացվող հարցերին հնարավորինս դրական լուծումներ են տրվում և կտրվեն այսուհետ ևս: Մենք միշտ պատրաստակամ ենք պատշաճ ծառայություն իրականացնելու:

www.iravunk.com


դեպի ետ